Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Բռնագաղթված անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերի մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
անվերապահորեն դատապարտելով նախկինում տեղ գտած ԽՍՀՄ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների և առանձին քաղաքացիների բռնի տեղահանման տոտալիտար պրակտիկան որպես համամարդկային, մարդասիրական սկզբունքներին հակասող չարագործություններ,
համարելով, որ ԽՍՀՄ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների և առանձին քաղաքացիների բռնի տեղահանման մասին նախկին իշխանության և կառավարման միութենական, հանրապետական և տեղական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ընդունած օրենսդրական և այլ նորմատիվ ակտերը հակաիրավական են և անվավեր են ի սկզբանե,
հաստատելով բռնագաղթված անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների պատմական արդարության վերականգնման և բռնագաղթման պահի իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքը,
գիտակցելով, որ այդ իրավունքի ապահովումն ունի միջպետական բնույթ և պահանջում է համաձայնեցված մոտեցումներ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիմքով,
անհրաժեշտ համարելով ստանձնել բռնագաղթված անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների օրինական շահերի պաշտպանության և բռնագաղթման պահի իրենց բնակության վայրեր կամավոր վերադարձի ապահովման պարտավորությունները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը բռնագաղթման պահի իրենց բնակության վայրեր կամավոր վերադարձած բռնագաղթված անձանց ապահովում են այդտեղ մշտապես բնակվող քաղաքացիների հետ հավասար քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներ և բնակեցման, աշխատանքի տեղավորման, կրթության, ազգային, մշակութային և հոգևոր զարգացման պայմաններ:
Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման ժամանակ չպետք է ոտնահարվեն համապատասխան տարածքներում բնակվող քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը սույն Համաձայնագրի պայմաններով վերաբնակվող անձանց քաղաքացիության հարցերը լուծում են իրենց ազգային օրենսդրությանը, իրենց միջև կնքված երկկողմ պայմանագրերի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը ստեղծում են անհրաժեշտ պայմաններ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց անխափան կամավոր վերաբնակեցման համար, ներառյալ մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ազատ անցնելու և երրորդ Կողմերի տարածքներով տարանցման պայմանները:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը պայմաններ են ստեղծում սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի անարգել և առանց մաքսատուրքի արտահանման, ներմուծման և տարանցման համար, օժանդակում են նրանց այդ գույքի փոխադրման գործում, ինչպես նաև ժամանակին ապահովում են թողնվող անշարժ գույքի համար փաստաթղթերի ձևակերպումը:
Այդ նպատակի համար Կողմերը կնքում են առանձին համաձայնագրեր:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց կենսաթոշակային ապահովությունը` անկախ կենսաթոշակի նշանակման վայրից: Կենսաթոշակային ապահովության համար միջոցները, փոխադարձ հաշվարկների հիման վրա, հավաքվում են Կողմերի ազգային կենսաթոշակային հիմնադրամներում:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց` Կողմերի բանկային հաստատություններում տեղադրված դրամական ավանդների և ակտիվների պահպանությունը և/կամ փոխանցումը: Փոխանցվող դրամական ավանդները և ակտիվները ազատվում են ցանկացած հարկերից, վճարներից և տուրքերից:
Հ ո դ վ ա ծ 7
Ընդունող Կողմը օժանդակություն կցուցաբերի սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց բնակարանի կառուցման, ձեռքբերման կամ նորոգման (կահավորման) համար վարկեր ստանալու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 8
Ընդունող Կողմը սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց կազատի բնակեցման ժամանակաշրջանում եկամտահարկի վճարումից:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված անձանց տրամադրում են սոցիալ-իրավական բնույթի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (ՔԿԱԳ, կրթության, գույքային և այլ իրավահարաբերությունների մասին փաստաթղթեր):
Կողմերը միմյանց տրամադրում են սույն Համաձայնագրի պայմանների հիման վրա վերաբնակեցվող անձանց մասին տվյալները հաստատող արխիվային փաստաթղթեր: Նման փաստաթղթեր Կողմերը կտրամադրեն և առանձին քաղաքացիներին` նրանց պահանջով:
Վերոհիշյալ փաստաթղթերը տրամադրվում են անվճար:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում տեղեկության փոխանակման բնագավառում և խորհրդակցություններ են անցկացնում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերով:
Շահագրգիռ Կողմերը, անհրաժեշտության դեպքում, կարող են ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր` սույն Համաձայնագրի դրույթների կատարման հետ կապված հարցերի լուծման համար:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրի դրույթներից և ոչ մեկը չի խոչընդոտում Կողմերին կնքել միջազգային համաձայնագրեր, որոնք նրա դրույթները հաստատում, լրացնում և ընդլայնում են:
Կողմերը, անհրաժեշտության դեպքում, կկնքեն սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված երկկողմ համաձայնագրեր:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը կնքվում է 10 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում նրա վավերացման կամ հաստատման պահից:
Սույն Համաձայնագիրը միացման համար բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների համար` Կողմերի համաձայնությամբ:
Կատարված է Բիշկեկ քաղաքում 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 19-ից: