«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32008137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
10 ապրիլի 2008 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը» համաձայն հավելվածի:
2. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
1. Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման տեխնիկական աշխատանքներն իրականացնելու ընթացակարգերը:
2. Կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավերի աերոնավտիկական արտադրատեսակների վրա:
3. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) աերոնավտիկական արտադրատեսակներ՝ թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասեր, հարմարանքներ և սարքավորումներ.
2) ռեսուրս` աերոնավտիկական արտադրատեսակի շահագործման տևողության չափման մեծություն` արտահայտված ժամերով, վայրէջքներով, ցիկլերով, օրացուցային տարիներով և չափման այլ միավորներով.
3) ծրագիր՝ աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման ծրագիր.
4) ռեսուրսների երկարաձգման ծրագիրը մշակող` աերոնավտիկական արտադրատեսակի նախագծող, պատրաստող կամ այլ կազմակերպություն, որին տրվել է համապատասխան հանձնարարական նախագծողի, արտադրողի կամ գրանցման պետության լիազորված մարմնի կողմից.
5) նախագծող` աերոնավտիկական արտադրատեսակի տիպային կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպություն։
4. Օդանավերի շարժիչների ռեսուրսների երկարաձգումը իրականացվում է դրանց տրված միջվերանորոգման և նշանակված ռեսուրսների սահմաններում:
5. Օդանավերի շարժիչների միջվերանորոգման և նշանակված ռեսուրսների երկարաձգումը նախագծողի կողմից տրված համապատասխան ռեսուրսներից ավելի չի իրականացվում:
6. Օդանավերի շարժիչների և համալրող արտադրատեսակների միջվերանորոգման և նշանակված շահագործման օրացուցային ժամկետների երկարաձգումը իրականացվում է ժամերով, ցիկլերով, վայրէջքներով արտահայտված ռեսուրսների առկայության դեպքում:
7. Յուրաքանչյուր աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման համար օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) ներկայացնում է հայտ՝ համաձայն Ձև 1-ի (կցվում է): Մեկից ավելի արտադրատեսակների խմբի համար ներկայացվում է մեկ հայտ:
8. Գլխավոր վարչությունը հայտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում՝ ուսումնասիրելով աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման հնարավոր բացասական ազդեցությունը թռիչքային անվտանգության վրա, տալիս է իր գրավոր եզրակացությունը նշված ավիացիոն արտադրատեսակի (արտադրատեսակների) ռեսուրսների երկարաձգման մասին և նշում Ծրագիր մշակող կազմակերպության անվանումը:
9. Ստանալով Կարգի 8-րդ կետով նախատեսված եզրակացությունը` օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը Ծրագիրը մշակողից ստանում է Ծրագիրը: Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 61-Ն հրամանով սահմանված կարգով սերտիֆիկացված կամ այլ պետության տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ ունեցող և Գլխավոր վարչության կողմից ճանաչված տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպություններում:
10. Ավիացիոն արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման աշխատանքների ավարտից հետո, Ծրագիրը մշակողի կողմից իրականացվում է դրանց տեխնիկական վիճակի հետազոտում:
11. Աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման տեխնիկական աշխատանքների արդյունքները ձևակերպվում են աերոնավտիկական արտադրատեսակի տեխնիկական վիճակի գնահատման ակտում (այսուհետ` Ակտ), որը կազմվում է աշխատանքները կատարած տեխնիկական սպասարկման կազմակերպության հանձնաժողովի կողմից: Ակտը հաստատվում է տեխնիկական սպասարկման կազմակերպության ղեկավարի կողմից և ներկայացվում Ծրագիրը մշակողին դրա վերաբերյալ երկարաձգման որոշում ստանալու նպատակով:
12. Ծրագիրը մշակողը օդանավ շահագործողի կամ օդանավի սեփականատիրոջ կողմից ստացված Ակտի ուսումնասիրությունից հետո օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը տալիս է իր կողմից հաստատված գրավոր որոշում` աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման հնարավորության մասին:
13. Օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը ռեսուրսների երկարաձգման ծրագիրը մշակողի կողմից հաստատված աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշումը ներկայացվում է Գլխավոր վարչություն՝ հաստատման: Միաժամանակ Գլխավոր վարչություն են ներկայացվում Ծրագիրը և Ակտը:
14. Աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշումը կիրառվում է Գլխավոր վարչության կողմից օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ եզրակացություն տալիս:
15. Օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը ապահովում են ռեսուրսները երկարաձգված աերոնավտիկական արտադրատեսակների շահագործումը՝ աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշման մեջ նշված պայմաններին և ժամկետներին համապատասխան:
Ձև 1
Հ Ա Յ Տ
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի 200…..թ. ……………………-ի թիվ ….… հրամանով
(ամիսը, ամսաթիվը)
հաստատված աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման կարգի»`
…………………………………….………………………………………………………………..
……………………………………………………………………………………………………...
……………………………………………………………………………………………………...
……………………………………………………………………………………………………...
(նշել աերոնավտիկական արտադրատեսակի կամ արտադրատեսակների տիպը և գործարանային
համարը, ինչպես նաև երկարաձգվող ռեսուրսների տեսակը և մեծությունը)
Ելակետային տվյալները`
1. Թողարկման ամսաթիվը………………………...…………………………………….
2. Նշանակված ռեսուրսը..…………………………………………………………………
3. Օգտագործված ռեսուրսը` շահագործման սկզբից սկսած …..…………….……
4. Նշանակված միջվերանորոգման ռեսուրսը…………………………………………
5. Վերջին վերանորոգման իրականացման ամսաթիվը և վայրը……………………
6. Վերջին վերանորոգումից հետո օգտագործված ռեսուրսը………….……..………
7. Ռեսուրսների նախորդ երկարաձգման ամսաթիվը …………………………………
8. Նախորդ երկարաձգումից հետո ծախսված ռեսուրսը………….………………….
9. Սույն հայտին կցված են հետևյալ փաստաթղթերը`
Աերոնավտիկական արտադրատեսակի տեղեկամատյանը (տեխնիկական անձնագիրը):
Սահմանափակ ռեսուրսներով ավիացիոն արտադրատեսակների ցանկը` նշելով սահմանափակումների և ռեսուրսների մեծությունները` օդանավում տեղադրվելու պահից սկսած:
Օդանավ շահագործողի կազմակերպության ղեկավարի կամ օդանավի սեփականատիրոջ ազգանունը, ստորագրությունը և հայտի ստորագրման ամսաթիվը
……………………………………………………………………………………………………...
_______________________________________________
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդանավերի
թռիչքային պիտանիության հարցերի գծով իրավասու ստորաբաժանման պետի եզրակացությունը նշված
աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման թույլտվության, Ծրագիրը
մշակողի և փորձագետների ընդգրկման անհրաժեշտության մասին՝ .………………………………..............
……………………………………………………….....……………………………………………….………………………......
………………..……………………………………………………...……...…………………………………………….……......
….……………………………………………….........................................................................................................
______________________
(ամսաթիվը, ստորագրությունը, ազգանունը)
(ձևը փոփ. 22.08.16 N 156-Ն)
(հավելվածը փոփ. 22.08.16 N 156-Ն)