ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հուլիսի 2020 թ. |
N 2526-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՋԱՓՆՅԱԿ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, հաշվի առնելով, որ «ԱՋԱՓՆՅԱԿ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հայտին կից ներկայացված տեքստը չի համապատասխանում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման պահանջներին, մասնավորապես՝ գովազդի տեքստը անհրաժեշտ է խմբագրել, համապատասխանեցնելով` «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 5-րդ հոդվածով նախատեսված գովազդի նկատմամբ սահմանված ընդհանուր պահանջներին և ղեկավարվելով նույն որոշման հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԱՋԱՓՆՅԱԿ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի հուլիսի 21-ին ներկայացված բուժական մեթոդի գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտը մերժել:
2. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՋԱՓՆՅԱԿ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2020 թվական: