«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11015128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 մարտի 2015 թ. |
N 212-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանով հաստատված հավելվածը՝
1) լրացնել նոր 4.1 և 4.2 կետերով.
«4.1 Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են դիմել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:
4.2 Արգելվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ»:
2) Ուժը կորցրած ճանաչել կարգի 25-րդ և 40-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռ.Աբրահամյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին՝ հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |