ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
07.01.98 թ. ք. Երևան |
N 01 (116-0011) |
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի մետրոպոլիտենում շարժակազմի շահագործման անվտանգությունը ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
ա) Հաստատել «Երևանի մետրոպոլիտեն» ազդանշանման հրահանգը:
բ) Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար` |
Հ. Քոչինյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ
Ա Զ Դ Ա Ն Շ Ա Ն Մ Ա Ն
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Երևան-1998
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Մետրոպոլիտենի ազդանշանման հրահանգը սահմանում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքին վերաբերող ազդանշանների համակարգը, ինչպես նաև ազդանշանային սարքերի տեսակները, որոնց օգնությամբ տրվում են այդ ազդանշանները:
2. Սույն հրահանգով սահմանված ազդանշանների պահանջների ճշգրիտ և անառարկելի կատարումը ապահովում է գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի անվտանգությունը և անխափանությունը:
3. Երևանի մետրոպոլիտենի ազդանշանման հրահանգը պարտադիր է մետրոպոլիտենի բոլոր ստորաբաժանումների և աշխատողների համար: Ազդանշանման սույն հրահանգը կարող է փոփոխության ենթարկվել միայն ՀՀ տրանսպորտի նախարարության հրամանով:
4. Մետրոպոլիտենում ազդանշանմանը վերաբերող բոլոր հրահանգներն ու ղեկավարող այլ ցուցումները պետք է խստագույնս համապատասխանեն սույն հրահանգին:
5. Հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և Երևանի մետրոպոլիտենի կանոնադրություններից:
Գ Լ ՈՒ Խ 1
ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
«Ազդանշանները ծառայում են երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հստակ կազմակերպման համար:
Ազդանշանը հրաման է և այն անվերապահորեն պետք է կատարվի: Մետրոպոլիտենի աշխատողները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները ազդանշանի պահանջները կատարելու համար» («Տեխնիկական շահագործման կանոններ»-ի 6.1. կետը):
1.1. Ազդանշանները ստորաբաժանվում են երկու խմբի` տեսանելի և ձայնային:
1.2. Տեսանելի ազդանշանները արտահայտվում են թվանշաններով ու տառերով, ազդանշանային ցուցմունքների ձևով, թվով, դիրքով և գույնով:
Տեսանելի ազդանշաններ տալու համար ծառայում են հետևյալ ազդանշանային սարքերը` լուսացույցները, արագության ավտոմատ կարգավորմամբ (ԱԱԿ) ավտոմատ լոկոմոտիվային ազդանշանման (ԱԼԱ) ցուցիչները, վահանները, լապտերները, ձեռքի սկավառակները, սկավառակները, դրոշները, ազդանշանային ցուցիչները և ազդանշանային նշանները:
Տեսանելի ազդանշաններն ըստ իրենց կիրառության ստորաբաժանվում են`
ցերեկային` տրվում են վերգետնյա գծերում օրվա լուսավոր ժամերին: Այդպիսի ազդանշաններ տալու համար օգտագործում են վահաններ, սկավառակներ, դրոշներ, ազդանշանային ցուցիչներ (սլաքային, գծային փակոցի),
գիշերային` տրվում են թունելներում և օրվա մութ ժամերին վերգետնյա գծերում: Այդպիսի ազդանշաններ տալու համար օգտագործում են ձեռքի և գնացքային լապտերների, ձողերի (եռոտանիների) վրա ամրացված լապտերների և ազդանշանային ցուցիչների սահմանված գույնի լույսերը:
Վերգետնյա գծերում գիշերային ազդանշանները պետք է կիրառվեն նաև օրվա ցերեկային ժամերին մառախուղի, փոթորիկի ժամանակ և այլ անբարենպաստ պայմաններում, երբ ցերեկային ազդանշանների տեսանելիությունը 200 մ-ից պակաս է,
շուրջօրյա` հավասարապես տրվում են օրվա ցերեկային և գիշերային ժամերին: Այդպիսի ազդանշաններ են հանդիսանում լուսացույցների սահմանված գույների լույսերը, ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքները, լուսարտացոլիչներով դեղին (հակառակ կողմը` կանաչ) գույնի քառակուսի վահանները, երթուղային և այլ լուսային ցուցիչները և ազդանշանային նշանները:
Թունելներում կիրառվում են միայն գիշերային և շուրջօրյա ազդանշանները:
1.3. Ձայնային ազդանշանները` արտահայտվում են թվով և տարբեր տևողությամբ ձայների զուգորդմամբ: Դրանց նշանակությունը և' ցերեկը, և' գիշերը նույնն է:
Ձայնային ազդանշաններ տալու համար օգտագործում են էլ. գնացքների, մանևրային շարժակազմերի, տնտեսական գնացքների, լոկոմոտիվների սուլոցները, ձեռքի սուլիչները, շչակները և զանգերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄՇՏԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
2.1. Մշտական ազդանշաններին են պատկանում լուսացույցները և գնացքների կառավարման խցիկներում գտնվող ԱԼԱ-ի ցուցիչները:
ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ
2.2. Ըստ նշանակության լուսացույցները ստորաբաժանվում են`
մուտքի, որոնք թույլատրում կամ արգելում են գնացքին ընթանալ կայարանամեջից (երկու կայարանների միջև ընկած տարածքը) դեպի կայարան,
ելքի, որոնք թույլատրում կամ արգելում են գնացքին ուղևորվել կայարանից դեպի կայարանամեջ,
անցումային, որոնք թույլատրում կամ արգելում են գնացքին մի բլոկ-տեղամասից մյուսն անցնել,
մանևրային, որոնք թույլատրում կամ արգելում են մանևրների կատարումը,
կրկնողական, որոնք կրկնում են հիմնական լուսացույցի ցուցմունքները, երբ տեղական պայմանները չեն ապահովում հիմնական լուսացույցի տեսանելիությունը,
նախազգուշական, որոնք նախազգուշացնում են առջևում տեղակայված լուսացույցի ցուցմունքների մասին,
պաշտպանակման, որոնք տեղադրվում են մետաղական կառուցվածքների առջև,
ռեզերվային, որոնք տեղադրվում են հիմնական լուսացույցի հետ մի գծի վրա, այն նորմալ վիճակում անջատված է և ազդանշանային նշանակություն չունի:
Մեկ լուսացույցը կարող է համատեղել մի քանի նշանակություն (ելքի և մանևրային, անցումային և պաշտպանակման, ելքի և պաշտպանակման և այլն):
2.3. Կիրառվում են ոսպնյակային լուսացույցներ: Նրանք ստորաբաժանվում են երկու խմբի` կայմային և գաճաճային, որոնք տեղադրվում են բարձակների կամ կամրջակների վրա:
Լուսացույցների վրա կիրառվում են նորմալ վառվող և նորմալ չվառվող, թարթող և չթարթող (պարբերաբար վառվող և հանգչող) ազդանշանային լույսեր:
2.4. Ըստ կառավարման եղանակի լուսացույցները ստորաբաժանվում են ավտոմատ գործողության (ինքնուղեփակման լուսացույցներ) և կիսաավտոմատ գործողության լուսացույցների:
2.5. Ինքնուղեփակման լուսացույցները նշանակվում են թվանշաններով (նկ.2.1.), կիսաավտոմատ գործողության լուսացույցները` տառերով և թվանշաններով (նկ.2.2.) կամ միայն տառերով (նկ.2.3.): Լուսացույցների նշանակմանը, որոնք համատեղվում են մետաղական կառուցվածքների պաշտպանակման լուսացույցներով, ավելացվում է «Մ» (M) տառը (օրինակ` 331 M, ПK 72 M):
ԱԼԱ-ի ՑՈՒՑԻՉՆԵՐԸ
2.6. ԱԼԱ-ի ցուցիչը տեղադրված է գնացքի կառավարման խցիկում և պատրաստված է թվանշաններ և տառեր ունեցող լուսատու բջիջների տեսքով (նկ.2.4.):
ԱՎՏՈՄԱՏ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2.7. Գնացքների կառավարման խցիկներում գտնվող ԱԼԱ-ի ցուցիչներով տրվում են հետևյալ ազդանշանները`
թվանշանային ցուցմունք - «Թույլատրվում է երթևեկել ազդանշանային ցուցմունքը չգերազանցող արագությամբ»,
0 (զրո) թվանշան - «Կանգ ա'ռ: Պահանջվում է կանգ առնել»,
«НЧ» («ՀՉ» - հաճախություն չկա) կամ «ОЧ» («ՀԲ» - հաճախության բացակայություն) տառեր- «Կանգ ա'ռ» Պահանջվում է կանգ առնել: Առջևում գիծը զբաղված է, առկա է անսարքություն ԱԼԱ-ԱԱԿ-ի գծային, գնացքի սարքերում, ռելսի կոտրվածք»:
ՄՈՒՏՔԻ, ԵԼՔԻ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2.8. Այն գծերում, որտեղ գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման հիմնական միջոցը հանդիսանում է ինքնականգներով և պաշտպանական տեղամասերով, ավտոմատ և կիսաավտոմատ գործողության (անկախ նշանակությունից) լուսացույցներով ինքնուղեփակումը, տրվում են հետևյալ ազդանշանները`
մեկ կանաչ լույս - «Թույլատրվում է երթևեկել սահմանված արագությամբ» (նկ.2.5.),
մեկ դեղին լույս - «Թույլատրվում է երթևեկել ժամանակի ցանկացած պահին կանգ առնելու պատրաստությամբ, հաջորդ լուսացույցը փակ է» (նկ.2.6),
մեկ դեղին և մեկ կանաչ լույսեր - «Թույլատրվում է երթևեկել նվազեցված արագությամբ (60 կմ/ժ-ից ոչ ավելի) և պատրաստ լինել անցնելու հաջորդ դեղին լույսով լուսացույցը ոչ ավելի, քան 35 կմ/ժ արագությամբ, իսկ բաց վերգետնյա և դրան հավասարեցված տեղամասերում` ոչ ավելի, քան 25 կմ/ժ արագությամբ (նկ.2.7.),
երկու դեղին լույսեր - «Թույլատրվում է անցնել լուսացույցը ոչ ավելի, քան 35 կմ/ժ արագությամբ, գնացքը ընթանում է սլաքային փոխադրիչով շեղմամբ, հաջորդ լուսացույցը փակ է» (նկ.2.8.),
մեկ կարմիր և մեկ դեղին լույսեր - Մինչև վերակառուցումը թույլատրվում է «մեկ կարմիր և մեկ դեղին լույսեր» ազդանշանի կիրառումը: «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել, գծային ինքնականգը գտնվում է փակող դիրքում» (նկ.2.9.),
մեկ կարմիր լույս - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել» (նկ.2.10.):
ԱԼԱ-ԱԱԿ-ի սարքին սարքավորումներով գնացքները ընթանում են լուսացույցների ազդանշաններով` գնացքի կառավարման խցիկում ԱԼԱ-ի ցույց տված ազդանշանային ցուցմունքը չգերազանցող արագությամբ: Եթե ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքը գերազանցում է լուսացույցի թույլատրող արագությունը, ապա կատարվում է լուսացույցի ազդանշանի պահանջը:
2.9. Այն գծերում, որտեղ գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման հիմնական միջոցը հանդիսանում է ԱԼԱ-ԱԱԿ-ն` կահավորված առանց ինքնականգների ու պաշտպանական տեղամասերի ինքնուղեփակումով, ավտոմատ և կիսաավտոմատ գործողության (անկախ նշանակությունից) լուսացույցներով, միացված ինքնուղեփակման դեպքում տրվում են հետևյալ ազդանշանները`
մեկ կանաչ լույս - «Թույլատրվում է երթևեկել սահմանված արագությամբ» (նկ.2.5.),
մեկ դեղին լույս - «Թույլատրվում է երթևեկել ժամանակի ցանկացած պահին կանգ առնելու պատրաստությամբ, հաջորդ լուսացույցը փակ է» (նկ.2.6.),
երկու դեղին լույսեր - «Թույլատրվում է լուսացույցն անցնել 35 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ, գնացքն ընթանում է սլաքային փոխադրիչով շեղմամբ, հաջորդ լուսացույցը փակ է» (նկ.2.8),
մեկ կարմիր լույս - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել» (նկ.2.10):
ԱԼԱ-ԱԱԿ-ի սարքին սարքավորումներով գնացքները ընթանում են լուսացույցների ազդանշաններով` գնացքի կառավարման խցիկում ԱԼԱ-ի ցույց տված ազդանշանային ցուցմունքը չգերազանցող արագությամբ:
Այն գծերում, որտեղ գնացքների երթևեկության ժամանակ ԱԼԱ-ԱԱԿ-ն հանդիսանում է ազդանշանման հիմնական միջոցը, ավտոմատ գործողության լուսացույցների ազդանշանային լույսերը նորմալ վիճակում պետք է անջատված լինեն:
Ինքնուղեփակման լուսացույցների անջատված ազդանշանային լույսերի դեպքում, կիսաավտոմատ գործողության մուտքի և ելքի լուսացույցներով տրվում են հետևյալ ազդանշանները`
մեկ կապույտ լույս - «Թույլատրվում է երթևեկել գնացքի կառավարման խցիկում ԱԼԱ-ի ցուցիչի ազդանշաններով» (նկ.2.11):
ԱԼԱ-ի «0» կամ «ՀՉ» (ՀԲ) ազդանշանային ցուցմունքի դեպքում, կանգառից հետո թույլատրվում է երթևեկել 20 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ, զգոնության ոտնակը սեղմած, մինչև ԱԼԱ-ի թույլատրող ազդանշանային ցուցմունքի երևալը,
մեկ կարմիր լույս - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել» (նկ.2.10):
ԱԼԱ-ԱԱԿ-ի անջատված սարքավորումներով կամ դրանցով չկահավորված գնացքի համար լուսացույցի «մեկ կապույտ լույս» ազդանշանն ունի հետևյալ նշանակությունը` «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել: Պահանջվում է ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերը միացնել»:
ՀՐԱՎԻՐՈՂԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ
2.10. Հրավիրողական ազդանշանը մեկ լուսնա-սպիտակ գույնի թարթող լույս է, որը գնացքին թույլ է տալիս կանգ առնելուց հետո անցնել արգելող ցուցմունքով (կարմիր լույս, մեկ կարմիր և մեկ դեղին լույսեր, հանգած լույսեր, անհասկանալի ցուցմունք) լուսացույցը 20 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ, մինչև գնացքի կառավարման խցիկում ԱԼԱ-ի թույլատրող ազդանշանային ցուցմունքի երևալը, իսկ ԱԼԱ-ԱԱԿ-ի անսարք սարքավորումներով կամ ԱԼԱ-ԱԱԿ-ի սարքավորումներով չկահավորված գնացքին, ինչպես նաև ԱԼԱ-ԱԱԿ-ի սարքավորումներով չկահավորված գծերում` մինչև հաջորդ լուսացույցը:
Մանևրների ժամանակ հրավիրողական ազդանշանը թույլ է տալիս արգելող ցուցմունքով լուսացույցն անցնել 20 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ մինչև հաջորդ լուսացույցը կամ «Առաջին վագոնի կանգառը» ազդանշանային նշանը:
2.11. Հրավիրողական ազդանշանը տեղադրում են`
թունելներում, վերգետնյա գծերում և հավաքակայանային գծերի մանևրային լուսացույցների վրա` լուսացույցային գլխիկի մեջ, (նկ.2.12.),
հավաքակայանային գծերում, մուտքի և ելքի կայմային լուսացույցներում` միակազմ գլխիկում, լուսացույցի հիմնական գլխիկի տակ (նկ.2.13.):
Երթուղային ցուցիչով կահավորված լուսացույցներում հրավիրողական ազդանշանը, վերգետնյա գծերում, տեղադրվում է երթուղային ցուցիչի տակ:
ԿՐԿՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ
2.12. Կրկնողական լուսացույցը կրկնում է հիմնական լուսացույցի բոլոր ցուցմունքները: Կրկնողական լուսացույցը ունի այն լուսացույցի նշանակումը, որի ցուցմունքները նա կրկնում է` ավելացնելով մեկ թեք սև շերտով սպիտակ գույնի ցուցանակ (նկ.2.14.):
2.13. Թույլատրվում է կիրառել ռեզերվային լուսացույցներ, որոնք տեղադրվում են աջակողմյան կորություն ունեցող տեղամասում, հիմնական ձախակողմյան լուսացույցի ուղղությամբ:
Ռեզերվային լուսացույցի նորմալ վիճակում չվառվող ազդանշանային լույսերը միացվում են` հիմնական լուսացույցի ազդանշանային լույսերը հանգչելու դեպքում:
Ռեզերվային լուսացույցն ունի հիմնական լուսացույցի նշանակումը` ավելացնելով երկու թեք սև գույնի շերտերով սպիտակ ցուցանակ (նկ 2.15.):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ
2.14. Թույլատրվում է նախազգուշական լուսացույցների կիրառումը, որոնք նախազգուշացնում են հիմնական լուսացույցի ցուցմունքի մասին:
Նախազգուշական լուսացույցներով տրվում են հետևյալ ազդանշանները`
մեկ կանաչ լույս - «Թույլատրվում է երթևեկել սահմանված արագությամբ, հիմնական լուսացույցը բաց է» (նկ. 2.16.),
մեկ դեղին լույս - «Թույլատրվում է երթևեկել կանգ առնելու պատրաստությամբ, հիմնական լուսացույցը փակ է» (նկ.2.17.): Նախազգուշական լուսացույցն ունի հիմնական լուսացույցի նշանակումը` ավելացնելով երեք թեք սև շերտով սպիտակ ցուցանակ:
ՊԱՇՏՊԱՆԱԿՄԱՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ
2.15. Պաշտպանակման լուսացույցները տեղադրվում են մետաղական կառուցվածքների առջև: Տալիս են «մեկ կարմիր լույս» ազդանշանը (թույլատրում է «երկու կարմիր լույս» ազդանշան տալը) - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել»: Նորմալ վիճակում այդպիսի լուսացույցների ազդանշանային լույսերը չեն վառվում, և այդ դիրքում լուսացույցները ազդանշանային նշանակություն չունեն:
Մետաղական կառուցվածքները ճիշտ ուղղությամբ պաշտպանակող լուսացույցները նշանակվում են M (Մ) տառով, թվանշաններով, իսկ ոչ ճիշտ ուղղությամբ` MK (ՄԿ) տառերով, թվանշաններով (նկ.2.18.):
Մետաղական կառուցվածքների պաշտպանակման լուսացույցների հետ համատեղված ինքնուղեփակման և կիսաավտոմատ գործողության լուսացույցների նշանակմանը ավելացվում է Մ (M) տառը (օրինակ` 331 M, MK 72) (նկ.2.19., 2.20.):
ՎՏԱՆԳԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
2.16. Վտանգի ազդանշանը տեղադրվում է գծային զարգացմամբ կայարանում, շարժակազմերը ոչ ճիշտ ուղղությամբ դեպի գլխավոր գիծ մատուցելու ժամանակ, երթուղու վերջը ցույց տալու համար:
Վտանգի ազդանշանը մշտապես տալիս է «մեկ կարմիր լույս» ազդանշանը - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել»: Ազդանշանային լույսի տակ դրվում է սպիտակ գույնի ցուցանակ «Օկ» («ՎՏ» - վտանգ) տառերով (նկ.2.21):
Միջանկյալ կայարաններում, նշված երթուղու սլաքային փոխադրիչը կայարանամեջի կողմից ոչ ճիշտ ուղղությամբ պաշտպանակելու համար, կարող է տեղադրվել վտանգի լրացուցիչ ազդանշան:
Վտանգի լրացուցիչ ազդանշանը կարող է տեղադրվել գծային զարգացմամբ միջանկյալ կայարաններում, որտեղ դեպի գլխավոր գիծ ոչ ճիշտ ուղղությամբ շարժակազմերի մատուցման երթուղին սլաքների, ազդանշանների և երթուղիների փոխադարձ կախվածության աղյուսակով նախատեսված չէ:
Վտանգի լրացուցիչ ազդանշանը, երբ սլաքային փոխադրիչն ուղղված է գլխավոր գծով, չի վառվում և այդ դիրքում այն ազդանշանային նշանակություն չունի: Սլաքային փոխադրիչը գլխավոր գծով ուղղված չլինելու դեպքում, այն տալիս է «մեկ կարմիր գույնի թարթող լույս» ազդանշանը - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել»: Ազդանշանային լույսի տակ դրվում է «ԺԿկ» («ԼՎՏ» - լրացուցիչ վտանգ) տառերով ցուցանակը (ետ գնալը վտանգավոր է) (նկ.2.22.):
ՉԳՈՐԾՈՂ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
2.17. Չգործող լուսացույցները պետք է հանգած լինեն և նրանց վրա ամրացված լինի երկու ձողիկներից պատրաստված, խաչաձև նշան (նկ.2.23.):
Չգործող լուսացույցների լույսերի ժամանակավոր միացման կարգը, դրանք ստուգելու համար, սահմանվում է մետրոպոլիտենի տնօրինության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 3
ՇԱՐԺԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
3.1. Որպես շարժական ազդանշաններ ծառայում են` երկու կողմից կարմիր գույնի սկավառակները և ուղղանկյունաձև վահանները; քառակուսի վահանները, որոնց մի կողմը դեղին, իսկ մյուս կողմը կանաչ գույնի է, կարմիր, դեղին և կանաչ գույնի լույսերով լապտերները, որոնք դրվում են ձողերի կամ եռոտանիների վրա:
Կիրառվում են նաև շարժական ուղղանկյունաձև վահաններ, որոնք նախազգուշացնում են հպակային ռելսում լարման առկայության մասին:
Շարժական ազդանշաններով ներկայացվում են հետևյալ պահանջները`
կարմիր գույնի ուղղանկյունաձև վահան կամ կարմիր գույնի սկավառակ` ցերեկը վերգետնյա գծերում և լապտերի կարմիր լույս` գիշերը կամ թունելներում - «Կանգ ա'ռ: Արգելվում է ազդանշանն անցնել» (նկ.3.1. և 3.2.),
դեղին գույնի քառակուսի վահան` ցերեկը վերգետնյա գծերում և լապտերի դեղին լույս` գիշերը կամ թունելներում, կամ լուսարտացոլիչներով դեղին գույնի քառակուսի վահան - «Թույլատրվում է երթևեկել նվազեցված արագությամբ, որը նշված է նախազգուշացման կամ մետրոպոլիտենի տնօրենի հրամանի մեջ, առջևում վտանգավոր տեղ կա, իսկ նախազգուշացման բացակայության դեպքում` 20 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ, (նկ.3.3, 3.4, 3.5),
քառակուսի վահանի հակառակ կողմը (կանաչ գույնի)` ցերեկը վերգետնյա գծերում և լապտերի կանաչ լույս` գիշերը կամ թունելներում, կամ լուսարտացոլիչներով կանաչ գույնի քառակուսի վահան` թունելներում ցույց են տալիս, որ գնացքը ամբողջ շարժակազմով արդեն անցել է վտանգավոր տեղը և կարող է մեծացնել արագությունը (նկ. 3.6, 3.7, 3.8):
Թունելներում կանգառի շարժական ազդանշանները տեղադրվում են 1,5 մ բարձրություն ունեցող եռոտանիների վրա, գծի առանցքի վրա, իսկ արագության փոքրացման շարժական ազդանշանները կախվում են թունելի պատերից, ռելսի գլխիկի մակարդակից 2 մ բարձրության վրա: Կայարանի ճակատային մասում կանգառի շարժական ազդանշանները թույլատրվում է տեղադրել հատուկ բարձակի վրա:
Վերգետնյա գծերում կանգառի շարժական ազդանշանները տեղադրվում են 2 մ բարձրություն ունեցող եռոտանիների կամ ձողերի վրա, գծի առանցքի վրա, իսկ արագության փոքրացման շարժական ազդանշանները` նույնպիսի եռոտանիների կամ ձողերի վրա` գծի մոտ:
3.2. Արագության փոքրացման շարժական ազդանշանների տեղակայման սխեմաները միուղի տեղամասի համար բերված են 3.9 նկարում, երկուղի տեղամասի գծերից մեկի համար` 3.10 նկարում, երկուղի տեղամասի երկու գծերի համար` 3.11. նկարում:
Արագության փոքրացման շարժական ազդանշանները դրվում են վտանգավոր տեղի սահմաններից Ա հեռավորության վրա, ինչպես ցույց է տրված ստորև բերված աղյուսակում.
| |
Շարժակազմի վագոնների |
Ա հեռավորությունը, |
| |
3 |
60 |
Գծի կոր տեղամասերում, գնացքների շարժման ուղղության նկատմամբ ձախ կողմից, թույլատրվում է տեղադրել լուսարտացոլիչներով դեղին գույնի քառակուսի վահաններ:
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵՂԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿՈՒՄԸ ԿԱՅԱՐԱՆԱՄԵՋԵՐՈՒՄ
3.3. Կայարանամեջում գնացքների երթևեկության համար ամեն մի խոչընդոտ պետք է պաշտպանակված լինի կանգառի ազդանշաններով, անկախ նրանից, գնացք սպասվում է, թե ոչ: Կայարանամեջում աշխատանքների կատարման տեղերը, որտեղ պահանջվում է գնացքի կանգառ, պաշտպանակվում են այնպես, ինչպես խոչընդոտները:
Կայարանամեջում խոչընդոտները պաշտպանակվում են երկու կողմերից, շարժական կարմիր ազդանշաններով, պաշտպանակվող տեղամասի սահմաններից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (նկ.3.12):
Խոչընդոտները, 300 մ և պակաս շառավիղ ունեցող գծի կոր տեղամասերում, պաշտպանակվում են երկու կողմերից, պաշտպանակվող տեղամասի սահմաններից 75 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (նկ.3.13.):
Ազդանշանները, առաջին հերթին, տեղակայվում են սպասվող գնացքի կողմից: Միուղի տեղամասերում, եթե հայտնի չէ, թե որ կողմից է սպասվում գնացքը, ազդանշանները տեղակայվում են, առաջին հերթին, կոր տեղամասի կողմից և դեպի պաշտպանակվող տեղը` վայրէջքի կողմից:
Գնացքը շարժական կարմիր ազդանշանին մոտենալու դեպքում, մեքենավարը պարտավոր է կանգառի ազդանշան տալ և միջոցներ ձեռնարկել գնացքը անհապաղ կանգնեցնելու համար:
3.4. Փակված միուղի կայարանամեջում, երկուղի կայարանամեջի մեկ փակված գծում խոչընդոտը պաշտպանակվում է 3.14 նկարում ցույց տրված կարգով:
Կայարանամեջերի փակվող գծերում 300 մ և պակաս շառավղով կոր տեղամասերի առկայության դեպքում, խոչընդոտի պաշտպանակումը կատարվում է այնպես, ինչպես ցույց է տրված 3.15. նկարում:
Խոչընդոտի (աշխատանքների կատարման տեղի) պաշտպանակումը 0.040-ից ավելի թեքության վրա, կատարվում է այնպես, ինչպես ցույց է տրված 3.15 նկարում, անկախ այն բանից, կայարանամեջը փակվում է` թե ոչ:
3.5. Էլեկտրագնացքների երթևեկության (հատուկ փորձարկումների ժամանակ և այլն) ավարտից հետո, հպակային ռելսում լարման առկայության մասին աշխատողներին նախազգուշացնելու նպատակով, կայարանների ճակատային մասերում տեղադրվում են «Կանգ ա'ռ: Հպակային ռելսը լարման տակ է» դեպի կառամատույցն ուղղված մակագրությամբ վահաններ (նկ.3.16): Այդպիսի վահանները տեղադրվում են եռոտանիների վրա, բոլոր գծերի առանցքների վրա, ինչպես դեպի այն կայարանամեջը, որտեղ լարումը հանված չէ, այնպես էլ դեպի այն կայարանամեջը, որտեղ լարումը հանված է, սակայն որտեղից կարելի է անցնել այն տեղամասը, ուր հպակային ռելսը լարման տակ է գտնվում:
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵՂԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿՈՒՄԸ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ
3.6. Կայարանային գծերով և սլաքային փոխադրիչներով գնացքների երթևեկության համար ամեն մի խոչընդոտ պետք է պաշտպանակված լինի կանգառի ազդանշաններով, անկախ այն բանից, գնացք (մանևրային շարժակազմ) սպասվում է, թե ոչ:
Կայարանային գծում խոչընդոտի կամ աշխատանքների կատարման տեղերը կանգառի ազդանշաններով պաշտպանակելու դեպքում, դեպի այդ տեղը տանող բոլոր սլաքները տեղադրվում են այնպիսի դիրքով, որպեսզի բացառվի ցանկացած շարժակազմի մուտքն այնտեղ, և դրանք փակվում կամ կարվում են: Խոչընդոտի կամ աշխատանքների կատարման տեղում գծի առանցքի վրա տեղադրվում է շարժական կարմիր ազդանշան (նկ.3.17.):
Եթե այդ սլաքներից որևէ մեկը լեզվակներով ուղղված է խոչընդոտի կամ աշխատանքների կատարման տեղի կողմը և որը գծի մեկուսացման հնարավորություն չի տալիս, ապա այդպիսի տեղը երկու կողմից պաշտպանակվում է, խոչընդոտի կամ աշխատանքների կատարման տեղից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա տեղակայվող, շարժական կարմիր ազդանշաններով (նկ.3.18): Այն դեպքում, երբ սլաքի լեզվակները տեղադրված են խոչընդոտի կամ աշխատանքների կատարման տեղից 50 մ-ից ավելի մոտ, շարժական կարմիր ազդանշանները տեղադրվում են զուգամիտվող գծերից յուրաքանչյուրի վրա, խոչընդոտի կամ աշխատանքների կատարման տեղից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (3.19.): Հավաքակայանային գծերում կարմիր ազդանշանները տեղադրվում են 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
Եթե պաշտպանակման ենթակա սլաքային փոխադրիչի մոտակայքում տեղադրված է մի այլ սլաք, որը կարելի է դնել այնպիսի դիրքով, որ բացառվի շարժակազմերի մուտքը պաշտպանակվող սլաքային փոխադրիչի վրա, ապա այդ դիրքում սլաքը փակվում կամ կարվում է: Տվյալ դեպքում շարժական կարմիր ազդանշան այդպիսի սլաքի կողմից չի դրվում (նկ.3.19):
ԳՆԱՑՔԻ ՊԱՇՏՊԱՆԱԿՈՒՄԸ ԿԱՅԱՐԱՆԱՄԵՋՈՒՄ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԳԱՌԻ ԴԵՊՔՈՒՄ
3.7. Կայարանամեջում գնացքի հարկադրական կանգառի ժամանակ (օժանդակ գնացք պահանջելու դեպքում) մեքենավարը պետք է ստուգի օժանդակ գնացքի ժամանման կողմի վագոնի վրա կարմիր լույսերի սարքինությունը, օժանդակ գնացքը մոտենալու դեպքում, անսարք գնացքի մեքենավարը պետք է կանգառի ազդանշան տա:
3.8. Կայարանամեջում տնտեսական գնացքի հարկադրական կանգառի դեպքում, այն անհապաղ պաշտպանակվում է, նույնն է արվում նաև այլ պատճառներով (նյութերի բեռնաթափում և այլն) կանգառի դեպքում, եթե կանգառը 5 րոպեից ավելի է տևելու:
Եռոտանիների վրա դրված շարժական կարմիր ազդանշաններով պաշտպանակումը իրականացվում է`
եթե տնտեսական գնացքը կանգ է առել ճիշտ ուղղությամբ ընթանալիս` գնացքի պոչից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (նկ.3.20 ա.),
եթե տնտեսական գնացքը կանգ է առել ոչ ճիշտ ուղղությամբ ընթանալիս, ինչպես նաև ոչ ճիշտ ուղղությամբ ընթացող օժանդակ գնացքին սպասելու դեպքում, գնացքի գլխամասից և պոչից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (նկ.3.20. բ): Տնտեսական գնացքի պաշտպանակումը կատարում է մեքենավարի օգնականը:
3.9. Ռելսից դուրս գալու, բախվելու, թափված բեռի և այլ պատճառներով երկուղի տեղամասի կայարանամեջում տնտեսական գնացքի հարկադրական կանգառի դեպքում, երբ պահանջվում է պաշտպանակել գնացքների երթևեկության համար հարակից գծում առաջացած խոչընդոտի տեղը, մեքենավարը իր օգնականին պետք է ցուցում տա երկու գծերում էլ խոչընդոտները կարմիր ազդանշաններով պաշտպանակելու մասին, սկսած հարակից գծից, սույն հրահանգի 3.3 կետի համաձայն, և ընդհանուր տագնապի ազդանշան տա, մինչև պաշտպանակման ազդանշաններ տեղադրելը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՁԵՌՔԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
4.1. Ձեռքի ազդանշաններով ներկայացվում են հետևյալ պահանջները`
ա) կարմիր գույնի բացված դրոշով` ցերեկը վերգետնյա գծերում և ձեռքի լապտերի կարմիր լույսով` գիշերը և թունելներում - «Կանգ ա'ռ» (նկ.4.1, 4.2, 4.3):
Ցերեկը` կարմիր դրոշի, իսկ գիշերը` կարմիր լույսով ձեռքի լապտերի բացակայության դեպքում, կանգառի ազդանշանները տրվում են`
ցերեկը վերգետնյա գծերում` դեղին դրոշի, ձեռքի կամ որևէ այլ առարկայի շրջանաձև շարժումով (նկ.4.4, 4.5),
գիշերը և թունելներում` ցանկացած գույնի լույսով լապտերի շրջանաձև շարժումով (նկ.4.6):
բ) դեղին գույնի բացված դրոշով (պարզած ձեռքում բռնած)` ցերեկը վերգետնյա գծերում, իսկ գիշերը և թունելներում` նույն կերպ բռնած ձեռքի լապտերի դեղին լույսով - «Թույլատրվում է երթևեկել փոքրացված արագությամբ, նշված մետրոպոլիտենի տնօրենի նախազգուշացման կամ հրամանի մեջ, իսկ նախազգուշացման բացակայության դեպքում`20 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ» (նկ.4.7, 4.8, 4.9):
Դեղին լույսով լապտերի բացակայության դեպքում, արագությունը փոքրացնելու վերաբերյալ ազդանշանը կարող է տրվել թափանցիկա- սպիտակ լույսով ձեռքի լապտերը դեպի վեր և վար դանդաղ շարժելով (նկ.4.10):
4.2. Ինքնարգելակների փորձարկման ժամանակ տրվում են հետևյալ ազդանշանները`
ա) պահանջ մեքենավարին կամ մեքենավարի օգնականին` կատարել փորձնական արգելակում (բանավոր նախազգուշացումից հետո).
ցերեկը վերգետնյա գծերում` ուղղաձիգ դեպի վեր բարձրացրած ձեռքով, գիշերը և թունելներում` թափանցիկա-սպիտակ գույնի լույսով լապտերը բարձր պահելով (նկ.4.11, 4.12.): Մեքենավարը կամ մեքենավարի օգնականը պատասխանում է էլ. շարժակազմի մեկ կարճատև սուլոցով և կատարում արգելակում:
բ) պահանջ մեքենավարին և մեքենավարի օգնականին ազատ` արձակել արգելակները.
ցերեկը վերգետնյա գծերում` իր առջև հորիզոնական գծով ձեռքի աջ և ձախ շարժումով, գիշերը և թունելներում` թափանցիկա-սպիտակ լույսով ձեռքի լապտերի նույնպիսի շարժումով (նկ.4.13, 4.14): Մեքենավարը կամ մեքենավարի օգնականը պատասխանում է էլ. շարժակազմի երկու կարճատև սուլոցով և ազատ արձակում արգելակները:
Էլեկտրադեպոյում կամ տեխնիկական սպասարկման կետում, մեքենավարի (լոկոմոտիվային բրիգադի) կողմից գնացքն ընդունելու ժամանակ ինքնաարգելակները փորձարկելիս, փորձնական արգելակման կամ արգելակների ազատ արձակման մասին ընդունած ազդանշանի կրկնելը պարտադիր չէ:
Ինքնարգելակները փորձարկելիս, ցուցումներ հաղորդելու համար կարող են օգտագործվել ռադիոկապը կամ բարձրախոսային սարքերը:
4.3. Կայարանի հերթապահը (գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահը), որի պարտականության մեջ մտնում է գնացքը կայարանից ճանապարհելու ժամանակ «Գնացքը պատրաստ է ուղևորման» ազդանշան տալը, ցույց է տալիս ուղղաձիգ դեպի վեր բարձրացրած ձեռքում սպիտակ, կենտրոնում սև շրջան ունեցող սկավառակը (նկ.4.15): Ուղևորներ իջեցնող գնացքի համար ազդանշանն ունի նաև «Փակել դռները» նշանակությունը:
Սպիտակ լույսով ուղղանկյունաձև լապտերով կահավորված կայարաններում «Գնացքը պատրաստ է ուղևորման» ազդանշանը կարող է տրվել կայարանի հերթապահի կողմից (գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահի կողմից), լապտերը միացնելու միջոցով, իսկ նրա անսարքության դեպքում` ձեռքի սկավառակով:
4.4. Կայարանի միջով առանց կանգառի ընթացող գնացքը կանգնեցնելու համար կայարանի հերթապահը (գնացքները ընդունող և ճանապարհող հերթապահը) տալիս է հետևյալ ազդանշանը, բաց տիպի կայարաններում` ձեռքի սկավառակի շրջանաձև շարժումով (նկ.4.16):
4.5. Կայարանում չվացուցակով կանգառ ունեցող, ուղևորներ փոխադրող գնացքը առանց կանգառի բաց թողնելու համար, կայարանի հերթապահը (գնացք ընդունող և ճանապարհող հերթապահը) տալիս է հետևյալ ազդանշանը.
բաց տիպի կայարաններում` կենտրոնում սև շրջան ունեցող ձեռքի սպիտակ գույնի սկավառակը գլխից բարձր աջ ու ձախ շարժելով (նկ.4.17):
4.6. «Բացել գնացքի դռները» ազդանշանը բաց տիպի կայարաններում տրվում է կայարանի հերթապահի (գնացքներ ընդունող և ճանապարհող հերթապահի) կողմից` գլխից բարձր ձեռքերի մոտեցող և հեռացող շարժումով, մեկ ձեռքում ձեռքի կարմիր սկավառակ բռնած կամ առանց դրա (նկ.4.18.):
4.7. Էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ թունելում կամ գիշերը վերգետնյա տեղամասի կայարանամեջում աշխատողներ գտնվելու դեպքում, աշխատող կամ դեպի աշխատանքի վայր գնացող խմբի հսկիչը (կամ ավագը) համոզվելով, որ խմբի բոլոր անդամները գտնվում են շարժակազմի գաբարիտից դուրս, տալիս է, «Ուշադրություն մարդիկ կան» ազդանշանը թափանցիկա-սպիտակ լույսով ձեռքի լապտերով` պահելով այն պարզած ձեռքում դեպի մոտեցող գնացքի կողմը (նկ.4.19):
Մեքենավարը, աշխատողների խմբի հսկիչի (կամ ավագի) ազդանշանն ընդունելուն պես, պատասխանում է մեկ կարճ և մեկ երկարատև սուլոցով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՆՇԱՆՆԵՐ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
5.1. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ցույց տալ գնացքի կամ մանևրող շարժակազմի ընդունման գիծը կամ ընթացքի ուղղությունը, օգտագործում են լուսային (տառային, թվանշանային, ինչպես նաև տառայինի և թվանշանայինի զուգորդմամբ) կաթնագույն-սպիտակ գույնի ցուցիչներ: Երթուղային ցուցիչները պետք է միացվեն նաև բաց հրավիրողական ազդանշանի դեպքում:
Երթուղային ցուցիչները թունելներում տեղադրվում են լուսացույցի գլխիկում կամ գլխիկի կողքին (նկ.5.1), վերգետնյա գծերում` լուսացույցի հիմնական գլխիկի տակ (նկ.5.2): Թույլատրվում է սլաքների տեսքով երթուղային ցուցիչների կիրառումը, որոնցից մեկը պետք է լուսավորվի միայն բաց հրավիրողական ազդանշանի դեպքում:
Դրանք ունեն հետևյալ նշանակությունը.
լույս արձակող ուղղաձիգ սլաք` երթուղին սահմանված է ուղիղ գծով երթևեկելու համար (նկ.5.3),
լույս արձակող հորիզոնական սլաք` երթուղին սահմանված է շեղված գծով երթևեկելու համար (նկ.5.4):
ՍԼԱՔԱՅԻՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
5.2. Միայնակ գործող սլաքների լուսավորվող սլաքային ցուցիչները, կախված իրենց դիրքից, ցույց են տալիս.
ա) սլաքը տեղադրված է ուղիղ գծով.
ցերեկը երևում է սպիտակ ուղղանկյունաձև ցուցիչի նեղ կողմը, իսկ գիշերը` կաթնագույն-սպիտակ լույս (նկ.5.5),
բ) սլաքը տեղադրված է դեպի շեղված գիծ.
ցերեկը երևում է ցուցիչի լայն կողմը, իսկ գիշերը` դեղին գույնի լույս (նկ.5.6):
5.3. Չլուսավորվող սլաքային ցուցիչները ցույց են տալիս.
ա) սլաքը տեղադրված է ուղիղ գծով` սլաքային ցուցիչը կողով տեղադրված է գծի երկայնքով (նկ.5.7),
բ) սլաքը տեղադրված է դեպի շեղված գիծ` սլաքային ցուցիչի սպիտակ ֆոնի վրա երևում է շեղված գծի կողմն ուղղված սև սլաքը (նկ.5.8):
ԳԾԱՅԻՆ ՓԱԿՈՑԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ
5.4. Գծային փակոցի ցուցիչները ցույց են տալիս.
«Գիծը փակ է» - ցերեկը երևում է սպիտակ շրջան հորիզոնական սև շերտով, գիշերը` նույնպիսի սև շերտով կաթնագույն-սպիտակ լույս (նկ.5.9.),
«Փակոցը գծից հանված է» - ցերեկը երևում է սպիտակ շրջան կամ ուղղաձիգ մեկ սև շերտով ուղղանկյուն, գիշերը` կաթնագույն- սպիտակ լույս նույնպիսի սև շերտով (նկ.5.10),
Հենարաններում գծային փակոցի ցուցիչները դրվում են չորսուի աջ ծայրում և ազդանշանային ցուցմունք են տալիս միայն դեպի գծի կողմը (նկ.5.11): Այդ ցուցիչները թունելներում պետք է լուսավորվող լինեն, իսկ վերգետնյա գծերում կարող են լինել և' լուսավորվող, և' չլուսավորվող, ինչը որոշվում է կայարանի տեխնիկա- կարգադրական ակտով:
Որպես գծի փակոցի ազդանշանային սարքեր թույլատրվում է օգտագործել տիպային սլաքային լապտերներ:
ՄՇՏԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ
5.5. Սահմանային սյուները կամ ձողերը ցույց են տալիս այն տեղը, որից այն կողմ շարժակազմը չի կարելի կանգնեցնել, սլաքային փոխադրիչի կամ փակ հատման ուղղությամբ (նկ.5.12, 5.13):
Սահմանային սյուները տեղադրվում են ուղեմիջի կենտրոնում, իսկ սահմանային ձողերը` ուղեմիջի այն տեղերում, ուր զուգամիտվող գծերի առանցքների միջև եղած հեռավորությունը հասնում է տեխնիկական շահագործման կանոններով նախատեսված չափերին:
5.6. «Կայարանի սահմանը» նշանը ցույց է տալիս կայարանի սահմանները (նկ.5.14):
5.7. Նախազգուշական ազդանշանային նշաններն են`
«Սահմանային թույլատրելի արագություն» նշանը (նկ.5.15)` տեղադրվում է մետրոպոլիտենի տնօրենի հրամանով որոշված տեղերում:
« Т сбор» («Ա հավաք» - արգելակային հավաք) լուսային նշանը` արգելակման սխեմայի հավաքման սկզբի տեղն է, ավտոմատ կառավարման սարքերով կահավորված գնացքի համար (նկ.5.16), եթե «Т сбор» «Ա հավաք» լուսային նշանը չի վառվում, ապա մեքենավարը պետք է գնացքը կանգնեցնի կայարանում` կիրառելով էլեկտրական կամ օդաճնշիչ (պնևմատիկ) արգելակում,
գծի կոր տեղամասի, սլաքային փոխադրիչի և թունելի առջև դրված «C» («ՁԱ» - ձայնային ազդանշան) նշանը` տնտեսական գնացքները, առաջին էլեկտրագնացքը, ինչպես նաև թունելում մարդկանց գտնվելու և այնտեղ միացված լուսավորության դեպքերում բոլոր էլ. գնացքները, պետք է ձայնային ազդանշան տան (նկ.5.17):
«Միացնել քարշային շարժիչները» (նկ.5.18) և «Անջատել քարշային շարժիչները» (նկ.5.19) նշանները կախված` գնացքները վարելու ռեժիմից, կարող են լրացվել տառերով և թվանշաններով:
«T» («Ա» - արգելակում) նշանը` շարժակազմը կայարան կամ շրջադարձի գիծ մտնելիս արտակարգ արգելակման սկզբի տեղն է, եթե մեքենավարի կողմից ճիշտ ժամանակին չի կիրառվել ծառայողական արգելակումը (նկ.5.20.),
« Т начало» (Ա սկիզբ) նշանը` կայարանամեջում գնացքի աստիճանական արգելակման սկզբի տեղն է (նկ.5.21),
«Т конец» (Ա վերջ) նշանը` գնացքի աստիճանական արգելակման վերջի տեղն է:
«Առաջին վագոնի կանգառը» նշանը` տեղադրվում է կայարաններում ուղևորատար կառամատույցի գծերի վրա կամ գծային պատի վրա (նկ.5.23),
«3», «4», «5» նշանները` համապատասխանաբար երեք, չորս, հինգ վագոններով շարժակազմի առաջին վագոնի կանգառի տեղն է (նկ.5.24),
«1уп(1o)», «2уп(2o)», «3уп(3o)» նշանները` շարժակազմերի կանգառման համար առաջին վագոնի կանգառի տեղն է (նկ.5.25, 5.26),
«Հեռախոս» նշանը` ցույց է տալիս մոտակա կապի հեռախոսի գտնվելու վայրը (նկ.5.27),
«Ռելսային շղթայի սահմանը» նշանը` տեղադրվում է մեկուսիչ կցվանքների մոտ, գնացքի շարժման ուղղության նկատմամբ աջ կողմից, իսկ կառամատույցի սահմաններում փայտակոճի` վրա, անցած ռելսային շղթայի համարները և գնացքի կառավարման խցիկում ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքի հնարավոր փոփոխման տեղերը մեքենավարին ցույց տալու համար (նկ.5.28 և 5.29),
«Մետաղական կառուցվածքների պաշտպանակումը (ՄԿ)» նշանը` տեղադրվում է մետաղական կառուցվածքների առջև, 100 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, ՄԿ-ից հետո` 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (նկ.5.30):
5.8. Անհրաժեշտության դեպքում, մետրոպոլիտենի վարչության ցուցումների համապատասխան, որոշ ազդանշանային նշաններ կարող են լինել լուսային, լուսավորվող կամ լուսարտացոլիչներով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ
6.1. Մանևրային լուսացույցներով տրվում են հետևյալ ազդանշանները.
