«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807248
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2007 թ. |
N 470-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի` հրամայում եմ.
1. Հաստատել Գանձապետարանի տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է գանձապետարանի տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը, ինչպես նաև դրանցից ծագող հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Էլեկտրոնային վճարային փաստաթուղթ (վճարման ժամանակացույց, միջգանձապետական փոխանցագիր, նախահաշիվ, վճարման հանձնարագիր և այլ նմանատիպ փաստաթղթեր)` վճարումն իրականացնելու համար հիմք հանդիսացող էլեկտրոնային փաստաթուղթ, որը պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
2) Էլեկտրոնային տեղեկատվական փաստաթուղթ` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված հաշվարկների իրականացման, թղթակցային հաշիվների սպասարկման և վարման համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ (հարցումներ, քաղվածք հաշվից, հաշվետվություններ և այլ նմանատիպ փաստաթղթեր):
3) Հաճախորդ` Կենտրոնական գանձապետարանի և տեղական գանձապետական բաժիններ (այսուհետև` գանձապետարան) էլեկտրոնային վճարային փաստաթուղթ և էլեկտրոնային տեղեկատվական փաստաթուղթ տրամադրող, կամ ստացող բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ և առևտրային բանկեր:
II. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Գանձապետարանը իր տեղեկատվական համակարգում էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1595-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:
4. Գանձապետարանի կամ հաճախորդի կողմից էլեկտրոնային փաստաթղթեր կիրառելիս անհրաժեշտության դեպքում պետք է հնարավոր լինի դրանց վերարտադրումը թղթային եղանակի:
5. Հաճախորդները էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման համար, նախքան գործառույթներ իրականացնելը սույն կարգի 3-րդ կետի համաձայն գանձապետարան են ներկայացնում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը, էլեկտրոնային վճարային փաստաթղթում և էլեկտրոնային տեղեկատվական փաստաթղթում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին համապատասխան առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավասություն ունեցող անձանց տվյալները (անուն, հայրանուն, ազգանուն և զբաղեցրած պաշտոնը):
6. Գանձապետարանը սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տվյալները ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է իր տեղեկատվական համակարգում:
7. Գանձապետարանը հաճախորդի տվյալները իր տեղեկատվական համակարգում գրանցելուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին է տրամադրում գանձապետարանի կողմից օգտագործվող հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը, ինչպես նաև գանձապետարանի կողմից էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրության իրավասություն ունեցող անձանց տվյալները (անուն, հայրանուն, ազգանուն և զբաղեցրած պաշտոնը):
8. Գանձապետարանը և հաճախորդը էլեկտրոնային վճարային փաստաթուղթ և
էլեկտրոնային տեղեկատվական փաստաթուղթ միմյանց տրամադրում, կամ ստանում են սույն կարգին, ինչպես նաև «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Էլեկտրոնային փաստաթղթի և Էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմանը և ֆինանսական բնագավառում պետական կարգավորումն իրականացնող պետական մարմնի կողմից սահմանված իրավական ակտերին համապատասխան:
9. Հաճախորդը` էլեկտրոնային վճարային փաստաթղթի կամ էլեկտրոնային տեղեկատվական փաստաթղթի տրամադրման անհնարինության դեպքում (երրորդ անձանց հետ կապված գործառույթներ), գանձապետարան է ներկայացնում թղթային տարբերակով: