Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2017-11.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.01/30(599) Հոդ.355
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.10.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

 

13 հոկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 354-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 200-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի N 02/1508 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 200-Ն հրամանը:

4. Սահմանել, որ մինչ սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականները մնում են ուժի մեջ մինչև դրանցում նշված ժամկետների ավարտը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2017 թ. հոկտեմբերի 13-ի

N 354-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների (այսուհետ` քննություն) անցկացման հետ կապված հարցերը:

2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն:

3. Քննությունն անցկացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

4. Քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցաշարի, դրանց մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում` քննությունից առնվազն 10 (տասը) օր առաջ:

5. Քննությանը կարող են մասնակցել 18 (տասնութ) տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

6. Քննությանը մասնակցելու համար դիմորդները քննությունից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ վերադաս մաքսային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճեն:

7. Քննությունն անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով:

8. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով և տեսաձայնագրող համակարգով:

9. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մտնել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել թեստավորման անցկացման համար նախատեսված ցանկացած տեղ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելու համար նախատեսված ժամանակից 10 (տասը) րոպե առաջ:

10. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում թեստավորման սենյակ ներս բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական կամ էլեկտրոնային սարքեր, աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց: Մասնակիցները պարտավոր են թեստավորման ընթացքում պահպանել սույն կարգի կանոնները: Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը պարտավոր է դադարեցնել մասնակցի հետագա մասնակցությունը թեստավորմանը՝ գնահատելով նրա աշխատանքը 0 (զրո) միավոր: Մասնակցի կողմից թեստավորման համար սահմանված ժամանակից շուտ թեստավորման սենյակը լքելու դեպքում նրա աշխատանքը համարվում է ավարտված:

11. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:

12. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին:

13. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 (երեք) կամ 4 (չորս) ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

14. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

15. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ: Թեստավորման ավարտից 10 (տասը) րոպե առաջ մասնակիցներին հիշեցվում է թեստավորման ավարտին մնացած ժամանակի մասին: Սահմանված ժամկետը լրանալուց անմիջապես հետո հայտարարվում է թեստավորման ավարտը, որից հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:

16. Թեստավորման ընթացքում մասնակիցները դուրս չեն գալիս սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է դուրս գալ սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է ավարտված:

17. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 (մեկ) միավոր, իսկ սխալը` 0 (զրո): Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը: Թեստավորման արդյունքում մասնակիցը ստանում է գնահատական, որն արտահայտում է ճիշտ պատասխան ստացած հարցերի տեսակարար կշիռն առաջադրանքի հարցերի ընդհանուր քանակում` տոկոսային արտահայտությամբ (0-ից 100 գնահատական):

18. Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

19. Թեստավորման ավարտից հետո Հանձնաժողովի կողմից հայտարարվում են մասնակիցների ստացած գնահատականները: Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին գրավոր` արդյունքները մասնակիցներին հայտարարելուց հետո 1 (մեկ) ժամվա ընթացքում: Բողոքարկումը՝ թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: Բողոքարկման գործընթացի ավարտ է համարվում բողոքարկող վերջին մասնակցին բողոքարկման արդյունքների վերաբերյալ գրավոր պատասխանի տրամադրումը: Բողոքարկման գործընթացի ավարտից հետո մասնակիցների ստացած գնահատականները համարվում են վերջնական և կարող են վերանայվել միայն դատական կարգով:

20. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և (կամ) սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա Հանձնաժողովի կողմից ճշտվում է հարցադրումն ու դրա ճիշտ պատասխանը, որի հիման վրա վերահաշվարկվում են տվյալ հարցադրումն իրենց հարցաթերթիկներում պարունակող բոլոր մասնակիցների միավորները:

21. Թեստավորումն անցկացնելուց և բողոքարկման գործընթացի ավարտից հետո, Հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունը, որի հիման վրա ընդունում որոշում և 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում քննությունը դրական հանձնած անձանց ցանկը: Ցանկը հրապարակվում է մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հաստատվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

22. Մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում ցանկի հրապարակումից 1 (մեկ) աշխատանքային օր անց քննության արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու անուն և գաղտնաբառ:

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2017 թ. հոկտեմբերի 13-ի

N 354-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) անցկացման հետ կապված հարցերը:

2. Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար վերադաս մաքսային մարմինը յուրաքանչյուր տարի առնվազն 1 (մեկ) անգամ կազմակերպվում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց (այսուհետ` դասընթաց):

3. Սույն կարգի իմաստով վերապատրաստում կամ վերապատրաստման դասընթաց է համարվում 16 ակադեմիական ժամ (1 ակադեմիական ժամը՝ 45 րոպե) և ավելի տևողությամբ դասընթացը, որն ավարտվում է վերապատրաստվող մասնագետների թեստավորմամբ:

4. Վերադաս մաքսային մարմինը մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն) հետ համատեղ:

5. Վերապատրաստմանը մասնակցությունն իրականացվում է կամավոր հիմունքներով:

6. Վերապատրաստման ծրագիրը պետք է ներկայացված լինի մանրամասն թեմատիկ ուղղվածությամբ (պլանով), որը ներառում է դասընթացի բոլոր թեմաները:

7. Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստումն անցկացվում է Ուսումնական կենտրոնում՝ վերապատրաստման ծրագրերին համապատասխան։

8. Վերապատրաստման դասընթացներին մաքսային ձևակերպումների մասնագետների մասնակցությունը դասընթացի յուրաքանչյուր օր արձանագրվում է Ուսումնական կենտրոնի գրանցամատյաններում: Գրանցամատյանների վարման պատասխանատու է հանդիսանում ուսումնական միջոցառումների կազմակերպիչը:

9. Վերապատրաստման դասընթացի ավարտի օրվան հաջորդող աշխատանքային օրն անցկացվում է թեստավորում, որի հարցաշարը կազմվում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացի ընթացքում ներկայացված ծրագրերի շրջանակներում քննարկված թեմաներին համապատասխան և վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ու մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:

10. Թեստավորումն անցկացվում է մաքսային ձևակերպումների որակավորման քննությունների անցկացման ընթացակարգին համապատասխան:

11. Թեստավորումն անցկացնելուց և բողոքարկման գործընթացի ավարտից հետո հանձնաժողովը կազմում (համակարգից արտատպում) և ստորագրում է թեստավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրություն և 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին: