ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Հիմք ընդունելով 1947 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (այսուհետև` Կոնվենցիա),
նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետև՝ Կառավարություն) ցանկանում է օգտվել Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետև՝ ՊԳԿ) աջակցությունից, և
նկատի ունենալով, որ ՊԳԿ-ն համաձայն է Կառավարության հատուկ հայտի հիման վրա տրամադրել նման աջակցություն,
ելնելով վերը նշվածից, ՊԳԿ-ն և Կառավարությունը (այսուհետև՝ Կողմեր) բարեկամական համագործակցության ոգով կնքում են սույն Հիմնական համաձայնագիրը, որը ներառում է այն ընդհանուր դրույթներն ու պայմանները, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվում է ՊԳԿ ներկայացուցչությունը, և ՊԳԿ կողմից կարող է տրամադրվել և Կառավարության կողմից օգտագործվել աջակցությունը:
Հոդված 1
Հիմնական համաձայնագրի շրջանակը
Սույն Հիմնական համաձայնագիրը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնց հիման վրա ՊԳԿ-ն կաջակցի Կառավարությանը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Այն կկիրառվի Տեխնիկական համագործակցության ծրագրերի (ՏՀԾ), Կառավարության համագործակցային ծրագրերի (ԿՀԾ) և այլ փաստաթղթերի (այսուհետև՝ միասին Ծրագրային փաստաթղթեր) նկատմամբ, որոնք կարող են կնքել Կողմերը` այդ ծրագրերի առանձնահատկություններն առավել մանրամասն սահմանելու համար: Սույն Հիմնական համաձայնագրի ներքո կնքված ցանկացած Ծրագրային փաստաթուղթ ՊԳԿ և Կառավարության համար չի առաջացնի այլ պարտավորություններ միջազգային իրավունքի ներքո և չպետք է հակասի սույն Հիմնական համաձայնագրի հիմնարար դրույթներին և պայմաններին։
Հոդված 2
ՊԳԿ ներկայացուցչությունը
1. ՊԳԿ-ն կարող է Հայաստանի Հանրապետությունում ունենալ ներկայացուցչություն։ ՊԳԿ-ն Կառավարության համաձայնությամբ կարող է նաև հիմնել և պահպանել լրացուցիչ գրասենյակներ՝ (սույն Հիմնական համաձայնագրի ներքո իրականացվող իր բոլոր ծրագրերի կամ գործառնությունների իրագործումը դյուրացնելու համար։
2. ՊԳԿ ներկայացուցչությունն իր գործառնությունները կատարում է համաձայն իր մանդատի և Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի գործառնական պահանջների, ներառյալ ՊԳԿ-ի և երկրում գործող կառավարական և ոչ կառավարական այլ կազմակերպությունների միջև հարաբերությունների հաստատումը և պահպանումը։
3. ՊԳԿ-ն կարող է Հայաստանի Հանրապետությունում նշանակել այնպիսի պաշտոնատար անձանց կամ այլ աշխատակիցների, որոնց ՊԳԿ-ն գտնում է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության իրականացման ընթացքում իր պարտավորությունները կատարելու համար։
4. Տեղում աշխատանքի ընդունված և ժամավճարի հիման վրա վարձատրվող Հայաստանի քաղաքացիների աշխատանքային պայմանները պետք է համապատասխանեն ՊԳԿ համապատասխան որոշումներին, կանոնակարգերին, կանոններին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Կոնվենցիային:
Հոդված 3
Աջակցության հայտը և Ծրագրային փաստաթղթերը
1. Կառավարությունը կարող է ՊԳԿ-ից աջակցություն խնդրել տեխնիկական համագործակցության ձևով կամ ՊԳԿ մանդատի շրջանակներում՝ այլ ոլորտներից` զարգացման և արտակարգ իրավիճակների զանազան ծրագրեր իրականացնելու համար, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանն ու պարենային ապահովության բարելավմանը, պարենային ապրանքների անվտանգության և որակի, բնական ռեսուրսների կայուն կառավարման բարելավմանը:
2. Աջակցության ցանկացած հայտ սովորաբար ներկայացվում է Կառավարության կողմից՝ ՊԳԿ կողմից սահմանված ձևով, Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ ներկայացուցչության միջոցով։
3. Կառավարությունը ՊԳԿ-ին տրամադրում է պատշաճ հարմարություններ և համապատասխան տեղեկություն, որն անհրաժեշտ է աջակցության համար Կառավարության հայտը գնահատելու համար:
4. ՊԳԿ-ի կողմից հաստատվելու դեպքում ՊԳԿ-ն Կառավարությանը տրամադրում է նման աջակցության համար մանրամասն Ծրագրային փաստաթուղթ։
5. ՊԳԿ-ն և Կառավարությունը համատեղ պատասխանատվություն են կրում Ծրագրային փաստաթղթով սահմանված նպատակների իրականացման համար։
Հոդված 4
Աջակցություն այլ աղբյուրներից
Եթե Կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով աջակցություն է ստանում ոչ ՊԳԿ աղբյուրներից, ապա Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ՝ նպատակ ունենալով ապահովելու ՊԳԿ-ից և այլ աղբյուրներից ստացված աջակցության արդյունավետ համակարգումը։
Հոդված 5
Կառավարության պարտավորությունները
1. Կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դյուրացնելու համար ծրագրի իրականացումը և աջակցելու համար ՊԳԿ աշխատակազմին՝ օգտվելու այնպիսի ծառայություններից և հարմարություններից, որոնք կարող են պահանջվել իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։ ՊԳԿ-ի, նրա գույքի, դրամական միջոցների և ակտիվների, նրա պաշտոնատար անձանց և նրա անունից ծրագրին առնչվող ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ Կառավարությունը կիրառում է հետևյալը. i) Կոնվենցիայի դրույթները և ii) Միավորված ազգերի կազմակերպության արտարժույթի փոխարժեքը:
2. Կառավարությունն զբաղվում է երրորդ կողմերի կողմից ՊԳԿ-ի, նրա աշխատակազմի կամ նրա անունից ծրագրին առնչվող ծառայություններ մատուցող անձանց դեմ ներկայացված ցանկացած հայցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարությունը և ՊԳԿ-ն համաձայնվում են, որ այդ հայցերը հետևանք են վերոնշյալ անձանց կողմից լուրջ անփութության կամ դիտավորությամբ կատարված գործողությունների:
3. Կառավարությունը պատասխանատու է ծրագրում՝ Կառավարության կողմից ներգրավված անձնակազմի հավաքագրման, աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարումների համար։ Կառավարությունը, երբ և ինչպես պահանջվում է ծրագրով, ապահովում է նաև Ծրագրային փաստաթղթում նշված հարմարությունները և պարագաները։
4. Կառավարությունը ՊԳԿ աշխատակազմի և նրա անունից գործող անձանց համար ապահովում է ծրագրի իրականացման վայր մուտք գործելու հնարավորությունը և ծրագրին առնչվող ցանկացած նյութի կամ փաստաթղթի հասանելիությունը, ինչպես նաև վերոնշյալ աշխատակազմին կամ անձանց տրամադրում է ցանկացած համապատասխան տեղեկություն։
5. Կառավարությունը դյուրացնում է ՊԳԿ անձնակազմի, միջազգային փորձագետների և ՊԳԿ անունից գործող այլ անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, ներառյալ պահանջվող վիզաների կամ թույլտվությունների՝ ժամանակին և անվճար տրամադրումը։
6. Կառավարությունը պատասխանատու է ծրագրի համար նախատեսված սարքավորումների ներկրման և մաքսազերծման ծախսերի, երկրի ներսում դրանց տեղափոխման, գործածման, պահեստավորման և հարակից ծախսերի կատարման, դրանց ապահովագրման, անվտանգ խնամքի և ծրագրի իրականացման վայր հասցնելուց հետո պահպանության, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց փոխարինման համար։
7. Կառավարությունը ՊԳԿ-ին անվճար տրամադրում, իսկ ՊԳԿ-ն օգտագործման նպատակով ընդունում է տարածքները, սարքավորումները, գրասենյակային կահույքը և ՊԳԿ ներկայացուցչության գործառնությունների համար անհրաժեշտ այլ միջոցները, ինչպես նշված է սույն Հիմնական համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Հավելվածում:
Հոդված 6
ՊԳԿ պարտավորությունները
1. ՊԳԿ-ն պատասխանատու է Ծրագրային փաստաթղթով նախատեսված միջազգային անձնակազմի հավաքագրման, միջազգային ուղևորությունների, աշխատավարձերի և վճարումների համար։ Այս միջազգային անձնակազմի թեկնածությունները ներկայացվում են Կառավարության հաստատմանը՝ ՊԳԿ ընթացակարգերի համաձայն։ ՊԳԿ-ն պատասխանատու է նաև Ծրագրային փաստաթղթով նախատեսված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փորձագետների, խորհրդատուների և անձնակազմի հավաքագրման, աշխատավարձերի և վճարումների համար՝ բացառությամբ սույն Հիմնական համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Կառավարության կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձնակազմի դեպքում։
2. ՊԳԿ-ն, իր կանոնների և կանոնակարգերի համաձայն, ձեռք է բերում Ծրագրային փաստաթղթում նկարագրված սարքավորումները և պարագաները: Սարքավորումները համարվում են ՊԳԿ սեփականությունը ծրագրի տևողության ընթացքում։ Դրանց վերջնական պատկանելությունը որոշվում է ՊԳԿ կողմից՝ Կառավարության հետ խորհրդակցելուց հետո:
3. ՊԳԿ-ն ծրագրի պարբերական տեխնիկական վերահսկողության, աջակցության կամ վերանայման համար կազմակերպում է այցեր, որոնց ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են ծրագրի բյուջեից։
4. Սույն Հիմնական համաձայնագրից բխող ՊԳԿ բոլոր պարտավորությունները պետք է համապատասխանեն.
(i) ՊԳԿ Կառավարման մարմինների որոշումներին և ՊԳԿ կանոնադրական, ֆինանսական և բյուջետային դրույթներին, և
(ii) անհրաժեշտ ներդրումների ստացմանը։
5. ՊԳԿ պաշտոնյաները և առաքելություն իրականացնող փորձագետները իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործում են Կառավարության և Կառավարության կողմից նշանակված անձանց կամ մարմինների հետ սերտորեն խորհրդակցելով: Նրանք պետք է հետևեն Կառավարության պահանջներին, որոնք համապատասխան են իրենց պարտականությունների և մատուցվող ծառայությունների բնույթին և կարող են փոխադարձաբար համաձայնեցված լինել ՊԳԿ և Կառավարության միջև:
6. Ֆինանսական բոլոր հաշիվներն ու քաղվածքներն արտահայտվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով և ենթակա են բացառապես ներքին և արտաքին աուդիտի ընթացակարգերի, որոնք սահմանված են ՊԳԿ ֆինանսական կանոնակարգերում, կանոններում և հրահանգներում։
7. ՊԳԿ-ն, Կառավարության հետ խորհրդակցելով, կարող է ծրագիրն ամբողջությամբ կամ դրա մի մասն իրականացնել ենթապայմանագրի միջոցով։ Ենթակապալառուների ընտրությունը կատարվում է ՊԳԿ ընթացակարգերի համաձայն՝ Կառավարության հետ խորհրդակցելով:
Հոդված 7
Ծրագրերի իրագործումը
1. ՊԳԿ-ն Կառավարությանը ներկայացնում է հաշվետվություն, ինչպես սահմանված է Ծրագրային փաստաթղթերում։
2. Կառավարությունը, հասարակական կարծիքի ձևավորման նպատակով, համաձայնություն է տալիս այնպիսի տեղեկատվության տարածմանը, ինչպիսիք են ծրագրի և դրա նպատակների ու արդյունքների նկարագրությունները։
3. Ծրագրային փաստաթղթերը կարող են ենթարկվել անկախ գնահատման՝ Կառավարության և ՊԳԿ միջև համաձայնեցված կարգավորումների համաձայն։ Գնահատման զեկույցը կհամարվի գաղտնի` ծրագրում անուղղակիորեն ներգրավված կողմերի համար սահմանափակ հասանելիությամբ։ Այնուամենայնիվ, ՊԳԿ-ն իրավասու է պատրաստելու այդ զեկույցի համառոտ ամփոփագիրը` իր արձանագրած արդյունքները, խնդիրները, քաղված դասերը և առաջարկությունները լայնորեն տարածելու համար, ինչպես նաև ողջամիտ ձևով օգտագործելու զեկույցը՝ որպես ներդրում գնահատումների ընդհանրացված ուսումնասիրություններում։
4. Ծրագրային փաստաթղթերը կարգավորվում են միջազգային հանրային իրավունքի ընդհանուր սկզբունքներով՝ բացառելով ներպետական իրավունքի կիրառումը։
5. Ծրագրային փաստաթղթերում կամ դրանց որևէ դրույթի առնչությամբ ոչինչ չի կարող համարվել որպես հրաժարում ՊԳԿ արտոնություններից և անձեռնմխելիությունից։
6. ՊԳԿ-ն, նրա աշխատակիցները և փորձագետները մշտապես համագործակցում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ, որպեսզի ապահովեն արդարադատության իրականացումը, հետևեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանխեն սույն հոդվածով տրամադրված արտոնությունների և անձեռնմխելիության հետ կապված ցանկացած չարաշահում:
Հոդված 8
Վեճերի լուծման կարգը
ՊԳԿ և Կառավարության միջև սույն Հիմնական համաձայնագրի կամ որևէ Լրացուցիչ համաձայնագրի, կամ ՊԳԿ ներկայացուցչությանը, ՊԳԿ և Կառավարության միջև հարաբերություններին կամ որևէ Ծրագրային փաստաթղթին վերաբերող ցանկացած հարցի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով կամ այլ համաձայնեցված կարգավորման եղանակով, պետք է փոխանցվի երեք արբիտրներից կազմված տրիբունալ՝ վերջնական որոշման համար: Արբիտրներից մեկը պետք է ընտրվի ՊԳԿ գլխավոր տնօրենի կողմից, մյուսը` Կառավարության, երրորդը, ով պետք է լինի տրիբունալի նախագահը, պետք է ընտրվի առաջին երկու արբիտրների կողմից: Եթե առաջին երկու արբիտրները չկարողանան համաձայնության գալ երրորդի ընտրության հարցում, երրորդ արբիտրը կընտրվի Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի նախագահի կողմից:
Հոդված 9
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Հիմնական համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կառավարության ծանուցումը ՊԳԿ-ի կողմից ստանալու օրը:
2. Սույն Հիմնական համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի գրավոր համաձայնությամբ։ Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով և կազմում են սույն Հիմնական համաձայնագրի անբաժանելի մասը։
3. Սույն Հիմնական համաձայնագիրը կգործի դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի ժամկետով։ Այս ժամանակահատվածի ավարտից հետո սույն Հիմնական համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չի ծանուցում այն դադարեցնելու իր մտադրության մասին։ Սույն Հիմնական համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում սույն Հիմնական համաձայնագրի համաձայն գործող Ծրագրային փաստաթղթերի շրջանակներում իրականացվող որևէ ընթացիկ ծրագրի ամբողջական կատարմանը։
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 17-ին և Հռոմ քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երկու բնօրինակով՝ հայերեն և անգլերեն։ Հայերեն և անգլերեն տեքստերի միջև տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տեքստը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԳԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պարտավորվում է.
1. տրամադրել հիմնական սարքավորումներով ամբողջությամբ կահավորված երեք գրասենյակ ՊԳԿ ներկայացուցչի, ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՊԳԿ կողմից նշանակված պաշտոնյայի և ՊԳԿ կողմից տեղում աշխատանքի ընդունված քարտուղարի օգտագործման համար.
2. հոգալ ՊԳԿ ներկայացուցչության բոլոր գործառնական ծախսերը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրի, փոխադրամիջոցների բենզինի և տեխնիկական սպասարկման ու կապի (հեռախոսի, ֆաքսի, ինտերնետի և էլեկտրոնային փոստի կապի ծառայություններ) ծախսերը.
3. մասնակիորեն տրամադրել քարտուղարության աջակցություն:
2) Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը պարտավորվում է.
1. տրամադրել երկու համակարգիչ և տպիչ սարք` ստանդարտ տեխնիկական և ծրագրային կարգավորմամբ.
2. տրամադրել փոխադրամիջոց` ՊԳԿ չափորոշիչներին համապատասխան, ՊԳԿ ներկայացուցչության օգտագործման համար.
3. ստեղծել ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագիտական պաշտոնյայի պաշտոն` ՊԳԿ ներկայացուցչի (ծրագրի) օգնականի կարգավիճակով, որը կներգրավվի ՊԳԿ ընտրության ընթացակարգերի համաձայն: