Գլխավոր տեղեկություն
Համար
N 1058-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.17/29(508) Հոդ.307
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.10.2014
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014504

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հոկտեմբերի 2014 թ.

N 1058-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 22-ի 3-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել վկայականի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Նախարարության աշխատակազմի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` օրենքով սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

  Ա. Աշոտյան

 

 

 Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2014 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1058-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների (այսուհետ՝ մանկավարժական աշխատող) վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մանկավարժական աշխատողների վերապատրաստումը՝ նրանց մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների հետևողական կատարելագործման գործընթաց է:

3. Մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարության) «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) կողմից՝ (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) սույն կարգի համաձայն:

4. Մանկավարժական աշխատողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Մանկավարժական աշխատողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է:

6. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման նախապատրաստման գործընթացի պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):

7. Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողն ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ զբաղեցրած պաշտոնի, մանկավարժական աշխատանքի ստաժի և վարձատրության պահպանմամբ:

8. Նախարարությունը կարող է կազմակերպել մանկավարժական աշխատողների արտահերթ վերապատրաստում` պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է ըստ տնօրենի ներկայացրած հայտի:

10. Մանկավարժական աշխատողների յուրաքանչյուր անդամ առնվազն հինգ տարին մեկ անգամ ենթակա է վերապատրաստման:

11. Վերապատրաստման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժական աշխատողը,

2) հղի և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման ցանկություն չի հայտնել:

12. Մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների անցկացման և տևողության ժամկետները սահմանում է նախարարությունը:

13. Տնօրենը, տվյալ տարվա մինչև հունվարի 30-ը ներառյալ, մանկավարժական աշխատողների 20%-ի անվանացանկը /զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային տվյալները/ ներկայացնում է վերապատրաստող կազմակերպություն:

14. Մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակում է վերապատրաստող կազմակերպությունը, որը հաստատում է վերապատրաստող կազմակերպության ղեկավարը՝ վերապատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան տասնհինգ օր առաջ՝ համաձայնեցնելով նախարարության հետ:

15. Տնօրենը վերապատրաստումը սկսելուց առնվազն տասն օր առաջ մանկավարժական աշխատողներին տեղեկացնում է վերապատրաստման ժամկետի և վայրի մասին:

16. Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած մանկավարժական աշխատողին, դասընթացի ավարտից հետո, տասն աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական, համաձայն սույն հրամանի հավելված 2-ի Ձև-ի, որի պատճենը կցվում է մանկավարժական աշխատողի անձնական գործին:

17. Վերապատրաստման դասընթացին մանկավարժական աշխատողի բացակայության դեպքում նախարարության ուղեգրով հնարավորություն է տրվում մասնակցելու համապատասխան հաջորդ դասընթացին` իր կամ ուսումնական հաստատության միջոցների հաշվին:

18. Վերապատրաստման արդյունքում մանկավարժական աշխատողներին տրվող վկայականների հաշվառման մատյանը վարում է վերապատրաստող կազմակերպությունը:

19. Մանկավարժական աշխատողի վկայականը վավերական է նաև այլ ուսումնական հաստատությունում աշխատանքի անցնելու դեպքում:

20. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր խմբի վերապատրաստման ավարտից հետո, տասն աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն:

 

 

 Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2014 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1058-Ն հրամանի

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԿԱՅԱԿԱՆ N

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Տրվում է ____________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն)

 

առ այն, որ նա վերապատրաստվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից _________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

(վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը)

 

 

 Կ.Տ. ________________

 

 (ստորագրություն)