Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.07.2009-25.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հոդ.240
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.04.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10009227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-2.13 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2009 թ. ապրիլի 16-ի

N 06-Ն հրամանով

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-2.13

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք իրականացնում են հասարակական զուգարանների նախագծման, կառուցման և շահագործման հետ կապված գործունեություն:

2. Հասարակական զուգարանները տեղակայվում են հասարակական շենքերում (մշակույթի հանրային սննդի կազմակերպություններ, սպորտային կառույցներ և այլն), տոնավաճառներում, շուկաներում, կայարանամերձ հրապարակներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, միջպետական և հանրապետական նշանակության մայրուղիներում գործող բենզալցակայաններում, գազալցակայաններում, զբոսայգիներում, առողջարանային և հանգստի գոտիներում, լողափերում և այլն:

3. Հասարակական զուգարաններ են համարվում հանրության զանգվածային կամ սահմանափակ (կազմակերպությունների աշխատակիցների և/կամ այցելուների համար) այցելությունների համար նախատեսված զուգարանները: Հասարակական զուգարանները լինում են ստացիոնար (մշտական) և շարժական (երկարաժամկետ և կարճաժամկետ օգտագործման):

4. Ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանները տեղակայվում են առանձին վերգետնյա կամ ստորգետնյա կառույցներում կամ հասարակական շենքերում և նախատեսված են շուրջտարվա օգտագործման համար:

5. Շարժական (երկարաժամկետ և կարճաժամկետ օգտագործման) հասարակական զուգարանները շարժական կառույցներ են և հիմնականում նախատեսվում են սահմանափակ ժամկետով գործող կազմակերպությունների (սեզոնային սրճարաններ, շինարարական հրապարակներ, լողափեր, հանգստի գոտիներ և այլն) և զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ բացօթյա տարածքներում ժամանակավոր տեղադրման համար:

6. Նոր կառուցվող կամ վերակառուցվող հասարակական զուգարանները ունենում են կեղտաջրերի մաքրման կառուցվածքների և սարքավորումների սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթեր:

 

2. Ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանների կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

7. Նորակառույց ստացիոնար (մշտական) հասարակական զուգարանները (այսուհետ` ստացիոնար զուգարաններ) հարմարեցված են լինում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի պահանջներին:

8. Առանձին կառույցներում տեղակայված ստացիոնար զուգարանների մոտեցման ճանապարհները ապահովվում են արհեստական լուսավորությամբ և ունենում են համապատասխան ցուցատախտակներ:

9. Ստացիոնար զուգարանները ապահովվում են`

1) փակվող դռներով անհատական խցերով,

2) տղամարդկանց բաժնում պիսուարների տեղադրման սենքով (հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),

3) հերթապահ անձնակազմի սենքով (2-ականից ավելի խցերի դեպքում, հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),

4) նախամուտքով, որտեղ տեղադրվում են լվացարանները և երեխաների տակդիրների փոխման սեղանը (տակդիրների փոխման սեղանը տեղադրվում է հանրության զանգվածային այցելությունների համար նախատեսված զուգարաններում),

5) սենքով կամ պահարանով մաքրման գույքի պահպանման համար,

6 ) անհատական խցերում և նախամուտքում պատի կախիչներով:

10. Ստացիոնար զուգարանները ունենում են արհեստական լուսավորություն, ջեռուցվում են:

11. Առանձին կառույցներում տեղակայված ստացիոնար զուգարանները ապահովվում են բնական օդափոխանակությամբ (պատուհաններ, վերնափեղկեր), ինչպես նաև արտաձիգ օդափոխականությամբ` օդի արտաձգման մղանցքների (խորշերի) միջոցով: Հասարակական շենքերում տեղակայված ստացիոնար զուգարանները ապահովվում են բնական օդափոխանակությամբ և օդի արտաձգման մղանցքներով, որի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար խորշի բացվածքում կարող է տեղադրվել առանցքային տիպի օդափոխիչ:

12. Սահմանափակ այցելությունների համար նախատեսված 1 տեղանոց հասարակական զուգարանը կարող է նախամուտք չունենալ, այդ դեպքում փակվող դռնով անհատական խցում տեղադրվում է լվացարանը:

13. Կանանց և տղամարդկանց բաժիններում 3-ականից ավելի սանիտարական սարքավորումներով ստացիոնար զուգարանները (ստադիոններում, թատրոններում և այլն) ապահովվում են ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխանակությամբ:

14. Ստացիոնար զուգարաններում պատերը և հատակը պատվում են հեշտ լվացվող, հարթ և ջրանթափանց նյութերով (կերամիկական և մետլախե սալիկներ, մարմարի փշրանքով մոզաիկ հատակ և այլն): Հատակի կառուցվածքը ապահովում է հեղուկների հոսքը դեպի կոյուղու ցանցին միացված տրապը:

15. Ստացիոնար զուգարանների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում է ՍՆԻՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», ՍՆԻՊ 2.04.02-84* «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի և կանոնների (հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2001 թվականի նոյեմբերի 12-ին, Պետ. գրանցման թիվ 11701172) պահանջներին:

16. Կենտրոնացված ջրահեռացման համակարգերի բացակայությամբ տարածքներում (մայրուղիներում, հանգստի գոտիներում և այլն) ստացիոնար զուգարանների կեղտաջրերը կուտակում են մաքրման սարքավորումներով ապահովված տեղային կառույցներում կամ ջրանթափանց հիմքով և պատերով (բետոնյա, ցեմենտյա կամ երկաթայնացմամբ սվաղված աղյուս) հորերում: Մաքրման կառուցվածքը կամ ջրանթափանց հիմքով հորը տեղակայում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս 15մ հեռավորության վրա:

17. Ջրանթափանց հիմքով և պատերով հորերում 2/3-ից ավելի կեղտաջրերի կուտակում չի թույլատրվում: Կեղտաջրերը պարբերաբար հեռացվում են պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, ասենիզացիոն մեքենայի միջոցով:

18. Ստացիոնար զուգարաններին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

19. Նախամուտքում տեղադրված լվացարանները ունենում են արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ կամ էլ առանց ծորակի կառավարման հարմարանքի` զգայական (սենսոր) կառավարմամբ:

 

3. Շարժական (ժամանակավոր) հասարակական զուգարանների կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

20. Շարժական (ժամանակավոր) հասարակական զուգարանները (այսուհետ` շարժական զուգարաններ), որոնք նախատեսված են կարճաժամկետ օգտագործման համար նախատեսվում են զանգվածային միջոցառումների, տոնախմբությունների իրականացման ժամանակ բացօթյա տարածքներում տեղադրման համար:

21. Շարժական զուգարանները տեղակայվում են բնակելի և հասարակական շենքերից առնվազն 15մ հեռավորության վրա:

22. Շարժական զուգարանները իրենցից ներկայացնում են 1 և ավելի տեղանոց, պոլիմերային նյութից պատրաստված տաղավարներ, որոնց կառուցվածքում նախամուտքի առկայությունը պարտադիր չէ: Դրանք ունենում են կեղտաջրերի կուտակման և տեղային մաքրման կառուցվածք (տարողություն): Շարժական զուգարանները կարող են նաև միացված լինել ջրմուղու և կոյուղու ցանցերին:

23. Տեղային մաքրման կառուցվածքը իրենից ներկայացնում է կեղտաջրերի ընդունման տարողություն, որը պարունակում է մանրէները քայքայող կենսաբանական ակտիվ հեղուկ և գարշահոտությունը վերացնող հեղուկ: Շահագործումը և կուտակված կեղտաջրերի հեռացումը իրականացվում է տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Կեղտաջրերի վերջնական հեռացման համար կնքվում է պայմանագիր ջրահեռացման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ:

24. Շարժական զուգարանների լվացարանը տեղադրվում է նախամուտքում կամ դրա բացակայության դեպքում` անմիջապես խցում: Լվացարանի բացակայության դեպքում շարժական զուգարանը ապահովվում է ախտահանիչ նյութով տոգորված միանվագ օգտագործման անձեռոցիկներով: Հանգստի գոտիներում լվացարանը կարող է տեղակայվել բացօթյա` շարժական զուգարանին անմիջապես հարակից տարածքում:

 

4. Հասարակական զուգարանների սանիտարական պահպանումը

 

25. Հասարակական զուգարանների սենքերը ապահովվում են ամբողջական, հարթ մակերեսներով: Սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում:

26. Հասարակական զուգարանները ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Խցիկներում լինում են կեռիկներ` վերին հագուստների համար և աղբանոթներ:

27. Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

28. Սպասարկող անձնակազմը առանձին սենքում կամ պահարանում պահում է մաքրման գույքը` խոզանակներ, փալասներ, ախտահանիչ լուծույթներ, դույլեր և այլն:

29. Հասարակական զուգարանների մաքրման և ախտահանման աշխատանքերի վերաբերյալ պատին փակցվում է ժամանակացույց, որտեղ աշխատակցի կողմից կատարվում են նշումներ` յուրաքանչյուր մաքրման աշխատանքից հետո:

30. Շարժական զուգարանները մաքրող անձնակազմի համար, ինչպես նաև մաքրման պարագաների, ախտահանիչ նյութերի, հիգիենայի պարագաների պահման և մաքրման պարագաների, ախտահանման համար հատկացվում են սենքեր:

31. Սանիտարական սարքավորումների, լվացարանների, երեխաների տակդիրների փոխման համար սեղանների, հատակի, պատերի ախտահանման (երկնվագ սրբում, ողողում ջրով) համար օգտագործվում է 1%-ոց քլորամին Բ, լվացող-ախտահանող միջոցներ` 5 գ. 100սմ2 մակերեսի հաշվարկով, 0.5-%-անոց լվացող նյութի և քլորամին Բ-ի խառնուրդ, կալցիումի հիպոքլորիդի (0.5%) կամ Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով թույլատրված համարժեք այլ լուծույթներ:

32. Մաքրման պարագաները ախտահանում են աշխատանքային օրվա վերջում` նատրիումի հիպոքլորիդի (0.5%), քլորամին Բ-ի (1%) կամ Առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով թույլատրված համարժեք այլ լուծույթների մեջ 1 ժամ ընկղմելով, որից հետո` պարզաջրելով:

33. Հասարակական զուգարաններում իրականացվում է ամենօրյա սանիտարական մաքրում, ախտահանում և աղբահանություն: Տարին 2 անգամ (ինչպես նաև աղիքային վարակիչ հիվանդությունների հետ կապված համաճարակային լարված իրավիճակների դեպքերում) կատարվում են միջատասպան և կրծողասպան (դեզինսեկցիոն-դեռատիզացիոն) աշխատանքներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2020, N 11-Ն 01.07.2020, N 06-Ն
01.10.2010, N 20-Ն 25.11.2010, N 06-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան