«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 փետրվարի 2005 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՈՒՄ ՈՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ժզ» ենթակետին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած և գրանցման ներկայացված ապրանքային և սպասարկման նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածների (1, 2, 3)։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի 1999 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում պատվերով որոնում անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1 հրամանը։
Կ. Ճշմարիտյան
Հավելված 1 |
Կ ա ր գ
Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած և գրանցման ներկայացված ապրանքային և սպասարկման նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու
1. Սույն կարգը սահմանված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ժզ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած, ինչպես նաև իրավական պահպանություն տրամադրելու համար ներկայացված ապրանքային նշանների, ինչպես նաև Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա Արձանագրության հարցերով միջազգային բյուրոյի հիմնապաշարներում (այսուհետ՝ հիմնապաշարներ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով որոնում անցկացնելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով:
2. Ցանկացած անձ կարող է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն)՝ ապրանքային նշանների հիմնապաշարներում որևէ նշանին նույնական և (կամ) շփոթելու աստիճան նման նշանների կամ որևէ անձի պատկանող ապրանքային նշանների որոնում անցկացնելու խնդրանքով:
3. Որևէ նշանին նույնական և (կամ) շփոթելու աստիճան նման նշանների որոնման համար ներկայացված դիմումը (հավելված 2) պետք է պարունակի ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ԱԾՄԴ) այն դասերը կամ ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնցով անհրաժեշտ է անցկացնել որոնումը, դիմողի ազգանունը, անունը (անվանումը), նամակագրության հասցեն և պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի։
Դիմումին կցվում են՝
ա) այն նշանի պատկերը, որին նույնական կամ նման նշանների որոնման համար անհրաժեշտ է անցկացնել որոնումը.
բ) նշանի նկարագրությունը, ինչը պետք է համապատասխանի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնների» 25-27-րդ կետերով սահմանված պահանջներին.
գ) օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ժզ» ենթակետով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը։
4. Որևէ անձի պատկանող ապրանքային նշանների որոնման համար ներկայացված դիմումը (հավելված 3) պետք է պարունակի տվյալ անձի լրիվ և ճշգրիտ ազգանունը, անունը (անվանումը), ներառյալ կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառերը: Օտարերկրյա անձանց պատկանող ապրանքային նշանների որոնում խնդրարկելիս անհրաժեշտ է տվյալ անձի անվանումը նշել նաև լատինատառ:
Դիմումին կցվում է օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ժզ» ենթակետով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը։
5. Դիմումը քննարկվում է ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում, որի ընթացքում ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված պահանջներին (ըստ դիմումի տեսակի):
6. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, 20-օրյա ժամկետում ապրանքային նշանների հիմնապաշարներում անցկացվում է համապատասխան որոնում և դրա արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն, որը 5-օրյա ժամկետում առաքվում կամ հանձնվում է դիմում ներկայացնողին:
Հաշվետվության մեջ նշվում են ի հայտ բերված նշանների հայտի և գրանցման համարը (եթե գրանցված չէ՝ միայն հայտի համարը), հայտի ներկայացման թվականը, ապրանքային նշանի պատկերը և ԱԾՄԴ դասը):
7. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, հարցում է ուղարկվում դիմողին՝ ճշգրտված նյութերը կամ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով:
8. Հարցումը սահմանված ժամկետում անպատասխան թողնելու դեպքում, կամ եթե պահանջված նյութերը (ճշգրտված տվյալները, լրացուցիչ պետական տուրքի վճարման անդորրագիրը) ներկայացվել են ոչ լրիվ, որոնումն անցկացվում է ըստ դիմումում նշված այն դասերի հերթականության, որոնցով որոնում անցկացնելու համար ներկայացված տվյալները և վճարված պետական տուրքը բավարար են:
Մնացած դեպքերում դիմումը համարվում է չներկայացված, և պետական տուրքի վճարման անդորրագիրը վերադարձվում է դիմում ներկայացնողին:
9. Սույն կարգի համաձայն ներկայացված դիմումների քննարկումը և համապատասխան որոնումների հետ կապված աշխատանքներն իրականացնում է գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժինը: