Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, այսուհետ` Կողմեր,
ընդունելով երկու Կողմերի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը,
ցանկանալով ամրապնդել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու իրավական հիմքը,
գործելով իրենց օրենքին համապատասխան, ինչպես նաև հարգելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, հատկապես՝ ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Իրավական օգնություն տրամադրելու պարտավորությունը
1. Կողմերը, սույն Պայմանագրին և իրենց ազգային օրենքներին համապատասխան, պետք է միմյանց տրամադրեն քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն (այսուհետ՝ իրավական օգնություն)։
2. Սույն Պայմանագրին համապատասխան` իրավական օգնությունը տրամադրվում է, եթե այն արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքով էլ։ Հայցվող Կողմը կարող է իր հայեցողությամբ տրամադրել իրավական օգնություն նաև այն դեպքում, երբ արարքը, որի առնչությամբ հարցում է ստացվել, իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ։
3. Սույն Պայմանագրի նպատակը բացառապես իրավական օգնության տրամադրումն է, որի համար պետք է հարցում անեն միայն յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները։ Սույն Պայմանագրի դրույթները որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար չեն առաջացնում իրավունքներ՝ ստանալու ապացույց կամ մերժելու ապացույց տալը կամ կանխելու իրավական օգնության համար հարցման կատարումը։
4. Սույն Պայմանագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա՝ համաձայն երկու Կողմերի քրեական օրենսդրությունների։
5. Սույն Պայմանագիրը մի Կողմի իրավասու մարմիններին իրավունք չի տալիս մյուս Կողմի տարածքում իրականացնել այնպիսի իրավազորություն, որը բացառապես մտնում է մյուս Կողմի իրավասության մեջ։
Հոդված 2
Իրավական օգնության շրջանակը
Իրավական օգնությունը պետք է ներառի՝
1) ընթացակարգային փաստաթղթերի հանձնումը,
2) ապացույցներ ստանալը,
3) անձանց և առարկաների գտնվելու վայրի և ինքնության հաստատումը,
4) հայցող Կողմի իրավասու մարմինների առջև կամավոր հանդես գալու համար վկաներ, տուժողներ և փորձագետներ հրավիրելը,
5) կալանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը՝ մասնակցելու համար հայցող Կողմի տարածքում քրեական գործերով դատական ընթացակարգերում որպես վկա, տուժող կամ ընթացակարգային այլ նպատակներով,
6) գույքի պաշտպանության հետ կապված միջոցների ձեռնարկումը,
7) հետախուզման և բռնագրավման համար հարցումների կատարումը,
8) փաստաթղթերի, իրերի և այլ ապացույցների փոխանցումը,
9) հարցումների կատարման ժամանակ հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների ներկա գտնվելու համար թույլտվություն տրամադրելը,
10) սույն Պայմանագրի նպատակներին համապատասխան իրավական օգնության որևէ այլ ձևի տրամադրումը` հայցվող Կողմի օրենքի համաձայն։
Հոդված 3
Կենտրոնական մարմիններ
Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի համապատասխան համագործակցությունն իրականացնելու համար յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի կենտրոնական մարմիններ։
Հայկական Կողմի համար կենտրոնական մարմին կլինեն գլխավոր դատախազությունը (այն անձանց առնչությամբ, ում գործերը գտնվում են նախաքննության փուլում) և արդարադատության նախարարությունը (այն անձանց առնչությամբ, ում գործերը գտնվում են դատական վարույթում), Եգիպտական Կողմի կենտրոնական մարմին կլինի արդարադատության նախարարությունը (միջազգային համագործակցության և մարդու իրավունքների վարչություն)։
Կողմերը պետք է դիվանագիտական ուղիներով միմյանց անհապաղ ծանուցեն իրենց կենտրոնական մարմինների և դրանց իրավասության շրջանակների փոփոխության մասին։
Հոդված 4
Հարցման ձևն ու բովանդակությունը
1. Իրավական օգնության հարցումը պետք է կազմվի գրավոր, անհետաձգելի դեպքերում, կամ երբ այլ կերպ թույլատրում է հայցվող Կողմը, հարցումը կարող է արվել հեռատիպային, ֆաքսիմիլային, էլեկտրոնային եղանակով կամ հաղորդակցման այլ ձևերով, սակայն դրանից անմիջապես հետո այն պետք է գրավոր հաստատվի։ Բոլոր դեպքերում հայցվող Կողմը պետք է անհապաղ կատարի իրավական օգնության համար հարցումը, և հայցող Կողմը չպետք է տեղեկացվի կատարման արդյունքների մասին նախքան հարցումների բնօրինակները ներկայացնելը։
2. Հարցումը պետք է ներառի հետևյալը՝
ա) իրավական օնության համար հարցում ներկայացնող իրավասու մարմնի անվանումը.
բ) իրավական օգնության հարցման նպատակը և հարցման նկարագրությունը.
գ) այն հանցանքի նկարագրությունը, որի առնչությամբ վարվում է հետաքննություն, քննություն կամ դատական վարույթ, դրա իրավական որակումը, համապատասխան օրենքի տեքստը, ըստ որի տվյալ հանցանքը քրեորեն պատժելի է, և, անհրաժեշտության դեպքում, նաև տվյալ հանցանքի արդյունքում պատճառված վնասի չափը.
դ) որոշակի որևէ ընթացակարգի նկարագրությունը, որը հայցող Կողմը ցանկանում է, որ հարցումն իրականացնելու ընթացքում հայցվող Կողմը պահպանի.
ե) այն անձանց վերաբերյալ անհատական տեղեկությունը, որոնց նկատմամբ վարվում է հետաքննություն կամ դատական վարույթ.
զ) որևէ վերջնաժամկետ, որի ընթացքում հայցող Կողմը ցանկանում է, որ հարցումը կատարվի.
է) այն անձանց անունները, ազգանունները, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, հասցեն, ինչպես նաև, եթե հնարավոր է, հեռախոսահամարները, որոնք պետք է ծանուցվեն, և նրանց կապը կատարվող հետաքննության, քննության կամ դատական վարույթի հետ, ինչպես նաև որևէ այլ օգտակար տեղեկատվություն.
ը) այն տեղանքի նշումը և այն վայրի նկարագիրը, որտեղ պահանջվում է զննության և խուզարկության կատարում, և բռնագրավման ենթակա առարկաները.
թ) այն հարցերը, որոնք պետք է տրվեն հայցվող Կողմում վկայություն ստանալու համար.
ժ) այն դեպքում, երբ դիմում են հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայության համար՝ նրանց անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև նրանց ներկայության հիմքերը.
ժա) հարցման առարկա հանդիսացող փաստերի, հարցման բովանդակության և/կամ նկարագրության գաղտնիության պահպանման համար, հարցման առնչությամբ ձեռնարկված որևէ գործողության անհրաժեշտությունը, եթե այդպիսին կա.
ժբ) որևէ այլ տեղեկատվություն, որը հարցումը կատարելիս կարող է օգտակար լինել հայցվող Կողմի համար։
3. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման մեջ պարունակվող տեղեկատվությունը բավարար չէ հարցումը կատարելու համար, ապա այդ Կողմը կարող է հայցել լրացուցիչ տեղեկատվություն։
Հոդված 5
Լեզուն
Սույն Պայմանագրին համապատասխան արված հարցումները և լրացուցիչ փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայցվող Կողմի լեզվով կամ անգլերենով հաստատված թարգմանությամբ։
Հոդված 6
Իրավական օգնություն տրամադրելու համար հարցումների մերժումը կամ հետաձգումը
1. Իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե.
ա) հարցումը կատարելը կարող է վնասել հայցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարական կարգին կամ էական այլ շահերին.
բ) հարցման կատարումը հակասում է հայցվող Կողմի օրենքին կամ չի համապատասխանում սույն Պայմանագրի դրույթներին.
գ) եթե հարցումը առնչվում է այն հանցանքին, որի համար հայցվող Կողմում մեղադրյալը դատապարտվել, ազատ է արձակվել կամ վաղեմության ժամկետը լրացել է.
դ) հարցումը առնչվում է ըստ զինվորական օրենքի հանցագործություն համարվող արարքին, որը ընդհանուր քրեական օրենքով հանցագործություն չէ.
ե) հայցվող Կողմը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հարցումը ներկայացվել է անձի նկատմամբ վարույթ հարուցելու համար՝ ելնելով նրա ռասայից, սեռից, կրոնից, քաղաքացիությունից, էթնիկական ծագումից, որոշակի սոցիալական խմբի պատկանելությունից կամ քաղաքական համոզմունքից, կամ` անձը կարող է վնաս կրել նշված պատճառներից որևէ մեկի հետևանքով։
2. Բանկային գաղտնիքին կամ հարկման գաղտնիության հետ կապված իրավական օգնության տրամադրումը կկատարվի հայցվող Կողմի ազգային օրենսդրության համաձայն: Կողմերի մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն Ահաբեկչության հանցագործությունների հարցով իրավական օգնությունը չի կարող մերժվել:
3. Հայցվող Կողմը կարող է հետաձգել կամ մերժել իր տարածքում հարցման կատարումը, եթե համարում է, որ նման կատարումը կարող է միջամտել կամ վնասել քրեական գործի առնչությամբ կատարվող ընթացիկ հետաքննությանը, քննությանը կամ դատավարությանը։
4. Հայցվող Կողմը, նախքան հարցման կատարումը հետաձգելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը, պետք է քննարկի, թե արդյոք իրավական օգնությունը կարող է տրամադրվել այնպիսի պայմաններով, որոնք նա անհրաժեշտ է համարում։ Եթե հայցող Կողմն ընդունում է նման պայմաններով իրավական օգնությունը, նա պարտավոր է հետևել դրանց։
5. Եթե հայցվող Կողմը որոշում է կայացնում իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին, ապա նա իր կենտրոնական մարմինների միջոցով հայցվող Կողմին տեղեկացնում է այդ մասին` տալով նման որոշման պատճառները։
Հոդված 7
Փաստաթղթերի վավերականությունը
1. Սույն Պայմանագրին համապատասխան փոխանցված և փոխանցող Կողմի կենտրոնական կամ իրավասու մարմինների կնիքով հաստատված փաստաթղթերը ստացող Կողմը կընդունի առանց օրինականացման ընթացակարգերի կամ վավերականության հաստատման այլ ձևերի։
2. Սույն Պայմանագրի նպատակներով փոխանցված և ստացված փաստաթղթերը, որոնք ճանաչվում են որպես պաշտոնական փոխանցող Կողմի տարածքում, պետք է այդպիսին ճանաչվեն ստացող Կողմի տարածքում։
Հոդված 8
Գաղտնիությունը և տեղեկատվության օգտագործման սահմանափակումները
1. Հայցող Կողմի հարցումով հայցվող Կողմը պետք է գաղտնի պահի իրավական օգնության համար հարցումը, դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված որևէ գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը։
Եթե հարցումը չի կարող կատարվել առանց գաղտնիությունը խախտելու, ապա հայցվող Կողմը պետք է այդ մասին տեղեկացնի հայցող Կողմին, որն այնուհետև պետք է որոշի, թե արդյոք հարցումը, այնուամենայնիվ, պետք է կատարվի։
2. Հայցող Կողմը սույն Պայմանագրին համապատասխան ստացված տեղեկատվությունը կամ վկայությունները առանց հայցվող Կողմի թույլտվության չպետք է օգտագործի այլ նպատակներով, քան նրանք են, որոնք նշված են իրավական օգնության համար հարցման մեջ։
3. Առանձին դեպքերում, երբ հայցող Կողմի համար անհրաժեշտ է բացահայտել և մասնակիորեն կամ ամբողջովին օգտագործել տեղեկատվությունը կամ վկայությունը այլ նպատակներով, քան նրանք են, որոնք նշված են հարցման մեջ, նա խնդրում է համաձայնություն հայցվող Կողմից, որը կարող է մասնակիորեն կամ ամբողջովին մերժել նման համաձայնությունը։
Հոդված 9
Իրավական օգնության հարցումների կատարումը
1. Հարցումները պետք է կատարվեն հայցվող Կողմի օրենքներին և սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան։
Հայցող Կողմի հարցման հիման վրա հայցվող Կողմը պետք է իրավական օգնություն տրամադրի այն ձևով և այն հատուկ ընթացակարգերին համապատասխան, որոնք նշված են հարցման մեջ. այնքանով, որքանով չեն հակասում հայցվող Կողմի օրենքներին։
2. Հայցող Կողմի խնդրանքով համապատասխան քննության մասնակիցները, նրանց օրինական ներկայացուցիչները և հայցող Կողմի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայցվող Կողմի տարածքում հարցման կատարմանը` հայցվող Կողմի օրենքների և ընթացակարգերի համաձայն:
3. Հայցվող Կողմի կենտրոնական մարմինը հարցման արդյունքում ստացված տեղեկատվությունը և վկայությունը պատշաճ ժամկետներում փոխանցում է հայցող Կողմի կենտրոնական մարմնին։
4. Եթե հարցման կատարումը մասնակիորեն կամ ամբողջովին հնարավոր չէ, ապա հայցվող Կողմի կենտրոնական մարմինը այդ մասին անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմի կենտրոնական մարմնին` նշելով հարցման կատարմանը խոչընդոտող պատճառների մասին։
Հոդված 10
Փաստաթղթեր հանձնելը
1. Հայցվող Կողմը, իրավական օգնության համար հարցմանը համապատասխան, պետք է անհապաղ փոխանցի կամ կազմակերպի ընթացակարգային փաստաթղթերի փոխանցումը։
2. Հարցման կատարումը հաստատվում է հանձնման փաստաթղթով՝ նշելով ամսաթիվը, ամիսը, տարին, հասցեատիրոջ ստորագրությունը կամ հայցվող Կողմի իրավասու մարմնի հայտարարությունը, որում հանձնման փաստը, ամիսը, ամսաթիվը, տարին և եղանակը հաստատվում են։ Հայցող Կողմը անհապաղ տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման մասին։
Հոդված 11
Հայցվող Կողմում վկայություն վերցնելը
1. Հայցվող Կողմը, իր օրենքին համապատասխան, իր տարածքում վերցնում է վկաների և տուժողների վկայություններ, փորձագիտական եզրակացություններ, փաստաթղթեր, իրեր, հարցման մեջ նշված այլ վկայություններ և դրանք փոխանցում հայցող Կողմին։
2. Հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչները, որոնք ներկա են գտնվում հարցման կատարման ժամանակ, իրավունք ունեն ձևակերպելու հարցեր, որոնք համապատասխան անձին կարող են տրվել հայցվող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից։
3. Հայցող Կողմը պետք է հետևի հայցվող Կողմի կողմից ներկայացված պայմաններին՝ կապված բոլոր այն փաստաթղթերի և իրերի հետ, որոնք կարող են հանձնվել իրեն, այդ թվում՝ նման փաստաթղթերի և իրերի առնչությամբ երրորդ կողմի շահերի պաշտպանության պայմաններին։
4. Այնուհետև հայցող Կողմը, հայցվող Կողմի պահանջով, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, անմիջապես վերադարձնում է հանձնված փաստաթղթերի և իրերի բնօրինակները։
Հոդված 12
Անձանց և իրերի գտնվելու վայրը և ինքնությունը հաստատելը
Հայցվող Կողմի իրավասու մարմինները պետք է, իրենց պետության օրենքին համապատասխան, օգտագործեն իրենց բոլոր ջանքերը՝ պարզելու համար հարցման մեջ նշված անձանց և իրերի գտնվելու վայրն ու ինքնությունը։
Հոդված 13
Հայցող Կողմի տարածքում վկաների, տուժողների և փորձագետների անձամբ հանդես գալը
1. Եթե հայցող Կողմը հարցում է ներկայացնում անձամբ ներկայանալու վերաբերյալ` վկայություն տալու, փորձաքննություն անցկացնելու կամ իր տարածքում այլ ընթացակարգային գործողություններ իրականացնելու համար, ապա հայցվող Կողմը իր տարածքում գտնվող անձին տեղեկացնում է հայցող Կողմի՝ իր իրավասու մարմինների առջև հանդես գալու հրավերի մասին։
2. Հանդես եկող անձը պետք է հայցող Կողմի կողմից տեղեկացվի իր հանդես գալու հետ կապված վճարումներին և ծախսերին առնչվող պայմանների և պահանջների, ինչպես նաև այն երաշխիքների շրջանակի մասին, որի իրավունքն ունի տվյալ անձը՝ սույն Պայմանագրի 14-րդ հոդվածին համապատասխան։
3. Դատական ծանուցագիրը չպետք է պարունակի սպառնալիք հայցող Կողմի տարածք անձի չներկայանալու դեպքում հարկադրանք կամ պատիժ կիրառելու մասին։
4. Ծանուցված անձը ինքն է որոշում մյուս Կողմի տարածքում հանդես գալու հարցը։ Հայցվող Կողմի կենտրոնական մարմինը պետք է հայցող Կողմի կենտրոնական մարմնին անհապաղ տեղեկացնի այդ անձի որոշման մասին։
Հոդված 14
Պաշտպանված վկայություն
1. Հայցող Կողմում իրավասու մարմնի առջև ներկա գտնվող անձը, անկախ իր քաղաքացիությունից, տվյալ Կողմի տարածքում չպետք է կալանավորվի կամ ենթարկվի քրեական հետապնդման կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման այնպիսի արարքի համար կամ որևէ մեղադրանքի հիման վրա, որը նախորդել է հայցող Կողմի տարածք այդ անձի մուտք գործելուն։
2. Ծանուցված անձը կորցնում է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր անձեռնմխելիության իրավունքը, եթե նա, ազատ լինելով հեռանալ հայցող Կողմի տարածքից, չի լքել այն 15 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ համապատասխան իրավասու մարմնի կողմից իրեն գրավոր ծանուցվել է, որ իր ներկայությունն այլևս չի պահանջվում, կամ, լքելով տվյալ տարածքը, կամավոր վերադարձել է այնտեղ։
3. Ծանուցված անձը չպետք է հարկադրվի ներկայացնելու վկայություն այլ դեպքերում, քան այն դեպքն է, որը նշված է հարցման մեջ։
Հոդված 15
Կալանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցումը
1. Կալանավորված անձը (այդ թվում՝ այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման ձևով), անկախ իր քաղաքացիությունից, հայցվող Կողմի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող Կողմին՝ որպես վկա կամ տուժող վկայություն տալու կամ դատական վարույթին այլ կերպ աջակցելու համար, որը նշված է հարցման մեջ, այն պայմանով, որ տվյալ անձը կվերադարձվի հայցվող Կողմին վերջինիս կողմից սահմանված ժամանակահատվածում։
Նախնական ժամանակահատվածը, որի համար անձը կարող է փոխանցվել, չպետք է գերազանցի 90 օրը։ Հայցող Կողմի պատճառաբանված հարցման հիման վրա փոխանցված անձի մնալու ժամկետը կարող է երկարաձգվել հայցվող Կողմի կողմից։
Անձի փոխանցման և վերադարձման կարգն ու պայմանները պետք է համակարգվեն Կողմերի կենտրոնական մարմինների կողմից։
2. Անձի փոխանցումը մերժվում է՝
ա) եթե կալանավորված անձը (այդ թվում՝ այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման ձևով) դրա համար գրավոր համաձայնություն չի տալիս.
բ) եթե տվյալ անձի մասնակցությունն անհրաժեշտ է հայցվող Կողմի տարածքում դատական ընթացակարգերում։
3. Հայցող Կողմը պետք է փոխանցված անձին կալանքի տակ պահի այնքան ժամանակ, որքան այդ անձին կալանքի տակ պահելու մասին հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ է։
Այն դեպքում, երբ հայցվող Կողմի որոշման համաձայն կալանքի տակ պահվող անձը ազատ է արձակվում, հայցող Կողմը այդ անձի նկատմամբ պետք է կիրառի սույն Պայմանագրի 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթները։
4. Եթե կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման պատիժ կրող անձը համաձայն չէ հանդես գալ հայցող Կողմի առջև, ապա անհամաձայնության համար նա չպետք է ենթարկվի հարկադրանքի որևէ միջոցի կամ պատժի։
Հոդված 16
Հայցող Կողմի տարածք փոխանցված կամ հարցմամբ ներկայացած անձի պաշտպանությունը
Հայցող Կողմը անհրաժեշտության դեպքում ապահովում է իր տարածք փոխանցված կամ հարցմամբ ներկայացած անձի պաշտպանությունը՝ սույն Պայմանագրի 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան։
Հոդված 17
Իրերի հետ կապված միջոցառումները
1. Կողմերը համագործակցում են հանցագործության գործիքների և եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու գործում։
Նման համագործակցությունը հիմնված է սույն Պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի` 2000 թվականի Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ Կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես 2-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա և տարածվում է ոչ միայն այդ Կոնվենցիայով և դրա Արձանագրություններով նախատեսված հանցագործությունների վրա, այլև, սույն Պայմանագրի 1-ի հոդվածի 2 կետին համապատասխան, որևէ այլ քրեական արարքի վրա։
2. Սույն Պայմանագրի ստորագրումից հետո Կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն համաձայնության գալու համար հանցագործության եկամուտները և բռնագրավված իրերը բաժանելու մասին՝ որպես Կողմերի համագործակցության արդյունք, որը պետք է կազմվի որպես սույն Պայմանագրի Արձանագրություն։
Հոդված 18
Ծախսերը
1. Հայցվող Կողմը իր տարածքում պետք է կրի իրավական օգնության համար հարցման կատարման կանոնավոր ծախսերը` բացառությամբ նրա, որ հայցող Կողմը պետք է կրի՝
ա) դեպի իր տարածք և այնտեղից անձանց տեղափոխման հետ կապված ծախսերը, սույն Պայմանագրի 13-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան, և իր տարածքում նրանց գտնվելու և այդ անձանց համար վճարվելիք այլ ծախսերը.
բ) փորձագետների ծախսերն ու վճարները.
գ) սույն Պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` հարցման կատարմանը հայցող Կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցության և ճանապարհորդության հետ կապված ծախսերը.
դ) փոխանցված առարկաները հայցվող Կողմի տարածքից հայցող Կողմի տարածք և հետադարձ տեղափոխման հետ կապված ծախսերը։
2. Եթե հարցման կատարումը պահանջում է էական կամ արտակարգ ծախսեր, Կողմերի կենտրոնական մարմինները նախաձեռնում են խորհրդակցություններ՝ նպատակ ունենալով սահմանել հարցման կատարման պայմանները, ինչպես նաև այդ ծախսերի վճարման եղանակները։
Հոդված 19
Վեճերի լուծումները
1. Սույն Պայմանագրի մեկնաբանման կամ իրականացման ժամանակ ծագած վեճերը պետք է լուծվեն կամ երկու Կողմերի կենտրոնական մարմինների միջև բանակցությունների միջոցով, կամ դիվանագիտական ուղիներով։
Հոդված 20
Կիրառման ժամանակաշրջանը
Սույն Պայմանագիրը պետք է կիրառվի դրա ուժի մեջ մտնելուց հետո արված հարցումների նկատմամբ, եթե նույնիսկ համապատասխան արարքները տեղի են ունեցել մինչև այդ օրը։
Հոդված 21
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման։
2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենքներին համապատասխան վավերացման համար անհրաժեշտ միջոցառումները կատարելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից։
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով։ Պայմանագրի գործողության դադարեցումը ուժի մեջ կմտնի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 6 ամիս հետո։
4. Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել։ Այդ փոփոխությունները և/կամ լրացումները կձևակերպվեն արձանագրությամբ, որն ուժի մեջ կմտնի սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Ի հավաստումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Պայմանագիրը։
Կատարված է Կահիրե քաղաքում 2007 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 20.03.2008թ.: