Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հանդիսանալով Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ի` ստորագրման համար բաց «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի մասնակից կողմեր և
ցանկություն հայտնելով համաձայնագիր կնքելու իրենց պետությունների համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,
պայմանավորվում են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստն այլ բան չի նախատեսում՝
ա) «Կոնվենցիա» եզրույթը նշանակում է՝ Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ի` ստորագրման համար բաց «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիա` ներառյալ տվյալ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած հավելված և հավելվածների ու Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որոնք ընդունվել են տվյալ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի և 94-րդ հոդվածի համաձայն՝ այնքանով, որքանով այդ հավելվածները կամ փոփոխություններն ընդունելի են երկու Պայմանավորվող կողմերի համար.
բ) «ավիացիոն իշխանություններ» նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության առնչությամբ` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, իսկ Թուրքմենստանի առնչությամբ` Մեծարգո Սաֆարմուրադ Թուրքմենբաշու անվան «Թուրքմենխովաելլարի» Թուրքմենստանի քաղաքացիական ավիացիայի պետական ազգային ծառայություն, կամ երկու Կողմերի առնչությամբ էլ` ցանկացած այլ մարմին, որը պետության կողմից լիազորված է իրականացնելու վերոհիշյալ ավիացիոն իշխանությունների կողմից տվյալ պահին կատարվող գործառույթները.
գ) «նշանակված ավիաձեռնարկություն/ներ» եզրույթը նշանակում է՝ ցանկացած ավիաձեռնարկություն, որին նշանակել է Պայմանավորվող կողմերից որևէ մեկը` գրավոր տեղեկացնելով այդ մասին մյուս Պայմանավորվող կողմին, և որին լիազորել է, սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն, իրականացնելու պայմանավորված հաղորդակցությունները սահմանված երթուղիներով.
դ) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաձեռնարկություն/ներ» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» եզրույթներն ունեն Չիկագոյի Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներում համապատասխանաբար սահմանված իմաստները.
ե) «տարողություն» եզրույթը` համաձայնեցված օդային հաղորդակցությունների առնչությամբ, նշանակում է՝ այդպիսի հաղորդակցության իրականացման համար օգտագործվող օդանավի առկա նստատեղերի քանակ` բազմապատկած տվյալ ժամանակահատվածում երթուղու կամ դրա մի հատվածի վրա այդպիսի օդանավի թռիչքների իրականացման հաճախականությամբ.
զ) «սակագին» եզրույթը, որը կգործածվի հետագայում, նշանակում է՝ ուղևորների, ուղեբեռների և բեռների տեղափոխման համար վճարվելիք գներ և վճարներ (բացառությամբ փոստի տեղափոխման և պայմանների համար վճարների), ինչպես նաև՝ պայմաններ, որոնց համաձայն կիրառվում են այդ գները և վճարները, ներառյալ գործակալների ծառայությունների միջնորդավճարները, ավիաձեռնարկությունների կողմից առաջարկվող ցանկացած լրացուցիչ ծառայությունների դիմաց տուրքերը և պայմանները, փոխադրումների ապահովման հետ կապված ցանկացած արտոնություն.
է) «Հավելված» եզրույթը նշանակում է՝ սույն Համաձայնագրի Հավելված կամ նրանում կատարված փոփոխություններ ու լրացումներ, որոնք ընդունվել են սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Հավելվածը հանդիսանում է սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը, և Համաձայնագրին վերաբերող բոլոր հղումները պետք է ներառեն Հավելվածը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հստակորեն այլ բան վերապահված չէ.
ը) «տուրքեր» եզրույթը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի լիազորված մարմինների կողմից սահմանված կամ տվյալ մարմինների կողմից թույլատրված` ավիաձեռնարկություն/ներից գանձված տուրքեր, որոնք արվել են օդանավակայանի գույքի, օդանավակայանի և օդանավավարական միջոցների օգտագործման դիմաց` ներառյալ օդանավերի, թռիչքային անձնակազմերի, ուղևորների, բեռների և ուղեբեռների սպասարկման սարքավորումները և համապատասխան ծառայությունների մատուցումը:
ՀՈԴՎԱԾ 2
Համաձայնագրի առարկան
Սույն Համաձայնագրի համաձայն՝ Պայմանավորող կողմերը համագործակցում են միմյանց հետ օդային հաղորդակցության բնագավառում` երկու պետությունների օրենսդրություններին և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 3
Փոխադրումների համար իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` նպատակ ունենալով սահմանելու և իրականացնելու ավիաձեռնարկությունների կողմից նշանակված միջազգային օդային հաղորդակցություններ այն երթուղիներով, որոնք սահմանված են Հավելվածի համապատասխան բաժնում: Նման օդային հաղորդակցությունները և երթուղիները այսուհետ համապատասխանաբար կոչվում են «պայմանավորված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»:
2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն՝ սահմանված երթուղիներով պայմանավորված հաղորդակցություններ իրականացնելիս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկություններին պետք է տրամադրվեն հետևյալ իրավունքները.
ա) առանց վայրէջքի թռիչքի իրականացում մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով.
բ) ոչ առևտրային նպատակներով վայրէջքների իրականացում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում.
գ) մյուս Պայմանավորող կողմի պետության տարածքում, Հավելվածում նշված կետերում, ուղևորների նստեցման և իջեցման, ուղեբեռների և բեռների` ներառյալ փոստի, ներբեռնման և արտաբեռնման իրականացում` միասին կամ առանձին, ուղարկվող կամ ընդունվող կետից (կետերից), որոնք գտնվում են առաջին Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
3. Համաձայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև պայմանավորվածության` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկությանը/ավիաձեռնարկություններին, որոնք չեն նշանակվել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն, նույնպես կտրամադրվեն սույն հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով ամրագրված իրավունքները:
4. Ոչինչ սույն հոդվածի 2-րդ կետում չպետք է դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությանը/ավիաձեռնարկություններին տրամադրված իրավունք` մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում ուղևորներ, բեռներ, ուղեբեռներ և փոստ օդանավ ներբեռնելու, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնելու առնչությամբ, եթե դրանք փոխադրվում են վճարի կամ վարձի դիմաց և այդ Պայմանավորվող կողմի տարածքի այլ կետ:
ՀՈԴՎԱԾ 4
Նշանակումներ և շահագործման լիազորություններ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաձեռնարկություն/ներ` տվյալ Պայմանավորվող կողմի համար պայմանավորված հաղորդակցություններ իրականացնելու նպատակով և չեղյալ համարելու ցանկացած ավիաձեռնարկության/ների նշանակումը կամ փոխարինելու նախկինում նշանակված ավիաձեռնարկությունը մեկ այլ ավիաձեռնարկությամբ: Նման նշանակումը ուժի մեջ է մտնում երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցումներ փոխանակելուց հետո:
2. Ավիաձեռնարկության/ների նշանակման մասին ծանուցագիր ստացած ավիացիոն իշխանությունները պետք է, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությանը/ներին անհապաղ տրամադրեն համապատասխան շահագործման լիազորություններ:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությունից/ներից պահանջել ապացույցներ, որ վերջինս ի վիճակի է կատարելու այն օրենքներով և կանոնակարգերով նախատեսված պայմանները, որոնք նշված իշխանությունների կողմից կիրառվում են միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման նկատմամբ` համաձայն Կոնվենցիայի դրույթների:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություն իրավունք ունի հրաժարվելու նշանակված ավիաձեռնարկությանը/ներին ընդունելուց և մերժելու սույն հոդվածի 2-րդ կետում նշված շահագործման լիազորությունների տրամադրումը կամ սահմանելու այնպիսի պայմաններ, որոնք ինքն անհրաժեշտ կհամարի սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նշված իրավունքների իրականացման համար՝ ցանկացած դեպքում, երբ Պայմանավորվող կողմը չի ունենա ապացույցներ այն բանի, որ այդ ավիաձեռնարկության/ների տիրապետման առավելագույն բաժինը և փաստացի հսկողությունը պատկանում է նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա պետության քաղաքացիներին:
5. Լիազորություններ հատկացվելուն և նշանակում ստանալուն պես ավիաձեռնարկությունը/ները կարող է/են ամբողջությամբ կամ մասնակիորեն սկսել իրականացնել պայմանավորված հաղորդակցությունները, որոնց կատարման համար նշանակվել են` պայմանով, որ սակագները և չվացուցակը` հաստատված սույն Համաձայնագրի 14-րդ և 17-րդ հոդվածների դրույթների համաձայն, գործում են այդ հաղորդակցությունների առնչությամբ:
ՀՈԴՎԱԾ 5
Շահագործման լիազորությունների չեղյալ հայտարարում կամ կասեցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություն իրավունք ունի չեղյալ հայտարարելու շահագործման լիազորությունները կամ կասեցնելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության/ների կողմից՝ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված իրավունքների իրականացումը կամ առաջարկելու այնպիսի պայմաններ` մշտական կամ ժամանակավոր, որոնք ինքն անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրականացման համար, եթե նշված ավիաձեռնարկությունը.
ա) չի կարող նման իրավունքներ տրամադրող Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությանը ներկայացնել ապացույցներ այն բանի, որ վերջինս ի վիճակի է կատարելու օրենքներով և կանոնակարգերով նախատեսված պայմանները, որոնք նշված իշխանությունների կողմից կիրառելի են` համաձայն Կոնվենցիայի դրույթների, կամ
բ) չի կարող ներկայացնել ապացույցներ այն բանի, որ տիրապետության առավելագույն բաժինը և փաստացի հսկողությունը պատկանում է այդ Պայմանավորվող կողմին, նշանակված ավիաձեռնարկությանը/ներին կամ այդ պետության քաղաքացիներին, կամ
գ) այն դեպքում, երբ այդ ավիաձեռնարկությունը/ները չի/չեն հետևում Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության օրենքներին և կանոններին, կամ
դ) ցանկացած այլ ձևով ի վիճակի չէ իրականացնելու պայմանավորված հաղորդակցությունները սույն Համաձայնագրի սահմաններում վերապահված պայմանների համաձայն:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների կիրառումը կիրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է իրականացնել անհապաղ միջոցառումներ՝ կանխելու համար օրենքների և կանոնների հետագա խախտումները: Եթե չկա այլ պայմանավորվածություն ավիացիոն իշխանությունների միջև, ապա երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև խորհրդակցությունները պետք է սկսվեն ցանկացած ավիացիոն իշխանության կողմից հարցումն ստանալուց հետո՝ վաթսուն (60) օրվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 6
Օրենքների, կանոնների և ընթացակարգերի կիրառում
1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք ժամանման, գտնվելու և մեկնման ժամանակ օդանավերի շահագործման և օդանավավարական ծառայություններին վերաբերող օրենքները, կանոնները և ընթացակարգերը պետք է պահպանվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության/ների կողմից:
2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում ուղևորների, անձնակազմերի, բեռների, ուղեբեռների և փոստի ժամանումը, գտնվելը և մեկնումը կարգավորող օրենքները և կանոնները, մասնավորապես միգրացիոն, մաքսային, արտարժութային և սանիտարական կանոնների հետ կապված ձևականությունները կտարածվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության/ների օդանավերի ուղևորների, անձնակազմերի, բեռների, ուղեբեռների և փոստի վրա նշված պետության տարածքի սահմաններում գտնվելու ընթացքում:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը մաքսային, կարանտինային և նման այլ կանոնների կիրառման ժամանակ չպետք է նախապատվություն տա իր սեփական կամ ցանկացած այլ ավիաձեռնարկությանը/ներին մյուս Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկությունների հետ համեմատությամբ, որը/որոնք իրականացնում է/են համանման միջազգային օդային հաղորդակցություններ:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի շրջանակներում երաշխավորում է կալանքի արգելքը` կապված դատական գործերով արգելանքի կամ օդանավերին վերաբերող սեփականության իրավունքների որևէ այլ սահմանափակումների հետ, սեփականության հետ, որը պատկանում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությանը կամ ավիաձեռնարկություններին:
ՀՈԴՎԱԾ 7
Ավիացիոն անվտանգություն
1. Միջազգային իրավունքի սահմաններում իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու` միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
2. Պայմանավորվող կողմերը պետք է գործեն, մասնավորապես, «Օդանավերում կատարվող հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» 1963 թ. սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի, «Օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարելու մասին» 1970 թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական միջամտությունների դեմ պայքարելու մասին» 1971 թ. սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի, «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների վնասազերծման մասին» 1988 թ. փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված արձանագրության, ինչպես նաև երկու Պայմանավորվող կողմերի կողմից ընդունված` ավիացիոն անվտանգությանը վերաբերող՝ ցանկացած այլ բազմակողմանի համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է միմյանց տրամադրեն ցանկացած անհրաժեշտ օժանդակություն` քաղաքացիական օդանավերի անօրինական գրավման գործողությունները և այլ անօրինական գործողություններ կանխելու նպատակով, որոնք ուղղված են այդպիսի օդանավերի, նրանցում գտնվող ուղևորների և թռիչքային անձնակազմերի, օդանավակայանների և օդանավավարական միջոցների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված ցանկացած այլ սպառնալիքի դեմ:
4. Պայմանավորվող կողմերը իրենց փոխհարաբերություններում պետք է գործեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հաստատված՝ Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պետք է պահանջեն, որ իրենց պետության տարածքում գրանցված օդանավ շահագործողները կամ այն օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը իրենց պետության տարածքն է, ինչպես նաև իրենց պետության տարածքում օդանավակայան շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ օդանավ շահագործողները հետևեն սույն հոդվածի 4-րդ կետում շարադրված ավիացիոն անվտանգության դրույթներին այդ Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածք մուտք գործելու, պետության տարածքից մեկնելու և պետության տարածքում գտնվելու առնչությամբ:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի, որ համապատասխան միջոցներ կիրառվեն իր պետության տարածքում օդանավերի պաշտպանության և ուղևորների ու նրանց ձեռքի իրերի զննման, թռիչքային անձնակազմերի, բեռների և ուղեբեռների, օդանավի պաշարների հետ կապված համապատասխան ստուգումներ իրականացվեն ինչպես մինչև օդանավ նստելը, այնպես էլ նստելու կամ բեռնելու ընթացքում:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ըմբռնումով մոտենա մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանքի, որը վերաբերում է անվտանգության միջոցների ապահովմանը` կապված կոնկրետ սպառնալիքի հետ:
8. Երբ տեղի է ունենում միջադեպ, կամ առկա են քաղաքացիական օդանավի անօրինական գրավման սպառնալիք կամ այլ անօրինական գործողություններ` ուղղված նման օդանավի, դրա ուղևորների և թռիչքային անձնակազմի, օդանավակայանների կամ օդանավավարության միջոցների, թռիչքային անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց օգնություն ցույց տան կապի և այլ համապատասխան միջոցների ապահովման միջոցով, որոնք նախատեսված են արագորեն և ապահով կերպով նման միջադեպը կամ դրա սպառնալիքը կասեցնելու համար:
9. Եթե Պայմանավորվող կողմը բավարար հիմքեր ունի հավատալու, որ մյուս Պայմանավորվող կողմը չի կատարում սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթները, այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել անհապաղ խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ: Անհրաժեշտ համաձայնության հասնելու անհնարինության դեպքում այդպիսի հարցում ներկայացնելուց հետո՝ 1 (մեկ) ամսվա ընթացքում, ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածը: Ավիացիոն անվտանգությանն սպառնացող լուրջ իրավիճակ առաջանալու դեպքում ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ նախքան մեկամսյա ժամանակահատվածի ավարտը:
ՀՈԴՎԱԾ 8
Վկայականների, վկայագրերի և հավաստագրերի ճանաչում
1. Թռիչքային պիտանության վկայագրերը, որակավորման վկայականները և հավաստագրերը, որոնք տրվել կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և դեռևս ուժի մեջ են, պետք է ուժի մեջ ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից՝ պայմանավորված հաղորդակցությունների շահագործման նպատակով, պայմանով, որ նման վկայագրերը կամ հավաստագրերը համապատասխանում կամ գերազանցում են այն նվազագույն չափանիշները, որոնք սահմանված են ըստ Կոնվենցիայի:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում հրաժարվելու ճանաչել որակավորման վկայագրերը և հավաստագրերը, որոնք տրվել են նրա պետության քաղաքացիներին մյուս Պայմանավորվող կողմի կամ մյուս պետության կողմից` իր պետության տարածքով թռիչքներ իրականացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 9
Թռիչքային անվտանգություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է ցանկացած ոլորտի թռիչքային անվտանգության չափանիշների հարցով պահանջել խորհրդակցությունների անցկացում, որոնք վերաբերում են մյուս Պայմանավորվող կողմի ընդունած թռիչքային անձնակազմերին, օդանավերին կամ նրանց շահագործմանը: Նման խորհրդակցությունները պետք է տեղի ունենան տվյալ հայտի ստացման օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:
2. Եթե այդպիսի խորհրդակցությունների արդյունքում մի Պայմանավորվող կողմը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը ցանկացած այդպիսի ոլորտում պատշաճ ձևով չի պահպանում և կիրառում թռիչքային անվտանգության չափանիշները, որոնք առնվազն համապատասխանում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին այդպիսի եզրակացությունների և գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել այդ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար, և որ մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի համապատասխան գործողություններ: Այն դեպքում, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի ձեռնարկի համապատասխան գործողություններ տասնհինգ (15) օրվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակահատվածում, որի մասին կարող է լինել պայմանավորվածություն, դա պետք է հիմք հանդիսանա սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառման համար:
3. Անկախ Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններից` համաձայնեցված է, որ մի Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության կողմից շահագործվող կամ վարձակալված ցանկացած օդանավ դեպի մյուս Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածք կամ պետության տարածքից թռիչքներ կատարելու համար մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելիս կարող է ստուգման ենթարկվել մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից` օդանավում կամ օդանավի շրջակայքում, օդանավի և դրա անձնակազմի փաստաթղթերի վավերությունը և օդանավի, դրա սարքավորումների վիճակը (սույն հոդվածում անվանված որպես «կառամատուցային տեսչական ստուգում») ստուգելու նպատակով` պայմանով, որ այն չի հանգեցնի չվերթի անհիմն հետաձգմանը:
4. Եթե այդպիսի տեսչական ստուգումը կամ ստուգումների շարքը հանգեցնում են.
ա) լուրջ հիմքի, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ
բ) լուրջ հիմքի այն մասին, որ բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված՝ թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և տեխնիկական սպասարկումը, ապա ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը, Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն, իրավունք ունի եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց համաձայն տրվել կամ վավեր են ճանաչվել հավաստագրերը կամ վկայագրերը` այդ օդանավի առնչությամբ կամ այդ օդանավի շահագործողի կամ թռիչքային անձնակազմի առնչությամբ, չեն համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:
5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության կողմից կամ ավիաձեռնարկության անունից շահագործվող օդանավի կառամատուցային ստուգումը սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն տվյալ ավիաձեռնարկության ներկայացուցիչների կողմից մերժվել է, մյուս Պայմանավորվող կողմը իրավունք ունի ենթադրելու, որ գոյություն ունեն լուրջ թերություններ, որոնք նկարագրված են սույն հոդվածի 4-րդ կետում, և հանգելու եզրակացության` այդ կետի համաձայն:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում անմիջապես դադարեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության շահագործողական լիազորությունը այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը կառամատուցային ստուգման, ստուգումների շարքի, խորհրդակցության, կառամատուցային ստուգման անցկացումը մերժելու կամ այլ պատճառով եզրակացնում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ գործողություններ, որոնք կարևոր են ավիաձեռնարկության անվտանգ թռիչքների իրականացման համար:
7. Սույն հոդվածի 3-րդ և 6-րդ կետերի համաձայն` ցանկացած գործողություն՝ ձեռնարկված Պայմանավորվող կողմերից մեկի կողմից, պետք է անհապաղ դադարեցվի, հենց որ դադարեն գոյություն ունենալ այդպիսի գործողությունների ձեռնարկման համար եղած հիմքերը:
ՀՈԴՎԱԾ 10
Մաքսատուրքերից, հարկերից և գանձումներից ազատում
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության կողմից պայմանագրային հաղորդակցությունների վրա շահագործվող օդանավերը, ինչպես նաև նրանց հաշվեցուցակային գույքը, այդպիսի օդանավերում գտնվող վառելիքի պաշարները և քսայուղերը, օդանավի պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտային արտադրանքը) ազատվում են մաքսատուրքերից, հարկերից և գանձումներից Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածք ժամանելու ընթացքում` պայմանով, որ այդ գույքը, նյութերը և պաշարները մնում են օդանավում մինչև այդ Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածքից մեկնելու պահը:
2. Այդպիսի տուրքերից և գանձումներից, բացառությամբ սպասարկման ծառայության դիմաց գանձումների, ազատվում են նաև.
ա) մի Պայմանավորվող կողմի տարածքում վերցված օդանավի պաշարները՝ այդ Պայմանավորվող կողմի լիազորված մարմինների կողմից սահմանված թույլատրելի քանակի սահմաններում, նախատեսված մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաձեռնարկության/ների կողմից պայմանագրային հաղորդակցություններում շահագործվող օդանավում օգտագործելու համար,
բ) մի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածք ներկրված պահեստամասերը` մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության կողմից պայմանագրային հաղորդակցություններում շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը կարող են դրվել մաքսային մարմինների հսկողության կամ վերահսկողության տակ:
4. Մի Պայմանավորվող կողմի օդանավում գտնվող հաշվեցուցակային սարքավորումները, ինչպես նաև նյութերը և պաշարները մյուս Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածքում կարող են բեռնաթափվել միայն այդ Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների թույլտվությամբ: Այդ դեպքում դրանք կարող են տեղակայվել նշված մարմինների հսկողության ներքո այնքան ժամանակ, քանի դեռ, մաքսային կանոնների համաձայն, հետ չեն վերադարձվել կամ այլ նշանակում չեն ստացել:
ՀՈԴՎԱԾ 11
Օդանավակայանների և ավիացիոն սարքավորումների օգտագործումը
Յուրաքանչյուր օդանավակայանում օգտագործման դիմաց տուրքերը և այլ վճարումները` ներառյալ նրա կառույցների, տեխնիկական և այլ միջոցների ու ծառայությունների, ինչպես նաև ցանկացած օդանավավարական միջոցների, ծառայությունների և կապի միջոցների օգտագործման դիմաց վճարումները կգանձվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի՝ իր տարածքում սահմանած սակագներին և դրույքներին համապատասխան` պայմանով, որ գանձումների և վճարների չափերը չպետք է գերազանցեն այլ պետությունների օդանավերից գանձվող նույնպիսի գանձումները և վճարները:
ՀՈԴՎԱԾ 12
Տարանցիկ փոխադրումներ
Մի Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածքով ուղիղ տարանցումով անցնող ուղևորները, որոնք չեն հեռանում օդանավակայանում այդ նպատակով հատկացված տարածքից, պետք է ենթարկվեն համեմատաբար հեշտացված վերահսկողության` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են անվտանգության կանոններ` վերապահված սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրումը կանխելու նպատակով: Ուղիղ տարանցումով փոխադրվող բեռներն ու ուղեբեռները պետք է ազատվեն մաքսատուրքից և այլ գանձումներից:
ՀՈԴՎԱԾ 13
Ծառայությունների վաճառք և դրամական միջոցների փոխանցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկություն իրավունք ունի ուղևորների համար տոմսեր իրացնել` վերջնահաշվարկները կատարելիս ղեկավարվելով Պայմանավորվող կողմի, որի տարածքում իրականացվել է տոմսերի իրացումը, արտարժութային կարգավորման կանոններով և նորմերով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությանը կամ ավիաձեռնարկություններին տրամադրում է նրանց` ծախսերը գերազանցող եկամուտների գումարների ազատ փոխանցումների իրավունք` համաձայն այդ պետության, որի տարածքում ձեռք են բերվել եկամուտները, արժութային կարգավորման նորմերի և կանոնների: Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության կամ ավիաձեռնարկությունների կողմից ստացված եկամուտների փոխարկումը մյուս Պայմանավորվող կողմի ազգային արտարժույթի իրականացվում է ըստ այդ մյուս Պայմանավորվող կողմի արժութային կարգավորման նորմերի և կանոնների:
3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած որոշակի ֆինանսական հարցեր կարգավորվում են հատուկ համաձայնագրով, կիրառվում են այդ համաձայնագրի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 14
Սակագներ
1. Ցանկացած Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության տարածք կամ նրա պետության տարածքից փոխադրման դիմաց գանձվող սակագները պետք է հաստատվեն Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան, ընդունելի մակարդակով, հաշվի առնելով բոլոր առկա գործոնները՝ ներառյալ շահագործման ծախսերը, հիմնավորված շահույթը և սպասարկման բնութագրերը, միջնորդավճարները, մյուս ավիաընկերությունների սակագները և այլ առևտրային պայմաններ:
2. Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է քննարկեն և ընդունեն որոշումներ անընդունելի սակագների վերաբերյալ, որոնք անհիմն խտրական են, ոչ պատշաճ չափով բարձր կամ սահմանափակող են` իրենց գերիշխող դիրքի չարաշահման բերումով, կամ արհեստականորեն ցածր են՝ ուղղակի կամ անուղղակի լրավճար կամ օժանդակություն ստանալու պատճառով, կամ հանգեցնում են գնի անկման:
3. Սույն հոդվածի 1-ին կետում պայմանավորված սակագները պետք է հնարավորինս համաձայնեցված լինեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաձեռնարկությունների միջև:
4. Նման ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը դրանց ենթադրվող ներմուծման ամսաթվից առնվազն երեսուն (30) օր առաջ. հատուկ դեպքերում ժամանակի այս սահմանափակումը կարող է նվազեցվել նշված իշխանությունների համաձայնությամբ. եթե համապատասխան ավիացիոն իշխանությունները սակագների ներկայացման օրվանից (15) տասնհինգօրյա ժամկետում չեն հայտնի իրենց անհամաձայնությունը, ապա սակագները կհամարվեն հաստատված:
5. Եթե նշանակված ավիաձեռնարկությունը/ները համաձայն չի/չեն նշված սակագներին, ապա կա'մ սակագները չեն կարող հաստատվել սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, կա'մ մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները ուղարկում են ծանուցում մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` ցանկացած սակագնի վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին` համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների. Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագների շուրջ համաձայնության գալ բանակցությունների միջոցով:
6. Սույն հոդվածի դրույթների համաձայն հաստատված սակագները ուժի մեջ են մտնում այնքան ժամանակ, քանի դեռ սույն հոդվածի դրույթների համաձայն նոր սակագներ չեն հաստատվել:
ՀՈԴՎԱԾ 15
Տարողություն
1. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաձեռնարկությունները պետք է ունենան հավասար հնարավորություններ սույն Համաձայնագրի հավելվածում սահմանված ցանկացած երթուղով օդային հաղորդակցություններ իրականացնելու առումով:
2. Պայմանավորված հաղորդակցություններն իրականացնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկություն պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության շահերը այնպես, որ բացասական ոչինչ չհայտնվի օդային հաղորդակցություններում, որոնցում միևնույն երթուղիներով կամ դրանց մի հատվածով վերջիններս իրականացնում են:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաձեռնարկությունների կողմից իրականացվող պայմանավորված հաղորդակցությունները պետք է հաշվի առնեն որոշակի երթուղիներով փոխադրումների առնչությամբ հասարակական պահանջները և դրանց հիմնական նպատակը պետք է լինի բեռնվածության հիմնավորված գործակցի դեպքում նրանց ապահովումը, որը կբավարարի իրականացնելու առկա և սպասվելիք պահանջները` ուղևորների, ուղեբեռների և/կամ բեռների, ներառյալ փոստը, տեղափոխման հետ կապված:
