Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.03.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտի 2021 թ.

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողների վերապատրաստման կարգը` համաձայն Հավելվածի:

2. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին` ապահովել վերապատրաստումների կազմակերպումը և իրականացումը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի մարտի 22-ի

 N 15-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային առողջապահության համակարգից (այսուհետ` Համակարգ) օգտվողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն վերապատրաստվողներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ) տնօրենները, բուժգծով փոխտնօրենները և բաժանմունքի վարիչները.

2) Կազմակերպությունների այն ավագ բուժաշխատողները, որոնք վարում և շրջանառում են բժշկական փաստաթղթեր, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում:

3. Դասընթացների կազմակերպման մասին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ` ԱԱԻ) պաշտոնական փաստաթղթաշրջանառության մալբրի համակարգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Երևանի քաղաքապետարանին, ՀՀ մարզպետարաններին և Կազմակերպություններին` մեկնարկից մեկ ամիս առաջ։

4. Դասընթացների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է տեղադրվում ԱԱԻ-ի պաշտոնական կայքում` մեկնարկից 15 օր առաջ:

5. Դասընթացների կազմակերպման մասին ծանուցումը ստանալուց հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մարզպետարանները և Կազմակերպությունները, յուրաքանչյուրն իր մասով, ձևավորում և էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է դասընթացի մասնակցության հայտ՝ նշելով Դասընթացին մասնակցող անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը, մասնագիտացումը, Կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է վերապատրաստվողը և տվյալ Կազմակերպությունում նրա զբաղեցրած պաշտոնը:

6. Վերապատրաստման դասընթացները (այսուհետ` Դասընթացներ) լինում են`

1) հիմնական, որոնք կազմակերպվում են Համակարգին չտիրապետող օգտվողների համար,

2) շարունակական դասընթացներ, որոնք կազմակերպվում են Համակարգի յուրաքանչյուր նոր հավելվածի ներդրման դեպքում՝ հիմնական Դասընթացն անցած օգտվողների համար:

7. Յուրաքանչյուր նոր աշխատակցի համար, ով չի մասնակցել սույն կարգով սահմանված հիմնական դասընթացին, Կազմակերպությունների կողմից, հերթական հիմնական դասընթացներում ներգրավելու նպատակով ներկայացվում է դասընթացի մասնակցության նոր հայտ՝ սույն Հավելվածով սահմանված կարգով:

8. Դասընթացներն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության օպերատորի կողմից (այսուհետ` Օպերատոր) տրամադրված տեսաուղեցույցերի և Օպերատորի կողմից տրամադրված` Համակարգի դասընթացի համար նախատեսված ծրագրի միջոցով:

9. Վերապատրաստվողների մասնակցության մասին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից գրավոր տեղեկացվում է համապատասխան Կազմակերպություններին և մասնակիցներին տրվում է վկայագիր:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան