«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբերի 2006 թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի «ը» կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել համայնքային ծառայողի էթիկայի կանոնները՝ համաձայն հավելվածի:
Հ. Աբրահամյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ
1. Սույնով սահմանվում են համայնքային ծառայողի էթիկայի կանոնները։
2. Համայնքային ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են։
3. Համայնքային ծառայողը պարտավոր է պահպանել էթիկայի հետևյալ կանոնները.
ա) հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
բ) հրապարակայնորեն չընդդիմանալ պետական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վարվող քաղաքականությանը.
գ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել նրան.
դ) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով.
ե) հարգել մարդու արժանապատվությունը՝ անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
զ) հավատարիմ մնալ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր կողմից տրված երդմանը.
է) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.
ը) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.
թ) իր բանավոր և գրավոր շփումներում բացառել կոպտության դրսևորումը.
ժ) քաղաքավարի լինել պաշտոնատար անձանց, աշխատողների և ֆիզիկական անձանց հետ.
ժա) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանը և պահպանմանը, որ համայնքային ծառայության համակարգը հիմնված է անկողմնակալության, ազնվության և արդյունավետության գաղափարի վրա.
ժբ) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից և ծառայության ընթացքում օգտագործել միայն բարոյական միջոցներ՝ նպատակին հասնելու համար.
ժգ) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
ժդ) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
ժե) չօգտագործել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը՝ իր անձնական շահերի համար.
ժզ) հարգանքով վերաբերվել այլ ժողովուրդների և ազգերի էթնիկական առանձնահատկություններին, ավանդույթներին և սովորույթներին.
ժէ) պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ։
4. Սույն էթիկայի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը։