«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մայիսի 2010 թ. |
N 396-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`
Հրամայում եմ.
1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հավաստագրման հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հավաստագրման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և իրավական նորմատիվ այլ ակտերով:
3. Հավաստագրման հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար սահմանված կարգով վերապատրաստում անցած անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննությունների կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:
4. Հավաստագրման հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:
5. Հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` Նախարար)` յուրաքանչյուր տարին երկու անգամ` հիմք ընդունելով հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկից համակարգչային ընրության արդյունքները:
6. Հավակնորդների քանակից ելնելով, յուրաքանչյուր խմբի (20-25 անդամ) համար, Նախարարի հրամանով ձևավորվում են միաժամանակ գործող հանձնաժողովներ:
II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
7. Հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Նախարարություն), պետական կառավարման տարածքային մարմինների (այսուհետ` Մարզպետարան), Երևան քաղաքում (Երևանի քաղաքապետարանի) կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչներից, գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ուսումնական հաստատությունների առնվազն 5 տարվա մանկավարժական (ուսուցչական) աշխատանքի փորձ ունեցող մասնագետներից: Հավաստագրման հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:
8. Հավաստագրման հանձնաժողովի անդամի թեկնածուների ամբողջական անվանացանկում ընդգրկվում են թեկնածուների վերաբերյալ հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը,
2) վերջին 5 տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի վայրը,
3) բնակության վայրը, հասցեն,
4) հեռախոսահամարները,
5) էլեկտրոնային փոստի հասցեն,
6) այլ տվյալներ:
9. Հավաստագրման հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 7 թեկնածուներից, քննությունն անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.
1) Նախարարության ներկայացուցիչներ` 3 անդամ
2) Համապատասխան մարզպետարանի, կամ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ` 2 անդամ
3) Գիտական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` 2 անդամ:
10. Սույն կարգով հաստատված Հավաստագրման հանձնաժողովի կազմից Նախարարը նշանակում է նախագահ և քարտուղար:
11. Նախարարության աշխատակազմը, Հավաստագրման հանձնաժողովի կազմավորումից հետո, 12 ժամվա ընթացքում տեղեկացնում է ընտրված թեկնածուներին նիստը անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
12. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկվելն անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:
13. Քննությունների ընթացքում Հավաստագրման հանձնաժողովի կազմի համալրում կամ փոփոխություն չի կատարվում:
14. Հավաստագրման հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում լիազորությունները սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Հավաստագրման հանձնաժողովի խնդիրը ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացման համար վերապատրաստված անձի համար սահմանված քննության անցկացման կազմակերպումն է:
16. Հավաստագրման հանձնաժողովի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.
1) 17-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթի կրկնակի ուսումնասիրմանը (անհրաժեշտության դեպքում),
2) քննությունների անցկացմանը,
3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացնելը,
4) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայման իրականացումը:
17. Հավաստագրման հանձնաժողովը`
1) Նախարարության աշխատակազմից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդ անձանց ցանկը և Նախարարության 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար քննությունների կազմակերպման և անցկացման կարգը» հաստատելու մասին N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը.
2) փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացնում հավակնորդին քննությանը մասնակցելու կամ ներկայացրած փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված կամ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին չհամապատասխանելու դեպքում, մերժելու մասին.
3) անցկացնում է քննություն` հավակնորդի անմիջական մասնակցությամբ.
4) ստուգում և գնահատում է հավակնորդների կողմից կատարված թեստային առաջադրանքները.
5) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները, հարցազրույցի փուլ անցած անձանց ցանկը.
6) հավակնորդի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով անցկացնում է հարցազրույց.
7) քննության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
8) հաստատում է Հավաստագրման քննությունները հանձնած հավակնորդների ամփոփիչ արձանագրությունը.
9) տալիս է Նախարարի կողմից ստորագրված Հավաստագիր.
10) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IV. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Հավաստագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
19. Հավաստագրման հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հավաստագրման հանձնաժողովի անդամների առնվազն 5-ի մասնակցության դեպքում:
20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 ձայներով:
21. Հանձնաժողովի անդամի կողմից սույն կարգի 25-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի թիվ 395-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման և անցկացման» կարգի պահանջները խախտելու, անհարգելի բացակայության դեպքում, Հավաստագրման հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դիմում է Նախարարին` միջնորդելով կասեցնել խախտումներ կատարած հանձնաժողովի անդամի լիազորությունները:
22. Նախարարը միջնորդությունը բավարարելու դեպքում իր ընդունած որոշման մասին տեղեկացնում է տվյալ անդամին ներկայացնող կազմակերպությանը կամ մարմնին` միաժամանակ տեղեկացնելով տվյալ անդամին Հավաստագրման հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկից հանելու մասին:
V. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
23. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հավաստագրման հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է քննությունների և հավաստագրման գործընթացների հսկողությունը.
4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հավաստագրման հանձնաժողովի անդամների հետ.
5) ստորագրում և կնքում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդի հավաստագրման թերթը և հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.
6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
24. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը (կամ հանձնաժողովի նախագահի որոշմամբ նրան փոխարինող անձը).
1) արձանագրում է Հավաստագրման հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
25. Հավաստագրման հանձնաժողովի անդամը.
1) Հանձնաժողովի որոշմամբ, Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում վարում է նիստերը.
2) մասնակցում է քննությանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.
3) մասնակցում է հավակնորդների հարցազրույցի անցկացմանը.
4) մասնակցում է քննության արդյունքում Հավաստագրման հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.
5) ստորագրում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թերթը, իսկ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VIII. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
26. Հավաստագրման հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Նախարարի հրամանի հիման վրա:
27. Հավաստագրման հանձնաժողովը կնիքը, քննության և հավաստագրման արդյունքների արձանագրությունները, ինչպես նաև հավաստագրված անձանց ցուցակը հանձնում է նախարարության աշխատակազմին:
28. Հավաստագրման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: