Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հոդ.79
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.02.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12509052

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

4 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.12.10 N 398-Ն, փոփ. 06.03.17 N 54-Ն)

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը (Հավելված N 1):

(1-ին կետը փոփ. 23.12.10 N 398-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 06.03.17 N 54-Ն)

 

 

 

Ա. Մարտիրոսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2009 թվականի փետրվարի 4-ի

N 9-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 23.12.10 N 398-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

(1-ին կետը փոփ. 23.12.10 N 398-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով (այսուհետ՝ Oրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են Խորհրդից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե), տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

4. Նախքան Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Կոմիտե ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք Աշխատակազմի միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Կոմիտե ներկայացվելուց հետո Աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

Կոմիտեն մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամության թեկնածուներին ցուցակից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախoրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից՝ մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

1) երկու թեկնածու՝ Խորհրդի ներկայացուցիչներ.

2) երկու թեկնածու՝ Կոմիտեի ներկայացուցիչներ.

3) երկու թեկնածու՝ տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

7. Աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման oրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա Աշխատակազմը մինչև մրցույթի թեստավորման փուլի սկիզբը, սույն աշխատակարգով սահմանված կարգով ընտրում է այլ թեկնածու՝ պահպանելով 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:

(9-րդ կետը փոփ. 23.12.10 N 398-Ն)

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի համաձայն, ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը.

1) Աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի oրինակը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.

4) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) թեստավորում.

6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

9) հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն oրը կամ հաջորդ oրն անցկացնելու մասին.

11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

12) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 398-Ն)

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

14) գնահատման արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

15) ամփոփում է մրցույթի արդյունքները.

16) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

17) մրցույթն անցկացնելուց հետո նույն oրը պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.

18) մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

19) Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չoգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

20) իրականացնում է Oրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 23.12.10 N 398-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. (կետն ուժը կորցրել է 23.12.10 N 398-Ն)

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին, որն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

(16-րդ կետը փոփ. 23.12.10 N 398-Ն)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.

4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը՝

1) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

4) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 398-Ն)

5) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.

6) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(19-րդ կետը փոփ., խմբ. 23.12.10 N 398-Ն)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը կնիքը և չoգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն Աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել oրենքով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ., խմբ. 23.12.10 N 398-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2009 թվականի փետրվարի 4-ի

N 9-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 06.03.17 N 54-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.03.2017, N 54-Ն 30.03.2017, N 9-Ն
23.12.2010, N 398-Ն 11.02.2011, N 9-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան