«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 662-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2006 թվականի հեռակա ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2006 թվականի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները` համաձայն հավելվածի:
2. Նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և իրավաբանական և օրենսդրության վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սույն կանոնները սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Հաստատված է Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ կետի և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի՝ վճարովի հիմունքով և առանց ընդունելության քննությունների` Նախարարության կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի)` որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա:
3. Հաստատություն կարող են դիմել միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
4. Օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը Հաստատություններ կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգով»:
5. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում՝ 2006 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ:
6. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`
ա) դիմում,
բ) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
գ) չորս լուսանկար (3x4 չափսի),
դ) (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող և անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական),
ե) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
Դիմորդը, անհրաժեշտության դեպքում, կարող է ներկայացնել նաև.
ա) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ,
բ) նպատակային ընդունելության իրավունքը հաստատող փաստաթուղթ,
գ) տեղեկանք աշխատանքի վայրից:
7. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:
8. Հաստատության դիմորդը՝ ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:
Անկախ ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Հաստատության ընդունող հանձնաժողովն առանձին անձանց կարող է ազատել վերոնշյալ վճարից:
9. Դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է 2006 թվականի նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 17-ը` ըստ Հաստատության կողմից հաստատած ժամանակացույցի:
10. Կրթության մասին փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկայի գնահատականի փոխարեն հաշվի է առնվում «Ռուսաց լեզու» առարկայի գնահատականը: Բացառություն են կազմում «0302 Հայոց լեզվի դասավանդում», «0312 Դասավանդում տարրական դասարաններում» և «0313 Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից՝ հայկական դպրոցի համապատասխան ծրագրով:
11. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը:
12. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
13. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:
14. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:
15. Հատկացված տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված մրցութային առարկաներից գնահատականներ ունեցող կամ քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային
առարկաներից առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝
ա) ըստ մասնագիտությունների մրցութային առարկաների ցանկով սահմանված հաջորդականության՝ առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (մասնագիտական տեխնիկական կրթության (արհեստագործական) դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին,
բ) մանկավարժական մասնագիտությունների համար՝ համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:
Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2006 թվականին ընդունելության քննություն հանձնած դիմորդին:
16. Դիմորդի ընդունելության արտոնությունները հաշվի են առնվում՝ համաձայն ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» հմ. 545 որոշման պահանջների:
17. Ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2006 թվականի նոյեմբերի 20-ը:
18. Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
19. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն Կանոններով, կարգավորվում են համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, Նախարարության կամ տվյալ Հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով՝ համաձայնեցնելով Նախարարության հետ: