Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/55
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.10.2009-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.01.26/1(23)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
16.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

310.0001.16.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

16 նոյեմբերի 1998 թ.

N 01/55

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 2, 3 ԵՎ 4 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և երկրորդ մասերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2, 3 և 4 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
_____ ________ 1997 թ.
թիվ _______ հրամանով 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
_____ ________ 1997 թ.

Համաձայնեցված է
ՀՀ կրթության և
գիտության
 նախարարություն
 _____ ________ 1997 թ.

   

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 2, 3 ԵՎ 4 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 2, 3 և 4 կետերի դրույթները:

ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում են.

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2, 3 և 4 կետերի` ավելացված արժեքի հարկից ազատվում են.

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ուսման վարձի մասով:

 

Սույն կետում օգտագործված հասկացությունները մեկնաբանվում են հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» կամ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված սահմանումները:

Ուսման վարձ է համարվում ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող` հիմնական, լրացուցիչ կամ հետբուհական կրթական ծրագրերով նախատեսվող առարկաների (դիսցիպլինների, գիտելիքների, հմտությունների) դասավանդման ու գործնական պարապմունքների անցկացման համար վճարվող գումարը:

(1-ին կետը խմբ. 16.09.09 N 2617-Ն)

1.1. Հանրակրթական դպրոցներ են համարվում բոլոր կազմակերպա-իրավական տեսակի ուսումնական հաստատությունները, որոնք ունեն գործունեության թույլտվություն (լիցենզիա) և իրականացնում են տարրական, հիմնական և միջնակարգ (միջին) կրթության պետական հանրակրթական ծրագրեր:

Հանրակրթական ծրագրերն իրականացվում են անընդհատ կրթության հարաբերականորեն ինքնուրույն 3 աստիճաններով`

տարրական կրթություն (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի, գործունեության տեսակի ծածկագիրը` 801021).

հիմնական կրթություն (յուրացման նորմատիվ ժամկետը` 4 տարի, գործունեության տեսակի ծածկագիրը` 8021)

միջնակարգ (միջին) կրթություն (յուրացման նորմատիվ ժամկետը` 2 տարի, գործունեության տեսակի ծածկագիրը` 8021):

Հանրակրթական դպրոցները, կրթական ծրագրերին համապատասխան, դասակարգվում են տարրական, ութամյա (միջին) և (ավագ) դպրոցների, որոնք կարող են ունենալ ինքնուրույն կարգավիճակ կամ երկուսը-երեքը միասին ընդգրկվել մեկ հաստատության մեջ: Այն կարող է հանդես գալ նաև որպես կրթահամալիր:

Ավագ (միջնակարգ (միջին)) դպրոցը կարող է հանդես գալ ուսման բովանդակությամբ պայմանավորված հետևյալ ձևերով`

- ընդհանուր ավագ դպրոց.

- վարժարան (վարժարանային դասարաններ) (վարժարաններ են այսպես կոչված ճեմարանները, լիցեյները, գիմնազիաները),

- արհեստագործական դպրոց:

Ուսուցման կազմակերպման ձևերից կախված` հանրակրթական դպրոցները դասակարգվում են ցերեկային ուսուցման, երեկոյան ուսուցման և գիշերօթիկ դպրոցների:

Հանրակրթական դպրոցների կողմից, որոշ դեպքերում, ուսուցումը կարող է կազմակերպվել նաև հեռակա կարգով (անհատական, ընտանեկան, տնային): Հանրակրթական դպրոցների տեսակ են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, որբ և ծնողազուրկ երեխաների դպրոցները: Հատուկ հանրակրթական դպրոցները կազմակերպված են մտավոր և ֆիզիկական զարգացման արատներ ունեցող, ինչպես նաև դեվիանտ (սոցիալապես վտանգավոր) վարքով երեխաների կրթություն իրականացնելու համար: Դրանց տեսակներն են.

մտավոր հետամնաց երեխաների,

հոգեկան զարգացման հապաղումով երեխաների,

խուլ երեխաների, թույլ լսող և ուշ խլացած երեխաների,

կույր և թույլ տեսնող երեխաների,

խոսքի ծանր խանգարումով երեխաների,

հենաշարժական համակարգի խախտում ունեցող երեխաների, պոլիոմիելիտի մնացորդային հետևանքներով և մանկական ցերեբրյալ պարալիզով (ДЦП) երեխաներ,

հատուկ դաստիարակչական:

Հանրակրթական դպրոցների տեսակ են նաև հանրակրթական ուսումնական ծրագրեր իրականացնող երաժշտական դպրոցները:

1.2. Պրոֆտեխնիկական (մասնագիտական տեխնիկական) ուսումնարանը ՀՀ կրթական համակարգի ուսումնական հաստատություն է և պատրաստում է կադրեր բանվորական բարդ մասնագիտությունների գծով: Պրոֆտեխնիկական (մասնագիտական տեխնիկական) ուսումնարաններում սովորողները ստանում են.

ա) 8-ամյա կրթություն ունեցողները մասնագիտություն սովորելուց բացի միջնակարգ կրթություն,

բ) միջնակարգ (միջին) կրթություն ունեցողները` բանվորական մասնագիտական որակավորում:

1.3. Միջնակարգ (միջին) մասնագիտական է համարվում այն ուսումնական հաստատությունը, որն իր կանոնադրության համաձայն իրականացնում է միջին մասնագիտական պետական կրթական ծրագրեր` պատրաստելով միջին մասնագիտական կրթությանը համապատասխանող մասնագետներ: Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) տեսակներ են քոլեջները, տեխնիկումները, ուսումնարանները:

1.4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը (ԲՈՒՀ) իրավաբանական անձ կամ հիմնարկ է, որն ունի գործունեության թույլտվություն (լիցենզիա) և պատրաստում է բարձրագույն կրթության մասնագետներ, գիտամանկավարժական կադրեր գիտության, տեխնիկայի, մշակույթի, ինչպես նաև տնտեսության տարբեր բնագավառների համար, կատարում է տեսական և կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքներ, իրականացնում է տնտեսության տարբեր բնագավառներում աշխատող բարձրագույն կրթությամբ մասնագետների որակավորման բարձրացումը:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակներն են համալսարանները, ինստիտուտները և ակադեմիաները:

Գործունեության համապատասխան թույլտվություն ստացած ուսումնական հաստատությունները իրենց կարգավիճակից ցածր կրթական ծրագրեր իրականացնելիս (ԲՈՒՀ-ը միջին մասնագիտական կամ հանրակրթական, միջին մասնագիտականը` հանրակրթական և այլն) ազատվում են դրանց գծով գանձվող ուսման վարձի դիմաց ավելացված արժեքի հարկից:

Հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական (մասնագիտական տեխնիկական) ուսումնարանները, միջնակարգ (միջին) մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները նախապատրաստական դասընթացների կազմակերպման, ընդունելության քննությունների անցկացման, դիպլոմների բլանկների և այլ նյութերի տրամադրման, ուսումնական պլաններից դուրս իրականացվող ծառայությունների մատուցման (այդ թվում լեզուների, համակարգչային ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ դասընթացներում ուսուցման) համար վճարներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

2. Դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների իրացումը.

 

Դպրոցական գրելու տետրեր են համարվում մինչև 6 տպագրական մամուլ (96 էջ) ծավալով տողավորված կամ վանդակավոր էջերով տետրերը: Դպրոցական տետրերը, մասնավորապես արտադրվում են ԱՊՀ միջպետական հետևյալ ստանդարտներով.

12 թերթանոց - ԳՈՍՏ 12063-89

ընդհանուր - ԳՈՍՏ 13309-89

 

3. Դպրոցական ուսումնական հրատարակությունների2 իրացումը.

 

Ուսումնական հրատարակությունը հրատարակության տեսակ է, որը պարունակում է գիտական կամ կիրառական բնույթի համակարգված տեղեկություններ` շարադրված ուսումնասիրման և դասավանդման համար հարմար ձևով, և նախատեսված է տարբեր տարիքի և ուսուցման աստիճանի սովորողների համար: Ուսումնական հրատարակության տեսակներ են դասագիրքը, ուսումնական ձեռնարկը, քրեստոմատիան, ուսումնական դիտողական ձեռնարկը, ուսումնամեթոդական ձեռնարկը, ուսումնական ծրագիրը, պրակտիկումը:

Ուսումնական հրատարակությունների իրացումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

 

4. Մանկական գրականության իրացումը.

 

Մանկական գրականությանն է դասվում նախադպրոցական (մինչև 7 տարեկան) տարիքի, կրտսեր (1-4-րդ դասարանցի) և միջին (5-8-րդ դասարանցի) դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գրականությունը: Մանկական գրականության տեսակ է նաև գիրք-խաղալիքը: Մանկական գրականության տիտղոսաթերթում կարող է կատարվել համապատասխան գրառում: Հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության իրացումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե տվյալ գրականությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պաշտոնապես երաշխավորվել է որպես մանկական:

 

5. Դպրոցական գրականության իրացումը.

 

Դպրոցական գրականությանն են դասվում ուսումնական ծրագրային նյութի յուրացման համար անհրաժեշտ օժանդակ գրականությունը: Որպես օժանդակ գրականություն դիտվում են խնդրագրքերը, քարտեզները, ուսումնական ծրագրերի յուրացման համար նախատեսված բառարանները, ատլասները, տեղեկատուները, մեթոդական ձեռնարկները: Դպրոցական հրատարակությունների (դպրոցական, միջնակարգ (միջին) մասնագիտական, պրոֆտեխնիկական, բուհական) իրացումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` որպես դպրոցական:

 

6. Բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակվող գիտական3 և ուսումնական հրատարակությունների իրացումը.

 

Մասնագիտացված գիտական կազմակերպություն է ճանաչվում գիտական գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն` անկախ կազմակերպա-իրավական և սեփականության ձևերից, ինչպես նաև գիտական աշխատողների հասարակական միավորումը: Գիտական կազմակերպության գործունեությունը կարող է դասակարգվել «Տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգչի» 73` «Հետազոտություններ և մշակումներ» ենթախմբի4 ծածկագրերով:

Գիտական կազմակերպությունները դասակարգվում են գիտահետազոտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական թանգարանների և գրադարանների, փորձարարա-կոնստրուկտորական, նախագծա-կոնստրուկտորական, նախագծա-տեխնոլոգիական և գիտական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների:

Գիտական հրատարակությունը` հրատարակության տեսակ է, որը պարունակում է տեսական և (կամ) փորձարարական հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև գիտական եղանակներով ու մեթոդներով հրատարակության պատրաստված մշակութային և պատմական հուշարձաններին վերաբերող նյութեր:

Գիտական հրատարակության տեսակներ են գիտական մենագրությունը, ատենախոսության սեղմագիրը (ավտոռեֆերատ), պրեպրինտը, գիտական համաժողովի (համագումարի, գիտաժողովի) զեկուցումների (հաղորդումների) թեզիստները, համաժողովի (համագումարի, գիտաժողովի) նյութերը, գիտական աշխատանքների (աշխատությունների) ժողովածուն, ինչպես նաև գիտության որևէ բնագավառին վերաբերվող հին կամ նոր բնագրի (տեքստի) մեկնաբանված, բացատրված, ծանոթագրված և անհրաժեշտ ցուցիչ-ցանկերով օժտված հրատարակությունը, թանգարանային-մշակութային արժեքների ընդունված կամ հատուկ մշակված սկզբունքներով արված նկարագրություն-մեկնաբանությունները, մեկնաբանությունները:

Գիտական հրատարակության տեսակ է նաև գիտական ամսագիրը: Գիտական է համարվում այն ամսագիրը, որը պարունակում է տեսական և կիրառական բնույթի հետազոտություններ, հոդվածներ և նյութեր ու նախատեսված է գիտաշխատողների համար (նպատակային նշանակությունից կախված գիտական ամսագրերը լինում են գիտատեսական, գիտագործական և գիտամեթոդական: Այն գիտագործական ամսագիրը, որը պարունակում է տեխնիկական գիտություններին վերաբերվող հոդվածներ, նյութեր և ռեֆերատներ, կոչվում է գիտատեխնիկական ամսագիր):

«Հրատարակություններ: Ելքային տեղեկություններ» ГОСТ 7.4-95 Միջպետական ստանդարտին համաձայն գիտական և ուսումնական հրատարակությունները պետք է պարունակեն անհրաժեշտ ելքային տվյալներ: Մասնավորապես` դրանց մեջ պարտադիր պետք է նշվեն գիտական հրատարակության մասնագետ գրախոսների, խմբագրական հանձնախմբի (կոլեգիայի) (առկայության դեպքում) անդամների անուններն ու ազգանունները, տեղեկություններ գիտական հրատարակության նպատակային նշանակության մասին (ներառյալ ուսումնական կամ գիտական համարվելու մասին), հրատարակչի և այն գիտական կազմակերպության անվանումները, որի անունով հրատարակվում է տվյալ հրատարակությունը, դասակարգման ցուցիչը` ըստ «Համընդհանուր (ունիվերսալ) տասնորդական դասակարգման (ՀՏԴ)5»  (УДК) հրատարակության միջազգային ստանդարտ համարը (ISBN կամ ISSN)6 , տեղեկություն հրատարակությունը որպես ուսումնական հաստատվելու մասին և այլն: Հրատարակության տիտղոսաթերթի դարձերեսին կամ վերջին էջում տրվում է գրքի բովանդակությունը համառոտ ներկայացնող ծանուցում (անոտացիա)7:

Գիտական ամսագրերը, ժողովածուները և տեղեկատվական հրատարակությունները պետք է պարունակեն «Ամսագրեր, ժողովածուներ և տեղեկատվական հրատարակություններ: Հրատարակչական ձևավորման տարրեր» ГОСТ 7.5-88 ստանդարտով պահանջվող տվյալներ:

Հրատարակչի մոտ պետք է պահվեն հրատարակության գիտականությունը հիմնավորող կամ ուսումնական համարվելը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (գիտական կազմակերպության (գիտական խորհրդի) միջնորդագիրը կամ որոշումը նյութը տպագրելու վերաբերյալ, գիտական փորձագետների (հանձնաժողովի) կարծիքները, մասնագետների գրախոսականները և այլն):

Այն հրատարակությունները, որոնք կարող են դասակարգվել և որպես գիտական (ուսումնական), և որպես այլ տիպի հրատարակություն, ավելացված արժեքի հարկից ազատվում են, եթե դրանք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պաշտոնապես հաստատվել են որպես գիտական (ուսումնական) հրատարակություն:

 

7. Գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները

 

Որպես գործունեության տեսակ` գիտահետազոտական աշխատանքները (այսուհետ` ԳՀԱ) գիտական հետազոտություններ ու մշակումներ են, որոնք իրականացվում են գիտական գիտելիքների ծավալի մեծացման և դրանց պրակտիկ գործածության նոր ոլորտների որոնման նպատակով:

Գիտական հետազոտությունների ու մշակումների մեջ չեն մտնում գործունեության հետևյալ տեսակները.

- կրթությունը և կադրերի պատրաստումը,

- գիտատեխնիկական գործունեության մյուս տեսակները (գիտատեխնիկական ծառայությունները, այդ թվում` մարկետինգային գործունեությունը` ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը (եթե դա չի վերաբերում հետագա կիրառական նպատակ ունեցող կոնկրետ հետազոտական աշխատանքներին), փորձարկումները և ստանդարտացումը, մինչնախագծային աշխատանքները, մասնագիտացված բժշկական ծառայությունները, գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը` այդ թվում գոյություն ունեցող ծրագրային ապահովման միջոցներով կիրառական ծրագրերի մշակումը), պահպանումը և ուղեկցումը),

- արտադրական գործունեությունը (ներառյալ նորամուծությունների ներդրումը),

- կառավարումը և այլ օժանդակ գործունեությունը (հետազոտությունները, կառավարման օրգանների գործունեությունը, դրանց ֆինանսավորումը),

- ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակումը (կոնստրուկտորական աշխատանքները),

- նոր, այդ թվում` տեխնիկական, օբյեկտի մտահղացումների և տարբերակների մշակում` գծագրի կամ նշանային միջոցների այլ համակարգի մակարդակով,

- տեխնոլոգիական պրոցեսների, այսինքն` միասնական համակարգում աշխատանքային պրոցեսների հետ ֆիզիկական, քիմիական, տեխնոլոգիական և այլ պրոցեսների միավորման մշակումը,

- սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության, վիճակագրական տվյալների վերլուծությունը:

Գիտահետազոտական աշխատանքների մեջ չեն ներառվում փորձնակոնստրուկտորական աշխատանքները, այդ թվում` արտադրանքի կամ տեխնոլոգիայի այլընտրանքների գնահատումը արտադրանքի փորձանմուշների նախագծումը կամ դրանց բաղադրության որոշումը, գիտությանը հայտնի մեթոդների հիման վրա արտադրության տեխնոլոգիական պրոցեսների նախագծումը կամ օպտիմալացումը, կառուցումը և փորձարկումը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ գործիքների, ձուլամայրերի, կաղապարների և դրոշմոցների նախագծումը և այլն:

ԳՀԱ-ները պայմանականորեն դասակարգվում են հիմնարար և կիրառական գիտահետազոտական աշխատանքների:

Հիմնարար գիտահետազոտական աշխատանքները` մարդու, հասարակության, շրջապատող բնության, միջավայրի կառուցվածքի, գործունեության և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հետազոտություններն են: Դրանց արդյունքներն են վարկածները (հիպոթեզները), տեսությունները, մեթոդները և այլն: Հիմնարար հետազոտությունները կարող են ավարտվել ստացված գիտական արդյունքների պրակտիկ օգտագործման բացահայտման համար կիրառական հետազոտությունների անցկացման վերաբերյալ հանձնարարականներով, գիտական հրապարակումով և այլն:

Կիրառական գիտահետազոտական աշխատանքները` դրանք յուրօրինակ (օրիգինալ) աշխատանքներ են, որոնք ուղղված են նոր գիտելիքների ձեռք բերմանը` կոնկրետ կիրառական խնդիրների լուծման նպատակով: Կիրառական հետազոտությունները որոշում են հիմնարար հետազոտությունների կիրառման հնարավոր ճանապարհները: Կիրառական են համարվում փորձարարական հետազոտությունները, գիտատեխնիկական մշակումները: Վերջիններիս շարքին են դասվում պարբերական աշխատանքները, որոնք հիմնվում են գիտական հետազոտությունների արդյունքների և պրակտիկ փորձով ստացված գոյություն ունեցող գիտելիքների վրա և ուղղված են նոր նյութերի, պրոդուկտների (արդյունքի, արտադրանքի, արգասիքի), պրոցեսների, հարմարանքների, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը: Այդ աշխատանքները կարող են նպատակ ունենալ զգալիորեն կատարելագործելու գոյություն ունեցող օբյեկտները:

ԳՀԱ-ները նոր տեխնիկայի, մեթոդիկաների, նյութերի, պրոցեսների և այլնի ստեղծման և ներդրման նախնական փուլն են և անցկացվում են այն դեպքերում, երբ արտադրանքի (ծառայությունների, մեթոդիկաների) մշակումը անհնար է կամ նպատակահարմար չէ իրականացնել առանց համապատասխան ուսումնասիրությունների (արդյունավետության, ամբողջական չլինելու, անվտանգության, մարդկանց առողջության պահպանման և այլ նկատառումներից ելնելով):

ԳՀԱ-ները անցկացվում են գիտական հետազոտության և մշակումների մեթոդներով` հիմնավորված նախնական տվյալներով և նպատակ ունեն մշակել նոր և (կամ) արդիական արտադրանքի մշակման տեխնիկական առաջադրանքներ, փորձնա-տեխնոլոգիական աշխատանքների անցկացման պրոցեսում հայտնաբերել առավել արդյունավետ լուծումներ և ներդնել դրանք:

Պատվիրատուի պատվերով իրականացվող աշխատանքները գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական համարվող և այլ աշխատանքներ ներառելու դեպքում` պայմանագրերում, հաշվարկավճարային փաստաթղթերում` աշխատանքների և ծառայությունների ընդհանուր արժեքից պետք է առանձնացվեն գիտահետազոտական համարվող աշխատանքների համար վճարվելիք (վճարման ենթակա) գումարները: Գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող անձինք դրանց գծով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան (որպես ավելացված արժեքի հարկից ազատված աշխատանքներ), պետք է վարեն առանձնացված հաշվառում:

(7-րդ կետը լրաց. 16.09.09 N 2617-Ն)

____________

1 Ըստ 1998 թ. փետրվարին ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 25-րդ նստաշրջանում հաստատված «Տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգչի»

2 Ուսումնական հաստատությունների տեսակների սահմանումները բերված են «Հրատարակություններ: Հիմնական տեսակներ: Տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 133-96 Հայաստանի ստանդարտում:

3 Գիտական հրատարակությունների տեսակների սահմանումները բերված են «Հրատարակություններ. Հիմնական տեսակներ: Տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 133-96 հայաստանի ստանդարտում:

4 Տես 1-ին ծանոթագրությունը

5 Համընդհանուր տասնորդական դասակարգման ցուցիչի առաջին նիշերը ցույց են հրատարակության պատկանելիությունը հետևյալ բնագավառներին` Օ- ընդհանուր (մատենագիտական և այլն) բաժին, 1- փիլիսոփայություն, 15- հոգեբանություն, 16- տրամաբանություն, 3- հասարակական քաղաքական գրականություն, 31- վիճակագրություն, 32- քաղաքականություն, 33- քաղաքատնտեսություն, 34- պետություն և իրավունք, 37- լեզվաբանություն, 5- բնագիտություն և մաթեմատիկա, 61- բժշկություն, 6- տեխնիկա, 63- գյուղատնտեսություն, 7- արվեստ, 7A- ֆիզկուլտուրա և սպորտ, 8- գրականագիտություն, 8 Ю- մանկական գրականություն, 91- աշխարհագրություն:

6 Համաձայն «Հրատարակություններ: Գրքերի միջազգային ստանդարտ համարակալում» ГОСТ 7.53-86 (СТ СЭВ 5128-85). «Միջազգային ստանդարտ գրքահամար» (ISBN) և «Հրատարակություններ: Պարբերական հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալում» ГОСТ 7.56-89 ստանդարտների. «Պարբերականի միջազգային ստանդարտ համար» (ISSN):

7 Ծանուցման մեջ պետք է նշվի գրքի` գիտության որոշակի բնագավառին վերաբերվելը, դրա տեսական կամ կիրառական նպատակադրումը և նորույթը, գիտության որոշակի ճյուղի մասնագետների, ընթերցողների որոշակի խմբի (օրինակ` մանուկներին) համար նախատեսված լինելը, գիտական հրատարակությանը վերաբերվող փաստաթղթերի ամբողջության` հրատարակչի ընթացիկ գործավարության մեջ ստացած համարանիշը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990005

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 01/55
16.09.2009, N 2617-Ն 25.10.2009, N 01/55
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան