ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19.06.1998թ. |
N 186 |
ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1998 թ. հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման պահանջներից`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Դիլերային գործունեության օրինակելի կանոնակարգը» (կցվում է):
Նախարար |
Է. Սանդոյան |
Հաստատված է (հայտատուի լրիվ անվանումը, ստորագրությունը և կամ կնիքը) ___ ______________199 թ. |
Հաստատված է |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում է _______________________________________________
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի Ա. Ա. Հ.)
(այսուհետև դիլեր) ՀՀ արժեթղթերի շուկայում դիլերային գործունեության կանոնակարգը:
2. Դիլերը գործում է ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի հիման վրա:
3. ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի դրույթները խախտելու համար դիլերը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. Դիլերային գործունեության ոլորտը ԵՎ կատարվող գործառնությունները
4. Դիլերն իրականացնում է արժեթղթերի առուծախ` իր անունից և իր հաշվին, արժեթղթերի գնման և (կամ վաճառքի գների հրապարակային հայտարարման միջոցով, այդ արժեթղթերը պարտադիր գնելու կամ վաճառելու պարտավորությամբ:
5. Հաճախորդի հետ կնքված պայմանագրով (այսուհետև` պայմանագիր) սահմանված պարտավորությունների կատարման ժամանակ, որը ներառում է նաև առևտրային գաղտնիքի պահպանման պայմանը, դիլերը ձեռնարկում է բոլոր միջոցառումները հաճախորդի անվանման, նրա վճարման վավերապայմանների, պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված այլ տեղեկատվության գաղտնիությունը ապահովելու համար, բացառությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող տեղեկությունների:
6. Դիլերը հաճախորդին պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք առաջանում են.
ա) պայմանագրով սահմանված պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով,
բ) հաճախորդի առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքում:
7. Սույն կանոնակարգի 4-րդ կետի գործառնությունները իրականացնելիս դիլերը բացում և վարում է գործարքների գրանցամատյան:
8. Գործարքների գրանցամատյանը ներառում է.
ա) գործարքի կնքման ամսաթիվը,
բ) գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի քանակը, տեսակը, արժեքը,
գ) գործարքի ընդհանուր գումարը,
դ) գործարքի կատարման ամսաթիվը:
Գործարքների գրանցամատյանը կարվում և ստորագրվում է (կնքվում է) դիլերի կողմից:
III. Դիլերների իրավունքները ԵՎ պարտականությունները
9. Սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված գործառնություններն իրականացնելիս դիլերն իրավունք ունի`
ա) ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կնքել արժեթղթերի առուծախի պայմանագրեր:
բ) արժեթղթերի փոխանակության գործարքներ իրականացնելիս կարող է փոխանակել մեկ արժեթուղթը մյուսով միայն սույն կարգի 4-րդ կետի հիմքերով,
գ) Իրականացնել գործող օրենսդրությանը համաձայն դիլերային գործունեությանը վերաբերող այլ ֆինանսական գործառնություններ:
10. Պայմանագիրը ներառում է`
ա) պայմանագրի առարկան և գինը,
բ) կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը,
գ) վճարումների կարգը,
դ) արժեթղթերի հաշվարկման և փոխանցման կարգը, վեճերի լուծման կարգը, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ,
ե) կողմերի միջև կապի իրականացման կարգը,
զ) պայմանագրի գործողության ժամկետը,
է) կողմերի վավերապայմանները,
ը) ՀՀ օրենսդրությամբ և կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ:
11. Սույն կարգի 4-րդ կետում նշված գործառնություններն իրականացնելիս, դիլերը բացի գնից իրավունք ունի հրապարակել արժեթղթերի առուծախի պայմանագրի այլ էական պայմաններ` գնվող և/կամ վաճառվող արժեթղթերի առավելագույն կամ նվազագույն քանակը, ինչպես նաև ժամկետը, որի ընթացքում գործում են հայտարարված գները: Հրապարակման մեջ այլ էական պայմանների մասին ցուցումների բացակայության դեպքում, դիլերը պարտավոր է պայմանագիր կնքել հաճախորդի կողմից առաջարկվող պայմաններով: Դիլերի կողմից վերոհիշյալ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում դիլերի նկատմամբ կարող է ներկայացվել հայց վերոհիշյալ պայմանագրի պարտադիր կնքման համար և/կամ պարտադրել փոխհատուցել հաճախորդին հասցված վնասը:
12. Դիլերը պարտավոր է ապահովել`
ա) արժեթղթերի առուծախի պայմանագրով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ և ազնիվ կատարում,
բ) լիազորված մարմնին հաշվետվությունների ներկայացում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. Սահմանափակումներ
13. ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև թողարկողի կողմից սահմանված կարգով արգելված կամ սահմանափակված արժեթղթերի առուծախ` դիլերը կարող է իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
14. Արժեթղթերի շուկայում դիլերն իր գործունեությունը բրոքերային գործունեության հետ համատեղելու դեպքում պարտավոր է բրոքերային գործունեությունն իրականացնել ֆոնդային բորսայում:
V. Եզրափակիչ դրույթներ
15. Դիլերային գործունեությամբ զբաղվող անձանց սեփական կապիտալի չափը պետք է համապատասխանի պետական լիազորված կառավարման մարմնի կողմից սահմանված պահանջներին` նրանց կողմից համապատասխան գործունեության իրականացման ամբողջ ժամանակահատվածում:
16. Դիլերը պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:
17. Դիլերի մոտ փաստաթղթաշրջանառությունը, հաշվապահական հաշվառումը, ինչպես նաև հաճախորդների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանումը և տրամադրումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10.07.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800149