մեկ լուսնա-սպիտակ լույս - «Թույլատրվում է մանևրներ կատարել», իսկ ԱԼԱ-ԱԱԿ-ի աշխատող սարքավորումներով շարժակազմի համար` «Թույլատրվում է մանևրներ կատարել շարժակազմի խցիկում ԱԼԱ-ի ցույց տված ազդանշանային ցուցմունքը չգերազանցող արագությամբ» (նկ.6.1),
երկու լուսնա-սպիտակ լույս - Թույլատրվում է «երկու լուսնա-սպիտակ լույսեր» ազդանշանի կիրառումը: «Թույլատրվում է մանևրներ կատարել հավաքակայանային գծերում մինչև հաջորդ լուսացույցը, գլխավոր գծի ուղղությամբ» (նկ.6.2),
մեկ կարմիր լույս - «Արգելվում է մանևրներ կատարել» (նկ.6.3):
ԱԼԱ-ԱԱԿ սարքավորումներով կահավորված գծերում մանևրային լուսացույցները կարող են տալ «մեկ կարմիր և մեկ դեղին լույսեր» ազդանշանը - «Արգելվում է մանևրներ կատարել»:
Մանևրներ կատարելու թույլտվությունը կարող է տրվել նաև, կիսաավտոմատ գործողության մուտքի և ելքի լուսացույցներով համատեղված, մանևրային լուսացույցներով, մեկ լուսնա-սպիտակ լույսով (նկ.6.4):
Մանևրային լուսացույցները կարող են լրացվել կարմիր լույսի և լուսնա-սպիտակ լույսի կրկնիչներով:
Մանևրային լուսացույցի կարմիր լույսի կրկնիչը` կարմիր թարթող լույսը, բոցավառվում է զբաղված ռելսային շղթայի դեպքում, կարմիր լույսով լուսացույցից առաջ:
Կարմիր լույսի կրկնիչը տեղադրվում է ինտենսիվ օգտագործվող մանևրային երթուղիները (շարժակազմերի շրջադարձը) պաշտպանակող մանևրային լուսացույցների վրա` լուսացույցի գլխիկի մոտ:
Մանևրային լուսացույցի լուսնա-սպիտակ լույսի կրկնիչը` կաթնագույն-սպիտակ լույսը, բոցավառվում է լուսնա-սպիտակ լույսի հետ միաժամանակ և մեքենավարին թույլատրում հանձնել շարժակազմի կառավարումը:
Մանևրային լուսացույցների լուսնա-սպիտակ լույսի կրկնիչը, որը պաշտպանակում է շարժակազմերի շրջադարձի համար նախատեսված գծերից դուրս գալը, դրվում է դեպի այդ գիծը մատուցված շարժակազմի առաջին վագոնի կանգառի տեղի մոտ և ազդանշան է տալիս երկու կողմերի ուղղությամբ: Կրկնիչները օգտագործվում են ուղղանկյունաձև լապտերի տեսքով (նկ.6.5):
6.2. Շարժակազմերի կանգառման նպատակով գիծը առանձին տեղամասերի բաժանելու համար օգտագործվող լուսացույցները մշտապես տալիս են «մեկ կարմիր լույս» ազդանշանը (նկ.6.6): Այդպիսի լուսացույցները սարքավորվում են հրավիրողական ազդանշաններով:
ՁԵՌՔԻ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ՄԱՆԵՎՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
6.3. Մանևրներ կատարելու ժամանակ տրվում են ձեռքի և ձայնային հետևյալ ազդանշանները.
«Մանևրող շարժակազմին կամ լոկոմոտիվին` շարժվել տրվող ազդանշանի ուղղությամբ» - ցերեկը վերգետնյա գծերում` բացված դեղին դրոշի, ձեռքի սկավառակի գլխից բարձր աջ և ձախ շարժումով, գիշերը և թունելներում` թափանցիկ սպիտակ լույս արձակող ձեռքի լապտերի նույնպիսի շարժումով (նկ.6.7, 6.8) կամ մեկ երկար ձայնով:
«Մանևրող շարժակազմին կամ լոկոմոտիվին` շարժվել տրվող ազդանշանից հեռանալով» - ցերեկը վերգետնյա գծերում` բացված դեղին դրոշի, ձեռքի սկավառակի, ոտքերի առաջ աջ ու ձախ շարժումով, գիշերը և թունելներում` թափանցիկա-սպիտակ լույս արձակող ձեռքի լապտերի նույնպիսի շարժումով (նկ.6.9 և 6.10) կամ երկու երկար ձայներով:
«Դանդաղ» - ցերեկը վերգետնյա գծերում` բացված դեղին դրոշի, ձեռքի սկավառակի (պարզած ձեռքում բռնած) վեր և վար դանդաղ շարժումով, գիշերը և թունելներում` թափանցիկա-սպիտակ լույս արձակող ձեռքի լապտերի նույնպիսի շարժումով (նկ.6.11 և 6.12) կամ երկու կարճատև ձայներով:
«Կանգ ա'ռ» - ցերեկը վերգետնյա գծերում` բացված կարմիր կամ դեղին դրոշի, ձեռքի սկավառակի շրջանաձև շարժումով, գիշերը և թունելներում` ցանկացած գույնի լույս արձակող ձեռքի լապտերի նույնպիսի շարժումով կամ երեք կարճատև ձայներով (նկ.6.13 և 6.14):
6.4. Մանևրներ կատարելիս ձայնային ազդանշանները տրվում են ձեռքի սուլիչով: Ազդանշանները պետք է կրկնվեն մանևրող շարժակազմի (լոկոմոտիվի) սուլոցներով, որոնք հաստատում են դրանց ընդունումն ի կատարում:
6.5. Բոլոր ազդանշանները պետք է այնպես տրվեն, որպեսզի դրանք ճիշտ ընկալվեն այն մանևրող շարժակազմի կամ լոկոմոտիվի մեքենավարի կողմից, որոնց դրանք վերաբերվում են: Ազդանշան տվող աշխատողը պետք է գտնվի մեքենավարի տեսադաշտում և ազդանշանը տալիս դեմքով ուղղված լինի դեպի նա:
Գ Լ ՈՒ Խ 7
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՇԱՐԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
7.1. Գնացքի գլխամասը, թունելային տեղամասի գծով, միացման ճյուղով և գիշերը վերգետնյա տեղամասի գծով ճիշտ ուղղությամբ ընթանալիս, նշվում է թափքի ներքևի մասում տեղադրված լապտերների երկու թափանցիկա-սպիտակ լույսերով, իսկ թափքի վերևի մասում տեղադրված լուսարձակի առկայության դեպքում, դրանից բացի, նրա թափանցիկա-սպիտակ լույսերով (լույսով) (նկ.7.1): Գնացքի գլխամասը, ցերեկը վերգետնյա տեղամասի գծով ճիշտ ուղղությամբ ընթանալիս կամ շարժակազմի գլխամասը, հավաքակայանային գծերով երթևեկելիս, կարող է ազդանշաններով չնշվել:
Վերգետնյա տեղամասեր ունեցող մետրոպոլիտեններում գնացքը ոչ-ճիշտ ուղղությամբ ընթանալու դեպքում, նրա գլխամասը թունելներում և վերգետնյա տեղամասերում և' ցերեկը, և' գիշերը նշվում է լապտերի կարմիր լույսով, ձախ կողմից և լապտերի թափանցիկա-սպիտակ լույսով` աջ կողմից, իսկ լուսարձակի առկայության դեպքում, բացի դրանից, նրա թափանցիկա-սպիտակ լույսերով (նկ.7.2):
Էլեկտրագնացքի ոչ ճիշտ ուղղությամբ ընթանալու դեպքում, նրա գլխամասը կարող է նշվել լապտերների երկու թափանցիկա-սպիտակ լույսերով, իսկ հեռատարած լուսարձակի առկայության դեպքում, դրանից բացի, նրա թափանցիկա-սպիտակ լույսերով: Լուսարձակի միացնելը այս դեպքում պարտադիր է:
Տնտեսական գնացքը ոչ ճիշտ ուղղությամբ ընթանալիս, նրա գլխամասը նշվում է ձախ կողմից լապտերի կարմիր լույսով, իսկ աջ կողմից` լապտերի թափանցիկա-սպիտակ լույսով (նկ. 7.3):
Թույլատրվում է լոկոմոտիվների (միայնակ կամ տնտեսական գնացքի կազմում) հանդերձումը դեղին փայլատակող փարոսիկներով, որոնք միացվում են.
ոչ ճիշտ գծով երթևեկելիս,
կայարանամեջում հարկադրական կանգառի դեպքում,
մինչ հինգ րոպե տևողությամբ պլանային աշխատանքներ կատարելու համար, ոչ-փակ կայարանամեջում կանգառի դեպքում:
7.2. Էլեկտրագնացքը ճիշտ կամ ոչ-ճիշտ ուղղություններով ընթանալու դեպքում, նրա պոչը նշվում է երկու կարմիր լույսերով` թափքի վերևի մասում (նկ. 7.4):
Տնտեսական գնացքը ճիշտ կամ ոչ-ճիշտ ուղղություններով ընթանալու դեպքում, նրա պոչը նշվում է երկու կարմիր լույսերով (նկ. 7.5):
7.3. Մեքենավարի կողմից, ոչ գլխամասային խցիկից կառավարվող էլ. գնացքի շարժման ժամանակ, նրա գլխամասը նշվում է երկու կարմիր լույսերով` թափքի վերևի մասում, և թափքի ճակատային մասում` ձեռքի լապտերի մեկ թափանցիկա-սպիտակ լույսով (նկ.7.6):
7.4. Ռեզերվային գործարկմամբ կառավարվող գնացքի երթևեկության ժամանակ, նրա գլխամասը նշվում է երկու թափանցիկա-սպիտակ գույնի լույսերով, իսկ լուսարձակի առկայության դեպքում, դրանից բացի, նրա թափանցիկա-սպիտակ լույսերով (լույսով) և լրացուցիչ կերպով կարող է նշվել երկու կարմիր լույսերով (նկ.7.7):
7.5. Կայարաններում շրջադարձ կատարելիս շարժակազմերը նշվում են.
շարժակազմի գլխամասը` թափքի ստորին մասում տեղադրված երկու թափանցիկա-սպիտակ լույսերով, իսկ լուսարձակի առկայության դեպքում, բացի դրանից, նրա թափանցիկա-սպիտակ լույսերով (նկ.7.1),
շարժակազմի պոչը` երկու կարմիր լույսերով (նկ.7.4.):
7.6. Կայարանային գծում կամ կայարանամեջային գծում կանգառման մեջ գտնվող շարժակազմի գլխամասը և պոչը նշվում է թափքի վերին մասում տեղադրված երկու կարմիր լույսերով:
7.7. Հավաքակայանային գծում կանգառման մեջ գտնվող շարժակազմը կամ առանձին վագոնը պաշտպանակվում է կարմիր գույնի ուղղանկյունաձև վահանով (կամ այլ շարժական կարմիր ազդանշաններով), որը տեղադրվում է պաշտպանակվող շարժակազմի, առանձին վագոնի մոտ կամ կարմիր գույնի սկավառակով, որը տեղադրվում է վագոնի թափքի ճակատային մասում (նկ.7.8 և 7.9):
ԳԾԱՅԻՆ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՈՎԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ
7.8. Ռելսեր տեղափոխելու համար նախատեսված հանովի սայլակները, գծաչափիչ, արատանշիչ, գործիքային և այլ հանովի շարժական միավորները, գծում գտնվելիս պետք է ունենան.
թունելներում` առջևից և ետևից տեսանելի լապտերի կարմիր լույս (թույլատրվում է կարմիր գույնի թարթող լույս), որը ամրացված լինի ռելսի գլխիկի մակերևույթից 1,8 մ բարձրություն ունեցող ձողի վրա,
վերգետնյա գծերում` ցերեկը երկու կողմերից կարմիր գույնով ներկված ուղղանկյունաձև վահան կամ ձողի վրա ամրացված բացված կարմիր դրոշ, իսկ գիշերը` առջևից և ետևից տեսանելի, ձողի վրա ամրացված, լապտերի կարմիր լույս:
Մետրոպոլիտենի աշխատողները, որոնք պաշտպանակում են հանովի միավորները, ինչպես նաև հանովի միավորների տեղաշարժումը ղեկավարող աշխատողները, պետք է ապահովված լինեն ձեռքի դրոշներով, ազդանշանային լապտերներով, ձեռքի սուլիչներով, գնացքը մոտենալու մասին, ինչպես նաև, եթե պահանջվի, գնացքը կանգնեցնելու ազդանշաններ տալու համար:
Գ Լ ՈՒ Խ 8
ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
8.1. Գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի ժամանակ ձայնային ազդանշանները տրվում են գնացքների, լոկոմոտիվների սուլոցներով, ձեռքի սուլիչներով, զանգերով:
| |||
NN ը/կ | Ազդանշանը | Ազդանշանի նշանակությունը | Ով է տալիս |
| |||
8.1.1 | Երեք կարճ *** |
«Կանգ առ» |
Մեքենավարը, մեքենավարի օգնականը, կայարանի և այլ աշխատողները |
| |||
8.1.2 | Երկու կարճ ** |
«Դանդաղ» |
Մեքենավարը, մեքենավարի օգնականը, կայարանի և այլ աշխատողները |
Կայարանի հերթապահի, մեքենավար-հրահանգչի, տեխնիկական սպասարկման կետի աշխատողի կանչը գնացքի (շարժակազմի) մոտ, ԱԿԲ-ի էլեկտրամեխանիկի կանչը՝ թունելային կապի հեռախոսի մոտ | Գնացքի (մանևրող շարժակազմի, լոկոմոտիվի) մեքենավարը | ||
| |||
8.1.3 | Մեկ երկար - |
«Գնացքին (մանևրող շարժակազմին) ուղևորվել» | Մեքենավարը կամ կառավարման գլխամասային խցիկում գտնվող մեքենավարի օգնականը, ազդանշանը կրկնում է կառավարման ոչ գլխամասային խցիկում գտնվող մեքենավարը |
«Մանևրող շարժակազմին (լոկոմոտիվին) շարժվել տրվող ազդանշանի ուղղությամբ» | Դեպոյի հերթապահը, կայարանի և այլ աշխատողները, ազդանշանը կրկնում է մեքենավարը | ||
| |||
8.1.4 | Երկու երկար - - |
«Մանևրող շարժակազմին (լոկոմոտիվին) շարժվել տրվող ազդանշանից հեռանալով» | Դեպոյի հերթապահը, կայարանի և այլ աշխատողները, ազդանշանը կրկնում է մեքենավարը |
«Հանձնում եմ շարժակազմի կառավարումը» | Շարժակազմը շրջադարձի գիծ բերած մեքենավարը | ||
Պահանջ տնտեսական գնացքը սպասարկող աշխատողներին՝ «Թողնել ձեռքի արգելակները» | Տնտեսական գնացքի մեքենավարը, ազդանշանը կրկնում է կառամատույցի վրա գտնվող, տնտեսական գնացքի մեքենավարի օգնականը ձեռքի արգելակներով, կամ օժանդակ գնացքի մեքենավարը | ||
«Լարումը հպակային ռելսից հանված է։ Այն աշխատողներին, որոնց ազգանունները գրանցված են մատյանում, թույլատրվում է թունել մտնել» | Կայարանի հերթապահը | ||
| |||
8.1.5 | Երեք երկար - - - |
Պահանջ տնտեսական գնացքը սպասարկող անձնակազմին` «Արգելակել ձեռքի արգելակներով» | Տնտեսական գնացքի մեքենավարը, ազդանշանը կրկնում է կառամատույցի վրա գտնվող, տնտեսական գնացքի մեքենավարի օգնականը ձեռքի արգելակներով, կամ օժանդակ գնացքի մեքենավարը |
| |||
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԸՆԹԱՆԱԼԸ ԿՐԿՆԱԿԻ ՔԱՐՇՈՎ | |||
| |||
8.1.6 | Մեկ կարճ * |
Քարշը փոքրացնելու պահանջ երկրորդ լոկոմոտիվի մեքենավարին | Տանող լոկոմոտիվի մեքենավարը, ազդանշանը կրկնում է երկրորդ լոկոմոտիվի մեքենավարը |
| |||
8.1.7 | Երկու կարճ ** |
Քարշը մեծացնելու պահանջ երկրորդ լոկոմոտիվի մեքենավարին | Տանող լոկոմոտիվի մեքենավարը, ազդանշանը կրկնում է երկրորդ լոկոմոտիվի մեքենավարը |
8.2. Էլ. գնացքի, «լոկոմոտիվի» մեկ երկար սուլոց տեղեկացնող ազդանշանը տրվում է` կայարանն առանց կանգառի անցնելու դեպքում.
կառամատույցի եզրը սահմանափակող գծից դուրս ուղևորների առկայության դեպքում,
թունելում մարդկանց գտնվելու դեպքում,
արագության սահմանափակման տեղին մոտենալիս,
ոչ ճիշտ ուղղությամբ գնացքը կայարան ընդունելիս,
(C), (ՁԱ) ազդանշանային նշանին տնտեսական գնացքը, առաջին էլ. գնացքը մոտենալու դեպքում,
գծի վրա մարդկանց գտնվելու վայրին և հանովի շարժական միավորներին տնտեսական գնացքը մոտենալու դեպքում,
մնացած այլ դեպքերում, որոնք նշված են մետրոպոլիտենի տնօրենի հրամաններում:
Գնացքը ոչ ճիշտ ուղղությամբ ընթանալու դեպքում, ինչպես նաև մառախուղի, ծխոտվածության և այլ անբարենպաստ պայմաններում, որոնք տեսանելիության փոքրացման պատճառ են հանդիսանում, տվյալ ազդանշանը կրկնվում է մի քանի անգամ:
8.3. Զգոնության ազդանշանը տրվում է էլ. գնացքի մեկ կարճ և մեկ երկար սուլոցներով և պարբերաբար կրկնվում է`
արգելող ցուցմունքով անցումային լուսացույցն անցնելիս, նրա առջև կանգ առնելուց հետո, և բլոկ-տեղամասով հետագայում ընթանալիս;
հրավիրողական ազդանշանի լուսնա-սպիտակ թարթող կամ կաթնագույն-սպիտակ լույսով մուտքի լուսացույցին մոտենալիս և մուտքի ազդանշանի արգելող ցուցմունքների ժամանակ գնացքի ընդունման բոլոր այլ դեպքերում, ինչպես նաև ոչ ճիշտ ուղղությամբ ընթացող գնացքն ընդունելիս,
թափանցիկա-սպիտակ լույսով լապտեր բռնած մարդկանց խմբին մոտենալիս,
գնացքի շարժման արագության սահմանափակման տեղին մոտենալիս:
Գ Լ ՈՒ Խ 9
ՏԱԳՆԱՊԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
9.1. Տագնապի ազդանշանները տրվում են ուժային կայանքների շչակներով, էլ. գնացքների, լոկոմոտիվների սուլոցներով:
9.2. «Ընդհանուր տագնապ» ազդանշանը տրվում է մեկ երկար և երեք կարճ ձայներից կազմված խմբերով ___ *** ___ *** ___ *** հետևյալ դեպքերում`
վերգետնյա գծում կամ թունելում երթևեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտներ կամ անսարքություններ հայտնաբերելիս;
հպակային ռելսից լարումը հանելու անհրաժեշտության դեպքում,
գնացքի խորտակման և այլ դեպքերում, երբ օգնության կարիք է զգացվում,
գնացքի (լոկոմոտիվի) արգելակային էֆեկտի կորստի դեպքում, եթե ստեղծվում է խոչընդոտի կամ մարդկանց վրաերթի սպառնալիք:
Անհրաժեշտության դեպքում ազդանշանը տրվում է մետրոպոլիտենի ամեն մի աշխատողի կողմից:
9.3. «Հրդեհային տագնապ» ազդանշանը տրվում է մեկ երկար և երկու կարճ ձայներից կազմված խմբերով ___ ** ___ ** ___ **:
Անհրաժեշտության դեպքում ազդանշանը տրվում է մետրոպոլիտենի ամեն մի աշխատողի կողմից:
9.4. «Օդային տագնապ» ազդանշանը տրվում է շչակների երկարացված հնչեղությամբ, ինչպես նաև կարճ ձայների շարքով անընդհատ 2-3 րոպեի ընթացքում *** *** *** *** *** *** *** ***:
Քաղաքում շչակներով տրված կամ ռադիովերահաղորդման ցանցով հաղորդված օդային տագնապի ազդանշանն անմիջապես կրկնվում է կայարաններում, շչակների միջոցով, վերգետնյա գծերում` էլ. գնացքների, լոկոմոտիվների սուլոցներով և ուժային կայանքների շչակներով, ինչպես նաև հայտարարվում է բարձրախոսներով:
9.5. «Ճառագայթային վտանգ» կամ «Քիմիական վտանգ» ազդանշանը տրվում է 2-3 րոպե տևողությամբ.
վերգետնյա գծերում` էլ. գնացքների, լոկոմոտիվների սուլոցներով մեկ երկար, մեկ կարճատև ձայներից կազմված խմբերով ___*___*___* ,
կայարաններում, էլեկտրադեպոյում և այլ ձեռնարկություններում հայտարարվում է բարձրախոսներով:
«Ճառագայթային վտանգ» կամ «Քիմիական տագնապ» ազդանշանը կայարաններում, էլ. դեպոյում և այլ ձեռնարկություններում տրվում է համապատասխանաբար կայարանի, էլ. դեպոյի, ձեռնարկության պետի կարգադրությամբ:
9.6. Օդային տագնապի ավարտի, ինչպես նաև ռադիոակտիվ կամ թունավոր նյութերով ախտահարվելու սպառնալիքի վերացման մասին մետրոպոլիտենի աշխատողները և ուղևորները տեղեկացվում են`
կայարաններում, էլ. դեպոյում և այլ ձեռնարկություններում` համապատասխանաբար կայարանի, էլ. դեպոյի, ձեռնարկության պետի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, բարձրախոսներով և այլ կապի միջոցներով,
գնացքներում գնացքի` կարգավարի ցուցումով, բարձրախոսներով:
9.7. Վերգետնյա գծերում լուսացույցների, լապտերների, սլաքային ցուցիչների, գնացքային, ձեռքի և այլ ազդանշանների ազդանշանային լույսերը պետք է ապահովվեն լուսաքողարկիչ սարքերով:
Գ Լ ՈՒ Խ 10
ՀՊԱԿԱՅԻՆ ՌԵԼՍԻՆ ԼԱՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՐԱՆԻՑ ԼԱՐՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏՐՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
10.1. Հպակային ռելսին առաջիկա լարում տալու մասին թունելում աշխատող մարդկանց նախազգուշացնելու համար, կայարանի հերթապահը տալիս է հետևյալ ազդանշանները`
ժամանակի ազդանշան - 5 վրկ տևողությամբ թունելի բանվորական լուսավորությունը լրիվ անջատելով և միացնելով, որը տրվում է առաջին նախազգուշական ազդանշանից 10 րոպե առաջ և նշանակում է աշխատանքները վերջացնելու պահանջ,
առաջին նախազգուշական ազդանշան - թունելի բանվորական լուսավորության, 5 վրկ միջակայքերով, կրկնակի անջատման և միացման միջոցով, որը նշանակում է բոլոր աշխատանքների դադարեցման և մարդկանց թունելից դուրս գալու պահանջ,
երկրորդ նախազգուշական ազդանշան - բանվորական լուսավորության, 5 վրկ միջակայքերով, եռակի անջատման և միացման միջոցով:
Երկրորդ նախազգուշական ազդանշանը տալուց հետո հպակային ռելսը համարվում է լարման տակ:
Բանվորական լուսավորության անսարքության դեպքում, առաջիկա լարում տալու մասին տեղեկացնող ազդանշանները տրվում են վթարային լուսավորության միջոցով, նույն կարգով:
10.2. Վերգետնյա տեղամասերում հպակային ռելսին առաջիկա լարում տալու մասին ազդանշանները տրվում են կայարանի հերթապահի կողմից, ուժեղ հնչող էլ. զանգերով`
ժամանակի ազդանշանը - 5 վրկ տևողությամբ զանգերի մեկ միացումով, որոնք տրվում են առաջին նախազգուշական ազդանշանից 10 րոպե առաջ,
առաջին նախազգուշական ազդանշանը - 5 վրկ միջակայքերով, զանգերի կրկնակի միացման և անջատման միջոցով,
երկրորդ նախազգուշական ազդանշանը - 5 վրկ միջակայքերով զանգերի եռակի միացման և անջատման միջոցով:
10.3. Հպակային ռելսից լարումը հանելու մասին տեղեկացնող ազդանշանը տրվում է կայարանի հերթապահի կողմից, ձեռքի սուլիչի երկու երկար ձայներով, կամ հայտարարվում է բարձրախոսներով:
10.4. Էլեկտրադեպոյի հպակային ռելսին առաջիկա լարում տալու տեղեկությունը հայտնվում է էլ. դեպոյի հերթապահի կողմից`
բարձրախոսի միջոցով, հետևյալ բառերով` «Լարում եմ տալիս N____ առվին»,
առվում միացնելով զանգային ազդասարքը 10 վրկ տևողությամբ:
Համապատասխան առվի վրա լարման առկայության դեպքում, առվի վրա, առվի մեջ, և զատիչի ազդանշանային վահանի վրա միացվում են կարմիր լույսով ազդանշանային լամպեր:
Գ Լ ՈՒ Խ 11
ՎԹԱՐԱ-ԱԶԴԱՐԱՐԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ
11.1. Վթարա-ազդարարային ազդանշանը ծառայում է գնացքի կարգավարի կողմից թունելներում գտնվող աշխատողներին չնախատեսված ցուցումներ հաղորդելու համար:
11.2. Վթարա-ազդարարային ազդանշանը կայարանամեջ տրվում է կայարանի հերթապահի կողմից, գնացքի կարգավարի ցուցումով, մեկ րոպե տևողությամբ բանվորական լուսավորությունը անջատելու և միացնելու միջոցով:
Այս ազդանշանը ստանալուն պես, աշխատանքներ կատարող բոլոր ծառայությունների պատասխանատուները, ինչպես նաև տնտեսական գնացքների մեքենավարները, գնացքային ռադիոկապի բացակայության դեպքում, անմիջապես պետք է թունելային կապի միջոցով խոսեն գնացքի կարգավարի հետ: