«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32611020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
4 նոյեմբերի 2010 թ. |
N 107-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
Ա. Երիցյան |
Հավելված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 107-Ն հրամանի |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում (այսուհետ` ոլորտ) համակարգող խորհրդակցական մարմին:
2. Հանձնաժողովին հաշվետու են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, մարզային և Երևան քաղաքի ոլորտում համակարգող խորհրդակցական մարմինները (հանձնաժողովները):
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
4. Հանձաժողովին կից` հանձնաժողովի անդամների կողմից լիազորված ներկայացուցիչների ընդգրկմամբ կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար առաջարկությունների մշակումը.
2) աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով առաջարկությունների ներկայացումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
7. Հանձնաժողովի նիստերը հիմնահարցերի վերաբերյալ անցկացվում են եռամսյակը մեկ, իսկ ընթացիկ հարցերի վերաբերյալ` ըստ դրանց առաջացման անհրաժեշտության:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
10. Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:
11. Հանձնաժողովի որոշումները հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
13. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:
14. Հանձնաժողովի անդամներից մեկը կարող է հանձնաժողովի նախագահի կողմից նշանակվել հանձնաժողովի նախագահի տեղակալ և վերջինիս բացակայության ժամանակ փոխարինել նրան:
15. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի քարտուղարը արձանագրում է հանձնաժողովի նիստերը և նախապատրաստում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը: