Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 դեկտեմբերի 2013 թվականի N 52
52. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ, ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման և հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագրին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի նիստի N 52 արձանագրային որոշման |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ, ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
1. Անտառային հրդեհներ – բուսականության անվերահսկելի այրում, որը տարածվում է անտառային տարածքով: Անտառային հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են հանդիսանում մարդկային գործոնը, ամպրոպը (կայծակը), անտառային տարածքներով անցնող՝ էլեկտարահաղորդման օդային գծերի և դրանց անվտանգության գոտիների շահագործման կանոնների խախտումը, գյուղատնտեսական հողատարածքների հրկիզումները շոգ եղանակային պայմաններում, կամ առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում (հուլիս-սեպտեմբեր ամիսներ): Հրդեհի արդյունքում անտառը կարող է կորցնել իր ջրապաշտպան, հողապաշտպան, քամապաշտպան և այլ պաշտպանական նշանակությունները, կարող են խիստ տուժել անտառային էկոհամակարգերը՝ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաև դրանց աճելավայրերը և բնադրավայրերը՝ ընդհուպ մինչև ոչնչացումը: Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների համար:
2. Անտառային հրդեհների գնահատման գոյություն ունեցող մեթոդաբանությունը թույլ է տալիս որոշել տարածաշրջանում հնարավոր հրդեհների տարածքի մակերեսը և պարագիծը: Ելքային տվյալ է համարվում անտառային հրդեհների նշանակության ցուցանիշը և հրդեհի զարգացման ժամանակը: Անտառային հրդեհների նշանակության ցուցանիշը կախված է տարածաշրջանի բնության և եղանակային պայմաններից ու տարվա եղանակից: Հրդեհի զարգացման ժամանակը որոշվում է` հրդեհի մարման համար, անտառային հրդեհի տարածք ուժերի և միջոցների ժամանմամբ:
3. Անտառային հրդեհները բնորոշվում են կրակի արագ տարածմամբ, խիտ ծխով և ջերմության անջատումով` ընդգրկելով լայն մակերես: Գոյություն ունեն անտառային հրդեհների երեք տեսակ.
1) վերնատարած
2) գետնատարած
3) ստորգետնյա
4. Այրման բնույթից և անտառի կառուցվածքից կախված` անտառային հրդեհները բաժանվում են գետնատարած, վերնատարած և ստորգետնյա: Ինտենսիվության տեսանկյունից անտառային հրդեհները լինում են թույլ, միջին և ուժեղ: Այրման ինտենսիվությունը կախված է այրվող նյութերի վիճակից և պաշարից, տեղանքից, օրվա որ ժամանակահատվածում է տեղի ունեցել և հատկապես քամու ուժգնությունից: Կրակի տարածման արագության տեսանկյունից գետնատարած և վերնատարած հրդեհները բաժանվում են կայուն և թռիչքային (արագ տարածվող):
5. Թույլ գետնատարած հրդեհի տարածման արագությունը չի գերազանցում 1մ/ր-ը, ուժեղը` 3մ/ր-ից ավել: Թույլ վերնատարած հրդեհը ունի 3 մ/ր արագություն, միջինը` մինչև 100 մ/ր, ուժեղը` 100 մ/ր-ից բարձր: Թույլ գետնատարած հրդեհի բարձրությունը մինչև 0,5 մ է, միջինը` 1,5մ, ուժեղը` 1,5մ-ից բարձր: Թույլ ստորգետնյա հրդեհ է համարվում այն հրդեհը, որի այրման խորությունը չի անցնում 25 սմ, միջինը` 25-50 սմ, ուժեղը` 50 սմ-ից ավել:
6. Անտառային հրդեհների վաղ ազդարարման եղանակներ են հանդիսանում` տիեզերական մշտադիտարկումը և օդային պարեկում: Անտառային հրդեհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հիմնական աղբյուր են հանդիսանում տիեզերական մշտադիտարկման (մոնիտորինգի) տվյալները, անտառտնտեսությունների դիտարկման կետերից և տեղեկան ինքնակառավարման մարմիններից ստացվող տվյալները:
7. Տիեզերական մշտադիտարկման տվյալները կիրառվում են որպես օպերատիվ տեղեկատվություն` ջերմային կետերի, բնակավայրերից և ենթակառուցվածքներից գտնվելու վայրերի վերաբերյալ: Տվյալները թարմացվում են օրը 3-4 անգամ հանրապետության ողջ տարածքով: Բացի դրանից հրդեհային իրավիճակի մշտադիտարկման համար կիրառվում է` օդային և ցամաքային պարեկումը:
8. Օդային պարեկում-օդային միջոցների կիրառմամբ անտառային հրդեհների հայտնաբերումը: Ստացված ամբողջական տեղեկատվությունը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն (առկա գերկարճալիք և կարճալիք ռադիոկապի միջոցով) և անտառտնտեսություններ (անհրաժեշտության դեպքում այլ գերատեսչություններ), տեղական ինքնակառավարման մարմիններ:
9. Հրդեհավտանգ ժամանակշրջանում անտառային տարածքների օդային պարեկումը իրականացվում է անտառային հրդեհների մարման պլաններով հաստատված երթուղիներով` հրդեհի բարդության աստիճանից, եղանակային պայմաններից, փաստացի այրվող անտառային տարածքների չափերից կախված և հաճախականությամբ:
10. Ցամաքային մշտադիտարկումը իրականացվում է նաև բարձրադիր վայրերում տեղակայված դիտարկման կետերից:
II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ
11.Անտառային հրդեհների հետախուզումը, որպես կանոն, պետք է իրականացվի տեղանքին ծանոթ անձանց և անտառտնտեսության մասնագետների ուղեկցությամբ՝ ցանկացած տրանսպորտային միջոցներով, որոնք նախատեսված են հրդեհաշիջման համար, ապահովելով հրդեհաշիջման ղեկավարի ավելի արագ և հուսալի առաջընթացը հրդեհի տարածք: Հրդեհի հետախուզումը իր մեջ ներառում է հրդեհի սահմանների ճշտումը, այրման ուժի և տեսակի բացահայտումը:
12. Ժամանած ուժերն ու միջոցները, մինչև հետախուզության և հրդեհաշիջման պլանի վերաբերյալ որոշման ընդունման ավարտը, կատարում են կանխարգելիչ միջոցառումներ՝ հրդեհի հետագա տարածումը դեպի ավելի վտանգավոր տարածքներ կանխելու նպատակով:
13. Հրդեհների մեծ մասշտաբների դեպքում, երբ այն արագ տարածվում է բնակեցված տարածքների, կազմակերպությունների, հանգստի գոտիների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառտնկարկների ուղղությամբ հրդեհի տարածման հետախուզումը և հրդեհաշիջումը պետք է իրականացվի ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու սարքերի և ավտոտրանսպորտային միջոցների օգնությամբ` օգտագործելով քարտեզագրական նյութեր: Հետախուզման ժամանակ անհրաժեշտ է որոշել`
1) հրդեհի տեսակը և չափերը, տեղանքի ռելիեֆը, կրակի տարածման արագությունն ու ուղղությունը, հրդեհի սպասվող զարգացումը դրա մարման ժամանակ, նրա տարածման հավանականությունը դեպի բնակեցված տարածքներ, հանգստի տներ, փայտամթերման օբյեկտներ, տորֆի դաշտեր.
2) տարածքներ, որտեղ հրդեհի տարածման ինտենսիվությունը ավելի բարձր է (օրինակ նորատունկ եղևնիներ, անտառի աղտոտված տարածքներ, հրդեհավտանգ մշակաբույսեր, փայտամթերման ժամանակավոր պահեստներ, տորֆի մշակումներ և այլն).
3) հնարավոր արգելքներ հանդիպակաց կրակի համար (ճանապարհներ, գետեր, առուներ, լեռնագոգեր և այլն), որոնք կխոչընդոտեն կրակի հետագա տարածումը;
4) անտառի եզրին մոտեցման հնարավորությունը և ուղղությունը, հրդեհի սահմանը` հրդեհաշիջման նպատակով մեխանիկական միջոցների կիրառման համար.
5) բնական ջրաղբյուրների առկայությունը և օգտագործման հնարավորությունը.
6) տրանսպորտային միջոցների կանգառման համար ապահով տեղերը և մարդկանց տարահանման ճանապարհները ապաստարաններից` կրակի պոռթկման դեպքում:
14. Հետախուզության տվյալները նշվում են տեղանքի քարտեզի վրա գունավոր մատիտներով, քարտեզ-սխեմայի վրա ցուցադրվում են կրակի սահմանները և տարածման ուղղությունները, քամու ուղղությունը (սլաքով), զինվորական մասերի սահմանները և համարները` իրենց տեխնիկայի քանակով և անձնակազմով, տեղանքի հրդեհաշիջման շտաբները և պահուստային տեխնիկան` իրենց անձնակազմով, այլ կողմնորոշիչներ, որոնք չկան քարտեզի վրա, բնական և արհեստական պատնեշներ, որոնք կարելի է օգտագործել հրդեհի մարման համար:
III. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Անտառային հրդեհների մարման ժամանակ հրդեհաշիջման ղեկավարը`
1) ստեղծում է հրդեհաշիջման շտաբ` խոշոր հրդեհների ժամանակ .
2) նշանակում է ղեկավարներ.
3) նշանակում են տեղամասերի ղեկավարներ.
4) կապ է հաստատում հրդեհի վայրում գտնվող անձնակազմի հետ.
5) պարզում է հրդեհի տեսակը և չափերը, տարածվող կրակի ուղղությունը, ավելի վտանգավոր տեղամասերը, առկա ուժերի և միջոցների քանակը ու գտնվելու վայրը.
6) տեղաբաշխում է տրամադրության տակ եղած հրդեհաշիջման ուժերն ու միջոցները` ըստ տեղամասերի.
7) պարզում և հրդեհաշիջման մասնակիցներին տեղյակ է պահում տրանսպորտային միջոցների կանգառման ապահով տեղերը և ապաստարաններից մարդկանց տարահանման ճանապարհները կրակի հնարավոր պոռթկման դեպքում.
8) անտառտնտեսության ներկայացուցիչներից ապահովում է փորձառու հրահանգիչ-ուղեկցորդներով:
IV. ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
16. Անտառային հրդեհների առաջացրած խնդիրների լուծումը կապված է մի շարք կազմակերպչական և տեխնիկական հարցերի և առաջին հերթին պլանավորված կարգով կատարվող հակահրդեհային և պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, որոնք ուղղված են անտառային հրդեհների առաջացման, տարածման և զարգացման զգուշացմանը:
17. Անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումները ներառում են մի շարք անտառավարման աշխատանքներ (սանիտարական հատումներ, հատատեղային տարածքների մաքրում մնացորդներից, հակահրդեհային նշանակության ճանապարհների կառուցում և վերանորոգում, հանքայնացված շերտի կառուցում և խնամք, հրդեհային դիտակետերի կառուցում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ անտառում հակահրդեհային արգելքների տարաբնույթ հակահրդեհային շինարարական օբյեկտներով):
18. Անհրաժեշտ է հիշել, որ անտառը դառնում է չայրվող, եթե այն մաքրեն չորուկից, 2-3 հանքայնացված (միներալիզացված) շերտի ներդրմամբ` 50-60մ միջանցիկ հեռավորությամբ և միջտարածքային ծածկույթը պարբերաբար այրել:
V. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
19. Անտառային հրդեհների դեմ պայքարում մեծ նշանակություն ունի ժամանակի գործոնը: Մինչև անտառային հրդեհի հայտնաբերումը և տեղայնացումը անհրաժեշտ է ծախսել նվազագույն ժամանակ: Այնուհետև կարևոր առաջադրանք է հանդիսանում ուժերի և միջոցների պատրաստումը հրդեհաշիջման համար:
20. Հրդեհաշիջման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների ուղղորդման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել հրդեհի տարածման հավանական արագությունը, ուժն ու հրդեհի վտանգավորության աստիճանը:
21. Խոշոր հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ օգտագործել անտառում արդեն եղած արգելքներն ու գոտիները, ինչպես նաև հաշվի առնել շրջապատող տեղամասերի տարաբնույթ լեռնայնությունը, օպերատիվ կերպով տեղաբաշխել ուժերն ու միջոցները` առաջին հերթին կենտրոնացնելով դրանք ճիշտ ընտրված առանձնահատուկ դիրքերում, կտրելով կրակի ուղիները:
22. Խոշոր հրդեհների հրդեհաշիջման աշխատանքները կարելի է բաժանել հետևյալ փուլերի`
1) հրդեհի հետախուզում.
2) հրդեհի մեկուսացում` նոր հրդեհի առաջացման հնարավորության վերացում.
3) հրդեհի հանգեցում` հրդեհի օջախների հետ հանգեցում.
4) հրդեհի տարածքի հերթապահություն:
23. Հետախուզության արդյունքներով կանխատեսվում է հրդեհի հավանական իրավիճակը, նրա բնույթը և ուժգնությունը որոշակի ժամանակահատված առաջ:
24. Հրդեհի զարգացման կանխատեսման հիման վրա, հաշվի առնելով հրդեհը շրջապատող տեղամասի լեռնայնությունը, հնարավոր պաշտպանական ուղիները (գետեր, առվակներ, լեռնահովիտներ, ճանապարհներ և այլն) կազմվում է հրդեհի դադարեցման պլանը, որոշվում են հրդեհի դադարեցման միջոցները:
25. Ավելի բարդ գործողություն է հրդեհի տեղայնացումը: Որպես կանոն անտառային հրդեհների տեղայնացումն իրականացվում է 2 փուլով: Առաջին փուլում իրականացվում է հրդեհի տարածման կանխարգելում` անմիջականորեն ազդելով նրա կրակի այրման եզրերին: Երկրորդ փուլում իրականացվում է արգելափակիչ փոսերի անցկացումը հրդեհի տարածման վերականգնման հնարավորությունը բացառելու նպատակով:
26. Տեղայնացված են համարվում այն հրդեհները, որոնց շուրջը անցկացված են փոսեր և չկա կրակի տարածման հավանականություն: Հրդեհի վերջնական մարումը կայանում է այրման օջախների չեզոքացման մեջ: Հրդեհի վերահսկումը կայանում է անընդհատ ստուգման մեջ հրդեհի մակերեսով և հատկապես հրդեհի եզրերով` նպատակ հետապնդելով կանխարգելել կրակի հետագա տարածումը: Հրդեհի վերահսկման անընդհատությունը որոշվում է եղանակային պայմաններից ելնելով:
27. Անտառային հրդեհների մարման ժամանակ կիրառվում են հետևյալ եղանակներն ու տեխնիկական միջոցները`
1) կրակի եզրերով արգելապատնեշի ստեղծումը գրունտով.
2) հրդեհաշիջումը ջրով.
3) քիմիական նյութերի օգտագործումը.
4) հանդիպակաց կրակի հրկիզում.
5) արհեստական տեղումների առաջացումը:
28. Արգելափակված է համարվում տեղանքի այն հատվածը, որի մակերևույթից հեռացված է անտառային բուսականությունը և վառելանյութերը:
29. Հրդեհաշիջման համար տեխնիկական միջոցների ընտրությունը կախված է հրդեհի տարածման տեսակից, ուժգնությունից, արագությունից, միջավայրից, հրդեհաշիջման ուժերի և միջոցների առկայությունից:
30. Անտառային հրդեհների մարման ժամանակ հիմնական ուժերն ու միջոցները, ելնելով ստեղծված իրավիճակից, պետք է կենտրոնացվեն`
1) բնակելի տարածքներում.
2) անտառային տարածքներում.
3) արդյունաբերական տարածքներում:
31. Անտառային հրդեհների վերացման համար իրականացվում են հրդեհաշիջման հետևյալ միջոցառումները`
1) վերնատարած հրդեհների դեպքում հակահրդեհային անջրպետների ստեղծումը հրդեհների տարածման ճանապարհին և հանդիպակաց հրդեհի վայրընթացը այն հեռավորությունից, որը ընտրվել էր հրդեհի զարգացման արագության հաշվառումով.
2) գետնատարած հրդեհների դեպքում` կրակմարող նյութերի կիրառումը.
3) տորֆի հրդեհների դեպքում` մեկուսիչ փոսերի փորումը մինչև հանքային գրունտին հասնելը:
32. Արտակարգ իրավիճակների միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ անտառային հրդեհների մարման աշխատանքներին կարող են ներգրավվել արդյունաբերական կազմակերպությունների աշխատողները, զինծառայողները, քաղաքացիական պաշտպանության կազմավորումները և այլ նեղ մասնագիտական ուժեր:
33. Անտառի հրդեհաշիջման ժամանակ, կախված կրակի տարածման արագությունից, պետք է ձեռնարկել հետևյալ միջոցառումներից մեկը`
1) կրակի բոլոր ուղղությունների միաժամանակյա մարում կամ առավել վտանգավոր օջախների միաժամանակյա մարում` նպատակ հետապնդելով ստեղծել անջրպետներ և հրդեհի մակերեսը մասնատել ավելի փոքր տեղամասերի` դրանցում հետագա այրումը դադարեցնելու (վերացնելու) նպատակով:
34. Այս միջոցառումները կիրառվում են մեծ մակերես ունեցող հրդեհների մարման և ծավալուն աշխատանքի առկայության դեպքում:
35. Անտառային հրդեհների ինտենսիվությունը երեկոյան և հատկապես գիշերը նվազում է: Հրդեհաշիջման ղեկավարը պետք է առավելագույնս օգտագործի այդ ժամանակահատվածը ակտիվ հրդեհաշիջման համար:
36. Հանդիպակաց կրակի հրկիզումը իրականացնել ցերեկային ժամերին, անտառտնտեսության ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ:
37. Անտառային հրդեհների մարման ժամանակ պետք է հետևել հետևյալ հատուկ կանոններին`
1) մարտական տեղամասի ղեկավարները առաջադրանքի տրման ժամանակ անձնակազմին պետք է ցույց տան ապահով վայրերը, ինչպես նաև այդ վայրեր մուտք գործելու ճանապարհները հրդեհի հանկարծակի տարածման դեպքում.
2) անձնակազմի և հրդեհաշիջման ղեկավարի, տեխնիկայի կրակով շրջապատվելու վտանգը կանխելու նպատակով մարտական տեղամասի ղեկավարները պետք է իրականացնեն մշտական հսկողություն կրակի տարածման ապահովության և ուղղության նկատմամբ.
3) անձնակազմը, որը զբաղված է հրդեհաշիջմամբ, պետք է կապ պահպանի խմբի մյուս անդամների հետ.
4) վերնատարած հրդեհների մարման դեպքում, կրակի արագ ցատկաձև տարածման ժամանակ անձնակազմը չպետք է մոտենա կրակի գոտուն ոչ մոտ քան 250մ.
5) անձնակազմի հանգստի և գիշերման վայրը պետք է տեղակայված լինի հրդեհի տեղայնացման սահմանից 100մ. հեռու և պաշտպանվի վառելանյութերից 2մ. լայնություն ունեցող տարածքով.
6) գործող անտառային հրդեհների գոտում գիշերումը խստիվ արգելվում է.
7) կրակի հանկարծակի մոտեցման դեպքում պետք է նախատեսել նոր արգելափակիչ հնարավորությունների ստեղծումը:
VI. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
38. Անտառային հրդեհների վտանգավորությունը մարդկանց համար դրսևորվում է ոչ միայն կրակի անմիջական ազդեցությամբ, այլ նաև թունավորման մեծ հավանականությամբ, քանի որ կարող է արագ բարձրանալ շմոլ գազի պարունակությունը: Հաշվի առնելով այդ իրականացվում են բնակչության պաշտպանության հետևյալ միջոցառումները`
1) մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների տարհանումը այրվող տարածքից.
2) մարդկանց հրդեհի վայրում գտնվելու բացառումը.
3) հրդեհավտանգ տարածքներ մարդկանց մուտքի արգելումը.
4) հրդեհաշիջումը.
5) հրդեհաշիջման անվտանգ ընթացքի ապահովումը:
39. Հրդեհի տեղամասում աշխատանքների իրականացման ժամանակ, դրա չեզոքացման գործում ներառված բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն հատուկ հագուստով, սաղավարտներով և շնչառական ապարատներով: Յուրաքանչյուր խմբում պետք է լինի ուղեկցորդ, որը քաջատեղյակ է տեղանքին, դիտորդ, որը հետևում է կրակի տարածման ուղղությանը, ընկնող ծառերին, կապ է պահպանում հրդեհաշիջման շտաբի (ղեկավարի) հետ: Յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա հրդեհից պաշտպանվելու հնարավոր ապաստարանների տեղը, դրանց մոտենալու ուղիները և հրդեհի գոտուց տարհանման ուղիները:
40. Հրդեհաշիջման ընթացքում տեխնիկական միջոցներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները, որպեսզի բացառել տեխնիկայի այրման վտանգը:
41. Հատուկ տեխնիկայի հետ աշխատելիս պետք է ներգրավվեն միայն հատուկ պատրաստված մասնագետներ: Հրդեհաշիջումը ջրով իրականացնելիս չի թույլատրվում այն ուղղել էլեկտրական կայանի և էլեկտրահաղորդման գծերի վրա: Այրման գոտով անցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում խորհուրդ է տրվում շնչառության ժամանակավոր դադար տալ շնչուղիները չվնասելու նպատակով:
42. Արգելվում է գիշերել գործող հրդեհի գոտում: Գիշերման և հանգստի տեղ ընտրելիս պետք է ձեռք առնել համապատասխան միջոցառումներ կրակի հանկարծակի պոռթկման կամ նրա շարժման ուղղության փոփոխության դեպքում: