ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
23 մայիսի 1996 թ. N 191
«ՀԱՑԻ ԵՎ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի լրումն ՀՀ առսպասնախի 27.03.96 թ. N 93 հրամանի 4-րդ կետի հրամայում եմ՝
1. Նախարարության համակարգի հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրով զբաղվող բոլոր ձեռնարկությունների ղեկավարներին ընդունել ի գիտություն և ի ղեկավարություն, որ`
ա) 1995 թ. ապրիլի 29-ից ուժի մեջ են մտել ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված (N 04960020) «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները)» (կցված է),
բ) «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնները» տպագրվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1996 թ. մայիսի 17-ի N 67 համարում (հատուկ թողարկում),
2. Սույն հրամանի N 1 հավելվածում նշված ՀՀ առսպասնախի համակարգի համապատասխան ձեռնարկությունների ղեկավարներին`
«Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» տեքստը սույն հրամանի 3-րդ կետում նշված կարգով բազմացնել և բաշխել մարզի տարածքում հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին՝ ի գիտություն և ի ղեկավարություն, միաժամանակ մարզային թերթերից մեկում կազմակերպել նշված կանոնների տպագրումը։
3. «Հայգովազդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 0. Առաքելյանին (հասցեն՝ Արցախի 59բ, հեռ. 47-2-12, 47-22-00), ձեռնարկություններից ստացված պատվերների հիման վրա կազմակերպել «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» տպագրումը և դրանցով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրով զբաղվող, կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին։
4. Առևտրի և սպասարկումների կազմակերպման վարչությանը՝ Գ. Հարությունյանին.
ա) ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» ամրակարված օրինակը հանձնել I—III բաժին (Ա. Հովհաննիսյանին), այն համարակալել որպես ենթաօրենսդրական փաստաթուղթ համար 1 և պահպանել նորմատիվային փաստաթղթերի պահպանման համար սույն հրամանով հաստատված կարգով (հավելված N 2 կցվում է),
բ) կազմակերպել «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» բաշխումը շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, նախարարության կենտրոնական ապարատի համապատասխան ստորաբաժանումներին և համակարգի բոլոր ձեռնարկություններին,
դ) նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի ձեռնարկությունների աշխատողների միջոցով հացի վաճառքով զբաղվող մանրածախ առևտրական ձեռնարկություններում կազմակերպել ուսումնասիրություններ «Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի կանոնների» պահպանման ուղղությամբ և արդյունքների մասին զեկուցել համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալի Ա. Գալստյանի վրա:
Նախարար |
Վ. Մելքոնյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԱՌՍՊԱՍՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. ՀՀ արդարադատության նախարարությունում սահմանված կարգով գրանցված գերատեսչական նորմատիվ ակտեր (կանոններ, կարգեր, հրահանգներ և այլն) մուտքագրվում են նախարարության ընդհանուր բաժնում և գրանցվելուց հետո, նույն օրը, փաստաթղթերի մեկ օրինակը հանձնվում է նախարարության I-I I I բաժնին (ըստ աճող կարգի դրանց համարակալման և պահպանման համար), իսկ երկրորդ օրինակը տրվում է նախարարին (բացակայության դեպքում՝ առաջին տեղակալին)՝ մակագրության։
2. Նախարարի կամ առաջին տեղակալի հանձնարարականը ստանալուց հետո նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ստացված գերատեսչական նորմատիվ ակտի երկրորդ օրինակի հիման վրա, ըստ հանձնարարականի, պատրաստում է հրաման և այն համապատասխան գերատեսչական նորմատիվային փաստաթղթի պատճենի հետ միասին ուղարկում է ՀՀ շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին, ՀՀ առսպասնախի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և ՀՀ տարածքում գործող կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին ու անհատ ձեռներեցներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է դրանց տպագրումը հանրապետական կամ տեղական մամուլում:
3. Հանձնարարականի կատարումից հետո նախարարության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ստացված գերատեսչական նորմատիվ ակտի երկրորդ օրինակը հանձնում է փաստաթղթերի կատարման վերահսկողության և տեղեկատվության վարչությանը (ընդհանուր բաժնին)` ի պահ: