ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
26 նոյեմբեր 2020 թ. |
N 92-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ, ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և 15-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի խորհրդի 2020 թվականի հունիսի 2-ի որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
1. ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար որակավորման քննությունների անցկացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2. ճարտարապետների որակավորման քննությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի,
3. ճարտարագետ-կոնստրուկտորների որակավորման քննությունների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։
Պարտականությունները կատարող |
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
N 1 հավելված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 92-Ն հրամանի |
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
Ι. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման համար որակավորման քննությունների անցկացման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության 6-րդ մասին համապատասխան:
2. Կարգով սահմանվում են ճարտարապետների և ճարտագետ-կոնստրուկտորների որակավորման քննությունների անցկացման կարգն ու պայմանները:
3. Արտոնագիր ստանալու համար Պալատի համապատասխան որակավորման հանձնաժողովին կարող են դիմել «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պայմաններին բավարարող ճարտարապետները և 15-րդ հոդվածի պայմաններին բավարարող ճարտարագետ-կոնստրուկտորները:
ΙΙ. ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
4. Արտոնագիր ստանալու համար հավակնորդը Պալատի համապատասխան որակավորման հանձնաժողովին է ներկայացնում.
1) դիմում՝ նշելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 21-ի N 143-Ա հրամանով սահմանված՝ հայցվող արտոնագրի դասը,
2) տեղեկանք հավակնորդի աշխատանքային (մասնագիտական) փորձառության մասին՝ ներառելով հավակնորդի հեղինակած նախագծերի ցանկը (այդ թվում՝ համահեղինակությամբ՝ նշելով համահեղինակների անունը, ազգանունը),
3) հավակնորդի կողմից մշակված նախագծերի ալբոմ Ա3 ձևաչափով (ալբոմը պետք է ներառի հավակնորդի կողմից նրա փորձառության վերաբերյալ ներկայացված տեղեկանքում նշված նախագծերը կամ նրանց մի մասը), նաև էլեկտրոնային կրիչի վրա, ինչպես նաև հավակնորդի կողմից կատարված նախագծերի ցանկում ընդգրկված որևէ նախագծի ճարտարապետական մասի ամբողջական ալբոմը,
4) մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը,
5) անձնագրի պատճենը,
6) 2 լուսանկար՝ 3x4սմ չափսի,
7) Պալատի կազմակերպած կամ մասնագիտական վերապատրաստման այլ դասընթացներին մասնակցության հավաստագիր (առկայության պարագայում),
5. Պալատի որակավորման համապատասխան հանձնաժողովի քարտուղարը դիմումն ստանալուց հետո ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրակազմը և համապատասխանությունը Կարգի 4-րդ կետի պահանջներին: Նշված պայմաններին բավարարելու դեպքում դիմումի մուտքագրման վերաբերյալ գրառում է կատարվում համապատասխան մատյանում:
6. Դիմումի ընդունումը մերժվում է հետևյալ դեպքերում՝
1) ներկայացված փաստաթղթերի լրակազմն ամբողջական չէ,
2) փաստաթղթերում ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ:
7. Դիմումի ընդունումը մերժելու պարագայում այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցվում է հավակնորդին՝ նշելով մերժման հիմքերը:
8. Հավակնորդը առկա թերությունները վերացնելուց հետո կարող է կրկին դիմել որակավորման հանձնաժողովին:
9. Դիմումն ընդունելու պարագայում հնգօրյա ժամկետում հավակնորդը տեղեկացվում է որակավորման հանձնաժողովի հետ հարցազրույցի օրվա, ժամի և անցկացման կարգի մասին:
10. Արտոնագրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝
1) հարցազրույց հավակնորդի հետ և նրա կողմից մշակված նախագծերի ներկայացում, ինչի արդյունքում գնահատվում է հավակնորդի՝ հայցվող արտոնագրի դասին համապատասխան նախագծեր մշակելու կարողությունը և դրանք հիմնավորելու հմտությունը,
2) քննության հանձնում թեստային առաջադրանքների ձևով, ինչի արդյունքում գնահատվում են հավակնորդի գիտելիքները ճարտարապետի կամ ճարտարագետ-կոնստրուկտորի մասնագիտական գործունեությանն առնչվող տարբեր ոլորտների վերաբերյալ:
11. Դիմումն ընդունելուց հետո առավելագույնը երկշաբաթյա ժամկետում հրավիրվում է որակավորման հանձնաժողովի նիստ՝ հավակնորդի հետ հարցազրույցի և նրա ներկայացրած նախագծերին ծանոթանալու նպատակով:
12. Նիստի արդյունքում հանձնաժողովը կայացնում է որոշում՝ հավակնորդին որակավորման քննություն հանձնելու թույլտվություն տալու կամ որակավորման քննություն հանձնելու թույլտվություն չտալու վերաբերյալ:
13. Հավակնորդին որակավորման քննություն հանձնելու թույլտվություն չի տրվում, եթե նրա ներկայացրած աշխատանքները չեն համապատասխանում արտոնագրման հայցվող դասով սահմանված պահանջներին:
14. Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ, որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
15. Որոշման արձանագրությունը հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվելուց հետո կցվում է հավակնորդի գործին:
16. Հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում տրամադրվում է հավակնորդին, ընդ որում, արտոնագրման քննության մասնակցելու թույլտվություն ստացած հավակնորդներին միաժամանակ տեղեկացնելով քննության օրվա մասին:
ΙΙΙ. ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
17. Քննությունն անցկացվում է հավակնորդի դիմումը հանձնաժողովի կողմից ընդունելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում:
18. Ճարտարապետների արտոնագրման քննություններն անց են կացվում N 2 հավելվածով, ճարտարագետ-կոնստրուկտորներինը՝ N 3 հավելվածով սահմանված ծրագրերին համապատասխան՝ Պալատի խորհրդի կողմից կազմված քննական առաջադրանքներով:
19. Քննությունների ծրագրերն ու քննական առաջադրանքները զետեղվում են Պալատի՝ հավակնորդների համար հասանելի տեղում, ինչպես նաև Պալատի կայքում:
20. Արտոնագրման քննությանը դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել նաև Պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի որևէ անդամ:
21. Քննության ժամանակ հավակնորդները քննասենյակում այնպես են տեղաբաշխվում, որպեսզի նրանց միջև բացառվի ուղղակի շփումը:
22. Մինչև քննությունն սկսելը որակավորման հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից մեկը հավակնորդներին ներկայացնում է քննության պայմանները (թեստերի քանակը, դրանց կազմման սկզբունքները, յուրաքանչյուր դասի արտոնագրի համար ճիշտ պատասխանների նվազագույն շեմը, քննությանը հատկացվող ժամանակը):
23. Հավակնորդները կարող են ընթացակարգային բնույթի առանձին հարցերով դիմել հանձնաժողովին և ստանալ համապատասխան պարզաբանումներ:
24. Մինչև քննությունն սկսելը, յուրաքանչյուր մասնակցի համար՝ իր ներկայությամբ, համակարգչի միջոցով՝ պատահական ընտրության սկզբունքով, կազմվում են թեստային առաջադրանքները՝ յուրաքանչյուր առաջադրանքում ընդգրկելով 50 հարց, յուրաքանչյուր հարցի համար՝ պատասխանի 2-4 տարբերակ:
25. Ճարտարապետների համար կազմված քննական առաջադրանքներում՝ հարցերի 30 տոկոսն ընտրվում է ճարտարապետների մասնագիտական գործունեությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցերից, 50 տոկոսը՝ հայցվող դասին առնչվող հարցերից, իսկ 20 տոկոսը՝ հարակից դասերին առնչվող հարցերից:
26. Ճարտարագետ-կոնստրուկտորների համար կազմված քննական առաջադրանքներում՝
1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և կառույցների, աշտարակների, կայմերի և ճոպանուղիների ոլորտի բարձրագույն և առաջին դասերի քննական առաջադրանքները (Ա, Ա1, և Դ1 ենթադասեր) կազմում են առաջադրանքների առաջին խումբը, իսկ երկրորդ և երրորդ դասերի քննական առաջադրանքները (Ա2, Ա3, Դ2 ենթադասեր) կազմում են առաջադրանքների երկրորդ խումբը,
2) տրանսպորտային կառույցների ոլորտի բարձրագույն և առաջին դասերի արտոնագրերի համար առաջադրանքները (Բ. Բ1ա և Բ1բ ենթադասեր) կազմում են քննական առաջադրանքների մեկ խումբ,
3) հիդրոտեխնիկական կառույցների ոլորտի բարձրագույն, առաջին, երկրորդ և երրորդ դասերի արտոնագրման համար առաջադրանքները (Գ, Գ1, Գ2 և Գ3 ենթադասեր) կազմում են քննական առաջադրանքների մեկ խումբ:
27. Յուրաքանչյուր հարցի տակ պետք է զետեղվի այն նորմատիվ ակտի կամ պաշտոնական փաստաթղթի կամ մասնագիտական հրատարակության հղումը, որին համապատասխան կազմվել է հարցը:
28. Համակարգչի միջոցով ընտրված առաջադրանքներում արտացոլվում են դրանց հերթական համարները, համարակալվում են նաև առաջադրանքների էջերը:
29. Հավակնորդը հանձնաժողովին է ներկայացնում առաջադրանքի համարը և բոլորի ներկայությամբ առաջադրանքի բոլոր էջերի ներքևի հատվածներում լրացնում է իր անունը, հայրանունը, ազգանունը:
30. Քննական առաջադրանքը կատարելու համար հատկացվում է երեք ժամ:
31. Քննության ընթացքում չի թույլատրվում օգտագործել համակարգիչ, հեռախոս և տեղեկատվություն ձեռք բերելու այլ միջոցներ, բացառությամբ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տպագրված օրինակների, որոնք հանձնաժողովի կողմից տեղադրվում են քննասենյակում:
32. Քննության ավարտից հետո հավակնորդները պատճենահանում են լրացված առաջադրանքի բոլոր էջերը, ապա բնօրինակը հանձնում են հանձնաժողովին՝ պատճենահանված օրինակը պահելով իրենց մոտ:
33. Հանձնաժողովի անդամները բոլոր հավակնորդների քննական առաջադրանքները ստանալուց հետո ստուգում են հարցերի պատասխանները և ստուգման արդյունքներն անցկացնում քննական տեղեկագրում:
34. Քննական տեղեկագրում նշվում են քննության անցկացման օրը, մասնակիցների անունը, հայրանունը, ազգանունը, արտոնագրի դասի հապավումը, քննական առաջադրանքի համարը, հարցերի քանակը, ճիշտ պատասխանների թիվը և տոկոսը՝ հարցերի ընդհանուր թվից, ինչպես նաև ստացված գնահատականը՝ «բավարար» կամ «անբավարար» նշումով:
35. Քննական տեղեկագրի ձևանմուշը հաստատում է Պալատի խորհուրդը:
36. Ճարտարապետների՝
1) Ա (առանց սահմանափակումների), Բ (քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ կամ տարածական պլանավորում) և Գ (հուշարձանների ամրակայում նորոգում և վերականգնում) դասերի արտոնագրերի համար բավարար են համարվում հայցվող դասի և ընդհանուր բնույթի հարցերի առնվազն 80 տոկոս կազմող ճիշտ պատասխանները և հարակից ոլորտների հարցերի առնվազն 60 տոկոս կազմող ճիշտ պատասխանները,
2) Ա1 դասի արտոնագրի համար բավարար են համարվում հայցվող դասի և ընդհանուր բնույթի հարցերի առնվազն 50 տոկոս կազմող ճիշտ պատասխանները և հարակից ոլորտների հարցերի առնվազն 30 տոկոս կազմող ճիշտ պատասխանները:
37. Ճարտարագետ կոնստրուկտորների՝
1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և կառույցների, աշտարակների, կայմերի և ճոպանուղիների ոլորտի
ա. բարձրագույն դասի արտոնագրերի համար բավարար են համարվում առաջին խմբի (Ա, Ա1, և Դ1 ենթադասեր) թեստային առաջադրանքների 80 տոկոս կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60 տոկոս կազմող ճիշտ պատասխանները,
բ. երկրորդ դասի արտոնագրերի համար բավարար են համարվում երկրորդ խմբի (Ա2, Ա3, Դ2 ենթադասեր) թեստային առաջադրանքների 70 տոկոս կազմող ճիշտ պատասխանները, երրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 50 տոկոս կազմող ճիշտ պատասխանները,
2) տրանսպորտային կառույցների ոլորտի (Բ. Բ1ա և Բ1բ ենթադասեր) բարձրագույն դասի արտոնագրերի համար բավարար են համարվում թեստային առաջադրանքների 80 տոկոս կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60 տոկոս կազմող ճիշտ պատասխանները),
3) հիդրոտեխնիկական կառույցների ոլորտի (Գ, Գ1, Գ2 և Գ3 ենթադասեր) բարձրագույն դասի արտոնագրի համար բավարար են համարվում թեստային առաջադրանքների 80 տոկոս կազմող ճիշտ պատասխանները, առաջին դասի արտոնագրերի համար՝ առնվազն 70 տոկոս կազմող ճիշտ պատասխանները, երկրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 60 տոկոս կազմող ճիշտ պատասխանները, երրորդ դասի արտոնագրերի համար՝ առնվազն 50 տոկոս կազմող ճիշտ պատասխանները:
38. Քննական տեղեկագիրը լրացնելուց հետո հանձնաժողովի անդամները ստորագրում են այն և բաց քվեարկությամբ հաստատում են քննության արդյունքները:
39. Քննության արդյունքների հիման վրա հանձնաժողովը կայացնում է որոշում՝
1) արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ, եթե հավակնորդը ստացել է «բավարար» գնահատական,
2) հայտը մերժելու վերաբերյալ, եթե հավակնորդը ստացել է «անբավարար» գնահատական:
40. Ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, իսկ որոշման պատճենը եռօրյա ժամկետում տրամադրվում է հավակնորդին:
41. Քննություններից հետո մեկշաբաթյա ժամկետում Պալատի նախագահն արտոնագիր տրամադրելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը և համապատասխան արտոնագրերը ներկայացնում է լիազոր պետական մարմնի ղեկավարի հաստատմանը:
42. Արտոնագրման գործընթացում որակավորման հանձնաժողովի որոշումների և քննությունների արդյունքների բողոքարկումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
N 2 հավելված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 92-Ն հրամանի |
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. Ճարտարապետների արտոնագրման համար քննական առաջադրանքները կազմվում են հետևյալ ուղղություններով՝
1) ճարտարապետների մասնագիտական գործունեությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցեր,
2) ճարտարապետաշինարարական նախագծերի մշակում (արտոնագրման Ա և Ա1 դասեր),
3) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում (արտոնագրման Բ դաս),
4) պատմաճարտարապետական հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում (արտոնագրման Գ դաս)։
2. Քննական առաջադրանքները կազմվում են այնպես, որպեսզի դրանցում ընդգրկված թեստերի 30 տոկոսը վերաբերի ճարտարապետների մասնագիտական գործունեությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցերին, 50 տոկոսը՝ համապատասխան դասին, իսկ 20 տոկոսը՝ հարակից դասերին:
3. Ճարտարապետների մասնագիտական գործունեությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցերը ներառում են հետևյալ ոլորտային ուղղությունները՝
1) քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասերի տրամադրում,
2) ինժեներաերկրաբանական հետազննումներ,
3) նախագծման թույլտվություն,
4) նախագծային առաջադրանքի (տեխնիկական բնութագրի) կազմում,
5) նախագծային աշխատանքների կապալի պայմանագրի կնքում,
6) նախագծի փորձաքննություն, համաձայնեցումներ և հաստատում,
7) շինարարության և քանդման թույլտվություն,
8) շինարարության իրականացում,
9) շինարարության ավարտի փաստագրում և շահագործման թույլտվություն,
10) քաղաքաշինական կադաստր,
11) քաղաքաշինական գործունեության վերահսկողություն,
12) ճարտարապետների արտոնագրում,
13) արտոնագրված ճարտարապետի իրավունքներ և պարտականություններ,
14) մասնագիտական էթիկայի և վարքագծի նորմեր,
15) մասնագիտական հանրության (ճարտարապետների պալատի) և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերություններ:
4. Ճարտարապետաշինարարական նախագծերի մշակմանն առնչվող հարցերը ներառում են հետևյալ ոլորտային ուղղությունները.
1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համակարգը,
2) կառուցապատման նախագծեր,
3) նախագծային առաջադրանք, տեխնիկական բնութագիր,
4) պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները նախագծային աշխատանքների կապալի պայմանագրում,
5) կապալառուի իրավունքներն ու պարտականությունները նախագծային աշխատանքների կապալի պայմանագրում,
6) հեղինակային իրավունք,
7) ելակետային տվյալներ,
8) շինարարության օբյեկտների դասակարգում,
9) նախագծերի մշակման փուլային տարբերակներ (աշխատանքային նախագիծ, նախագիծ, աշխատանքային փաստաթղթեր),
10) բնակելի շենքերի նախագծում,
11) հասարակական շենքերի նախագծում,
12) արտադրական շենքերի նախագծում,
13) փորձաքննության տեսակներ,
14) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի մշակմանն առնչվող իրավական ակտերի համակարգ:
5. Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակմանն առնչվող հարցերը ներառում են հետևյալ ուղղությունները.
1) տարածական պլանավորման փաստաթղթերի համակարգ,
2) ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ (կազմ և բովանդակություն),
3) տարածքային հատակագծման նախագծեր (կազմ և բովանդակություն),
4) համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր (կազմ և բովանդակություն),
5) համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ (կազմ, բովանդակություն, տեխնիկատնտեսական ցուցանիշներ),
6) գոտիավորման նախագծեր (կազմ և բովանդակություն, բազային և օժանդակ գոտիներ, թույլատրելի օգտագործումներ, կառուցապատման չափորոշիչներ, կառուցապատման և հողօգտագործման կանոններ, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն),
7) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցումների և հաստատման ընթացակարգեր,
8) բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմեր:
6. Պատմաճարտարապետական հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը և վերականգնմանն առնչվող հարցերը ներառում են հետևյալ ուղղությունները՝
1) հուշարձանների դասակարգումն ըստ նշանակության և բնույթի,
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում,
3) հուշարձանների հաշվառումն ու պետական ցուցակները,
4) հուշարձանների պահպանական գոտիները,
5) պատմամշակութային արգելոցները,
6) բնակավայրի պատմամշակութային հիմնավորումների նախագծեր,
7) հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ,
8) հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում,
9 )հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքը,
10) հուշարձանների պահպանություն և օգտագործում,
11) հուշարձանների պահպանությանն առնչվող միջազգային պայմանագրեր
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. «Քաղաքաշինության մասին» օրենք
2. «Ճարտարապետական գործունեության մասին» օրենք
3. ՀՀ հողային օրենսգիրք (2-9 գլուխներ)
4. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք («Շինարարական կապալ»՝ հոդվածներ 738-755, «Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ»՝ հոդվածներ 756-760)
5. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք
6. ՀՀ կառավարության 31.12.1999թ. N 802 որոշում
7. ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշում
8. ՀՀ կառավարության 14.05.2001թ. N 408 որոշում
9. ՀՀ կառավարության 20.04.2002թ. N 438 որոշում
10. ՀՀ կառավարության 19.12.2002թ. N 2164-Ն որոշում
11. ՀՀ կառավարության 02.05.2003թ. N 608-Ն որոշում
12. ՀՀ կառավարության 08.08.2003թ. N 997-Ն որոշում
13. ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշում
14. ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշում
15. ՀՀՇՆ 30-01-2014. «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»
16. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 21.11.2018թ. N 143-Ա հրաման
17. Ճարտարապետների պրակտիկայում պրոֆեսիոնալիզմի միջազգային ստանդարտներ. Էթիկայի և վարքագծի ոլորտ. Պեկին, 1999 թ.։
N 3 հավելված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 92-Ն հրամանի |
ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. Ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման քննական առաջադրանքները կազմվում են հետևյալ ոլորտների համար՝
1) արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և շինությունների (կառուցվածքների), աշտարակների, կայմերի և ճոպանուղիների նախագծում
2) տրանսպորտային կառույցների նախագծում
3) հիդրոտեխնիկական կառույցների նախագծում:
2. Արդյունաբերական, բնակելի, հասարակական շենքերի և շինությունների (կառուցվածքների), աշտարակների, կայմերի և ճոպանուղիների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակման հարցերը ներառում են հետևյալ ուղղությունները.
1) քարե և ամրանաքարե կոնստրուկցիաներ և համակարգեր
2) բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ և համակարգեր
3) պողպատե կոնստրուկցիաներ և համակարգեր
4) պողպատաերկաթբետոնե կոնստրուկցիաներ և համակարգեր
5) ինժեներական կառույցներ
6) մեծաթռիչք տարածական ծածկեր
7) շենքերի և շինությունների (կառուցվածքների) դինամիկա և երկրաշարժադիմացկունություն
8) բեռնվածքներ և ազդեցություններ
9) ինժեներական երկրաբանություն
10) գրունտերի մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր
11) շինարարական մեխանիկա
12) շենքերի և շինությունների (կառուցվածքների) վերակառուցում, վերականգնում և ուժեղացում
13) շենքերի և շինությունների (կառուցվածքների) ինժեներական հետազննություն և տեխնիկական վիճակի գնահատում
14) կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ համակարգերի համակարգչային մոդելավորում, հաշվարկ և վերլուծություն
15) ճարտարապետություն - ձև - կոնստրուկտիվ համակարգ
16) շինարարական տեխնոլոգիա և շինարարության կազմակերպման նախագիծ
3. Տրանսպորտային կառույցների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակման հարցերը ներառում են հետևյալ ուղղությունները.
1) կամուրջներ /ավտոճանապարհային և երկաթուղային/
ա. կամուրջների նախագծման հիմնական դրույթներ և պահանջներ
բ. բեռնվածքներ և ազդեցություններ
գ. կամուրջների կառուցման համար կիրառվող նյութեր
դ. կամրջային հիդրոլոգիա
ե. հիմքեր և հիմնատակեր
զ. կամուրջների /ավտոճանապարհային և երկաթգծային/ հաշվարկների հիմնական դրույթներ
է. ափային /եզրային/, միջանկյալ հենարանների նախագծում (ներառյալ հաշվարկների հիմնական դրույթները) և կոնստրուկտավորում
ը. երկաթբետոնե թռիչքային կառուցվածքների նախագծում (ներառյալ հաշվարկների հիմնական դրույթները) և կոնստրուկտավորում
թ. մետաղական թռիչքային կառուցվածքների նախագծում (ներառյալ հաշվարկների հիմնական դրույթները) և կոնստրուկտավորում
ժ. պողպատերկաթբետոնե /կոմպոզիտ/ թռիչքային կառուցվածքների նախագծում (ներառյալ հաշվարկների հիմնական դրույթները) և կոնստրուկտավորում
ի. երկաթգծային կամուրջների երթևեկելի մաս
լ. ավտոճանապարհային կամուրջների երթևեկելի մաս
խ. դեֆորմացիոն կարեր
ծ. հենարանային մասեր
կ. կամուրջների սեյսմակայունություն
հ. հետիոտն ստորգետնյա և վերգետնյա անցումներ
ձ. կամուրջների շինարարություն։
2) Թունելներ /ավտոճանապարհային և երկաթուղային/
ա. թունելների նախագծման հիմնական դրույթներ և պահանջներ
բ. թունելների երեսարկների համար կիրառվող նյութեր
գ. թունելների երեսարկերի տեսակները և նրանց կոնստրուկցիաները
դ. թունելների երեսարկերի, նրանց ճակատամուտքերի հաշվարկների հիմնական դրույթները
ե. թունելների կառուցման եղանակներ, շինարարական աշխատանքների կազմակերպում
զ. մետրոպոլիտենների նախագծում։
3) Այլ արհեստական կառուցվածքներ
ա. հենապատերի կոնստրուկցիաներ և նրանց հաշվարկների հիմնական դրույթները
բ. գալերեաների, բալկոնների կոնստրուկցիաներ և նրանց հաշվարկների հիմնական դրույթները
գ. սելավապաշտպանիչ միջոցառումներ և նրանց հաշվարկների հիմնական դրույթները
դ. խողովակների նախագծման հիմնական դրույթները և հաշվարկները
4. Հիդրոտեխնիկական կառույցների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակման հարցերը ներառում են հետևյալ ուղղությունները՝
1) հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման հիմնական դրույթներ
2) մելիորատիվ համակարգեր
3) հիդրոտեխնիկական կառուցվածքների սեյսմադիմացկուն շինարարություն
4) հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնատակեր
5) մագիստրալ խողովակաշարեր, պողպատե խողովակաշարեր, խողովակներ լիցքի տակ
6) բեռնվածքներ և ազդեցություններ հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա
7) գրունտային պատվարներ
8) բետոնե և երկաթբետոնե պատվարներ
9) հենապատեր, ձկնթող և ձկնապաշտպան կառուցվածքներ
10) հիդրոտեխնիկական թունելներ
11) պարզարաններ
12) հիդրոտեխնիկական կառուցվածքների բետոնե և երկաթբետոնե կառուցվածքներ։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀՇՆ 33-01-2014 Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. Հիմնական դրույթներ,
2. ՍՆիՊ 2.06.03-85 Մելիորատիվ համակարգեր և կառուցվածքներ,
3. ՀՀՇՆ II-6.02-2006 Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր,
4. ՍՆիՊ II-23-81* Պողպատե կոնստրուկցիաներ,
5. ՍՆիՊ 2.02.02-85 Հիդրոտեխնիկական կառույցների հիմնատակեր,
6. ՍՆիՊ 2.04.12-86 Պողպատե խողովակաշարերի ամրության հաշվարկ,
7. ՍՆիՊ 2.05.03-84* Կամուրջներ և խողովակներ,
8. ՍՆիՊ 2.05.06-85 Մայրուղային խողովակաշարեր,
9. ՍՆիՊ 2.06.04-82* Բեռնվածքներ ու ազդեցություններ հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա (ալիքային, սառցային և նավերից),
10. ՍՆիՊ 2.06.05-84* Ամբարտակ գրունտային նյութերից,
11. ՍՆիՊ 2.06.06-85 Ամբարտակ բետոնե և երկաթբետոնե,
12. ՍՆիՊ 2.06.08-87 Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ հիդրոտեխնիկական կառուցվածքների,
13. ՍՆիՊ 2.06.07-87 Հենապատեր, նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման և ձկնապաշտպան կառուցվածքներ,
14. ՍՆիՊ 2.06.09-84 Թունելներ հիդրոտեխնիկական:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական: