ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 դեկտեմբերի 2021 թ. |
N 90-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը`
Հրամայում եմ
1. Սահմանել`
1) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը ` համաձայն հավելված 1-ի,
2) հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման կարգը ` համաձայն հավելված 2-ի,
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 90-Ն հրամանի |
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգով կարգավորվում են արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման բովանդակությունը սահմանված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասով:
3. Հոգեբուժական վկայարկումն իրականացվում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություն ներկայացված անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումների համաձայն:
4. Առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական վկայարկումն իրականացվում է հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի (իրենց վարույթային պարտականությունները կատարելիս) կողմից արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություն ներկայացված գրավոր դիմումների հիման վրա:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված գրավոր դիմումներում նկարագրվում են անձի գործողությունները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անձն ունի հոգեկան խանգարում, որի հետևանքով նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար։
6. Այն դեպքում, երբ հոգեբուժական վկայարկման արդյունքում հաստատվում է, որ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպությունը շտապ բժշկական օգնության ծառայությանը մեկ ժամվա ընթացքում հեռախոսազանգի միջոցով հայտնում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի (այսուհետ` Անձ) հետագա հոգեբուժական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ:
7. Այն դեպքում, երբ շտապ բժշկական օգնության ծառայությանը, անձի հոգեկան վիճակով պայմանավորված, չի հաջողվում կազմակերպել անձի տեղափոխումը, ապա, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպությունն անհապաղ հեռախոսազանգի միջոցով անձի բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանմանը տեղեկացնում է համապատասխան հոգեբուժական կազմակերպություն ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Անձի տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ:
8. Ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխումն իրականացվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն:
9. Հոգեբուժական հետազոտումը և բուժումն իրականացվում է Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն: Ախտորոշման նպատակով հետազոտումը կատարվում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից տրված ուղեգրերի կամ Անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն: Ախտորոշման նպատակով հետազոտման ընթացքը և եզրակացությունը գրառվում են Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտում:
10. Անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը սահմանվում են Օրենքի 21-րդ հոդվածով:
11. Անձի խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է Անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն:
12. Անձի խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը ներառում է`
1) Անձին ցուցաբերվող խորհրդատվությունը.
2) Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ դեղերով անվճար ապահովումը, ընդ որում, այն դեպքերում, երբ Անձը, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում` օրինական ներկայացուցիչը հիմնավորված պատճառով հրաժարվում է Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ դեղերով անվճար հատկացումից, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժը, Անձի, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում` օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, կարող է դուրս գրել հոգեմետ դեղի դեղատոմս:
3) բժշկական ցուցումների համաձայն ուղեգրումը հիվանդանոցային պայմաններում հետազոտման, բուժման կամ մասնագիտական խնամքի նպատակով.
4) բժշկական ցուցումների համաձայն ուղեգրումը ցերեկային ստացիոնարի պայմաններում հետազոտման կամ բուժման նպատակով.
5) առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը:
13. Հաշվառման մեջ գտնվող Անձի արտահիվանդանոցային շարունակական բուժումը և հսկողությունն իրականացվում է Անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից: Անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա արտահիվանդանոցային շարունակական բուժումը և հսկողությունը կարող է իրականացվել նաև արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող այլ հոգեբուժական կազմակերպության կողմից:
14. Հաշվառման մեջ գտնվող Անձի արտահիվանդանոցային շարունակական բուժումը և հսկողությունը ներառում է`
1) Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ դեղերով անվճար ապահովումը, ընդ որում, այն դեպքերում, երբ Անձի, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում` օրինական ներկայացուցիչը հիմնավորված պատճառով հրաժարվում է Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող հոգեմետ դեղերով անվճար հատկացումից, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժը, Անձի, իսկ Օրենքով նախատեսված դեպքերում` օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, կարող է դուրս գրել հոգեմետ դեղի դեղատոմս: Նշանակված դեղերի և դեղաչափի բժշկական հիմնավորումը գրառվում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտում.
2) բժշկական ցուցումների համաձայն ուղեգրումը հիվանդանոցային պայմաններում հետազոտման, բուժման կամ մասնագիտական խնամքի նպատակով.
3) բժշկական ցուցումների համաձայն ուղեգրումը ցերեկային ստացիոնար պայմաններում հետազոտման կամ բուժման նպատակով.
4) ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության.
5) առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը:
15. Անձի հարկադիր արտահիվանդանոցային հսկողության կամ բուժման կարգը սահմանվում է Օրենքի 26-րդ հոդվածով:
16. Այն դեպքերում, երբ առողջական վիճակից ելնելով Անձը չի կարող ինքնուրույն այցելել հոգեբուժական կազմակերպություն, անհրաժեշտության դեպքում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից կազմակերպվում է հաշվառման մեջ գտնվող Անձի տնային այց` Անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 90-Ն հրամանի |
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Սույն կարգով կարգավորվում են հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման բովանդակությունը սահմանված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ մասով:
3. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` Անձ) հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է.
1) Անձի հաշվառման վայրի արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բժշկի ուղեգրով.
2) Անձի արտահիվանդանոցային շարունակական բուժում և հսկողություն իրականացնող արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող կազմակերպության բժշկի ուղեգրով.
3) անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում՝ շտապ բժշկական օգնության ծառայության բժշկի ուղեգրով.
4) Անձի, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով սահմանված կոնտակտային անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում` տվյալ հոգեբուժական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի ուղեգրով:
4. Անձին ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացնելիս պահանջվում է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 Ձևին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիրը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, բացառությամբ` անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ Անձի մոտ բացակայում է անձը հաստատող փաստաթուղթը:
5. Այն դեպքում, երբ հոգեբուժական վկայարկման արդյունքում հաստատվում է, որ Անձի մոտ բացակայում են հիվանդանոցային պայմաններում բուժման ցուցումները, Անձի հոսպիտալացումը հոգեբուժական վկայարկումն իրականացրած բժիշկ-հոգեբույժի կողմից անմիջապես մերժվում է` պատճառաբանված գրառում կատարելով Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով հաստատված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում:
6. Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում իրավապահ մարմիններին տեղեկացման կարգը սահմանվում է Օրենքի 22-րդ հոդվածով, ընդ որում տեղեկացումն իրականացվում է մեկօրյա ժամկետում:
7. Հիվանդանոցային պայմաններում հետազոտման, բուժման կամ մասնագիտական խնամքի նպատակով հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձին հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու (դիմելու) պահից մեկ ժամվա ընթացքում զննում է բուժող բժիշկ-հոգեբույժը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հերթապահ բժիշկ-հոգեբույժը:
8. Հիվանդանոցային պայմաններում հոժարակամ հոսպիտալացման հիմքերը սահմանվում են Oրենքի 22-րդ հոդվածով, իսկ հոժարակամ հոսպիտալացումն իրականացվում է սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ընթացակարգով:
9. Հիվանդանոցային պայմաններում ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքը և կարգը սահմանվում են Oրենքի 24-րդ հոդվածով:
10. Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող Անձի զննման արդյունքները, հոգեկան վիճակի նկարագիրը, անամնեստիկ և կատամնեստիկ տվյալները, ախտորոշումները, նշանակումները, բուժման ծրագիրը գրանցվում են Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի հիվանդության պատմագրում:
11. Հոգեկան խանգարման կլինիկական ախտորոշումը ձևակերպվում է Անձի հոսպիտալացումից հետո մինչև 15 օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին համապատասխան:
12. Հիվանդանոցային պայմաններում հետազոտման, բուժման կամ մասնագիտական խնամք ստացող Անձի իրավունքների իրականացման ընթացակարգը սահմանվում է Օրենքով:
13. Այն դեպքում, երբ հոգեբուժական կազմակերպությունում բացակայում են Անձի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները, հոգեբուժական կազմակերպությունը սույն կետով նախատեսված մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպում և ապահովում է այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային հիմունքներով, կատարելով փոխհատուցում Անձի բուժման համար հատկացվող համապատասխան գումարներից:
14. Հոժարակամ հոսպիտալացված Անձի դուրսգրումն իրականացվում է Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն:
15. Եթե բուժումից հրաժարման մասին դիմումի ստացման պահին պարզվում է, որ Անձն իր հոգեկան վիճակով վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, ապա Անձի ոչ հոժարակամ բուժումն իրականացվում է Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն:
16. Հիվանդանոցային պայմաններում Անձի հարկադիր բուժման հիմքերը և կարգը սահմանվում են Օրենքի 26-րդ հոդվածով:
17. Դատահոգեբուժական փորձաքննության տեսակները և դրա իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Օրենքի 25-րդ հոդվածով, ընդ որում դատահոգեբուժական փորձաքննության արդյունքով փորձագետների մոտ միասնական կարծիք չլինելու դեպքում դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը կազմվում է փորձաքննությանը մասնակցած հանձնաժողովի անդամների թվի երկու երրորդի ձայների համամասնությամբ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2021 թվական: