«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32204221
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
4 սեպտեմբերի 2003 թ. |
N 500-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ 953 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործավարության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Կոմիտեի նախագահի տեղակալներին, կոմիտեի աշխատակազմի ղեկավարին, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարներին սույն հրամանով հաստատված գործավարության կարգի դրույթներին համապատասխան` կազմակերպել գործավարությունը կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոլեգիայի 18.11.1999 թ. N 5 որոշման 7-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի գործավարության հրահանգը»:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գ. Եգանյանի վրա:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան 4 սեպտեմբերի 2003 թ.
Կ Ա Ր Գ
Հաստատում եմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) գործավարության կարգը:
2. Կոմիտեի գործավարության կազմակերպումն իրականացնում է կոմիտեի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
3. Աշխատակազմի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են կոմիտեի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարները:
4. Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ գործավարությունը կազմակերպվում է կոմիտեի նախագահի 16.04.2002 թ. N 245-Կ հրամանով հաստատված «Հայասատանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգին» համապատասխան:
5. Կոմիտեի համակարգում սույն կարգով նախատեսված գործավարության միասնական կարգի ապահովման նկատմամբ հսկողությունը դրվում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի վրա (այսուհետ` աշխատակազմի ղեկավար):
6. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՈՒ ՇԱՐԺԸ
7. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
8. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի կոմիտեի նախագահին հասցեագրված «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ կոմիտեի համակարգչային ցանցով հաղորդվում են կոմիտեի նախագահին:
9. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարների վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
10. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են կոմիտեի համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ կառուցվածքային, տարածքային (առանձնացված) ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որով հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:
13. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
14. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունենա գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
15. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա էլեկտորնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
16. Քարտուղարությունում չեն գրանցվում տեղեկատվական բնույթի փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է կոմիտեի դրոշմակնիքը, նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո անմիջականորեն հանձնվում է աշխատակազմի համապատասխան կառուցվածքային կամ տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներին:
17. ՀՀ Նախագահից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում են կոմիտեի նախագահին:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
18. Կոմիտեի նախագահին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո հանձնվում են հասցեատիրոջը:
19. Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերը և մյուս փաստաթղթերը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են նրան:
Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը հանձնարարականներ է տալիս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:
20. ՀՀ իրավական ակտերի նախագծերն աշխատակազմում քննարկելու համար կոմիտեի նախագահի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում` կոմիտեի նախագահի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտներին համապատասխան:
21. Գլխադասային ստորաբաժանման աշխատողը (այսուհետ` աշխատակազմի աշխատող) քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում կամ մատյանում, գլխադասային ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունն ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` կոմիտեի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրության հիման վրա:
22. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթերին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման հիման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:
23. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ ֆայլում որևէ նշում կատարել:
24. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
25. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`
ՀՀ նախարարություններից, այլ պետական մարմիններից ստացված կոմիտեի քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար`
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր,
գ) այլ փաստաթղթերի` քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համար` մինչև 15 օր:
26. ՀՀ օրենքների և ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության, վարչապետի որոշումների նախագծերի քննարկման համար ՀՀ Նախագահի 16.04.2002 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 18 կետի «ե» ենթակետի պահանջների համաձայն` սահմանվում է 5-օրյա ժամկետ` դրանք ստանալուց հետո:
27. ՀՀ կառավարությունից ստացված փաստաթղթերի կատարման համար (եթե ժամկետ սահմանված չէ) սահմանվում են հետևյալ ժամկետները.
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար` մինչև 5 օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմավորումներ պահանջող հարցերի համար` մինչև 10 օր:
28. Առանձին դեպքերում կատարման ժամկետը կարող է երկարացվել միայն կոմիտեի նախագահի կողմից:
29. Եթե հանձնարարականը տրված է 2 և (կամ) ավելի կատարողներին` ապա քարտուղարությունը փաստաթղթերի բնօրինակը հանձնում է առաջին կատարողին, իսկ կրկնօրինակները հանձնարարականի ցանկում նշված այլ կատարողներին:
Փաստաթղթի հանձնարարականի կատարումը ապահովվում է համատեղ` անկախ նրանից, թե ում անվան առաջին տառը և ազգանունը նշված են հանձնարարականի ցանկում առաջինը:
30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում փաստաթղթերի կատարման ժամկետների խախտման դեպքում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից կոմիտեի նախագահի անունով ներկայացվում է զեկուցագիր, որին կցվում է հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարողի ստորագրությամբ բացատրագիրը:
31. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներն աշխատակազմի իրավաբանական բաժնից դուրս են տրվում միայն աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:
Աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
III. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
32. Կոմիտեի աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղեկալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից: Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում` ելից փաստաթղթերը ստորագրվում են կոմիտեի նախագահին փոխարինող համապատասխան տեղակալի կողմից:
33. Ստորագրման ներկայացվող նամակին կցվում են երկրորդ օրինակը` նախագիծը պատրաստող աշխատողի նշագրումով:
34. Նամակների տեքստերի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի թիվը:
35. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են, որպես ՀՀ նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:
Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:
36. Նյութերը` կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները և ցուցումները` կից նյութերով, ուղարկվում են, որպես կանոն, էլեկտրոնային կամ թղթի վրա պատճենների ձևով:
37. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
Ելից համարը դրվում է տեքստի վերջում:
38. ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և օտարերկրյա պետություններ ուղարկվող նամակները, որոնք ստորագրվում են կոմիտեի նախագահի կողմից, նախքան առաքվելը, պետք է նշագրման տրվեն համապատասխան տեղակալին:
39. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:
40. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանում, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:
41. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցեն, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային թվային օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
42. Փաստաթղթերն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
43. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
IV. ԿՈՄԻՏԵԻՑ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ) ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
44. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից թղթակցությունը պարտադիր պարունակում է կատարման ժամկետ և ենթակա է կատարման` նշված ժամկետում:
45. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից փաստաթղթերի պատասխանները հասցեագրվում են ելից թղթակցությունը ստորագրած համապատասխան պաշտոնատար անձի անունով:
46. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից փաստաթղթերի կատարման ժամկետը երկարացվում է բացառապես կոմիտեի նախագահի կողմից` կոմիտեի աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարների զեկուցագրերի հիման վրա:
47. Աշխատակազմի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում մուտքագրված կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` նրա տեղակալների, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից մակագրված ելից փաստաթղթերի կատարման ժամկետի խախտման դեպքում աշխատակազմի ղեկավարի կողմից կոմիտեի նախագահի անունով ներկայացվում է զեկուցագիր, որին կցվում է հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարողի բացատրագիրը:
V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
48. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
49. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:
50. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
51. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով:
52. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից ներկայացվում են կոմիտեի նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին:
53. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ կարող են հանձնվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցումը:
54. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները կոմիտեի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար:
Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երկու օրինակից, երկուսն էլ հանձնվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում: Առաջին օրինակը քարտուղարության պետի ստորագրությամբ ուղարկվում է դիմողին, իսկ երկրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրումով, կցվում է գործին:
55. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ենթակա են քննարկման սույն կարգի 25-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետում:
56. Ուսումնասիրություններից ու վերջնական քննարկումներից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են քարտուղարություն` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հիմնավորմամբ, ստորագրությամբ և աշխատակազմի ղեկավարի` «Գործին» մակագրությամբ` ամսաթվի նշումով:
57. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջակության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
58. Հսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են քարտուղարությունում պարտադիր գրանցման:
Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Հսկողություն» դրոշմոցը:
Պատասխանի պայմանանիշը կազմված է գրանցման պայմանանիշից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը:
Պատասխաններն ուղարկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որից հետո փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է հսկողությունից և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:
59. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:
Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում` համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում մատյանների միջոցով)` քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում:
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
60. Նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը հանձնվում են քարտուղարության պետին: Դրանց մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա գրանցվում են նաև ֆայլերը:
61. Աշխատակազմի արխիվային փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
62. Անհրաժեշտության դեպքում գործավարության արխիվային փաստաթղթերից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` բացառապես կոմիտեի նախագահի` թույլտվությամբ քարտուղարության պետի զեկուցագրի հիման վրա:
63. Քարտուղարության պետը արխիվային փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի գործավարության պայմանանիշերի:
64. Քարտուղարության պետը գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
65. Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են քարտուղարության պետի մոտ: