ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 48 |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտոնագրերի մասին» ՀՀ նոր օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ հրամայում եմ`
Հաստատել
1. «Արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները»:
2. Ուժը կորցրած ճանաչել 1996 թ. հունիսի 10-ի N 22 հրամանով հաստատված «Արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման և ներկայացման կանոնները» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 1996 թ. հունիսի 28-ին, N 36960035):
Վարչության պետ |
Ս. Ղանթարջյան |
Հաստատված է |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
Համառոտագրություններ
Օրենք` «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենք, ընդունված 2000 թ. հունվարի 28-ին
Գերատեսչություն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն
Բաժին` գերատեսչության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին
Հայտ` արդյունաբերական նմուշի արտոնագիր խնդրարկելու հայտ
Կոնվենցիայով առաջնություն` առաջնություն, որը որոշվում է առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացվելու թվականով
ԱՆՄԴ` արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում (ըստ Լոկարնոյի համաձայնագրի)
Հայտատու` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում անունով խնդրարկվում է արդյունաբերական նմուշի արտոնագիրը
Սույն կանոնները սահմանված են ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրության 3-րդ կետի և «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 4-րդ և 30 հոդվածի 1-ին կետերի պահանջների համաձայն արդյունաբերական նմուշների հայտերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման և արտոնագրման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
Մ Ա Ս 1
Արդյունաբերական նմուշի հայտի ձԵՎակերպումը ԵՎ ներկայացումը
1.1. Ընդհանուր հասկացություններ և դրույթներ
1.1.1. Արդյունաբերական նմուշը
Օրենքի 7 հոդվածի 1 կետի համաձայն, արդյունաբերական նմուշ է համարվում իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, ինքնատիպ և արդյունաբերորեն կիրառելի:
1.1.2. Արդյունաբերական նմուշի օբյեկտը (արդյունաբերական նմուշի միասնությունը)
Օրենքի 21 հոդվածի 1 կետի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի և կարող է ներառել այդ նմուշի տարբերակները (արդյունաբերական նմուշի միասնության պահանջ), եթե դրանք փոխկապակցված են ընդհանուր (միասնական) գեղարվեստակառուցվածքային լուծմամբ և ուղղած են նմանատիպ պահանջմունքների բավարարմանը:
Արդյունաբերական նմուշի օբյեկտ կարող է լինել ինչպես առանձին իրի, այնպես էլ իրի մասի, իրի տարբերակների և լրակազմի (հավաքակազմի) գեղարվեստակառուցվածքային լուծումը:
Իրի մասը կարող է լինել ինքնուրույն պահպանության օբյեկտ, եթե այն կարող է օգտագործվել այլ իրերի հետ և ունենալ ինքնուրույն գործառույթ (օրինակ, դռան բռնակը, մեքենայի ցոլալապտերը և այլն) ու ավարտուն հորինվածք:
Արդյունաբերական նմուշի տարբերակները մեկ ֆունկցիոնալ խմբի` ԱՆՄԴ մեկ դասին վերաբերող այն գեղարվեստակառուցվածքային լուծումներն են, որոնք համընկնում են իրենց էական հատկանիշների ամբողջությամբ և ունեն ոչ էական հատկանիշների` տեսողականորեն ընկալելի տարբերություններ, ընդ որում, վերջիններս ունեն ստեղծագործական բնույթ:
Իրերի լրակազմը (հավաքակազմը) մի միասնական խնդրի լուծմանը միտված և միասնական գեղարվեստակառուցվածքային լուծմամբ փոխկապակցված իրերի հավաքածուն է:
1.1.3. Արդյունաբերական նմուշի տեսակները
Արդյունաբերական նմուշները կարող են լինել ծավալային կամ տարածական (իրը կամ դրա մանրակերտը), հարթ կամ մակերեսային (գծանկարը) կամ դրանց զուգակցությունը:
Ծավալային (տարածական) արդյունաբերական նմուշները զարգացած ծավալատարածական լուծում ունեցող հորինվածքներ են (օրինակ` հաստոցը, կենցաղային իրերը և այլն):
Հարթ (մակերեսային) արդյունաբերական նմուշները չունեն ծավալ և բնորոշվում են տարրերի գծային-գծանկարչական հարաբերակցությամբ (օրինակ` գորգերի, գործվածքների գեղարվեստակառուցվածքային լուծումը և այլն):
Իրերի գեղարվեստակառուցվածքային լուծումները կարող են դառնալ արդյունաբերական նմուշի հայտի օբյեկտ դրանց նախագծման (էսքիզային, բանվորական), մանրակերտի (ստատիկ, գործող) ստեղծման, արտադրման (փորձնական նմուշ, սերիական նմուշ, զանգվածային արտադրության նմուշ և այլն) բոլոր փուլերում, պայմանով, որ այդ լուծումներն ինքնատիպ և ավարտուն լինեն:
1.1.4. Արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմանները
Արդյունաբերական նմուշին ընձեռվում է իրավական պահպանություն, եթե այն արտոնագրաունակ է, այսինքն նոր է, ինքնատիպ և արդյունաբերորեն կիրառելի:
Օրենքի 7 հոդվածի 6-րդ կետի համաձայն, արտոնագրաունակ նմուշներ չեն`
ա) այն լուծումները, որոնք բացառապես պայմանավորված են իրի տեխնիկական գործառույթներով.
բ) ճարտարապետության օբյեկտների (բացառությամբ ճարտարապետական փոքր ձևերի) արդյունաբերական, հիդրոտեխնիկական և ստացիոնար այլ կառույցների լուծումները.
գ) տպագրական արտադրանքի լուծումները որպես այդպիսին.
դ) հեղուկ, գազանման, սորուն կամ համանման նյութերից պատրաստված, անկայուն ձև ունեցող առարկաների լուծումները:
Բացի այդ, Օրենքի 4 հոդվածի 6-րդ կետի համաձայն, իրավական պահպանության ենթակա չեն այն արդյունաբերական նմուշները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:
Օրենքի 7 հոդվածի 3-րդ կետի համաձայն, արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից արդյունաբերական նմուշի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե այն կատարվել է արդյունաբերական նմուշի հայտը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 6 ամսվա ընթացքում:
1.2. Հայտի ներկայացումը
1.2.1. Հայտի ներկայացման իրավունք ունեցող անձինք
Օրենքի 18 հոդվածի 1-ին կետի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտը գերատեսչություն է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը (այսուհետև` հայտատու):
Արդյունաբերական նմուշի հեղինակը (համահեղինակները), այսինքն այն ֆիզիկական անձը (անձինք), ում ստեղծագործական աշխատանքով դա ստեղծվել է, իրավունք ունի հայտ ներկայացնել, եթե`
ա) արդյունաբերական նմուշը ծառայողական չէ.
բ) արդյունաբերական նմուշը ծառայողական է, սակայն`
1. հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով հեղինակին այդպիսի իրավունք վերապահվում է կամ
2. գործատուն ծառայողական արդյունաբերական նմուշի ստեղծման մասին հեղինակի կողմից ծանուցվելու թվականից սկսած երեք ամսվա ընթացքում հայտ չի ներկայացնում:
1.2.2. Հայտի ներկայացման կարգը
Հայտը գերատեսչություն ներկայացվում է անմիջականորեն կամ առաքվում է փոստով:
Հայտը կարող է ներկայացվել գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են միայն գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ սահմանված չէ:
1.2.3. Հայտի կազմը
Օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են նմուշի արդյունաբերական անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները), նրանց բնակության կամ գտնվելու վայրը.
բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը` ներառյալ դրա էական հատկանիշների ամբողջությունը.
գ) իրի, դրա մանրակերտի կամ նկարի լուսանկարների լրակազմը, որը մանրամասն և ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքը.
դ) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագրերը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար:
1.2.4. Հայտին կցվող փաստաթղթերը
Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են`
ա) սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը (վճարման անդորրագրերը և անհրաժեշտության դեպքում` գերատեսչության սահմանած կարգով ձևակերպված` զեղչով տուրք վճարելու հիմքը).
բ) արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտին կցվում է հայտատուի կողմից տրված և նրա իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր) կամ դրա հաստատված պատճենը:
Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ գերատեսչության կողմից այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում` կցելով առաջնային հայտի պատճենը, կամ ներկայացնել այն` հայտը գերատեսչություն ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում: Մի քանի առաջնային հայտերի դեպքում կցվում են դրանց բոլորի պատճենները:
Եթե առաջնային և ներկայացված հայտերում նշված են տարբեր հայտատուներ, ապա պետք է ներկայացնել վերջինիս իրավասությունները հաստատող փաստաթուղթ:
1.3. Հայտի նկատմամբ պահանջները
1.3.1. Հայտի լեզուն
Հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:
Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում դրանց հայերեն թարգմանությունը, Օրենքի 18 հոդվածի 3-րդ կետի համաձայն,
ա) ՀՀ հայտատուները պարտավոր են կցել այդ փաստաթղթերին.
բ) օտարերկրյա հայտատուները պարտավոր են գերատեսչություն ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
1.3.2. Հայտի դիմումը
Հայտի դիմումը ներկայացվում է սույն կանոնների հավելվածում բերված ձևաթղթի տեսքով:
Համապատասխան սյունակում անհրաժեշտ տեղեկությունները չտեղավորվելու դեպքում դրանք բերվում են լրացուցիչ թերթի վրա, դիմումի համապատասխան սյունակում նշելով` «տես լրացուցիչ թերթի վրա»:
Դիմումի մեջ հայտատուի ներկայացրած ոչ հավաստի տվյալների կամ տեղեկությունների համար գերատեսչությունը պատասխանատվություն չի կրում:
1.3.3. Օրինակների քանակը
Հայտի դիմումը ներկայացվում է երեք օրինակից:
Նկարագրությունը և ընդհանուր տեսքի գծագրերը ներկայացվում են երկու օրինակից:
Ընդհանուր տեսքի լուսանկարները ներկայացվում են վեց օրինակից, մյուս լուսանկարները` երկուական օրինակից:
Մնացած փաստաթղթերը ներկայացվում են երկուական օրինակից:
Եթե փաստաթղթերը հայերենով չեն կամ պարունակում են այլ լեզվով արված մակագրություններ, ապա նման փաստաթղթերի մեկական բնօրինակից բացի, ներկայացվում են նաև դրանց մեկական օրինակը` հայերեն թարգմանված տեքստերով և մակագրություններով:
1.3.4. Իրի, դրա մանրակերտի, գծանկարի լուսանկարների (կամ այլ արտապատկերումների) լրակազմը
Լուսանկարը իրի արտաքին տեսքը, էական հատկանիշների ամբողջությունն արտահայտող այն հիմնական փաստաթուղթն է, որը պարունակում է դրա մասին պատկերային տեղեկություն և թույլ է տալիս որոշել դրա իրավական պահպանության ծավալը:
Լուսանկարները պետք է մանրամասն և լրիվ պատկերացում տան իրի արտաքին տեսքի մասին` բացահայտելով դրա բոլոր էական հատկանիշները:
Պատկերը լուսանկարի վրա պետք է լինի հստակ և պարզ: Արդյունաբերական նմուշի բոլոր մանրամասները պետք է լավ երևան:
Իրը (դրա մանրակերտը) պետք է լուսանկարել չեզոք հիմնագույնի (ֆոնի) վրա, առանց օտար առարկաների:
Հայտը պետք է պարունակի արդյունաբերական նմուշի սև-սպիտակ (եթե գույնը էական հատկանիշ չէ) լուսանկարները դիմացից` 3/4 տեսանկյունով (ռակուրսով), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` տեսքը աջից, ձախից, առջևից, հետևից, վերևից, ներքևից, հղումային և այլ գծագրեր:
Բարդ իրերի համար կարող են ներկայացվել լրացուցիչ ֆրագմենտների մեծացված լուսանկարները:
Հարթ (մակերեսային) նմուշների համար ներկայացվում են դրանց (անհրաժեշտության դեպքում` գունավոր) լուսանկարները, որոնցում պետք է ընդգրկված լինի հարթ պատկերի կրկնանախշը (պլանում):
Իրերի լրակազմը (հավաքակազմը) ընդհանուր տեսքի լուսանկարների վրա ներկայացվում է ամբողջությամբ, այսինքն դրա մեջ մտնող բոլոր իրերի ընդգրկմամբ:
Բացառիկ դեպքերում, եթե դրանք լրիվ կազմով չեն կարող ներկայացվել ընդհանուր տեսքի լուսանկարի վրա, թույլատրվում է լրակազմը ներկայացնել հատված առ հատված` առանձին լուսանկարների վրա: Բացի այդ, լրակազմի մեջ մտնող յուրաքանչյուր իրը լրացուցիչ ներկայացվում է առանձին լուսանկարի վրա:
Արդյունաբերական նմուշի յուրաքանչյուր տարբերակը ներկայացվում է լուսանկարների լրակազմով (ոչ մեծ իրերը կարող են պատկերվել միասին` ընդհանուր տեսքի լուսանկարի վրա):
Այն դեպքերում, երբ գունագծանկարչական լուծումը արդյունաբերական նմուշի էական հատկանիշներից մեկն է, կցվում է ընդհանուր տեսքի մեկ գունավոր լուսանկար, սլայդ կամ գունային լուծման սխեման:
Փակվող, ծալվող, ձևափոխվող և այլ իրերի համար կցվում են նաև դրանց լուսանկարները բաց տեսքով (օրինակ` սառնարան, հեռախոսախցիկ) կամ հավաքված տեսքով (օրինակ` խոհանոցային կոմբայն, փոշեկուլ):
Մեծ և բարդ իրերը ներկայացվում են 18x24 սմ չափերի լուսանկարներով:
Փոքր և պարզ իրերը կամ մանրակերտերը (օրինակ` շիշ, ժամացույց և այլն) կարող են ներկայացվել 9x12 սմ կամ 13x18 սմ չափսի լուսանկարներով:
Լուսանկարների հակառակ երեսին հաջորդաբար, վերևից ներքև նշվում են լուսանկարի համարը, արդյունաբերական նմուշի անունը և պարզաբանումները հետևյալ հաջորդականությամբ` ընդհանուր տեսք, այլ տեսքեր, գունավոր լուսանկար: Դրանց հետևում են` նմանակի և ամենամոտ նմանակի լուսանկարը (ներկայացնելու դեպքում), որոնց հակառակ երեսին նշվում են նաև «նմանակ» կամ «ամենամոտ նմանակ» բառերը:
Իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի լուսանկարները կարելի է փոխարինել դրանց որակյալ այլ արտապատկերումներով (օրինակ` քսերոպատճենով):
Լուսանկարների (այլ արտապատկերումների) լրակազմը պետք է զետեղել առանձին ծրարի մեջ:
1.3.5. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը
Արդյունաբերական նմուշի նկարագրությունը պետք է բացահայտի իրի` լուսանկարների վրա արտապատկերված արտաքին տեսքը:
Արդյունաբերական նմուշի նկարագրությունը պարունակում է հետևյալ բաժինները`
ա) արդյունաբերական նմուշի անվանումը.
բ) ԱՆՄԴ դասը (դասերը).
գ) արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը.
դ) արդյունաբերական նմուշի նմանակը (նմանակները), այդ թվում` ամենամոտ նմանակը.
ե) արդյունաբերական նմուշի լուսանկարների և նմուշը պարզաբանող այլ նյութերի ցանկը (գծագիրը, էրգոնոմիական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ), եթե դրանք անհրաժեշտ են).
զ) արդյունաբերական նմուշի էության բացահայտումը.
է) արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը.
ը) արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը (ցանկը):
1.3.5.1. Արդյունաբերական նմուշի անվանումը
Արդյունաբերական նմուշի նկարագրությունն սկսվում է դրա անվանման նշումով և շարադրվում է եզակի թվով:
Արդյունաբերական նմուշի անվանումը պետք է բնութագրի դրա նշանակությունը և համապատասխանի ԱՆՄԴ որոշակի դասի:
Քիչ հայտնի կամ նոր նշանակության արդյունաբերական նմուշի անվանումը պետք է մատնանշի դրա օգտագործման բնագավառը (օրինակ` նոր սերնդի համակարգիչ):
Եթե արդյունաբերական նմուշն ունի կատարման տարբերակներ, ապա անվանումից հետո տրվում է տարբերակների քանակը, օրինակ` «շիշ» (3 տարբերակ):
Եթե իրը ներկայացվում է բաղադրամասերի հետ, դա պետք է արտահայտված լինի վերնագրում (օրինակ` դանակ պատյանի հետ):
Եթե ներկայացված արդյունաբերական նմուշը իրերի լրակազմ (հավաքակազմ) է, ապա դա պետք է արտացոլված լինի անվանման մեջ (օրինակ` գործիքների հավաքակազմ):
Օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն, մինչև արտոնագիր տալու մասին որոշման կայացումը, հեղինակն իրավունք ունի անվանակոչել իր ստեղծած արդյունաբերական նմուշը: Անվանակոչումը (եթե այն չի պարունակում անթույլատրելի տարրեր) կատարվում է հեղինակի դիմումի հիման վրա:
1.3.5.2. ԱՆՄԴ դասերը
ԱՆՄԴ դասով (դասերով) որոշվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի` ԱՆՄԴ գործող խմբագրության որոշակի խորագրին (խորագրերին) պատկանելը:
Եթե հայտատուի կողմից որոշված է հայտարկվող արդյունաբերական նմուշի ինդեքսը, ապա այն նշվում է արդյունաբերական նմուշի անվանման կողքին (օրինակ` ԱՆՄԴ6 09-01-ը նշանակում է, որ այն պատկանում է արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման 6-րդ խմբագրման 09-01 դասին):
Դասակարգման ցուցիչը (ցուցիչները) կարող է (են) ճշգրտվել և փոփոխվել փորձաքննության ընթացքում:
1.3.5.3. Արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը
«Արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը» բաժինը հարկավոր է սկսել հետևյալ բառերով` «Ներկայացվում է արդյունաբերական նմուշի հայտ», որից հետո բերվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը, օգտագործման ենթադրվող բնագավառը և նշանակությունը, ինչպես նաև դրա կիրառման գերադասելի բնագավառը: Նշվում է նաև հայտարկվող արդյունաբերական նմուշի գործառնական և հասարակայնորեն օգտակար նշանակությունը:
1.3.5.4. Արդյունաբերական նմուշի նմանակը (ները)
«Արդյունաբերական նմուշի նմանակը (ները)» բաժնում նշվում են գոյություն ունեցողներից հայտատուին հայտնի նմանակները, դրանցից արդյունաբերական նմուշին ամենամոտը (ամենամոտ նմանակ) և տրվում են դրա (դրանց) բնութագիրը և համեմատական բնութագիրը:
Արդյունաբերական նմուշի նմանակները հայտի առաջնության թվականին նախորդող շրջանում հանրամատչելի տեղեկություններից հայտնի դարձած այն գեղարվեստակառուցվածքային լուծումներն են, որոնք վերաբերում են նույն գործառնական նշանակությունն ունեցող և իրենց էական հատկանիշներով հայտարկվող արդյունաբերական նմուշին նման իրերի արտաքին տեսքին:
Ամենամոտ նմանակը հայտարկվող արդյունաբերական նմուշին (կամ դրա տարբերակներին) էական հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակն է:
Տվյալ բաժնում նշվում են նաև տվյալ նմանակները պարունակող տեղեկատվական աղբյուրների մատենագիտական տվյալները:
Տեղեկատվության աղբյուրների մատենագիտական տվյալները տրվում են այնպես, որ դրանցով հնարավոր լինի գտնել տեղեկատվության աղբյուրը, իսկ դրանում` կոնկրետ տեղեկությունը:
Եթե որոնման արդյունքում հայտարկվող արդյունաբերական նմուշի նմանակ (նմանակներ) կամ ամենամոտ նմանակ հայտնաբերված չէ, հարկավոր է նշել այդ հանգամանքը:
Սակայն եթե այդպիսիք հայտնի են փորձաքննությանը, հայտատուի համաձայնությամբ դրանք կարող են ներառվել սույն բաժնում և դիտարկվել:
Այս բաժնում տրվում են նաև հայտարկվող արդյունաբերական նմուշի նմանակների և նույն կամ նման նշանակության իրերի ձևակազմության առանձնահատկությունները և գեղարվեստական նախագծման այն բնագավառի զարգացման միտումները, որոնց պատկանում են դիտարկվող իրերը:
1.3.5.5. Արդյունաբերական նմուշի լուսանկարների ցանկը և ներկայացված այլ նյութեր
«Արդյունաբերական նմուշի լուսանկարների ցանկը և ներկայացված այլ նյութեր» բաժնում հերթով թվարկվում են ներկայացված լուսանկարները (այլ արտապատկերումները), ինչպես նաև գծագրերը, գծապատկերները, էրգոնոմիական սխեման, կոնֆեկցիոն քարտը` նշված հերթականությամբ և համապատասխան համարակալմամբ:
1.3.5.6. Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը
«Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում մանրամասն բացահայտվում են արդյունաբերական նմուշի այն էական հատկանիշները, որոնք ձևավորում են իրի արտաքին տեսքը և որոշում են արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը:
Այստեղ նկարագրվում են դիտարկվող արդյունաբերական նմուշի գեղագիտական և էրգոնոմիկական առանձնահատկությունները, որոշվում է էական հատկանիշների ազդեցությունը դրանց ձևավորման վրա: Պարզաբանվում են իրի և դրա մասերի ձևը և փոխդասավորությունը, գույների, նյութերի զուգադրման առանձնահատկությունները և այլն: Այստեղ կարելի է տալ նաև հայտարկվող արդյունաբերական նմուշի և դրա նմանակների (հատկապես ամենամոտ նմանակի) համեմատական բնութագիրը` նշելով դրանց տարբերությունը, հայտարկվող արդյունաբերական նմուշի առանձնահատկությունները և առավելությունները, հատկապես սպառողական հատկանիշների առումով` համեմատելով նմանակների հետ:
Տարբերակներ ունեցող արդյունաբերական նմուշի նկարագրության ժամանակ նախ ընդհանրացված ձևով տրվում են դրանք բացահայտող ընդհանուր հատկանիշները, ապա` մի տարբերակը մյուսից զանազանող հատկանիշները:
Բարդ, ծավալային արդյունաբերական նմուշները նկարագրելիս անհրաժեշտ է հակիրճ բնութագրել դրանց աշխատանքը, մասերի և մանրամասերի փոխդասավորությունը և փոխազդեցությունը (անհրաժեշտության դեպքում վկայակոչելով լուսանկարները, գծագրերը և մյուս փաստաթղթերը): Ընդ որում, տեքստում մասերի դիտարկման հաջորդականությունը պետք է համընկնի գծագրերում դրանց համարակալմանը:
Հարթ (մակերեսային) նմուշները նկարագրելիս անհրաժեշտ է նշել դրանց գեղարվեստական գունաերանգավորման առանձնահատկությունները (նշելով ապրանքատեսակը)` լուսանկարների վկայակոչումով (ըստ դրանց համարների) և բացահայտել դրանց գեղարվեստակառուցվածքային առանձնահատկությունները (կառուցվածքը, կազմությունը, մշակվածքը, գեղազարդման և գծանկարչական առանձնահատկությունները և այլն):
Լրակազմը (հավաքակազմը) նկարագրելիս պետք է նշվեն դրա կազմի մեջ մտնող բոլոր տարրերը, որոնք թեև կարող են իրականացնել միմյանցից տարբեր գործառույթներ կամ ունենալ տարբեր ձև ու եզրաչափքեր, բայց պետք է կատարված լինեն ձևակազմության (կերպարային, գեղակերպության և ոճային) միասնության սկզբունքի օգտագործմամբ (օրինակ` կահույքի լրակազմ, գործիքների հավաքակազմ և այլն):
1.3.5.7. Արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը
«Արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը» բաժնում պետք է տվյալներ բերվեն, որոնք հաստատում են առկա արդյունաբերական արտադրության պայմաններում տվյալ արդյունաբերական նմուշի պատրաստման հնարավորությունը, հաշվի առնելով դրա կառուցվածքային առանձնահատկությունները, դրա արտադրության համար օգտագործվող նյութերն ու ծածկույթները, գեղարվեստական մշակման ձևերը, ձեռքի աշխատանքի կիրառման ծավալը և այլն: Ընդ որում, պետք է բացառել եզակի նյութերի և միջոցների օգտագործումը:
1.3.5.8. Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը
«Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը» բաժինը բառերով ներկայացնում է լուսանկարների վրա արտապատկերված էական հատկանիշների նույնական մեկնաբանումը և սահմանում է արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը:
Այն պետք է սկսվի արդյունաբերական նմուշի անվանման նշումով:
Էական հատկանիշները իրի գեղարվեստակառուցվածքային լուծմանը օբյեկտիվորեն հատուկ այն հատկանիշներն են, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին բավարար` այդ իրի կոնկրետ տեսողական կերպարը ստեղծելու համար (ինչպիսիք են` հորինվածքային տարրերի քանակն ու կազմը, դրանց ձևը և տեղաբաշխումը, պլաստիկ բնութագրերը, կոլորիտը, գծանկարչական, գունային և գունագծանկարչական լուծումը, նյութերն ու ծածկույթները և այլն):
Էական հատկանիշների ցանկի մեջ ներառվում են նկարագրության մեջ բերված և արդյունաբերական նմուշի բացահայտման ժամանակ օգտագործված հասկացություններով տրված այն բոլոր հատկանիշների հակիրճ և ստույգ նկարագրությունը, որոնք բնութագրում են իրի արտաքին տեսքը և հանդիսանում են գեղարվեստակառուցվածքային լուծման արդյունք:
Այդ հատկանիշները պետք է համապատասխանեն լուսանկարների տեղեկատվական բովանդակությանը, բայց ոչ փոխարինվեն վերջիններով (չվկայակոչելով դրանք, եթե առանց դրա հնարավոր է բնութագրել արդյունաբերական նմուշը): Էական հատկանիշները շարադրվում են այնպես, որ նկարագրում են իրի ստատիկ վիճակը, իսկ ձևափոխվելու հնարավորությունը նշվում է առանձին:
Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ցանկը պետք է ունենա հիերարխիկ կառուցվածք` առավել կարևորից դեպի նվազ կարևորը:
Այդ հատկանիշների շարադրանքը պետք է ձևակերպվի այնպես, որ այն միանշանակ ընկալվի մասնագետի կողմից և ունենա միասնական տերմինաբանություն:
Արդյունաբերական նմուշի տարբերակներ պարունակող հայտը ներկայացնելիս ընդհանուր էական հատկանիշների թվարկումից հետո նշվում է`
Առաջին տարբերակը բնութագրվում է ________________
(այնուհետև թվարկվում են հատկանիշները)
________________________________________
N-րդ տարբերակը բնութագրվում է __________________
________________________________________
Գեղարվեստակառուցվածքային լուծման տարբերակայնությունը որոշվում է ստեղծագործական բնույթ կրող հատկանիշներով:
Նկարագրությունը պետք է ստորագրվի հեղինակի (հավատարմատարի) կողմից:
1.3.6. Գծագրեր, սխեմաներ
Ընդհանուր տեսքի և/կամ եզրաչափքային և այլ գծագրերը, հարմարակազմության սկզբունքային սխեման ներկայացվում են այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էության բացահայտման համար:
Եթե ներկայացվող արդյունաբերական նմուշի հայտը վերաբերում է էրգոնոմիական մշակում պահանջող իրին, ներկայացվում է նաև դրա էրգոնոմիական սխեման:
Գծագրերը և սխեմաները պետք է ճշգրիտ համապատասխանեն նկարագրության տեքստին:
Գծագրերը կատարվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոններին համապատասխան:
Գծագրերի կամ սխեմաների վրա նշվում են իրի (դրա տարբերակների, լրակազմի կամ հավաքակազմի մաս կազմող իրերի) և իրի մասերի առարկայատարածական կազմակերպումը բնութագրող եզրաչափքերը (կառավարման և տեղեկատվության արտացոլման միջոցների, աշխատանքային մակերեսների բարձրությունը, լայնությունը, տեղաբաշխման խորությունը, կառուցվածքի` իրար մոտ տեղաբաշխված տարրերի միջև հեռավորությունը և այլն), որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մարդու աշխատանքային գործունեության գործառնական գոտում հիմնական տարրերի դասավորության և իրի շահագործման հարմարավետության մասին:
Հանգույցները, մանրամասերը (և այլն) գծագրերի և սխեմաների վրա նշվում են նույն արաբական թվանշաններով (վկայակոչման համարներ), ինչ նկարագրության մեջ: Միևնույն հանգույցը կամ մանրամասը տարբեր գծագրերում (սխեմաներում) նշվում են միևնույն թվանշանով: Վկայակոչման նշումները, որոնք նկարագրության մեջ հիշատակված չեն, չեն նշվում նաև գծագրերում (սխեմաներում) և հակառակը: Ընդ որում, ցանկալի է պահպանել հերթական համարակալման սկզբունքը:
Գծագրերի վրա դուրս բերման գծերը պետք է հստակ լինեն: Չի թույլատրվում թվային և տառային նիշերը դնել փակագծերի, շրջանակների և չակերտների մեջ:
Գծագրերը (սխեմաները) չպետք է պարունակեն որևէ մակագրություն, բացառությամբ «բաց է», «փակ է», «կտրվածք ըստ ... «կամ» հատվածք ըստ ... «և նման այլ արտահայտությունների:
Որպես կանոն, գծագրերի վրա պատկերները ներկայացվում են ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներով (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածքներով): Ակներևության համար թույլատրվում է իրը լրացուցիչ ներկայացնել առանցքաչափական (աքսոնոմետրական) պրոյեկցիայով:
Գծագրերի վրա յուրաքանչյուր տարր պետք է համամասն լինի մյուս տարրերին, բացի այն դեպքերից, երբ որևէ տարրի հստակ պատկերման համար անհրաժեշտ է համամասնությունների խախտում:
Գծագրի մի թերթի վրա կարելի է զետեղել մի քանի պատկեր` դրանց հստակ սահմանազատմամբ:
Եթե երկու կամ ավելի թերթերի վրա զետեղված պատկերները կազմում են միասնական պատկեր, ապա դրանք պետք է դասավորել այնպես, որ իրի ամբողջական պատկերը հնարավոր լինի կազմել առանց որևէ մաս կամ տարր բաց թողնելու:
Գծագրի թերթի կամ թերթերի վրա առանձին պատկերները ցանկալի է զետեղել առավելագույն հագեցվածությամբ, իսկ էրգոնոմիական սխեմայի վրա տալ տվյալ իրի (մասի, հանգույցի) սխեմատիկ պատկերը:
Յուրաքանչյուր գծագիր (սխեմա) համարակալվում է «պատկեր» անվանմամբ (օրինակ` պատկեր 1, պատկեր 2 և այլն) անկախ պատկերի ձևից, նկարի շարադրանքի հերթականությանը համապատասխան:
Գծագրի յուրաքանչյուր թերթի վերևի աջ անկյունում նշվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը:
1.3.7. Իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ)
Անհրաժեշտության դեպքում (փորձաքննության պահանջով) թեթև արդյունաբերության արտադրանքի համար հայտի նյութերի կազմում ներկայացվում են իրի արտադրության համար առաջարկվող կտորի, գործվածքի, կաշվի, օժանդակ նյութերի և պարագաների, զարդարանքների (և այլնի) նմուշների լրակազմը (կոնֆեկցիոն քարտի տեսքով):
Դեկորատիվ նյութերի, գորգերի, գործվածքների նմուշները ներկայացվում են գծանկարի կրկնանախշի տեսքով:
1.3.8. Տեքստերի ոճը, օգտագործվող տերմինները և նշանակումները (պայմանական նշաններ)
Տեքստերի ոճական մշակումը պետք է լինի ոչ շատ ազատ և նկարագրական, ոչ էլ խիստ կանոնակարգված ու ճշգրիտ: Սակայն բոլոր դեպքերում դա պետք է լինի հստակ, բայց ընդգրկուն, առանց ավելորդաբանությունների և կրկնությունների: Ոճի ընտրությունը, նկարագրության խորությունն ու ճշգրտությունը մեծապես կախված է դիտարկվող իրի և դրա գեղարվեստակառուցվածքային լուծման բնույթից: Նկարագրությունը և էական հատկանիշների ցանկը կազմելիս իրի արտաքին տեսքի նույնականացման համար պետք է օգտվել երկրաչափական պատկերների և տարածական մարմինների ընդունված անվանումներից, էրգոնոմիկայում, գեղագիտական նախագծման ոլորտում և գիտության ու տեխնիկայի բնագավառում ընդունված արտահայտություններից, ստանդարտացված և այլ տերմիններից ու կրճատումներից: Եթե դրանք դեռևս լայն կիրառում չեն գտել կամ մասնագիտական են, առաջին անգամ օգտագործվելիս պետք է լուսաբանվեն (բացատրվեն):
Տերմինների մի քանի տարբերակներից կամ թարգմանություններից պետք է ընտրել առավել գործածվողը և հասկանալին, հակառակ դեպքում կարելի է ընտրել միջազգային տերմինը, եթե դա հայերենում ևս ընդունված է (աշխատելով խուսափել օտար տերմինների օգտագործումից, եթե կան դրանց հայերեն ընդունված և հասկանալի համարժեքները):
Պետք է պահպանել տերմինների միասնականությունը, այսինքն նույն հասկացությունների և հատկանիշների բնութագրման միատեսակությունը: Սա պետք է վերաբերի նաև ֆիզիկական, մաթեմատիկական կամ այլ տեխնիկական մեծությունների չափողականությանը և համապատասխանի միավորների միջազգային համակարգին:
Տեքստը կամ արդյունաբերական նմուշի անվանումը կարող է պարունակել լատինական այբուբենի նշաններ, պայմանական նշաններ և արաբական թվեր:
Իրերի կամ նյութերի մակնիշների, տեսակների, տիպարների պայմանական նշանները պետք է վերծանվեն:
1.3.9. Արտահայտություններ, որոնք օգտագործման ենթակա չեն
Հայտի նյութերը չպետք է պարունակեն այլ անձանց անունով պահպանվող առարկաների (օբյեկտների) արժանիքների վերաբերյալ արհամարհական, բարոյականությանը հակասող արտահայտություններ, հայտարկվող արդյունաբերական նմուշին չվերաբերող տեղեկություններ կամ արտահայտություններ:
1.4. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը
Հայտի բոլոր փաստաթղթերը (բացի լուսանկարներից) ներկայացվում են մեքենագրված կամ համակարգչային շարվածքով 210x297 մմ չափսի (A 4), որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80 գ/քառ.մ տեսակարար կշռով): Գծագրերի բնօրինակը թույլատրվում է ներկայացնել այլ չափսի, այլ տեսակի թղթի (օրինակ, մոմաթղթի) վրա: Լուսանկարները պետք է ներկայացնել փայլատ լուսանկարչական թղթի վրա:
Փաստաթղթերը ձևակերպվում են այնպես, որ հնարավոր լինի դրանց երկարատև պահպանումը և անսահմանափակ քանակով պատճենահանումը:
Նկարագրության յուրաքանչյուր թերթը օգտագործվում է միայն մեկ կողմից, տողերը դասավորվում են թերթի կարճ կողմին զուգահեռ:
Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթը ներկայացվում է առանձին թերթի վրա:
Նկարագրության թերթերը պետք է ունենան հետևյալ չափերի եզրային դաշտեր`
վերևից 20 մմ
աջից 10 մմ
ձախից և ներքևից 20 մմ-ից ոչ պակաս:
Գծագիր կամ նկարների արտապատկերներ պարունակող թերթերի օգտակար մակերեսը չպետք է գերազանցի 170 x 260 մմ-ը: Դրանց դաշտերը պետք է ունենան հետևյալ նվազագույն չափերը`
վերևից 25 մմ
ձախից 25 մմ
աջից 15 մմ
ներքևից 10 մմ:
Հայտի յուրաքանչյուր փաստաթղթի երկրորդ և հաջորդ թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով:
Փաստաթղթերի տեքստը պետք է տպագրվի, պահպանելով երկու միջակայք, մեծատառերի նվազագույն բարձրությունը պետք է լինի 2,1 մմ:
Տառագրական խորհրդանիշերը, լատինական և հունական տառերը կարող են ներգրվել ձեռքով, սև գույնի թանաքով, մածուկով կամ տուշով:
Գծագրերը կատարվում են սև չջնջվող գծերով` տուշով, մածուկով և հստակ երևացող նրբագծերով:
Գծային պատկերների չափագծերը և հստակությունն ընտրվում են այնպես, որ չափերի միջև, մինչև 2/3 գծային փոքրացմամբ բազմացնելու դեպքում, հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասերը:
Մ ա ս 2
Արտոնագիր ստանալու համար գերատեսչության հետ գործերի վարումը
2.1. Ներկայացուցչի նշանակումը
Արդյունաբերական նմուշի հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար, հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով սույն կանոնների 1.2.2 կետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված լիազորագիր:
Լիազորագիրը կարող է ներկայացվել հայտի հետ կամ գործավարության ընթացքում, որը կցվում է հայտին:
Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր և փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում:
Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում կամ նրա նկատմամբ գերատեսչության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը:
Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:
Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է կատարվել հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից գերատեսչություն ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):
2.2. Գրագրության իրականացումը գերատեսչության հետ
Հայտը գերատեսչություն է ներկայացնում հայտատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, որի հետ էլ տարվում է հետագա գրագրությունը, յուրաքանչյուր հայտի համար առանձին:
Հայտի հանձնումից հետո ներկայացված հետագա նյութերը պետք է պարունակեն հայտի նյութերի մտից համարը, իսկ հայտի համարը հայտնի լինելու դեպքում` հայտի համարը: Ներկայացվող նյութերն ստորագրում է հայտատուն:
2.3. Հայտի նյութերի ներկայացման ժամկետները և առաջնության թվականի որոշումը
Արդյունաբերական նմուշի առաջնությունը որոշվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով, եթե Օրենքի 22 հոդվածի 1 կետի 2-րդ ենթակետի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում արտոնագիր ստանալու մասին, արդյունաբերական նմուշի լուսանկարները, նկարագրություն համարվող նյութերը:
Հայտի քննարկման ընթացքում հայտատուի կողմից ուղղված (ճշգրտված) նյութերը ներկայացվում են Օրենքով սահմանված ժամկետներում: Եթե այդ ժամկետն արտահայտվում է «... ընթացքում (ոչ ուշ..., մինչև ... լրանալը ..., մինչև ... թվականը)» բառակապակցություններով, ապա հաշվարկն սկսվում է նշված թվականին հաջորդող օրվանից: Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ժամկետի ավարտի օրը համարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Եթե ժամկետի ավարտը համընկնում է համապատասխան օրը չունեցող ամսվա հետ, ժամկետը համարում են ավարտված այդ ամսվա վերջին օրը:
Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի գերատեսչություն ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե արդյունաբերական նմուշի հայտը գերատեսչություն է ներկայացվել նշված թվականից վեց ամսվա ընթացքում:
Առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում, սկսած այն ծանուցագրի ստացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու:
Առաջնությունը կարող է որոշվել նույն հայտատուի ավելի վաղ ներկայացված նույն արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, գերատեսչությունն ստացել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից սկսած տասներկու ամսվա ընթացքում: Այդ դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը համարվում է հետ կանչված:
Հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:
Արդյունաբերական նմուշի զատված հայտի (որը ձևավորվել է սկզբնական հայտից, այն առանձնացնելու հետևանքով) առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, իսկ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում, ոչ ուշ, քան արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը:
2.4. Հայտատուի նախաձեռնությամբ հայտի մեջ լրացումներ, ճշգրտումներ, ուղղումներ և փոփոխություններ կատարելը
Օրենքի 30 հոդվածի 7-րդ կետի համաձայն հայտատուն հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ իրավունք ունի մինչև փորձաքննության ավարտը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից, լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը:
Այս դեպքում, լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական նմուշի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հայտի նկարագրության մեջ մտցնելու ենթակա էական հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում և հայտատուն այն կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
Փոփոխություններն ու ճշգրտումները կարող են կատարվել փոխարինող թերթեր կամ լուսանկարներ ներկայացնելու միջոցով` հայտի համապատասխան փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի համար առանձին: Հայտի թերթերը կարելի է փոխարինել նորերով նաև փաստաթղթի ցածր որակի դեպքում, մանավանդ, եթե դա կարող է ազդել բազմացման հնարավորության վրա: Այն դեպքերում, երբ ուղղումները վերաբերում են վրիպակներին, ոճական և խմբագրական սխալներին, եթե դրանք հայտնաբերված են հայտատուի կողմից, ուղղումները կարելի է կատարել մինչև որոշում կայացնելը, առանց փոխարինող թերթեր ներկայացնելու:
Եթե հայտի քննարկման ընթացքում փոփոխվել է, օրինակ, հայտատուի անունը (անվանումը), հասցեն կամ կատարվել է արտոնագիր ստանալու իրավունքի զիջում, ապա հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար բացի դիմումից պետք է ներկայացնել սահմանված կարգով ձևակերպված և վավերացված համապատասխան փաստաթուղթը (օրինակ, զիջման փաստաթուղթը):
2.5. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ
Արդյունաբերական նմուշի հայտի հետ կապված հարցերի քննարկումը հայտատուի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ անցկացվում է գերատեսչության առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ ծանոթացել են այդ հարցերին: Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել հարցման մեջ, որտեղ լրացուցիչ նշվում է համատեղ քննարկման նպատակահարմարությունը, իսկ հայտատուի հարցերը` համատեղ քննարկում անցկացնելու մասին դիմումի մեջ:
Հարցմանը հայտատուն պատասխանում է Օրենքով նախատեսված ժամկետում, անկախ նրանից, մտադիր է մասնակցել հայտի քննարկմանը, թե ոչ:
Հայտի քննարկման օրն ու ժամը նախօրոք համաձայնեցվում է: Հանգամանքների փոփոխության դեպքում այն կողմը, որը հնարավորություն չունի նշանակված ժամին մասնակցել հայտի քննարկմանը, անհապաղ այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:
Եթե Հայարտոնագիրը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են վաղաժամ կամ ոչ նպատակահարմար, ապա Հայարտոնագրի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:
Հայտատուի ներկայացուցիչը կարող է մասնակցել հայտի քննարկմանը սույն կանոնների 2.1 կետի պայմանները պահպանելու դեպքում:
2.6. Պահանջված նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը և բաց թողնված ժամկետների վերականգնումը
Գերատեսչության հարցմամբ պահանջված նյութերի ներկայացման ժամկետը կարող է երկարաձգվել հայտատուի գրավոր դիմումի համաձայն, ոչ ավելի, քան 6 ամսով:
Դիմումին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:
Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին խնդրագիրը կարող է ներկայացվել նշված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում:
Եթե այդ ժամկետը խախտվում է, կամ խնդրագրին վճարման անդորրագիր չի կցվում, ապա խնդրագիրը համարվում է չներկայացված:
Բաց թողնված ժամկետի երկարաձգման կամ այն մերժելու մասին հայտատուն ծանուցվում է:
Օրենքի 37 հոդվածի 1-ին մասին համապատասխան կարող են վերականգնվել հայտատուի կողմից բաց թողնված հետևյալ ժամկետները`
ա) փորձաքննության ընթացքում պակաս կամ ուղղված փաստաթղթերի ներկայացման ժամկետը.
բ) փորձաքննության հարցմանը համապատասխան ներկայացված լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետը.
գ) փորձաքննության որոշման դեմ առարկություն ներկայացնելու ժամկետը.
դ) փորձաքննության որոշման մեջ նշված փաստաթղթերի պատճենները պահանջելու ժամկետը:
2.7. Հայտի հետ կանչումը և արտոնագրից հրաժարումը
Հայտատուն, Օրենքի 33 հոդվածի համաձայն, մինչև արդյունաբերական նմուշի պետական գրանցումը, իրավունք ունի դիմում ներկայացնել հայտը հետ կանչելու մասին և հրաժարվել արտոնագիր ստանալու իրավունքից:
Հայտը համարվում է հետ կանչված այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականից:
Հետ կանչված հայտը չունի որևէ իրավական հետևանք, այսինքն որևիցե իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն այդպիսի հայտով չի կարող այլևս կատարվել և հայտատուի իրավունքները հետագայում չեն կարող հիմնվել այդ հայտի վրա (մասնավորապես` հաջորդ հայտը ներկայացնելիս չի կարելի առաջնություն խնդրարկել հետ կանչված հայտի կամ դրա վերաբերյալ լրացուցիչ նյութերի ներկայացման թվականով):
2.8. Փորձաքննության որոշման բողոքարկումը
Օրենքի 4 հոդվածի 6-րդ և 7 հոդվածի 6-րդ կետերով սահմանված պայմաններին չհամապատասխանելու հիմքերով արտոնագիր չտալու մասին փորձաքննության որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն:
Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, Օրենքի 30 հոդվածի 13-րդ կետի համաձայն, որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ:
Կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
2.9. Արդյունաբերական նմուշի արտոնագրումն օտարերկրյա պետություններում
Օրենքի 38 հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական նմուշը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում: Սակայն մինչև արդյունաբերական նմուշի հայտը օտարերկրյա պետություններ ներկայացնելը հայտատուն պարտավոր է այն ներկայացնել ՀՀ արտոնագրային գերատեսչություն, տեղեկացնելով նաև օտարերկրյա պետություններում այն արտոնագրելու մտադրության մասին (նշում կատարելով դիմումի ձևաթղթի համապատասխան կետում):
Եթե նշված հաղորդումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում գերատեսչությունը, Օրենքի 4 հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերով չի արգելում, ապա հայտը կարող է ներկայացվել օտարերկրյա պետություններ:
2.10. Արտոնագրային տուրքեր
Արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են տուրքեր: Տուրքի տեսակները, դրանց չափն ու վճարման ժամկետները, տուրքի չափի նվազեցման կամ հետ վերադարձնելու հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված պետական տուրքերի հաշվառման և գանձման կարգի մասին» հրահանգով (հաստատված գերատեսչության 1998 թ. մայիսի 11-ի N 24 հրամանով):
Մ ա ս 3
Հայտի քննարկումը գերատեսչությունում
3.1. Հայտի փաստաթղթերի ստացումը և դրանց գրանցումը
Գերատեսչություն ներկայացված հայտին, որին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, տրվում է գրանցման համար, եթե հայտն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում` արտոնագիր տալու մասին, արդյունաբերական նմուշի լուսանկարները և նկարագրություն համարվող նյութերը: Եթե հայտում բացակայում է նշված տվյալներից կամ փաստաթղթերից որևէ մեկը, կամ հայտին կից չի ներկայացվել տուրքի վճարման անդորրագիրը, ապա ներկայացված հայտը չի գրանցվում և վերադարձվում է հայտատուին:
Գերատեսչության կողմից հայտի նյութերի ստացումը և դրանց ստացման թվականը վավերացվում են հայտատուին տրվող ստացականի միջոցով, նշելով ստացված նյութերի ցանկը:
Գերատեսչության կողմից հայտին տրվում է գրանցման համար, հետևյալ կոդավորմամբ` DCCYYXXXX, որտեղ` D-ն նշանակում է արդյունաբերական նմուշ (Design), առաջին չորս բարձր կարգի թվերը` CCYY-ը նշանակում է հայտի ներկայացման թվականը, մնացած չորս թվերը` XXXX-ը տվյալ տարում հայտի հերթական համարն է:
Գրանցված հայտը վերադարձման ենթակա չէ:
3.1.1. Հայտի ներկայացման համար սահմանված պետական տուրքի վճարման ստուգումը
Հայտը համարվում է գերատեսչություն ներկայացված, եթե դրանում առկա է հայտ ներկայացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը):
Եթե հայտ ներկայացնելու համար տուրքը, արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ցանկում բերված տարբերակների քանակից ելնելով, վճարված է օրենքով սահմանված դրույքաչափից պակաս, ապա հայտատուին ծանուցագրով առաջարկվում է կամ կրճատել տարբերակների քանակը, կամ էլ մուծել տուրքի լրավճարը, համապատասխանեցնելով այն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին:
Եթե պարզվում է տուրքի զեղչման համար հիմքի բացակայությունը, հայտատուն գրավոր ծանուցվում է լրացուցիչ տուրք վճարելու անհրաժեշտության մասին: Սահմանված գումարից ավելի պետական տուրքի վճարման մասին ևս հայտատուն տեղյակ է պահվում և վերջինիս ցանկությամբ և գրավոր դիմումի համաձայն, այդ գումարը կամ կարող է վերադարձվել, կամ էլ օգտագործվել հայտարկված արդյունաբերական նմուշի հայտով մեկ այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն կատարելու համար:
3.2. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը
3.2.1. Փորձաքննության խնդիրը
Փորձաքննության խնդիրը հայտի նյութերի համապատասխանության ստուգումն է օրենքով և սույն կանոններով սահմանված պահանջներին, առանց հայտի էությունը քննարկելու:
3.2.2. Փորձաքննության անցկացման ժամկետները
Օրենքի 30 հոդվածի 1-ին կետի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, օրենքի և սույն կարգի համաձայն:
Հարցում, ծանուցագիր (և այլն) ուղարկելու դեպքում այս ժամկետի հաշվարկը դադարեցվում է մինչև վերջիններիս պատասխանի ստացումը:
Սույն ժամկետն ավարտվելուց հետո փորձաքննությունը պարտավոր է հայտի վերաբերյալ որոշում կայացնել:
3.2.3. Հայտի փորձաքննության բովանդակությունը
Հայտի փորձաքննության ընթացքում ստուգվում են`
ա) սահմանված պահանջների համաձայն ձևակերպված` հայտի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (Օրենքի 21 հոդվածի և սույն կանոնների 1.2.3 և 1.2.4 կետերի համաձայն).
բ) պետական տուրքի վճարման ճշտությունը.
գ) հայտարկված լուծման համապատասխանությունը արդյունաբերական նմուշի իրավական պահպանության պահանջներին (Օրենքի 4 հոդվածի 6-րդ և 7 հոդվածի 6-րդ կետերի և սույն կանոնների 1.1.4 կետի համաձայն).
դ) հայտարկված լուծման համապատասխանությունը արդյունաբերական նմուշի միասնության պահանջին (Օրենքի 21 հոդվածի 1-ին կետի և սույն կանոնների 1.1.3 կետի համաձայն).
ե) արդյո՞ք հայտատուի նախաձեռնությամբ փորձաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ նյութերը չեն փոփոխում հայտարկված արդյունաբերական նմուշի էությունը և պահպանվա՞ծ է արդյոք դրանց ներկայացման կարգը.
զ) արդյունաբերական նմուշի դասակարգման ճշգրտումը ըստ ԱՆՄԴ գործող դասակարգչի (կամ դրա դասակարգումը, եթե դա հայտատուի կողմից արված չէ):
Հայտի փորձաքննության ընթացքում որոշվում է նաև արդյունաբերական նմուշի առաջնությունը, եթե այն խնդրարկվում է Օրենքի 22 հոդվածի 2-5-րդ կետերի համաձայն:
3.2.4. Արդյունաբերական նմուշի առաջնության որոշումը
Եթե հայտատուն խնդրարկում է ավելի վաղ առաջնություն, քան արդյունաբերական նմուշի հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականն է, ապա փորձաքննության ընթացքում ստուգվում է` պահպանվաևծ են արդյոք հայտատուի կողմից Օրենքի 22 հոդվածի 2-5-րդ կետերով սահմանված պահանջները:
3.2.4.1. Կոնվենցիայով առաջնության որոշումը
Եթե հայտատուի կողմից խնդրարկվում է կոնվենցիայով առաջնություն համաձայն Օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի, ապա փորձաքննության ընթացքում ստուգվում է`
ա) կոնվենցիայով առաջնության խնդրարկման ժամկետի պահպանումը, այսինքն` այդ մասին տեղյակ պահելը հայտը գերատեսչություն ներկայացնելիս (հայտի դիմումում համապատասխան նշում կատարելով) կամ այդ թվականից սկսած 2 ամսվա ընթացքում.
բ) առաջնային հայտի պատճենի առկայությունը և դրա ներկայացման ժամկետի պահպանումը, այն է` հայտի հետ միաժամանակ կամ հայտի ներկայացման թվականից 3 ամսվա ընթացքում: Եթե առաջնային հայտերը մի քանիսն են, ապա նշված պայմանները պետք է պահպանվեն յուրաքանչյուր առաջնային հայտի նկատմամբ.
գ) կոնվենցիայով հայտի` գերատեսչություն ներկայացնելու 6-ամսյա ժամկետի պահպանումը, սկսած առաջնային հայտի ներկայացման թվականից: Եթե հայտը գերատեսչություն է ներկայացվել նշված 6-ամսյա ժամկետի խախտմամբ, ապա ստուգվում է, նշված են արդյոևք դիմումի մեջ հայտատուից անկախ այն պատճառները, որոնք խոչընդոտ են հանդիսացել նշված 6-ամսյա ժամկետում կոնվենցիայով հայտը ներկայացնելու համար.
դ) առաջնային հայտի նյութերում հայտի էության բացահայտված լինելը: Հակառակ դեպքում, փորձաքննությունը կարող է հայտի էությունը բացահայտող լրացուցիչ նյութեր պահանջել` պահպանելով օրենքով և սույն կանոններով սահմանված կարգը և ժամկետները:
3.2.4.2. Առաջնության որոշումը ավելի վաղ ներկայացված հայտի լրացուցիչ նյութերի ստացման թվականով
Եթե առաջնությունը խնդրարկվում է համաձայն Օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի` նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած հայտի լրացուցիչ նյութերի ստացման թվականով, ապա փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ պահանջների պահպանումը`
ա) հայտը, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, պետք է գերատեսչություն ներկայացվի 3 ամսվա ընթացքում, հայտատուի կողմից այն ծանուցագրի ստացման օրվանից սկսած, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը չեն կարող հաշվի առնվել.
բ) հայտարկվող արդյունաբերական նմուշի էությունը պետք է բացահայտված լինի հայտի լրացուցիչ նյութերում, որոնցով խնդրարկվում է այդպիսի առաջնություն:
Եթե հայտում բացահայտված չէ արդյունաբերական նմուշի էությունը, ապա դրա առաջնության թվականը կհամընկնի այն լրացուցիչ նյութերի ստացման թվականի հետ, որոնցում այդ էությունը բացահայտվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
3.2.4.3. Առաջնության որոշումը ավելի վաղ ներկայացված հայտի ստացման թվականով
Եթե առաջնությունը խնդրարկվում է համաձայն Օրենքի 22 հոդվածի 4-6-րդ կետերի` նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, ապա փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ պահանջների պահպանումը`
ա) հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, պետք է գերատեսչություն ներկայացված լինի ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից սկսած 12 ամսվա ընթացքում.
բ) հայտում պետք է բացահայտված լինի արդյունաբերական նմուշի էությունը.
գ) առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:
Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված հայտերով, եթե դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պահպանված է վերը սահմանված կարգը:
Այդ դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը (հայտերը) համարվում է (են) հետ կանչված:
3.2.4.4. Զատված հայտերով արդյունաբերական նմուշի առաջնության որոշումը
Եթե առաջնությունը խնդրարկվում է Օրենքի 22 հոդվածի 7-րդ կետի համաձայն` նույն հայտատուի արդյունաբերական նմուշի սկզբնական հայտի ներկայացման թվականով` դրանից առանձնացված հայտի համար (զատված հայտ), ապա
ա) զատված հայտը պետք է ներկայացվի գերատեսչություն մինչև առաջնային հայտին արտոնագիր տալու մասին մերժման որոշման կայացումը (երբ դրա բողոքարկման հնարավորությունը սպառվել է) կամ արդյունաբերական նմուշների Պետական գրանցամատյանում արդյունաբերական նմուշի գրանցումը (եթե որոշում է կայացվել արտոնագիր տալու մասին).
բ) զատված հայտում նկարագրված արդյունաբերական նմուշի էությունը պետք է բացահայտված լինի սկզբնական հայտի նյութերում, իսկ եթե հայտը զատվել է կոնվենցիայով հայտից և առաջնություն է խնդրարկվում կոնվենցիայով հայտի առաջնության թվականով` առաջնային հայտի նյութերում:
3.2.4.5. Մի քանի առաջնությունների որոշումը
Եթե արդյունաբերական նմուշի տարբերակների համար գոյություն ունեն տարբեր ներկայացման թվականներ ունեցող մի քանի առաջնային հայտեր, որոնց հիման վրա կոնվենցիայով խնդրարկվում են տարբեր առաջնություններ, ապա ստուգվում է այդ առաջնային հայտերի վավերացված պատճենների առկայությունը, դրանց ներկայացման 6-ամսյա ժամկետի պահպանումը և դրանցից յուրաքանչյուրի մեջ համապատասխան տարբերակի էության բացահայտումը: Եթե այդ հայտերում նշված չէ յուրաքանչյուր տարբերակի համար խնդրարկվող առաջնության թվականը, ապա որոշվում է, թե որ առաջնային հայտում որ տարբերակն է բացահայտված:
3.2.4.6. Արդյունաբերական նմուշի առաջնության թվականը սահմանելու պայմանների պահպանման ստուգումը
Ավելի վաղ ներկայացվող հայտով, դրա լրացուցիչ նյութերով կամ զատված հայտերով առաջնության թվականի որոշումից առաջ պետք է համոզվել, որ հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, հետ կանչված չէ (կամ այդպիսին ճանաչված չէ):
Դրա համար ավելի վաղ ներկայացված հայտում (հայտերում), որով (որոնցով) առաջնություն է խնդրարկվում, հայտարկվող արդյունաբերական նմուշի էության բացահայտված լինելը պարզելու համար ստուգվում է`
ա) ավելի վաղ ներկայացված հայտի կամ դրա լրացուցիչ նյութերի կազմում ներկայացված լուսանկարների մեջ արդյո՞ք առկա են քննարկվող հայտով ներկայացված, արդյունաբերական նմուշի լուսանկարներում արտապատկերված և էական հատկանիշների ցանկի մեջ մտնող բոլոր հատկանիշները.
բ) հաստատվա՞ծ է արդյոք արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը արտադրվող իրի մեջ խնդրարկվող առաջնության թվականին` հաշվի առնելով ավելի վաղ ներկայացված հայտի կամ դրա լրացուցիչ նյութերում առկա նկարագրության բովանդակությունը:
Եթե արդյունաբերական նմուշի առաջնությունը խնդրարկվում է այնպիսի հայտից զատված հայտով, որով պահանջվել է կոնվենցիայով առաջնություն, ապա վերը նշված պայմանների պահպանման դեպքում, դրա առաջնությունը որոշվում է կոնվենցիայով առաջնության թվականով (այլ ոչ թե հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով):
Հայտատուի կողմից սույն կանոնների 3.2.4.1 - 3.2.4.4 կետերով սահմանված թեկուզ մի պահանջի խախտման դեպքում արդյունաբերական նմուշի առաջնությունը սահմանվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով:
Եթե առաջնության թվականի սահմանումից հետո հայտատուն ներկայացնում է արդյունաբերական նմուշի էական հատկանիշների փոփոխված ցանկ, ապա կատարվում է խնդրարկվող առաջնության թվականի կրկնական ստուգում և հիմքերի առկայության դեպքում այդ թվականը կարող է փոխվել:
3.2.5. Հայտի պակաս կամ ճշգրտված փաստաթղթերի հարցումը
Եթե հայտի փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է դրա փաստաթղթերի նկատմամբ սահմանված պահանջների խախտումով, ապա Օրենքի 30 հոդվածի 4-րդ կետի համաձայն հայտատուին հարցում է ուղարկվում հայտի պակաս կամ ճշգրտված փաստաթղթերը դրա ստացման թվականից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկով, բերելով իրավական բնույթի անհրաժեշտ փաստարկներ:
Հարցման համար հիմք կարող են ծառայել`
ա) հայտի կազմի մեջ մտնող կամ դրան կցվող, սույն կանոնների 1.2.3 և 1.2.4 կետերով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկի բացակայությունը.
բ) տուրքերի վճարումների ճշտության հետ կապված հարցերի պարզաբանումը.
գ) արդյունաբերական նմուշի սխալ անվանումը կամ դասակարգումը (ըստ ԱՆՄԴ գործող խմբագրության).
դ) ներկայացված փաստաթղթերի սխալ ձևակերպումը և վավերացումը.
ե) հայտի փաստաթղթերի սահմանված քանակից պակաս ներկայացումը.
զ) հայտի փաստաթղթերում սույն կանոններով նախատեսված տեղեկությունների, տվյալների, ստորագրությունների, կնիքների և այլնի բացակայությունը.
է) ներկայացված փաստաթղթերի (գծագրեր, լուսանկարներ, նկարարագրություն և այլն) ձևակերպման թերությունների հայտնաբերումը, ինչը կարող է խոչընդոտել դրանց անմիջական պատճենահանմանը, արտոնագիր տալու հետ կապված հրապարակմանը և այլն.
ը) նկարագրության մեջ սույն կանոններով նախատեսված բաժինների (թեկուզ մեկի) բացակայությունը.
թ) հայտի փաստաթղթերի միմյանց անհամապատասխանությունը (օրինակ` հայտի դիմումում բերված արդյունաբերական նմուշի անվանումը չի համապատասխանում նկարագրության մեջ բերված անվանմանը. նկարագրության մեջ բացակայում են հատկանիշներ, որոնք նշված են եղել էական հատկանիշների ցանկի մեջ. էական հատկանիշների ցանկում բացակայում են հատկանիշներ, որոնք նշված են եղել նկարագրության մեջ. գծագրերը կամ լուսանկարները չեն համապատասխանում արդյունաբերական նմուշի նկարագրությանը և այլն).
ժ) էական հատկանիշների ցանկում այդ հատկանիշների (լուսանկարներում արտապատկերված) բառային նկարագրության փոխարինումը դրանցով պայմանավորված գեղագիտական և/կամ էրգոնոմիական առանձնահատկություններով.
զ) հայտի փաստաթղթերի նկատմամբ օրենքի և սույն կանոնների պահանջների խախտման այլ դեպքեր, որոնք բացահայտվում են փորձաքննության ընթացքում, առանց հայտարկված արդյունաբերական նմուշի էության վերլուծության:
Պակաս կամ ճշգրտված փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ հայտատուին կարող են ուղարկվել մի շարք հարցումներ, մինչև թերություննների իսպառ վերացումը: Սահմանված ժամկետներում հայտատուն իր նախաձեռնությամբ կարող է լրացումներ, ուղղումներ և ճշտումներ մտցնել հայտի նյութերում:
Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում խնդրարկվող փաստաթղթերը, չի պատասխանում հարցմանը կամ չի ներկայացնում դրա ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմում (դրա համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրով), ապա հայտը համարվում է հետ կանչված և դրա վերաբերյալ գրագրությունը դադարեցված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
3.2.6. Ծանուցում հայտի և (կամ) լրացուցիչ նյութերի` սահմանված պահանջներին չհամապատասխանելու մասին
Եթե հայտի քննարկման արդյունքում (առանց հայտարկված արդյունաբերական նմուշի էության վերլուծության) պարզվի, որ հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա Օրենքի 30 հոդվածի 5-րդ կետի և սույն կանոնների 1.1.2 կետի համաձայն հայտատուին այդ մասին ծանուցագիր է ուղարկվում և առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական նմուշներից որը պետք է քննարկվի և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում:
Հայտարկված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը միասնության պահանջին ստուգվում է լուսանկարներում արտացոլված և հայտի սկզբնական նյութերում բերված էական հատկանիշների ցանկի նկատմամբ: Եթե էական հատկանիշների ցանկը փոփոխվել է, ապա ստուգումը կատարվում է հայտատուի կողմից սահմանված կարգով ներկայացված` էական հատկանիշների ցանկի վերջին խմբագրության նկատմամբ:
Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված` երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում, Օրենքի 30 հոդվածի 6-րդ կետի համաձայն քննարկվում է արդյունաբերական այն նմուշը, որը նկարագրության մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ծանուցագիր է ուղարկվում հայտի նյութերում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ:
Եթե լրացուցիչ նյութերը լրիվ կամ մասնակիորեն փոփոխում են հայտարկված արդյունաբերական նմուշի էությունը և/կամ ներկայացվել են սույն կանոնների 2.4 կետով նախատեսված դրույթների խախտմամբ, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
3.2.7. Հայտի մասին տեղեկությունների գաղտնիության պահպանումը
Հայտի մասին տվյալները կամ տեղեկությունները, սկսած գերատեսչությունում հայտի ստացման թվականից, գաղտնի են պահվում և ենթակա չեն հրապարակման, մինչև դրանց մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը:
3.2.8. Արդյունաբերական նմուշի գաղտնիության բացահայտումը
Փորձաքննության ընթացքում պարզվում է, թե արդյո՞ք հայտարկվող արդյունաբերական նմուշը չի պատկանում գաղտնագրված արդյունաբերական նմուշների թվին:
Նման կասկածի դեպքում գերատեսչությունը ղեկավարվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության կողմից 1994 թ. դեկտեմբերի 26-ի դ 594 որոշմամբ հաստատված «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնագրման, օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման» ժամանակավոր կարգի դրույթներով:
3.2.9. Արտոնագիր տալու մասին որոշում
Եթե արդյունաբերական նմուշի արտոնագիր խնդրարկելու հայտը պարունակում է բոլոր անհրաժեշտ և սույն կանոններով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերը, և ներկայացված լուծումը վերաբերում է այն օբյեկտներին, որոնք Օրենքի 4 հոդվածի 6-րդ, 7 հոդվածի 6-րդ և 21 հոդվածի 1-ին կետերի համաձայն ենթակա են իրավական պահպանության, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալու մասին, հայտում բերված էական հատկանիշների ցանկով: Արտոնագիրը գործում է մինչև հայտը ներկայացնելու օրվանից 15 տարին լրանալը:
Տարբերակներ պարունակող արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին որոշումը կայացվում է միայն այն դեպքում, եթե բոլոր հայտարկված տարբերակները համապատասխանում են սույն կանոններով սահմանված պահանջներին:
Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:
3.2.10. Արտոնագիր չտալու մասին որոշում
Եթե հայտի փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված արդյունաբերական նմուշը չի վերաբերում արտոնագրաունակ օբյեկտներին, ապա Օրենքի 30 հոդվածի 9-րդ կետի համաձայն որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին, բերելով այն փաստարկները, որոնք հիմք են ծառայել նշված որոշումն ընդունելու համար:
Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն:
Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դրա մասին դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Եթե նշված դիմումում հայտատուն հիմնավոր չի հերքել փորձաքննության փաստարկները, ապա կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում արտոնագիր չտալու մասին:
Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, Օրենքի 30 հոդվածի 13-րդ կետի համաձայն, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության Բողոքարկման խորհուրդ:
Կրկնական փորձաքննության կամ Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
3.3. Արտոնագրի հանձնումը և դրա մասին տեղեկությունների հրապարակումը
Օրենքի 32 հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, սահմանված տուրքի վճարման դեպքում, գերատեսչությունը արդյունաբերական նմուշը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս արտոնագիր` ըստ գերատեսչության կողմից մշակված ձևի և կարգի:
Դրա հետ միաժամանակ, գերատեսչությունն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագրված արդյունաբերական նմուշի մասին: Այդ տեղեկությունների պարտադիր ցանկը, որը կցվում է հայտի որոշմանը, հետևյալն է.
ծածկագրի N-ը | |
արտոնագրի համարը | (11) |
հայտի գրանցման համարը | (21) |
հայտի ստացման թվականը | (22) |
առաջնային հայտի համարը | (32) |
երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջնային հայտը | (33) |
արդյունաբերական նմուշի միջազգային դասակարգման (ԱՆՄԴ) ցուցիչը (ները) | (51) |
արդյունաբերական նմուշի անվանումը | (54) |
արդյունաբերական նմուշի պատկերը (գծանկարը, լուսանկարը) | (55) |
էական հատկանիշների ամբողջությունը | (57) |
հայտատուն (ները), երկրի կոդը | (71) |
հեղինակը (ները), երկրի կոդը | (72) |
արտոնագրատերը (ները), հասցեն, երկրի կոդը | (73) |
արտոնագրային հավատարմատարը | (74) |
արդյունաբերական նմուշի հեղինակը, որը նաև հայտատու և արտոնագրատեր է, հասցեն, երկրի կոդը | (76) |
Օրենքի 8 հոդվածի 5 կետի համաձայն, հեղինակն իրավունք ունի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ: Այս դեպքում նա պետք է նշում կատարի հայտի դիմումի համապատասխան սյունակում:
Հար- կա- վորը նը- շել x նը- շա- նով |
Սույն արդյունաբերական նմուշի առաջնությունը խնդրում եմ (ենք) որոշել`
£ Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություն առաջին հայտը ներկայացնելու թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 1 (2) կետի £ Հայարտոնագիր ավելի վաղ ներկայացրած հայտի վերաբերյալ լրացուցիչ նյութերի ստացման թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի £ Հայարտոնագիր ավելի վաղ ներկայացրած հայտի ստացման թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի £ Հայարտոնագիր ներկայացրած սկզբնական հայտի ստացման թվականով ըստ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 7-րդ կետի
£ Խնդրում եմ (ենք) գաղտնագրել սույն արդյունաբերական նմուշը £ Նախատեսվում է սույն արդյունաբերական նմուշն արտոնագրել օտարերկրյա պետություններում | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Արտոնագիր ստանալու իրավունքի հիմքը (առանց փաստաթուղթը ներկայացնելու)
£ պայմանագիր հեղինակի և գործատուի միջև
£ պայմանագիր հեղինակի և այլ անձանց միջև այդ իրավունքը զիջելու մասին
£ պայմանագիր գործատուի և այլ անձանց միջև այդ իրավունքը զիջելու մասին, հեղինակի և այդ անձանց միջև համապատասխան պայմանագրի առկայության դեպքում | |||||||||||||||||||||||||||||||||||
_____________________________________________________ |74| Արտոնագրային հավատարմատար (լրիվ անունը, գրանցման N) Հեռախոս _________ հեռատիպ ________ ֆաքս _________ _____________________________________________________ |98| Հասցե նամակագրության համար (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը, անվանումը) Հեռախոս _________ հեռատիպ ________ ֆաքս _________ Հայտատու կամ արտոնագրային հավատարմատար
Կ.Տ. __ _________200 թ. |
1 2 3 4 |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
06 դեկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30100147