Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25935/08
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (11.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.01.2018
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2018

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

        

(Գանգատ թիվ 25935/08)

     

ՎՃԻՌ

    

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

   

11 հունվարի 2018 թ.

     

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

      

Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],

Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,

և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,

2017 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

      

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

      

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Ալեքսանդր Արզումանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2007 թվականի դեկտեմբերի 29-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 25935/08) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Լոնդոնում գործող իրավաբան պրն Վ. Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ իր կալանավորման համար:

4. 2011 թվականի սեպտեմբերի 6-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1959 թվականին և ապրում է Երևանում։ Նա նախկինում եղել է Արտաքին գործերի նախարար, իսկ տվյալ ժամանակահատվածում ղեկավարել է «Քաղաքացիական անհնազանդություն» կոչվող քաղաքական շարժումը:

6. 2007 թվականի մայիսի 5-ին դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում):

7. 2007 թվականի մայիսի 7-ին դիմումատուն ձերբակալվել է, իսկ 2007 թվականի մայիսի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քննիչի միջնորդության հիման վրա կայացրել է դիմումատուին երկամսյա ժամկետով կալանավորելու մասին որոշում՝ հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և այն հանգամանքը, որ ազատության մեջ մնալու դեպքում դիմումատուն կարող էր թաքնվել կամ խոչընդոտել քննությունը՝ անօրինական ազդեցություն գործադրելով դատավարությանը մասնակցող անձանց վրա: Դիմումատուն առարկություն է ներկայացրել այդ միջնորդության դեմ՝ պնդելով, որ քննիչը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ` ի հաստատումն այն պնդման, որ նա կարող էր թաքնվել կամ խոչընդոտել արդարադատության իրականացումը՝ հաշվի առնելով, որ նա նախկինում դատապարտված չի եղել, ունեցել է լավ բնութագիր, ունեցել է մշտական բնակության վայր և կայուն հասարակական կյանք է վարել, ինչպես նաև եղել է հայտնի հանրային անձ: Վարչական շրջանի դատարանի որոշման մեջ նշվել է, որ այն կարող է տասնհինգ օրվա ընթացքում բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան:

8. 2007 թվականի մայիսի 11-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բերելով նույնատիպ փաստարկներ։

9. 2007 թվականի մայիսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Վարչական շրջանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ՝ գտնելով, որ վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները և ձեռնարկվելիք հնարավոր քննչական միջոցառումները բավարար հիմքեր են տվել` ենթադրելու, որ դիմումատուն կարող էր խոչընդոտել քննությունը:

10. 2007 թվականի հուլիսի 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա երկու ամսով երկարաձգել է դիմումատուի կալանքի ժամկետը՝ գտնելով, որ ազատության մեջ մնալու դեպքում դիմումատուն կարող էր խոչընդոտել քննությունը, թաքնվել, անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա և կատարել այլ հանցագործություն: Վարչական շրջանի դատարանի որոշման մեջ նշվել է, որ այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան:

11. 2007 թվականի հուլիսի 3-ին և սեպտեմբերի 3-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բերելով նախկինում ներկայացված փաստարկներին նման փաստարկներ։

12. 2007 թվականի հուլիսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Վարչական շրջանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ՝ գտնելով, որ վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, կոնկրետ հանգամանքները և գործի բարդությունը, ձեռնարկվելիք քննչական միջոցառումները և դիմումատուի վարքագիծը, մասնավորապես, նրա կողմից որևէ ցուցմունք տալուց հրաժարվելը, որը քննության գործընթացը դանդաղեցնող գործոն էր, բավարար հիմքեր են տվել՝ ենթադրելու, որ դիմումատուն կարող էր խոչընդոտել քննությունը՝ անօրինական ազդեցություն գործադրելով դատավարությանը մասնակցող անձանց վրա, ինչպես նաև թաքնվել:

13. 2007 թվականի օգոստոսի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը քննիչի միջնորդության հիման վրա երկու ամսով երկարաձգել է դիմումատուի կալանքի ժամկետը՝ նախկինում ներկայացված նույն հիմքերով: Վարչական շրջանի դատարանի որոշման մեջ նշվել է, որ այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան:

14. 2007 թվականի սեպտեմբերի 3-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բերելով նախկինում ներկայացված փաստարկներին նման փաստարկներ։

15. 2007 թվականի սեպտեմբերի 6-ին քննիչը որոշել է դիմումատուի կալանքը փոխարինել իր բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ և ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ քննչական միջոցառումներն իրականացնելու համար որոշ ժամանակ կպահանջվեր, և դիմումատուին կալանքի տակ պահելն այլևս անհրաժեշտ չէր:

16. 2007 թվականի սեպտեմբերի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է դիմումատուի՝ 2007 թվականի սեպտեմբերի 3-ի բողոքը թողնել առանց քննության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ազատ էր արձակվել:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

Ա. Սահմանադրություն

      

17. Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: 2005 թվականի նոյեմբերի 27-ին Սահմանադրությունը փոփոխվել է՝ ուժի մեջ մտնելով 2005 թվականի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրության նոր՝ 92-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

18. Տվյալ ժամանակահատվածում Սահմանադրության 22-րդ հոդվածով նախատեսվում էր, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:

 

Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականից)

 

19. 137-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

20. 287-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքը բերվում է վերաքննիչ դատարան:

21. Տվյալ ժամանակահատվածում 403-րդ հոդվածով նախատեսվել է, որ վճռաբեկության կարգով վերանայվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները:

      

Գ. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներ

    

1. 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշում

   

22. Որոշման 4-րդ կետում նշվել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի (Քր. դատ. օր.) 137-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրվել է որ «կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»: Սակայն նույն օրենսգիրքը չի կարգավորել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու ընթացակարգը: Ուստի, նման դեպքերում վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

 

2. 2005 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 83 որոշում

 

23. Որոշման մեջ նշվել է, որ Դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, որպես ընդհանուր իրավասության դատական համակարգի բարձրագույն ատյան, կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառումը:

 

3. 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 96 որոշում

 

24. Որոշմամբ սահմանվել է Դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման 4-րդ կետի նոր բովանդակությունը։ Դրանում նշվել է, որ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ դատարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ատյանը և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Օրինական ուժի մեջ չմտած մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանավորման ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն դատական ատյան, չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից։ Այդպիսի բողոքները պետք է թողնվեն առանց քննության: Բացառիկ դեպքերում նման բողոքները վճռաբեկ դատարանի քննարկման առարկա պետք է դառնան, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար։

 

Դ. Վճռաբեկ դատարանի որոշումներ

 

25. 2007 թվականի հուլիսի 13-ին և օգոստոսի 30-ին Վճռաբեկ դատարանը կալանավորման հետ կապված երկու գործերով քննել է վճռաբեկ բողոքները (որոշումներ թիվ ՎԲ-115/07 և ՎԲ-132/07): Երկու վճռաբեկ բողոքներն էլ ներկայացվել են Գլխավոր դատախազության կողմից՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ համապատասխան կալանավորված անձանց գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշումների դեմ: Վճռաբեկ բողոքներն ընդունվել են քննության այն հիմքով, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ գործերով կայացված որոշումը կարող էր էական ազդեցություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության վրա: Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումները՝ գտնելով inter alia (ի թիվս այլնի), որ, օրենքի համաձայն, այդ դատարանը կալանավորված անձին գրավով ազատ արձակելու որևէ լիազորություն չուներ, եթե գործը քննող դատարանում այդ հարցը չէր քննվել:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

26. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

      

Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք … ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատական քննության ավարտը ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով։»։

      

27. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:

 

Ա. Ընդունելիությունը

 

28. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Մասնավորապես, նա վճռաբեկ բողոքներ չի ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2007 թվականի մայիսի 24-ի և հուլիսի 24-ի որոշումների դեմ։ Կառավարությունը պնդել է, որ ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես, Քր. դատ. օր.-ի 403-րդ հոդվածով այդպիսի ընթացակարգ նախատեսված է եղել: Կառավարությունը վիճարկել է դիմումատուի փաստարկն այն մասին, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Վճռաբեկ դատարանն այլևս չի եղել կալանքի գործերով հասանելի իրավական պաշտպանության միջոց, և պնդել է, որ որևէ օրենքով չի սահմանափակվում Վճռաբեկ դատարանի՝ այդպիսի գործեր քննելու իրավազորությունը: Նրանք վիճարկել են նաև դիմումատուի` Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] (թիվ 3627/06, 2012 թվականի հուլիսի 10) գործի վրա հիմնվելու հանգամանքը և նշել են այն փաստը, որ Վճռաբեկ դատարանը 2007 թվականին փաստացի քննել է կալանավորման հետ կապված երկու, իսկ 2008 թվականին՝ 68 այդպիսի գործ: Հետևաբար, դիմումատուի կողմից վճռաբեկ բողոքներ չներկայացնելը հիմնված է եղել միայն կասկածների վրա:

29. Դիմումատուն նշել է, որ ինքը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքներ չի ներկայացրել, քանի որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Վճռաբեկ դատարանը դադարեցրել է կալանքի գործերով այդպիսի բողոքների քննությունը: Նա անդրադարձել է Գրիգորյանի գործի հանգամանքներին (վերևում հիշատակված, §§ 25‑27 և 110-115), որտեղ Վճռաբեկ դատարանը կալանավորման որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության՝ հղում կատարելով սահմանադրական փոփոխություններին և Դատարանների նախագահների խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմանը, և պնդել է, որ Կառավարության փաստարկները հակասել են Վճռաբեկ դատարանի պաշտոնական դիրքորոշմանը: Ինչ վերաբերում է 2007 թվականին Վճռաբեկ դատարանի կողմից քննված երկու գործերին, ապա որոշումներից որևէ մեկը նույնիսկ հրապարակված չի եղել, որպեսզի դիմումատուն տեղյակ լիներ այն փաստի մասին, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր իր ոչ իրավաչափ գործելակերպից: Ավելին, 2005 թվականից մինչև 2007 թվականի օգոստոսն ընկած ամբողջ ժամանակահատվածում միայն երկու որոշումների առկայությունը հստակ վկայել է այն մասին, որ գործնականում իրավական պաշտպանության այդ միջոցը չի եղել հասանելի: Բացի այդ, տվյալ որոշումները կայացվել են կա՛մ կալանքի գործով բողոք ներկայացնելու ժամկետի ընթացքում, կա՛մ այն լրանալուց հետո: Նա, հետևաբար, չէր կարող կանխատեսել այդպիսի զարգացումներ:

30. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնը դիմումատուներին պարտավորեցնում է նախ և առաջ օգտվել իրավական պաշտպանության այն միջոցներից, որոնք ներպետական իրավական համակարգում սովորաբար հասանելի են և բավարար՝ նրանց՝ ենթադրյալ խախտումների դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորություն տալու համար (տե՛ս Դեմոպուլոսը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [ՄՊ] [Demopoulos and Others v. Turkey (dec.) [GC]], թիվ 46113/99 և այլն, ՄԻԵԴ 2010): Կոնվենցիայի 35-րդ հոդվածի համաձայն՝ իրավական պաշտպանության հասանելի և բավարար միջոցների առկայությունը պետք է ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում բավարար չափով որոշակի լինի, քանի որ դրա բացակայությունը կհանգեցնի մատչելիության և արդյունավետության անհրաժեշտ մակարդակի բացակայության (տե՛ս Պակսասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Paksas v. Lithuania [GC]], թիվ 34932/04, § 75, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)): Իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին պնդող Կառավարության պարտականությունն է Դատարանում ապացուցել, որ իրավական պաշտպանության այդ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի, այսինքն` այն մատչելի է եղել, դրա միջոցով հնարավոր է եղել դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև դրանով ընձեռվել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար (տե՛ս Քենեդին ընդդեմ Միացյալ Թագավորության [Kennedy v. the United Kingdom], թիվ 26839/05, § 109, 2010 թվականի մայիսի 18)։ Այն դեպքում, երբ ապացուցման այս պարտականությունը կատարված է, դիմումատուի վրա է դրվում պարտականությունը` ապացուցելու, որ Կառավարության կողմից առաջարկվող իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է եղել կամ որևէ պատճառով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ և անարդյունավետ (տե՛ս Բեթերիջն ընդդեմ Միացյալ Թագավորության [Betteridge v. the United Kingdom], թիվ 1497/10, §48, 2013 թվականի հունվարի 29):

31. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քր. դատ. օր.-ն ուժի մեջ է մտել 1999 թվականին և այն չի պարունակել կալանավորման որոշումները Վճռաբեկ դատարան բողոքարկելու ընթացակարգ նախատեսող՝ հստակ ձևակերպված որևէ դրույթ, ինչը հաստատվում է Դատարանների նախագահների խորհրդի՝ 2000 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ. մարմին, որին վերապահված է ներպետական իրավունքի մասով խորհրդատվություն և ոչ պարտավորեցնող մեկնաբանություն տրամադրելու իրավասություն (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Այսպիսով, Կառավարության այն պնդումը, որ այդպիսի իրավունք նախատեսված էր Քր. դատ. օր.-ի 403-րդ հոդվածով, կարծես թե հակասում է Քր. դատ. օր.-ի համապատասխան դրույթների վերաբերյալ դատական մարմինների կողմից տրված մեկնաբանությանը: Այնուհետև Դատարանը նշում է, որ 2000 թվականի փետրվարի 12-ի որոշումից հետո, եթե ոչ օրենքով, ապա գործնականում, կալանքի գործերով Վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունքը դարձել էր հասանելի, սակայն, ինչպես Կառավարությունը Գրիգորյանի գործով (տե՛ս Գրիգորյանի գործը՝ վերևում հիշատակված, § 110) իր դիտարկումներում հաստատել էր, այդ պրակտիկան 2005 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո այլևս չէր գործում. 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Դատարանների նախագահների խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել իր՝ 2000 թվականի փետրվարի 12-ի որոշումը և 2006 թվականի ապրիլի 5-ին կայացրել է մեկ այլ որոշում, որտեղ նշվել է, որ Վճռաբեկ դատարանի նոր սահմանադրական կարգավիճակով պայմանավորված՝ այն այլևս չի քննում մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանավորման ցանկացած որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս վերևում՝ 17-րդ, 23-րդ և 24-րդ պարբերությունները): Ինչպես պարզ է դառնում Գրիգորյանի գործից, Վճռաբեկ դատարանը գործնականում կիրառել է այդ նոր մոտեցումը (տե՛ս Գրիգորյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 25-27 և 113-115):

32. Ոչինչ չի վկայում այն մասին, որ օրենքում կամ գործնականում այդ հարցի հետ կապված որևէ որոշիչ փոփոխություն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ դատարանները քննել են դիմումատուի կալանավորման գործը: Դատարանների նախագահների խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի և 2006 թվականի ապրիլի 5-ի որոշումները չեն ճանաչվել ուժը կորցրած կամ չեն փոփոխվել, իսկ Քր. դատ. օր.-ում չեն կատարվել գործին առնչվող փոփոխություններ: Հարկ է նաև նշել, որ դիմումատուի գործով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումներից որևէ մեկում չի նշվել, որ դրանք կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարան, ինչը սովորական պրակտիկա է եղել (տե՛ս վերևում՝ 9-րդ և 12-րդ պարբերությունները և համեմատիր դրանք վերևի 7-րդ, 10-րդ և 13-րդ պարբերությունների հետ): Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի՝ Կառավարության կողմից նշված երկու որոշումներին (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), ապա հստակ չէ, թե ինչ հիմքերով են այդ երկու գործերով վճռաբեկ բողոքները ներկայացվել Գլխավոր դատախազության կողմից, և, ավելին, ընդունվել քննության Վճռաբեկ դատարանի կողմից: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը չի ներկայացրել այդ բողոքներն ընդունելու մասին իր որոշումների համար որևէ բացատրություն կամ հիմնավորում կամ կալանքի գործերով բողոքարկելու իրավունքի վերաբերյալ՝ ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների որևէ մեկնաբանություն, որոնք կարող էին վկայել իր մոտեցման փոփոխության մասին: Այսպիսով, տվյալ իրավիճակը պետք է տարբերակել այլ գործերից, որտեղ դատարանների կողմից ներպետական օրենսդրությունը մեկնաբանելու արդյունքում ստեղծվել է նոր իրավական պաշտպանության միջոց, ինչի դեպքում նախադեպային իրավունքի այդպիսի զարգացման համար, որպեսզի այն ձեռք բերի որոշակիության բավարար մակարդակ, սովորաբար պահանջվում է վեց ամիս՝ մինչև այն ժամանակը, երբ կարելի է համարել, որ հանրությունը փաստացի տեղյակ է իրավական պաշտպանություն սահմանող ներպետական որոշման մասին, և տվյալ անձինք հնարավորություն ունեն, ինչպես նաև պարտավորվում են օգտվել դրանից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մաջսկին ընդդեմ Խորվաթիայի [Majski v. Croatia], թիվ 33593/03, § 70, 2006 թվականի հունիսի 1. Դեպաուն ընդդեմ Բելգիայի (որոշում)

[Depauw v. Belgium (dec.)], թիվ 2115/04, 2007 թվականի մայիսի 15. և Պրովիդե Ս.ռ.լ.-ն ընդդեմ Իտալիայի [Provide S.r.l. v. Italy], թիվ 62155/00, § 18, 2007 թվականի հուլիսի 5): Ավելին, չի բացառվում, որ այդ երկու գործերը պարզապես եղել են Դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի ապրիլի 5-ի որոշման մեջ նշված «բացառիկ դեպքեր» (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Կառավարությունը կամ հենց Վճռաբեկ դատարանը չի ներկայացրել որևէ բացատրություն այն մասին, թե արդյոք դա իսկապես այդպիսի դեպք է եղել, և եթե այո, ապա ինչ չափորոշիչներ են կիրառվել այդպիսի «բացառիկ դեպքերում»: Այդպիսի հանգամանքներում, Դատարանը չի կարող չհաստատել իր նախորդ եզրահանգումները և չեզրակացնել, որ կալանքի գործերով Վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունքը տվյալ ժամանակահատվածում հասանելի չի եղել (տե՛ս Գրիգորյանի գործը՝ վերևում հիշատակված, § 113), քանի որ չի ապացուցվել, որ այդ իրավունքը բավականին հստակ է եղել օրենքում կամ գործնականում, և բոլոր հանգամանքները փաստացի վկայում են հակառակի մասին: Այդուհանդերձ, Դատարանը վերջում ավելացնում է, որ նույնիսկ ենթադրելով, որ սույն գործում եղել է Վճռաբեկ դատարանի մոտեցման՝ հստակ արտահայտված փոփոխություն և վերոնշյալ նախադեպային իրավունքով ամրագրված սկզբունքներն ու ժամկետները եղել են կիրառելի, տվյալ գործով առաջին բողոքը քննվել է Վճռաբեկ Դատարանի կողմից 2007 թվականի հուլիսի 13-ին, որը մոտավորապես նույն ժամանակահատվածն էր, երբ դիմումատուի կալանավորման գործը քննվում էր ավելի ցածր ատյանների դատարաններում: Այդպիսի հանգամանքներում, հիմնավոր պատճառներով չէր կարելի ակնկալել, որ դիմումատուն կարող էր կանխատեսել այդպիսի զարգացում, կամ նրան մեղադրել դրա մասին տեղյակ չլինելու համար: Միայն երկու որոշումների առկայությունը նույնպես չէր կարող վկայել այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում առկա է եղել հաստատված պրակտիկա: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը որոշում է մերժել Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը:

33. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

34. Դիմումատուն պնդել է, որ դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ:

35. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս դատարանները ներկայացրել են հիմնավոր և բավարար պատճառներ, ինչպես օրինակ՝ թաքնվելու կամ քննությունը խոչընդոտելու ռիսկը:

36. Դատարանն անդրադառնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված՝ մինչև դատական քննության ավարտը ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (Տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ) և Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia], թիվ 629/11, §§ 48-53, 2016 թվականի հոկտեմբերի 20) և նշում է, որ գտել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 97‑100, 2012 թվականի հունիսի 26. Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26. Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2. և վերջերս կայացված Արա Հարությունյանի գործով վճիռը՝ վերևում հիշատակված, §§54-59): Սույն գործը կարծես չի տարբերվում. ներպետական դատարանները նույն ձևով հիմնավորել են դիմումատուի շարունակական կալանքը՝ միայն մեջբերելով ներպետական օրենսդրության իրավական սկզբունքները և անդրադառնալով հանցագործության ծանրությանը՝ առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ ներկայացնելու մանրամասներ այն մասին, թե ինչպես է հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկը (տե՛ս վերևում՝ 7-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ պարբերությունները): Ուստի, Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու և դրա ժամկետը երկարաձգելու մասին իրենց որոշումների համար:

37. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

    

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

    

38. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

39. Դիմումատուն պահանջել է 81 250 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

40. Կառավարությունը պնդել է, որ որևէ պատճառահետևանքային կապ չկա ենթադրյալ խախտման և այն ոչ նյութական վնասի միջև, որի առնչությամբ պահանջ է ներկայացվել, որը նաև չափազանցված է և չի հիմնավորվում որևէ ապացույցով:

41. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար, այն դիմումատուին շնորհում է 2 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

   

42. Դիմումատուն նաև պահանջել է 850 000 ՀՀ դրամ (տվյալ պահի փոխարժեքով՝ մոտավորապես 1 630 եվրո)՝ որպես Դատարանում կրած դատական ծախսերի փոխհատուցում։ Նա ներկայացրել է իր իրավաբանի հետ կնքված պայմանագրի և համապատասխան վճարման անդորրագրի պատճենները:

43. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող գումարը ողջամիտ և հիմնավորված չէ, և ցանկացած իրավիճակում այն պետք է նվազեցվի, քանի որ դիմումատուի սկզբնական բողոքների մի մասը ճանաչվել էր անընդունելի:

44. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Ավելին, դատական ծախսերը փոխհատուցվում են միայն այնքանով, որքանով դրանք առնչվում են հայտնաբերված խախտմանը (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Beyeler v. Italy (just satisfaction) [GC]], թիվ 33202/96, § 27, 2002 թվականի մայիսի 28): Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափորոշիչները՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 500 եվրո՝ Դատարանի վարույթում կրած ծախսերի համար:

    

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

    

45. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

  

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

        

1. Հայտարարում է դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում,

3. Վճռում է, որ

ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 500 եվրո (հինգ հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հունվարի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

       

Աբել Կամպոս

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս

Քարտուղար

Նախագահ

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան