Գլխավոր տեղեկություն
Համար
N 73
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (14.07.1999-11.09.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.1999
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.1999

105.0073.14.06.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14.06.1999 թ.
քաղ. Երևան

N 73

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման, ելնելով Սևանա լճում ձկան արդյունագործական պաշարների վերաբերյալ արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի 08.06.99 թ. որոշումից (արձանագրության քաղվածքը կցվում է) և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական հիմնավորումից (կցվում է)`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Մինչև 2000 թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը և ջրային այլ կենդանիների որսը:

2. Անվերապահորեն ընդունել ՀՀ բնապահպանության, ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարների և Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված համատեղ միջոցառումների ծրագրի (կցվում է) կատարումը:

3. «Սևան» ազգային պարկին (տնօրեն` Լ. Թովմասյան).

- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.

- մինչև ս/թ հունիսի 15-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված լողամիջոցների և որսագործիքների (այդ թվում խեցգետնաորսիչների) դուրս բերումը.

- մինչև ս/թ հունիսի 20-ը ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված ժամանակավոր կացարանների (այդ թվում` վագոն-տնակների) դուրս բերումը:

4. ԲՀՊՏ վարչությանը (պետ` Հ. Պառավյան).

- հսկողություն իրականացնել սույն հրամանի 3-րդ կետով սահմանված գործողությունների կատարման ընթացքին.

- օժանդակել ազգային պարկին` ապօրինի ձկնորսության դեմ ձեռնարկվող միջոցառումները իրականացնելուն.

- Գեղարքունիքի մարզի ազգաբնակչության շրջանում կազմակերպել բացատրական աշխատանք ձկնորսության արգելքի անհրաժեշտության վերաբերյալ:

5. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան).

- մինչև ս/թ հունիսի 15-ը կազմել և հաստատել շուրջօրյա հերթապահության ժամանակացույց և ապահովել դրա կատարումը.

- սահմանված կարգով իրականացնել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի իրականացման աշխատանքների վերահսկողություն.

- ապահովել ամենօրյա օպերատիվ տեղեկատվության ամփոփագրի ներկայացումը իրականացվող միջոցառումների վերաբերյալ.

- մշտական օգնություն ցուցաբերել և վերահսկել խախտումների հայտնաբերման դեպքում փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման և հետագա ընթացք տալու հարցերին:

6. Կենսառեսուրսների պահպանության վարչությանը (պետ` Ս. Շաշիկյան).

- մեթոդական օգնություն ցուցաբերել «Սևան» ազգային պարկին, ԲՀՊՏ վարչությանը և ՀԲՊ տեսչությանը.

- ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ 20 օրյա ժամկետում մշակել ժամանակացույց Սևանա լճում ձկնային պաշարների ուսումնասիրման վերաբերյալ, այդ նպատակով իրականացվող որսի ժամանակ ապահովել տարածքային կառավարման և իրավապահ մարմինների, ՀԲՊ տեսչության, ԲՀՊՏ վարչության և «Սևան» ազգային պարկի մասնակցությունը.

- շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել գիտական ուսումնասիրությունների մոնիտորինգ և յուրաքանչյուր 20 օրը մեկ ներկայացնել վերլուծության արդյունքներն ու առաջարկություններ.

- ՀԲՊ տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում ներկայացնել ծրագիր և նախահաշիվ ՀՀ ջրավազաններում (գետերում, լճերում, ջրամբարներում) ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական, որոշման համար:

7. ՀԲՊ տեսչությանը, ԲՀՊՏ վարչությանը և «Սևան» ազգային պարկին.

- առգրավված և գիտական նպատակներով որսված ձուկը իրացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Տնտեսագիտական վարչությանը (պետ` Ա. Հարությունյան).

- ՀԲՊ տեսչության և ԲՀՊՏ վարչության հետ համատեղ 15 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ձկնորսության արգելքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալների, դրանց աղբյուրների և ֆինանսավորման ժամկետների վերաբերյալ:

9. Հասարակայնության հետ կապերի վարչությանը (պետ` Ա. Պեպանյան).

- հանրապետության լրատվական միջոցներով ապահովել ձեռնարկվող միջոցառումների անհրաժեշտության և ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:

10. ՀԲՊ տեսչությանը (պետի պաշտոնակատար` Ն. Փահլևանյան) և ԲՀՊՏ-ի վարչությանը (պետ` Հ. Պառավյան).

- ապահովել ձեռնարկվող միջոցառումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը:

11. Սույն հրամանով նախատեսված գործընթացի համակարգումը դնել նախարարի տեղակալ Ս. Բալոյանի վրա:

12. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար`

Գ. Վարդանյան

 

1999-2000 ԹԹ. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը` օգտագործելով ժամանակակից մեթոդները, յուրաքանչյուր տարի կանխորոշում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի չափը: Ինստիտուտի կողմից վերջին տարիներին իրականացված ձկնային պաշարների հետազոտման արդյունքների հիման վրա, բացահայտվել է սիգի պոպուլյացիայի թվաքանակի և կենսազանգվածի կտրուկ անկման, ինչպես նաև նրա վտառի երիտասարդացման տենդենց: Այսպես, վերջին տարիների հաշվարկային ցուցանիշների հիման վրա 3-4 անգամ նվազել է միավոր որսամիջոցի որսված ձկան քանակությունը, սիգի միջին չափսերը որսաբաժնում 32 սմ-ից նվազել են մինչև 28 սմ, իսկ 1999 թ. տվյալներով` մինչև 26 սմ: Զգալիորեն փոխվել է նաև սեռերի հարաբերակցությունը:

Ըստ որում նկատվում է լճում սիգի պոպուլյացիայի կտրուկ նոսրացում, ինչը արտացոլվում է ոչ միայն ձկների աճի (նույն չափի ձկները դարձել են ավելի յուղալի և բտված), այլև լիմնոհամակարգի սննդային շղթաների հավասարակշռության վրա: Վերջինս իր հերթին հանգեցնում է լճում լրացուցիչ օրգանական նյութի կուտակմանը, ինչը, լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, էլ ավելի է խորացնում էվտրոֆացման պրոցեսը: Սիգի պոպուլյացիայի բոլոր այս նեգատիվ փոփոխությունները նրա պաշարների անխնա շահագործման հետևանք են:

Չնայած, ՀԷՁԻ-ի կողմից յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռնվածությունը նրա պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն սիգի, այլև Սևանա լճի մյուս ձկնատեսակների պաշարների կրճատմանը:

Ելնելով վերոհիշյալից, ինստիտուտը բազմիցս նախազգուշացրել է Սևանա լճի արդյունագործական ձկնատեսակների պաշարների հնարավոր խզման մասին: Այսօր մենք արդեն կանգնած ենք արժեքավոր ձկնատեսակներից` Սևանի իշխանի և կողակի պաշարների խզման փաստի առաջ: Հաջորդը Սևանի սիգն է, որի պաշարներին, ինչպես ցույց են տվել 1998-99 թթ-ի ձկնաբանական հետազոտությունները, նույնպես սպառնում է խզման վտանգը:

Այսպես, վերջին գիտարշավի արդյունքների վերլուծությունը, որը իրականացվել է 1999 թ. մայիսի վերջին, ցույց է տվել, որ որսաբաժնում 60% կազմում են 1+տարեկան ոչ արդյունագործական չափի ձկները, իսկ միավոր որսամիջոցի որսաչափը 1996 թ. նույն սեզոնի հետ համեմատած, կրճատվել է մոտ 3 անգամ:

Ուստի, ՀԷՁԻՆ անհրաժեշտ է համարում դադարեցնել բոլոր ձկնատեսակների, մասնավորապես սիգի որսը Սևանա լճում, առնվազն մինչև 2000թ-ի ապրիլի 30-ը: Որսի արգելքի պահանջը պայմանավորված է.

- սիգի բազմացող և նախաբազմացող վտառների և նրանց բնական վերարտադրության հնարավորությունների պահպանման անհրաժեշտությամբ:

- սիգի պոպուլյացիայի, որի հիմքը այսօր կազմում են 1+տարեկան ձկները, պահպանումը մինչև ապրիլի 30-ը թույլ կտա այդ սերունդին հասնել մինչև արդյունագործական չափերի, վերջիններս ոչ միայն հաջորդ տարվա լրացուցիչ սերունդն են, այլև սիգի բազմացող վտառի հիմքը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ արգելքի ողջ ժամանակահատվածում ինստիտուտը պետք է շարունակի սիգի արդյունագործական պաշարների, ինչպես նաև լճային էկոհամակարգի գիտական հետազոտությունները:

Ստացված արդյունքների հիման վրա, որսի արգելքի ավարտի փուլում ինստիտուտի կողմից կներկայացվեն առաջարկներ արդյունագործական որսի կազմակերպման կամ արգելման վերաբերյալ:

 

ՀԷՁԻ-Ի ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`

Բ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀՀ բնապահպանության նախարարության «Սեվանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի» 1999 թ. հունիսի 8-ի նիստի N 2 արձանագրությունից

 

Լսեցին. Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի մասին:

Որոշեցին.

1. Հաշվի առնելով Սևանա լճում ձկան պաշարների և պոպուլյացիաների ներկա վիճակը` 1999 թ. հունիսի 15-ից մինչև 2000թ. ապրիլի 30-ը արգելել Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը:

2. Հանձնարարել «Սևան» ազգային պարկի տնօրինությանը և ԲՀՊՏ վարչության ու ՀԲՊ տեսչության պետերին`

- Սևանա լճում իրականացնել ամենօրյա հսկողություն.

- խստիվ պահպանել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հետ կապված հարցերը և բնապահպանության նախարարության հանձնարարականները այդ ուղղությամբ.

- մշակել շահագրգիռ կազմակերպությունների հետ արգելքն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիր:

3. Նախարարի տեղակալ` Ս. Բալոյանին.

- հիմք ընդունելով Սևանա լճում արդյունագործական ձկնորսության թույլատրագրային հանձնաժողովի որոշումը` կազմել հրամանի նախագիծ և սահմանված կարգով ներկայացնել:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Հաստատում եմ
ՀՀ բնապահպանության
նախարար`
Գ. Վարդանյան

Հաստատում եմ
ՀՀ ներքին գործերի
նախարար`
Ս. Աբրահամյան

Հաստատում եմ
Գեղարքունիքի
մարզպետ`
Վ. Հակոբյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1999 թ. հունիսի 15-ից մինչեվ 2000 թ. ապրիլի 30-ը Սեվանա լճում արդյունագործական ձկնորսության արգելման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների

 

Հ/հ

Միջոցառումների անվանումը

Կատարող

Կատարման
ժամկետը

1

2

3

4

1. «Սևան» ազգային պարկում տեղամասային ծառայության աշխատողների մասնակցությամբ անցկացնել խորհրդակցություն (պարբերաբար) ԲՀՊՏ-ի վարչ. 15.06.99-30.04.2000 թթ.
2. Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրել խորհրդակցություն` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան 14.06.99 թ.
3. Սևանա լիճը գոտևորող մայրուղու, Ծովազարդ, Նորատուս, Շորժայի կամրջի հատվածում, Մարտունի-Եղեգնաձոր հատվածում և Սևանի պետավտոտեսչության հենակետում հսկիչ շարժական կետերի տեղադրում ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ, ՀԲՊՏ, ՆԳ մարզային վարչ., Գեղարքունիքի մարզպետարան 15.08.99-30.04.2000 թթ.
4. Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները փակել և տեղակայել հսկիչ կետեր  «Սևան» ԱՊ, ԲՀՊՏ վարչ. 15.08.99-30.04.2000 թթ.
5. Հսկիչ կետերում «Սևան» ԱՊ և ԲՀՊՏ վարչությունում սահմանել շուրջօրյա հերթապահություն` պահպանելով մշտական կապ իրավապահ մարմինների հետ ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ 15.06.99-30.04.2000 թթ.
6. Իրականացնել ձկնորսության համար նախատեսված ժամանակավոր կայանների (այդ թվում վագոն-տնակների) դուրս բերումը (անհրաժեշտության դեպքում վերացումը) ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ 15.06.99-20.06.99 թթ.
7. Ապահովել «Սևան» ազգային պարկի տարածքից ձկնորսության համար նախատեսված լողամիջոցների և որսագործիքների (այդ թվում խեցգետնաորսիչների) դուրս բերումը ԲՀՊՏ վարչ., «Սևան» ԱՊ 15.06.99-20.06.99 թթ.
8. Երևանի և մարզերի շուկաներում սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցների կազմակերպում Ներքին գործերի նախարարություն 15.06.99-30.04.2000 թթ.
9. Ստուգայցերի կազմակերպում Սևանա լճի վրա և «Սևան» ԱՊ տարածքում Ներքին գործերի նախարարություն, «Սևան» ԱՊ, ԲՀՊՏ վարչ., ՀԲՊՏ Գեղարքունիքի մարզպետարան (պարբերաբար) 15.06.99-30.04.2000 թթ.
10. Նախապատրաստվող աշխատանքների և իրականացնող միջոցառումների լայն լուսաբանում հանրապետական և մարզային լրատվամիջոցներով  ՀՀ բնապահպանության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան 15.06.99-30.04.2000 թթ.
11. Յուրաքանչյուր ամիս անցկացնել համատեղ խորհրդակցություններ` կատարված աշխատանքների նախարարություն ամփոփման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, Գեղարքունիքի մարզպետարան   

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ս. Բալոյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հունիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 105990103

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2008, N 265-Ն 11.09.2008, N 73
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան