ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1925թ. մայիսի 19-ին իր յոթերորդ նստաշրջանին, և
որոշում կայացնելով մասնագիտական հիվանդությունների համար աշխատողներին փոխհատուցելու մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը հանդիսանում է նստաշրջանի օրակարգի առաջին կետը,
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր քսանհինգ թվականի հունիսի տասին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել Աշխատողների փոխհատուցման (մասնագիտական հիվանդություններ) 1925թ. Կոնվենցիա, և որը ենթակա է վավերացման Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամների կողմից` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության համապատասխան:
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդության հետևանքով անաշխատունակ դարձած անձանց կամ այդ հիվանդություններից մահվան դեպքում ապահովել նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցումը՝ արտադրական պատահարների փոխհատուցման վերաբերյալ ազգային օրենսդրության ընդհանուր սկզբունքներին համապատասխան:
2. Այդպիսի փոխհատուցման չափը չի կարող ցածր լինել օրենսդրությամբ նախատեսված արտադրական պատահարների հետևանքով ստացած խեղման համար նախատեսված փոխհատուցման գումարի չափից: Այս դրույթին համապատասխան Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր օրենսդրությամբ մասնագիտական հիվանդությունների փոխհատուցումը կարգավորող պայմաններ սահմանելիս և այդ հիվանդությունների նկատմամբ արտադրական պատահարների վերաբերյալ օրենսդրությունը կիրառելիս կարող է ըստ անհրաժեշտության կատարել փոփոխություններ և համապատասխանեցումներ:
Հոդված 2
Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդություններ համարել այն հիվանդությունները և թունավորումները, որոնք առաջանում են կցված ներքոհիշյալ աղյուսակում նշված նյութերից, երբ այդպիսի հիվանդությունները կամ թունավորումները ազդում են վերոհիշյալ աղյուսակում համապատասխանաբար նշված առևտրի և արտադրության ճյուղերում զբաղված աշխատողների վրա և համարվում են օրենսդրությամբ նախատեսված արտադրություններում աշխատանքի հետևանք:
Աղյուսակ
Հիվանդությունների և թունավոր նյութերի ցուցակ |
Համապատասխան գործունեության տեսակների և արտադրության ճյուղերի ցուցակ |
Թունավորում կապարով, դրա համաձուլվածքներով կամ միացություններով` թունավորման ուղղակի հետևանքներով: | Շփում կապար պարունակող հանքանյութի հետ, այդ թվում կապարի փոշու հետ ցինկի գործարաններում: Երկրորդային ցինկի և կապարի ձողերի ձուլում: Կապարից կամ կապարային համաձուլվածքներից դետալների արտադրություն: Աշխատանք տպագրական (պոլիգրաֆիական) արտադրությունում: Կապարի միացությունների արտադրություն: Մարտկոցների արտադրություն և վերանորոգում: Կապար պարունակող արծնի պատրաստում և օգտագործում: Ողորկում կապարի փոշով կամ կապար պարունակող փոշով: Ներկման աշխատանքներ, ներառյալ հիմնաներկման նյութերի, ներկերի և մոմածեփի պատրաստումը և օգտագործումը, որոնք պարունակում են չոր կապարային ներկ: |
Թունավորում սնդիկով, նրա համաձուլվածքներով և միացություններով` թունավորման ուղղակի հետևանքներով: | Սնդիկ պարունակող հանքանյութի մշակում: Սնդիկային միացությունների արտադրություն: Չափիչ և լաբորատոր սարքավոումների արտադրություն: Բոլորագլխարկի արտադրության համար հումքի պատրաստում Տաք ոսկեջրում: Շիկացման լամպերի արտադրության համար սնդիկային պոմպերի օգտագործում: Շառաչյուն սնդիկի պատիճների արտադրություն: |
Սիբիրյան խոցով վարակում: | Սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների հետ շփումների հետ կապված աշխատանք: Այդպիսի կենդանիների մսեղիքի կամ մսեղիքի մասերի մշակում՝ ներառյալ մորթիները, կոտոշները և սմբակները: Ապրանքների բեռնում, բեռնաթափում և տեղափոխում: |
Հոդված 3
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան, ներկայացվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
Հոդված 4
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից:
2. Սույն Կոնվենցիան պարտադիր է Կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային բյուրոյում:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյում վավերագիրը գրանցելու օրվանից:
Հոդված 5
Երբ Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից գրանցվում են Աշխատանքի միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է այդ մասին: Նա նաև ծանուցում է նրանց կազմակերպության մյուս անդամներից հետագայում ստացված վավերագրերի գրանցման մասին:
Հոդված 6
4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ համաձայնում է կիրառել 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները ոչ ուշ, քան մինչև 1927թ. հունվարի 1-ը, և դրանց արդյունավետ իրականացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 7
Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է այն կիրառել իր գաղութներում, տիրույթներում և հովանավորյալ տարածքներում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Հոդված 8
Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած հնգամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել` Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով այդ մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից չեղյալ հայտարարելու մասին ակտի գրանցումից մեկ տարի հետո:
Հոդված 9
Աշխատանքի միջազգային Բյուրոյի Վարչական խորհուրդը, երբ անհրաժեշտ է, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
Հոդված 10
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 18-ին
