«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
18 դեկտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 247-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.01.16 N 8-Ն)
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 և «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածերով
(նախաբանը փոփ. 26.01.16 N 8-Ն)
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
(հրամանը փոփ. 26.01.16 N 8-Ն)
Գլխավոր վարչության պետ |
Ս. Մարգարյան |
Հավելված |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 26.01.16 N 8-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը (այսուհետ` Կարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ինչպես նաև Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 ու «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածների և Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) ՓԱՐԹ-Մ (PART - M) ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերին համապատասխան և կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա ձևափոխման և վերափոխման աշխատանքներ իրականացնելիս:
(1-ին կետը լրաց. 28.10.08 N 155-Ն, լրաց., փոփ. 26.01.16 N 8-Ն)
2. Կարգի նպատակներն են՝
ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդանավերի ձևափոխման և վերանորոգման (մոդիֆիկացման) միասնական տեխնիկական քաղաքականության ապահովումը,
բ) ձևափոխում և վերանորոգում կատարելիս օդանավերի թռիչքային պիտանիության պահպանումը,
գ) օդանավերի չարտոնված ձևափոխումների և վերանորոգումների կանխումը:
Սույն Կարգի իմաստով օդանավի ձևափոխումը կամ վերանորոգումը համարվում է արտոնված, եթե օդանավի ձևափոխման կամ վերանորոգման փաստաթղթերը հաստատվել են նախագծողի կամ համապատասխան թույլտվություն ունեցող այլ կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից՝ նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման դեպքում:
(2-րդ կետը փոփ., խմբ. 26.01.16 N 8-Ն)
3. Սույն Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի շահագործողների վրա:
4. Սույն Կարգում գործածվող հիմնական հասկացություններն են՝
ա) ավիացիոն արտադրատեսակ՝ օդանավը, շարժիչը, պտուտակը և պատրաստի սարքերը կամ սարքավորումները, որոնցով համալրված են օդանավը, շարժիչը, պտուտակն ու մյուս համակարգերը, որոնք ապահովում են օդանավի շահագործումը և թռիչքային պիտանիությունը,
բ) ավիացիոն արտադրատեսակի ձևափոխում՝ ավիացիոն արտադրատեսակի տիպային կառուցվածքի ցանկացած փոփոխություն (նշանակալի և ոչ նշանակալի)` բացառությամբ վերանորոգման,
գ) ավիացիոն արտադրատեսակի վերանորոգում՝ ավիացիոն արտադրատեսակի վնասվածքի կամ մաշվածության դեպքում տիպային կառուցվածքի ցանկացած վերականգնում կամ փոփոխություն՝ թռիչքային պիտանիությունը վերականգնելու նպատակով,
դ) պատրաստող՝ ավիացիոն արտադրատեսակ պատրաստող կազմակերպություն,
ե) նախագծող՝ ավիացիոն արտադրատեսակի նախագիծը մշակող և տիպային կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպություն,
զ) նշանակալի ձևափոխում՝ ավիացիոն արտադրատեսակի տեխնիկական շահագործման փաստաթղթերով չնախատեսված տիպային կառուցվածքի փոփոխություն, որը նշանակալի ազդեցություն է թողնում օդանավի քաշի ու ծանրության կենտրոնի սահմանափակումների, կառուցվածքի ամրության, շահագործողական և թռիչքային բնութագրերի, ուժասարքի աշխատանքի ու այլ որակների վրա՝ ներգործելով օդանավի թռիչքային պիտանիության կամ շրջակա միջավայրի վրա,
է) ոչ նշանակալի ձևափոխում՝ ցանկացած ձևափոխում, բացի նշանակալի ձևափոխումից,
ը) օդանավ շահագործող՝ օդանավերի շահագործմամբ զբաղվող կամ այդ բնագավառում ծառայություններ առաջարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձ,
թ) նշանակալի նորոգում՝ օդանավի, շարժիչի, պտուտակի ցանկացած վերանորոգում, որը կարող է ազդել զանգվածի, ծանրության կենտրոնի, կառուցվածքի ամրության, թռիչքային բնութագրերի, շարժիչների աշխատանքի և այլ որակների վրա, որոնք ազդում են թռիչքային պիտանիության և շրջակա միջավայրի վրա, կամ պետք է իրականացվեն ոչ ստանդարտ տեխնոլոգիայով,
ժ) ոչ նշանակալի նորոգում՝ ցանկացած այլ վերանորոգում, որը չի հանդիսանում նշանակալի:
(4-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
II. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 26.01.16 N 8-Ն)
5. Ավիացիոն արտադրատեսակների ձևափոխումը կամ վերանորոգումը կատարվում է թռիչքային պիտանիության ապահովման և պահպանման նպատակով՝ արդիականացման, ֆիզիկական ու թռիչքային բնութագրերի բարելավման, կառուցվածքային և արտադրական թերությունների վերացման միջոցով:
(5-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
6. Ավիացիոն արտադրատեսակների ձևափոխումը կամ վերանորոգումը իրականացվում է նախագծողի կամ քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող համապատասխան թույլտվություն ունեցող տեխնիկական կենտրոնների կողմից մշակված փաստաթղթերի հիման վրա: Այդ փաստաթղթերում նշվում են ձևափոխման աշխատանքները, կատարման վայրը և դրանք իրականացնող մասնագետները:
(6-րդ կետը փոփ., լրաց. 26.01.16 N 8-Ն)
7. Օդանավ շահագործողը նշանակալի ձևափոխում կամ նշանակալի վերանորոգում իրականացնելու համար հայտ է ներկայացնում Գլխավոր վարչություն: Հայտին կից ներկայացվում են սույն Կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Գլխավոր վարչությունում փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա որոշվում է ձևափոխման կամ վերանորոգման տեսակը (նշանակալի, ոչ նշանակալի)` հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» թիվ 6 հավելվածից բխող չափանիշերը: Գլխավոր վարչությունը սահմանված ժամկետներում օդանավ շահագործողին է վերադարձնում ներկայացված փաստաթղթերը և տալիս է եզրակացություն նշանակալի ձևափոխումը կամ վերանորոգումը հաստատելու կամ մերժելու մասին:
Սույն կետի համաձայն նշանակալի ձևափոխման կամ նշանակալի վերանորոգման հաստատումը Գլխավոր վարչության կողմից հիմք է հանդիսանում համապատասխան աշխատանքների իրականացման համար:
Օդանավ շահագործողը նշանակալի ձևափոխման կամ նշանակալի վերանորոգման աշխատանքներն սկսելուց ոչ պակաս, քան 5 օր առաջ տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:
(7-րդ կետը խմբ. 26.01.16 N 8-Ն)
8. Ձևափոխման կամ նորոգման աշխատանքների կատարման ընթացքում օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը ժամանակավոր կասեցվում է, որը օրենքով սահմանված կարգով ձևակերպվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
(8-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
9. Եթե օդանավերի վրա իրականացվել են ոչ արտոնված ձևափոխումներ կամ վերանորոգումներ, ապա Գլխավոր վարչությունը կասեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողությունը` մինչև սույն Կարգի համաձայն ձևափոխումների կամ վերանորոգումների իրականացումը:
(9-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
10. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից ձևափոխման և վերանորոգման աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի դրույթները:
(10-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
11. Ձևափոխման կամ վերանորոգման տեխնիկական աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտության դեպքում անցկացվում են ավիացիոն արտադրատեսակների վերգետնյա կամ թռիչքային փորձարկումներ՝ ձևափոխումը կամ վերանորոգումը մշակած կազմակերպության կողմից նախօրոք մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հանդիսանում են ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների իրականացման մաս:
(11-րդ կետը խմբ. 26.01.16 N 8-Ն)
12. Կատարված ձևափոխումների և վերանորոգումների մասին տեղեկությունները գրանցվում են ավիացիոն արտադրատեսակի տեղեկամատյանում (ֆորմուլյարում):
(12-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
III. ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
(վերնագիրը լրաց. 26.01.16 N 8-Ն)
13. Ավիացիոն արտադրատեսակի նշանակալի ձևափոխման և վերանորոգման հաստատման ընթացակարգը նախատեսված է, որպեսզի օդանավ շահագործողն ապացուցի, որ հաշվի են առնվել օդանավի թռիչքային պիտանիության նորմերը:
(13-րդ կետը փոփ. 26.01.16 N 8-Ն)
14. Նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման համար Գլխավոր վարչություն ներկայացվող փաստաթղթերն են`
ա) նշանակալի ձևափոխման նպատակների հիմնավորումները,
բ) հիմնական փաստաթղթերի ցանկը, որտեղ նշվում են կառուցվածքի փոփոխությանը վերաբերող հաշվարկները, գծագրերը և մասնագրերը,
գ) գծագրերը, հրահանգները և տեխնոլոգիական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ավիացիոն արտադրատեսակի կառուցվածքային փոփոխություններ կատարելու համար,
դ) թռիչքային պիտանիության նորմերին համապատասխանության ապահովման ծրագիրը` կազմված ավիացիոն արտադրատեսակի նախագծողի կողմից,
ե) նախնական վերլուծությունները, հաշվարկները և հաշվետվությունները, որոնք որոշում են ձևափոխումից հետո ավիացիոն արտադրատեսակի համապատասխանությունը թռիչքային պիտանիության նորմերին,
զ) հաշվարկները և արձանագրությունները` դատարկ օդանավի քաշի և ծանրության կենտրոնի դիրքի փոփոխությունը որոշելու համար,
է) էլեկտրական բեռնվածության փոփոխության մասին տվյալները` օդանավերի էլեկտրական սխեմաների փոփոխության դեպքում,
ը) թռիչքային շահագործման ձեռնարկում կատարված լրացումը,
թ) օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրում (կանոնակարգում) կատարված լրացումը,
ժ) տեխնիկական սպասարկման հրահանգում կատարված լրացումը,
ժա) թռիչքային պիտանիության պահպանման հրահանգում կատարված լրացումը,
ժբ) նորոգման տեխնոլոգիական հրահանգների և ցուցումների լրացումները,
ժգ) նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքներն իրականացնող և վերահսկող ինժեներատեխնիկական անձնակազմի վկայականների պատճենները,
ժդ) նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո անցկացվելիք վերգետնյա և թռիչքային փորձարկումների ծրագրերը:
(14-րդ կետը խմբ. 26.01.16 N 8-Ն)
IV. ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ԿԱՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 26.01.16 N 8-Ն)
15. Նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո` օդանավ շահագործողը Գլխավոր վարչություն է ներկայացնում իր կողմից կազմված և հաստատված տեխնիկական ակտ` նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների կատարման արդյունքների և թռիչքային պիտանիության վերաբերյալ:
(15-րդ կետը փոփ. 26.01.16 N 8-Ն)
16. Նշանակալի ձևափոխման կամ վերանորոգման կատարման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը օդանավ շահագործողը ներկայացնում է Գլխավոր վարչություն աշխատանքները ավարտելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(16-րդ կետը խմբ. 26.01.16 N 8-Ն)
17. Թռիչքային պիտանիության ապահովման նպատակով ձևափոխված կամ վերանորոգված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատում Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» N 6 ու «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8 հավելվածների համաձայն կարող են ներառվել օդանավի ռեսուրսների, քաշի և ծանրության կենտրոնի, թռիչքատեխնիկական և այլ բնութագրերի սահմանափակումները:
(17-րդ կետը փոփ., լրաց. 26.01.16 N 8-Ն)
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
18. Օդանավ շահագործողը`
ա) ձևափոխման կամ վերանորոգման վերաբերյալ փաստաթղթերի լրիվ փաթեթը պահպանում է այնքան ժամանակ, քանի դեռ ձևափոխված օդանավը չի հանվել շահագործումից,
բ) օդանավը շահագործող ավիացիոն անձնակազմին տրամադրում է թռիչքային ու տեխնիկական շահագործման ձեռնարկներում, տեխնիկական սպասարկման ծրագրերում և տեխնոլոգիական հրահանգներում կատարված փոփոխությունների առնվազն մեկ օրինակ:
(18-րդ կետը լրաց. 26.01.16 N 8-Ն)
19. Եթե շահագործման ընթացքը ցույց է տալիս, որ ձևափոխումից կամ վերանորոգումից հետո չի ապահովվում թռիչքների անվտանգությունը, ապա օդանավ շահագործողը՝
ա) անհապաղ դադարեցնում է օդանավի շահագործումը և տեղեկացնում ձևափոխման կամ վերանորոգման նախագիծը մշակողին և Գլխավոր վարչությանը,
բ) ձևափոխման կամ վերանորոգման նախագիծը մշակողի հետ համատեղ լրամշակում է ձևափոխման կամ վերանորոգման սկզբնական փաստաթղթերը և սույն Կարգի համաձայն իրականացնում է ձևափոխումը կամ վերանորոգումը:
(19-րդ կետը խմբ. 26.01.16 N 8-Ն)
(հավելվածը լրաց. 28.10.08 N 155-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.01.16 N 8-Ն)