ՀՈԴՎԱԾ 16
Չվացուցակներ
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությունը պետք է առնվազն քառասունհինգ (45) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի իր ենթադրյալ հաղորդակցությունների չվացուցակը` նշելով հաճախականությունը, օդանավի տեսակը, ժամերը, նստատեղերի դասավորությունը և քանակը, ինչպես նաև չվացուցակի գործողության ժամկետը: Նույն ընթացակարգը պետք է կիրառվի այդ չվացուցակի ցանկացած փոփոխության դեպքում:
2. Եթե նշանակված ավիաձեռնարկությունը չվացուցակով նախատեսված չվերթերին զուգահեռ ցանկանում է իրականացնել լրացուցիչ չվերթեր, նա պետք է թույլտվություն խնդրի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններից: Այդպիսի խնդրանքը պետք է ներկայացվի նման չվերթերն իրականացնելուց առնվազն երկու (2) աշխատանքային օր առաջ:
ՀՈԴՎԱԾ 17
Ավիաձեռնարկության ներկայացուցչությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ցանկացած ավիաձեռնարկությանը, փոխադարձության հիմունքով իրավունք է տալիս իր պետության տարածքում ունենալ ներկայացուցչություններ` վարչական, առևտրային և տեխնիկական մասնագետներից բաղկացած անձնակազմով, որն անհրաժեշտ է նշանակված ավիաձեռնարկությանը, համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման համար:
2. Ներկայացուցչությունների բացումը և աշխատակազմ գործի ընդունելը, որը նշված է սույն հոդվածի 1-ին կետում, իրականացվում է` համապատասխան Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին հետևելով:
ՀՈԴՎԱԾ 18
Վերգետնյա սպասարկում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություն պետք է տրամադրի կամ պահանջի, որ իր նշանակած ավիաձեռնարկությունը/ները հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ներկայացնի/ներկայացնեն պարբերական վիճակագրական տվյալներ կամ ցանկացած այլ փոխադրումների առնչվող նմանօրինակ տեղեկատվություն, որը կատարվել է նշված ավիաձեռնարկության կողմից այն երթուղիներով, որոնք սահմանված են սույն Համաձայնագրով, որը կարող է հիմնավորված կերպով անհրաժեշտ լինել պայմանավորված հաղորդակցությունների իրականացումը ստուգելու համար:
ՀՈԴՎԱԾ 19
Խորհրդակցություններ
1. Սերտ համագործակցության ոգով Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պարբերաբար պետք է համագործակցեն միմյանց հետ բանակցությունների կամ նամակագրության միջոցով` նպատակ ունենալով ապահովելու սերտ համագործակցություն սույն Համաձայնագրի իրականացման վրա ազդող բոլոր հարցերում:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցությունների անցկացում սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած հարցի շուրջ: Նման խորհրդակցությունները պետք է սկսվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից հարցման ուղարկման օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերը այլ բան չեն պայմանավորվել:
ՀՈԴՎԱԾ 20
Փոփոխություններ և լրացումներ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգով և կհանդիսանան սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:
2. Սույն Համաձայնագրի հավելվածի փոփոխությունները կարող են անուղղակիորեն համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև: Դրանք ուժի մեջ կմտնեն դիվանագիտական նոտաների փոխանակմամբ հաստատումից հետո:
ՀՈԴՎԱԾ 21
Տարաձայնությունների կարգավորում
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի կամ դրա հավելվածի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վիճելի հարցի դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները առաջին հերթին դրանք պետք է կարգավորեն բանակցությունների միջոցով:
2. Եթե ավիացիոն իշխանությունները չկարողանան համաձայնության գալ, տարաձայնությունը պետք է կարգավորվի Պայմանավորվող կողմերի միջև՝ բանակցությունների միջոցով:
3. Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել բանակցությունների միջոցով, ապա այն կարող է փոխանցվել այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձի, որին նրանք կարող են վստահել` նպատակ ունենալով ստանալու խորհրդատվական եզրակացություն կամ պարտադիր որոշում. կախված այն բանից, թե ինչ կորոշեն Պայմանավորվող կողմերը, կամ ցանկացած Պայմանավորվող կողմի խնդրանքով, գործը կարող է փոխանցվել երեք արբիտրների դիտարկմանը:
4. Այդպիսի արբիտրաժային դատարանը պետք է կազմված լինի հետևյալ ձևով. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ արբիտրի, և այդ երկու արբիտրները համաձայնում և նշանակում են որևէ երրորդ երկրի քաղաքացու` որպես նախագահի: Այդպիսի արբիտրները պետք է նշանակվեն երկու (2) ամսվա ընթացքում, իսկ նախագահը` երեք (3) ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը տեղեկացրել է մյուս Պայմանավորվող կողմին արբիտրաժային դատարան դիմելու իր ցանկության մասին:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետները չեն պահպանվել, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է, ցանկացած այլ համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում, հրավիրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) խորհրդի Նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումները: Եթե Նախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ եթե նա որևէ այլ պատճառով չի կարող կատարել այդ գործառույթը, ապա նրան փոխարինող փոխնախագահը պետք է կատարի անհրաժեշտ նշանակումները: Եթե փոխնախագահը նույնպես Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե նա որևէ այլ պատճառներով չի կարող կատարել տվյալ գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումները կատարում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի ամենաավագ անդամը:
6. Արբիտրաժային դատարանը պետք է որոշումներ կայացնի ձայների մեծամասնությամբ: Նման որոշումները պետք է պարտադիր լինեն Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է վճարի իր արբիտրի, ինչպես նաև աբիտրաժային ընթացակարգերին իր մասնակցության ծախսերը. նախագահի և ցանկացած այլ ծախս պետք է հավասար բաժանվի Պայմանավորվող կողմերի միջև: Բոլոր մյուս հարցերով Արբիտրաժային դատարանն ինքն է որոշում իր ընթացակարգերը:
ՀՈԴՎԱԾ 22
Գրանցում
Սույն Համաձայնագիրը և հետագա բոլոր փոփոխությունները պետք է գրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
ՀՈԴՎԱԾ 23
Գործունեության դադարեցում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին: Այդ ծանուցումը պետք է միաժամանակ փոխանցվի նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը: Տվյալ դեպքում սույն Համաձայնագիրն իր գործողությունը կդադարեցնի մյուս Պայմանավորվող կողմի ծանուցումը ստանալու օրվանից տասներկու (12) ամիս անց, եթե գործողության դադարեցման մասին ծանուցագիրը մինչև այդ ժամանակահատվածի ավարտը հետ չվերցվի Պայմանավորվող կողմերի միջև համաձայնությամբ: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացման հավաստման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված այն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ստանալուց տասնչորս (14) օր հետո:
2. Պայմանավորվող կողմերը համաձայնել են, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև 1993 թվականի օգոստոսի 24-ի օդային հաղորդակցության մասին Համաձայնագիրը կորցնում է իր ուժը:
ՀՈԴՎԱԾ 24
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, բոլոր տեքստերն ունեն նույն իրավաբանական ուժը: Մեկնաբանման ժամանակ տրաձայնություններ առաջանալու դեպքում որպես հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
Հայաստանի Հանրապետության Կառավարության և
Թուրքմենստանի Կառավարության միջև
օդային հաղորդակցության մասին
Համաձայնագրի
Ա. Թուրքմենստանի Կառավարության կողմից նշանակված ավիաձեռնարկությունը/ները իրավունք ունի/ունեն իրականացնելու կանոնավոր օդային հաղորդակցություններ հետևյալ երթուղիներով` երկու ուղղություններով.
Մեկնման |
Միջանկյալ |
Ժամանման |
Կետեր սահմաններից դուրս |
Աշգաբադ, |
կետեր երրորդ երկրներում |
Երևան, |
կետեր երրորդ երկրներում |
Բ. Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նշանակված ավիաձեռնարկությունը/ները իրավունք ունի/ունեն իրականացնելու կանոնավոր օդային հաղորդակցություններ հետևյալ երթուղիներով` երկու ուղղություններով.
Մեկնման |
Միջանկյալ |
Ժամանման |
Կետեր սահմաններից դուրս |
Երևան, Հայաստանի Հանրապետությունում այլ կետեր |
կետեր երրորդ երկրներում |
Աշգաբադ, Թուրքմենստանում |
կետեր երրորդ երկրներում |
Ծանոթություններ
1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաձեռնարկության իրավունքը` իրականացնել ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ տարբեր կետերի միջև և երրորդ երկրների կետերի միջև, հանդիսանում է երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնության առարկա:
2. «Ժամանման կետերը», որոնք նշված չեն սույն հավելվածում, կարգավորվում են երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից` բանակցությունների միջոցով:
3. Ցանկացած Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկություն կարող է ցանկացած կամ բոլոր չվերթերն իջեցնել «միջանկյալ կետերում»` պայմանով, որ համապատասխան երթուղիներով փոխադրումներն սկսվում կամ վերջանում են տվյալ ավիաձեռնարկությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 4-ին