ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2021 թ. |
N 99-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱՆՁԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` լիցենզավորված անձանց կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների թարմացման, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալների մուտքագրման ընթացակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱՆՁԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են առողջապահության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում (այսուհետ` Համակարգ) պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալների մուտքագրման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն ընթացակարգում կիրառվող հասկացություններն են`
1) տվյալների մուտքագրող` Համակարգում պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության վերաբերյալ տվյալների և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրման և թարմացման նպատակով Համակարգի ադմինիստրատորի կողմից թույլտվություն ունեցող անձ (ընդունարանի աշխատակից, բժիշկ, դեղագետ, լաբորանտ, բուժքույր).
2) անձնական տվյալներ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ
3) հատուկ կատեգորիայի տվյալներ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ.
4) պացիենտի առողջապահական էլեկտրոնային գրառում` ստեղծվում է առաջին անգամ պացիենտի մասին Համակարգում տվյալների մուտքագրումով և փակվում է պացիենտի մահը արձանագրելու արդյունքում.
5) էլեկտրոնային դեպք՝ հիվանդանոցային (հիվանդանոցային դեպք) և արտահիվանդանոցային (արտահիվանդանոցային դեպք) պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական հաստատություն դիմելու պահից ստեղծված էլեկտրոնային գրառում, որը պարունակում է պացիենտի առողջության հետ կապված խնդրի լուծման համար իրականացված բոլոր գործողությունների մասին տեղեկատվությունը և որը փակվում է տվյալ խնդրի լուծման և այդ ընթացքում ծագած բոլոր այլ խնդիրների լուծման ավարտից հետո.
6) էլեկտրոնային դեղատուն՝ դեղագետին տրամադրվող էլեկտրոնային հարթակ, որտեղ հասանելի է էլեկտրոնային դեղատոմսով նշանակված և դեռևս ամբողջ ծավալով բաց չթողնված դեղերի վերաբերյալ տեղեկատվություն.
7) էլեկտրոնային դեղատոմս՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը նշանակված դեղի մասին տեղեկատվությունը հասանելի է դարձնում էլեկտրոնային դեղատանը` դեղը պատրաստելու և (կամ) պատրաստի դեղը բաց թողնելու նպատակով, իսկ վերջինիս կողմից դեղատոմսում նշված դեղի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը` բժշկին և պացիենտին.
8) էլեկտրոնային լաբորատորիա՝ լաբորանտին տրամադրվող էլեկտրոնային հարթակ, որտեղ հասանելի է էլեկտրոնային ուղեգրով նշանակված լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
9) էլեկտրոնային ուղեգիր՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս պացիենտի անձնական և բժշկական տվյալների, ուղեգրող բժշկական հաստատության (անվանում, հարկ վճարողի հաշվառման համար), ուղեգրող բժշկի (անուն, ազգանուն, մասնագիտացումը), ուղեգրման նպատակի, նախնական ախտորոշման, ուղեգրման օրվա վերաբերյալ տվյալները հասանելի դարձնել հասցեագրված բաժնին, իսկ վերջինիս կողմից տրամադրված ծառայությունների մասին տեղեկատվությունը` ուղեգրողին.
10) էլեկտրոնային գրանցամատյան՝ պացիենտների ցանկեր, որոնք ինքնաշխատ եղանակով ձևավորվում են տվյալների մուտքագրողների կողմից իրենց իրավասության շրջանակներում Համակարգ մուտքագրված տվյալներից.
11) անաշխատունակության էլեկտրոնային թերթիկ` ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ստեղծել և մշակել պացիենտի ժամանակավոր անաշխատունակության մասին տեղեկատվությունը և այն տրամադրել օրենքով սահմանված բոլոր շահառու կազմակերպություններին.
12) էլեկտրոնային ընդունարան՝ հարթակ, որտեղ բժշկական հաստատության ընդունարանի աշխատակիցը կամ բժիշկը կամ պացիենտն իր էջից իրականացնում է էլեկտրոնային այցի ամրագրում.
13) կոնտակտային անձ` կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվող իմաստով.
14) «անհայտ պացիենտ»` բժշկական հաստատություն տեղափոխված կամ դիմած ինքնությունը չբացահայտված անձ.
15) ՀԴ10՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ 10-րդ վերանայմամբ:
3. Համակարգում պացիենտի տվյալների հավաքագրումը իրականացվում է երկու եղանակով` մուտքագրման և ինքնաշխատ:
4. Տվյալների հավաքագրումը մուտքագրման եղանակով իրականացվում է տվյալների մուտքագրողի կողմից` ըստ մատուցված բժշկական ծառայությունների:
5. Համակարգում անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալների մուտքագրման հնարավորություն ստանալու համար Համակարգի ադմինիստրատորը տվյալներ մուտքագրողին տալիս է թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն):
6. Թույլտվություն ստանալու համար տվյալներ մուտքագրողը պետք է Համակարգում գրանցված լինի:
7. Թույլտվությունը տրամադրվում է, երբ Համակարգը ինքնաշխատ եղանակով ստուգում է տվյալներ մուտքագրողի՝ տվյալ բժշկական հաստատությունում աշխատելու մասին տեղեկատվության առկայությունը, Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող աշխատակիցների բազայում:
8. Տվյալներ մուտքագրողի լիազորությունները ինքնաշխատ եղանակով դադարեցվում են, երբ աշխատանքից ազատվելու փաստը գրանցվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող աշխատակիցների բազայում:
9. Պացիենտի առողջապահական էլեկտրոնային գրառումը ձևավորվում է բժշկական հաստատություն դիմելու ընթացքում տվյալներ մուտքագրողի կողմից պացիենտի բժշկական տվյալները Համակարգ մուտքագրելու արդյունքում:
10. Ինքնաշխատ եղանակով տվյալները հավաքագրվում են տվյալների հետևյալ բազաներից` Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3», ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր», Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության «Ազգակցական կապերի համակարգ», Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ», Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազաներից:
11. Սույն ընթացակարգի 10-րդ կետում նշված բազաներից ստացվող տվյալների` տվյալ բազայում առկա չլինելու դեպքում վերջիններս կարող են հավաքագրվել նաև տվյալների մուտքագրման եղանակով:
12. Մուտքագրված տվյալները հասանելի են արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում մասնագիտական ծառայություններ մատուցողներին` Լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:
13. Պացիենտի` դիսպանսեր խմբում հաշվառումը կամ հաշվառումից հանելը Համակարգում նշվում է մեկ անգամ, իսկ վերջինիս այլ բժշկի մոտ տեղափոխման դեպքում` կատարվում է հաշվառման ինքնաշխատ փոփոխություն:
2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ
14. Ինքնաշխատ եղանակով հավաքագրվող տվյալների թարմացումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:
15. Մուտքագրման եղանակով հավաքագրվող տվյալների թարմացումն իրականացվում է այդ տվյալները մուտքագրողի կողմից:
16. «Անհայտ պացիենտ»-ի դեպքում վերջինիս վերաբերյալ տվյալները մուտքագրվում են Համակարգ «Անհայտ պացիենտ» կարգավիճակով, իսկ պացիենտի ինքնությունը պարզվելու դեպքում Համակարգում տվյալները ենթակա են թարմացման:
17. Համակարգն արձանագրում է թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխության և այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանում:
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱՆՁԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ
18. Պացիենտի առաջին այցի ժամանակ Համակարգում մուտքագրվում են հետևյալ տվյալները.
1) անձի անձնական տվյալներ, որոնք Համակարգ ներբեռնվում են ՀՀ Ոստիկանության Բնակչության պետական ռեգիստրից` ինքնաշխատ եղանակով կամ մուտքագրվում են ծառայություն մատուցող պատասխանատու անձի կողմից` ներկայացված փաստաթղթերի հիման վրա.
2) աշխատանքի մասին տվյալներ, որոնք Համակարգ ներբեռնվում են Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» համակարգից.
3) անձի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի պատկանելության վերաբերյալ տվյալներ, որոնք մուտքագրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազաներից` ինքնաշխատ եղանակով կամ մուտքագրվում են ծառայություն մատուցող պատասխանատու անձի կողմից` ներկայացված փաստաթղթերի հիման վրա.
4) հատուկ կատեգորիայի տվյալները, որոնք ցուցադրվում են յուրաքանչյուր էլեկտրոնային դեպքի մեջ (արյան խումբ, ջերմություն, ռիսկի խումբ, հղիությունների քանակ, դաշտանադադար, ճնշման վերջին չափման արդյունքները, մարմնի զանգվածի գործակից, ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների օգտագործում, ալկոհոլի օգտագործում, կոնտակտային անձ).
5) բնակչի կյանքի վերհուշը (անամնեզը):
19. Սույն ընթացակարգի 18-րդ կետի 5-րդ ենթակետում նշված առկա տվյալի մուտքագրումը իրականացվում է առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) բժշկի կողմից:
20. Ցանկացած այլ բժշկի կողմից անձին բժշկական ծառայություններ մատուցելու արդյունքում բացահայտված և վերհուշում (անամնեզում) ընդգրկվելու ենթակա տվյալները ինքնաշխատ եղանակով հավաքվում են Համակարգում:
21. Արտահիվանդանոցային դեպքի շրջանակում կարող է լինել մեկից ավելի այց, որի դեպքում էլեկտրոնային գրառումը ստեղծվում է առաջին այցի ամսաթվով և փակվում վերջին այցի ամսաթվով:
22. ԱԱՊ բժիշկը Համակարգ մուտքագրում է պացիենտի գանգատները, բժշկական զննության, բժշկական միջամտությունների, կանխարգելիչ հետազոտությունների վերաբերյալ տվյալները:
23. ԱԱՊ բժիշկը պացիենտի մոտ հիվանդության հավանական կասկածի դեպքում Համակարգում գրանցում է նախնական ախտորոշում` ըստ ՀԴ-10-ի:
24. Անհրաժեշտության դեպքում ԱԱՊ բժիշկը ստեղծում է էլեկտրոնային ուղեգիր` պացիենտի անհրաժեշտ բժշկական ծառայություն ստանալու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրոնային դեղատոմս:
25. Նեղ մասնագետի մոտ պացիենտը կարող է այց կատարել սույն ընթացակարգի 22-րդ կետով նշված ուղեգրով, իսկ եթե արդեն վերահսկվող պացիենտ է, ապա ընդունարանի աշխատակցի կողմից էլեկտրոնային ընդունարանում հերթագրում կատարելով:
26. Նեղ մասնագետը, անհրաժեշտության դեպքում, ստեղծում է էլեկտրոնային ուղեգիր, անհրաժեշտության դեպքում նաև էլեկտրոնային դեղատոմս:
27. Լաբորատոր հետազոտություն անցնելու նպատակով բժշկի կողմից ստեղծվում է ուղեգիր` նշելով լաբորատոր հետազոտության և (կամ) լաբորատոր գործիքային հետազոտության տեսակը:
28. Պացիենտը այցելում է լաբորատորիա, որտեղ Համակարգից ներբեռնված էլեկտրոնային ուղեգրի հիման վրա կատարվում է նմուշառում, որի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են Համակարգ:
29. Հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալները մուտքագրվում են Համակարգի էլեկտրոնային լաբորատորիա, որից հետո դրանք հասանելի են դառնում պացիենտին ուղեգրած բժշկին:
30. Էլեկտրոնային ուղեգրում նշված հետազոտությունների արդյունքները Համակարգում ստանալուց հետո նեղ մասնագետը կամ ԱԱՊ բժիշկը շարունակում է պացիենտին մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ տվյալների մուտքագրումը Համակարգ:
31. Իմունականխարգելման նպատակով պատվաստումներ իրականացնելու նպատակով բժիշկը Համակարգում ձևավորում է էլեկտրոնային ուղեգիր:
32. Պատվաստումներ իրականացնող բժիշկը ստացած էլեկտրոնային ուղեգրի հիման վրա կատարում է պատվաստում, որի մասին նշում է Համակարգում:
33. Պատվաստումից հետո ԱԱՊ բժիշկը իրականացնում է պացիենտի վերահսկում, որից հետո էլեկտրոնային դեպքի գրառումը փակվում է` նշելով դեպքի ելքը:
34. Դեղագետը, մուտք գործելով էլեկտրոնային դեղատուն և մուտքագրելով պացիենտի կամ վերջինիս կողմից լիազորված անձի հանրային ծառայությունների համարանիշը, ստանում է հասանելիություն էլեկտրոնային դեղատոմսին և պացիենտի կամ նրա կողմից լիազորված անձի տվյալներին` վերջիններիս կողմից ներկայացված ինքնությունը հաստատող փաստաթղթի հետ նույնականացնելու նպատակով:
35. Դեղագետը պացիենտին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրում է դեղը և դրա վերաբերյալ տվյալները մուտքագրում Համակարգ, ինչը հասանելի է դառնում էլեկտրոնային դեղատոմս դուրս գրած բժշկին:
36. Էլեկտրոնային դեղատոմսը համարվում է փակված, երբ նրա մեջ առկա դեղորայքի մնացորդային քանակը զրոյանում է:
37. Համակարգում արտահիվանդանոցային դեպքի գրառումը փակվում է` նշելով բուժման ելքը և դեպքի ավարտի ամսաթիվը:
38. Պացիենտի՝ հիվանդանոց մտնելու պահին, ընդունարանի աշխատակիցը Համակարգում ստեղծում է էլեկտրոնային գրառում, բեռնելով պացիենտի անձնական տվյալները ՀՀ Ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից:
39. Եթե պացիենտը տեղափոխվել է այլ բժշկական հաստատությունից կամ ուղեգրվել է ԱԱՊ-ից, ապա էլեկտրոնային ուղեգիրն ընդունվում է և դրա մեջ առկա տվյալները ներբեռնվում են էլեկտրոնային դեպքի գրառման մեջ:
40. Ընդունարանի ընդհանուր բաժնում պացիենտի բժշկական զննությունը և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունները կատարելուց հետո, տվյալները մուտքագրվում են Համակարգ:
41. Պացիենտին հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու անհրաժեշտության բացակայության դեպքում բժիշկը պացիենտին տրամադրում է խորհրդատվություն և դրա արդյունքները մուտքագրում Համակարգ` նշելով էլեկտրոնային դեպքի ելքը և ամսաթիվը:
42. Եթե պացիենտին անհրաժեշտ է տրամադրել բուժում հիվանդանոցային պայմաններում, ապա բժիշկը ստեղծում է էլեկտրոնային ուղեգիր` պացիենտին համապատասխան բաժանմունք ուղեգրելու նպատակով:
43. Բաժանմունքում պացիենտի բուժման վերաբերյալ յուրաքանչյուր բժիշկ, իր կողմից մատուցած բժշկական ծառայությունների վերաբերյալ տվյալները մուտքագրում է Համակարգ:
44. Պացիենտի հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում բաժանմունքի, հիվանդասենյակի, մահճակալի և սպասարկող բժշկական անձնակազմի փոփոխությունների վերաբերյալ տվյալները ամրագրվում են Համակարգում:
45. Օգտվողները ըստ իրենց լիազորությունների ցանկացած պահի կարող են գեներացնել էլեկտրոնային գրանցամատյաններ։
46. Գրանցված աշխատող համարվող պացիենտի համար դեպքի ավարտից հետո Համակարգում ձևավորվում է էլեկտրոնային թերթիկ, որը հնարավոր է Համակարգից գեներացնել և ներկայացնել գործատուին:
47. Պացիենտի բժշկական հաստատությունից դուրս գրվելու կամ վերջինիս մահվան դեպքում էլեկտրոնային դեպքի գրառումը ավարտվում է` նշելով դեպքի ելքը և ամսաթիվը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունվարի 2022 թվական: