ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
12 մարտի 2002 թվականի |
N 147 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ INTRANET-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկում թղթատարության կրճատման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկում IntraNet-ի էլեկտրոնային փոստի միջոցով ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման» կարգը (կցվում է):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԿԱՐԳ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ INTRANET-Ի ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկում Intranet-ի էլեկտրոնային փոստի (Lotus Domino) միջոցով ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման ընթացակարգը:
1.2. Սույն կարգը վերաբերում է բոլոր այն փաստաթղթերին, որոնք պատրաստված են ՀՀ կենտրոնական բանկի որևէ ստորաբաժանման կողմից և ուղղված են այլ ստորաբաժանմանը/ստորաբաժանումներին ի գիտություն կամ առաջարկություններ, դիտողություններ, կարծիք ստանալու ակնկալիքով, այդ թվում.
- միջգրասենյակային հուշագրեր և դրանց կցված նյութեր,
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի, վարչության, տարբեր տեսակի հանձնաժողովների նիստերի արձանագրություններ,
- դրամավարկային քաղաքականության ծրագրեր,
- տարբեր տեսակի փաստաթղթերի նախագծային տարբերակներ,
- այլ նյութեր:
Սույն կարգը չի վերաբերում ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի անդամներին ուղղված զեկուցագրերին և ստորագրմանը/հաստատմանը ներկայացվող փաստաթղթերին (այդ թվում, պայմանագրեր, համաձայնագրեր, ընդունման-հանձնման ակտեր), ՀՀ կենտրոնական բանկից դուրս ուղղվող և դրսից ստացվող նամակներին, տարբեր տեսակի ֆինանսական փաստաթղթերին (այդ թվում, տեղեկանքներ, հաշվետվություններ, վճարման ենթակա փաստաթղթեր), գաղտնիք պարունակող փաստաթղթերին, որոնց շրջանառությունը կատարվում է թղթային եղանակով:
1.3. Սույն կարգի իմաստով`
Փաստաթուղթ` ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից պատրաստված, այլ ստորաբաժանումներին ուղղված էլեկտրոնային փաստաթուղթ (ֆայլ).
Համակարգ` Lotus Domino ծրագրային փաթեթ:
Էլեկտրոնային փոստ` Lotus Domino ծրագրային փաթեթի էլեկտրոնային փոստ.
Ձեռնարկ` Lotus Domino ծրագրային փաթեթի էլեկտրոնային փոստից օգտվելու ձեռնարկ.
ՈՒղարկող` Էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթուղթը առաքող ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանում.
Ստացող` Էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթուղթ ստացող ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանում:
2. Փաստաթղթերի ուղարկումը և ստացումը
2.1. Փաստաթուղթը պատրաստած ՀՀ կենտրոնական բանկի ստորաբաժանումը այլ ստորաբաժանմանը/ստորաբաժանումներին Էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկելու համար պետք է ուղղորդվի Էլեկտրոնային փոստի օգտագործողի ձեռնարկով:
2.2. ՀՀ կենտրոնական բանկի մեկ ստորաբաժանումից մյուսին/մյուսներին էլեկտրոնային փոստի միջոցով փաստաթուղթ ուղարկելիս, ուղարկողը որպես ստացող/ստացողներ պարտադիր պետք է նշի հասցեատեր հանդիսացող ստորաբաժանման/ստորաբաժանումների ղեկավարի/ղեկավարների էլեկտրոնային փոստի արկղի հասցեն/հասցեները:
2.3. Էլեկտրոնային եղանակով ստացված բոլոր փաստաթղթերից համապատասխան փաստաթղթի փնտրման գործընթացի հեշտացման նպատակով, ուղարկողը փաստաթուղթը ուղարկելիս պարտադիր պետք է լրացնի էլեկտրոնային նամակի «Առարկա» (Subject) դաշտը:
2.4. Եթե ուղարկողը ակնկալում է ստացողից/ստացողներից ստանալ կարծիք, առաջարկություններ կամ դիտողություններ իր կողմից պատրաստված որևէ նյութի վերաբերյալ, ապա նա Էլեկտրոնային փոստի միջոցով ստացողին է ուղարկում նաև տվյալ նյութը` էլեկտրոնային եղանակով կցելով այն միջգրասենյակային հուշագրին:
2.5. Ստացողը ստացված նյութի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ ունենալու դեպքում` դրանք նյութը ուղարկողին է ներկայացնում Էլեկտրոնային փոստի միջոցով: Առաջարկությունները և դիտողությունները կարող են նշվել կամ միջգրասենյակային հուշագրում, կամ նյութի մեջ ուղղումներ կատարելով` օգտագործելով Microsoft Word-ի Track Changes հնարավորությունը:
2.6. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի, վարչության, տարբեր տեսակի հանձնաժողովների նիստերի արձանագրությունների նախնական տարբերակների համաձայնեցման գործընթացը իրականացվում է Արձանագրային բաժնի կողմից սույն կարգի 2.2. և 2.3. կետերին համապատասխան:
2.7. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի, վարչության, տարբեր տեսակի հանձնաժողովների նիստերի արձանագրությունների հաստատումից հետո Արձանագրային բաժինը դրանց էլեկտրոնային տարբերակները ստորաբաժանումներին է առաքում Էլեկտրոնային փոստի միջոցով:
2.8. Փաստաթղթերի առաքումից հետո ուղարկողը առաքման փաստը հաստատող անդորրագիր է ստանում համակարգից: ՈՒղարկողը, ուղղորդվելով Էլեկտրոնային փոստի օգտագործողի ձեռնարկով, կարող է` օգտագործելով համակարգի հնարավորությունները հաստատում ստանալ նաև ստացողի կողմից փաստաթղթի ընթերցման վերաբերյալ:
2.9. Փաստաթղթի առաքման ամսաթիվ և ժամ են համարվում ստացողի էլեկտրոնային արկղում տվյալ փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը և ժամը: