Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-312-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին

 

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան։

2. Սույն օրենքի կարգավորման ոլորտն ընդգրկում է գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությունը, գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար։»:

 

 Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

 «1.1) ինժեներական գեոդեզիա՝ շենքերի և շինությունների հետազոտության, նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ կատարված գեոդեզիական աշխատանքների ընթացքում ծագող գործունեության տեսակ.

 1.2) մարկշեյդերական գործունեություն՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում.»:

 

 Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով.

 «15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ զբաղվող, Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից համապատասխան որակավորման վկայական ստացած անձ.

 16) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ.

 17) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման, ինչպես նաև իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ՝ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով գեոդեզիական աշխատանքներ:»:

 

Հոդված 4 Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե)» բառերը փոխարինել «Կոմիտեն է» բառերով։

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-16.6-րդ հոդվածներով.

 

«Հոդված 16.1․ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության իրականացումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ կարող են զբաղվել Կոմիտեի կողմից որակավորման վկայական (այսուհետ` նաև վկայական) ստացած անձինք:

2. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանում է Կառավարությունը:

3. Սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում բացառապես որակավորում ունեցող անձինք:

4. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականները դասակարգվում են երկու խմբի՝

1) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական.

2) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական:

6. Որակավորումը կազմակերպում և իրականացնում է Կոմիտեն՝ որակավորման քննությունների միջոցով, որոնք ընդունում է Կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով ստեղծված որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովը կազմված է յոթ անդամից՝ Կոմիտեի աշխատակից հանդիսացող նախագահից, քարտուղարից, ինչպես նաև անդամներից, որոնցից երկուսը Կոմիտեի աշխատակից են, մեկն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից, մնացած երկուսը՝ Կոմիտեի հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից: Որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

7. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, որակավորման վկայականի ձևը սահմանում է Կառավարությունը:

8. Որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները և առաջադրանքները, առաջադրվող հարցերը նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը: Դրանք հաստատում է Կոմիտեի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերի քանակը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից 20 օր առաջ:

9. Քննության դրական արդյունքներով Կոմիտեի ղեկավարը որոշում է կայացնում որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ։

10. Որակավորման վկայականն ուժի մեջ է մտնում այն Կառավարության սահմանած կարգով որակավորված անձին հանձնելու օրվանից և գործում է անժամկետ։

11. Կոմիտեն վկայական ստացած անձանց անվանացանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում: Կառավարության սահմանած կարգով որակավորման քննության մասնակցության դիմում ներկայացնելիս գրավոր համաձայնության առկայության դեպքում վկայական ստացած անձանց կապի միջոցները և աշխատանքի վայրի մասին տեղեկությունները ևս Կոմիտեն հրապարակում է իր պաշտոնական կայքում։

12. Որակավորման վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը վկայականի կրկնօրինակ կամ վերաձևակերպված վկայական ստանալու դիմում է ներկայացնում Կոմիտե` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ Վկայականի կրկնօրինակը կամ վերաձևակերպված վկայականը Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Կառավարության սահմանած կարգով և ձևով: Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

13. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գեոդեզիական մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների վրա:

 

Հոդված 16.2 Որակավորման վկայականի գործողության կասեցման ու դադարեցման հիմքերը և կարգը

 

1. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են`

1) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.

2) Կառավարության սահմանած՝ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, եթե դրանց հիմքով կատարվել է պետական գրանցում՝ Կոմիտեի նախաձեռնությամբ՝ Կառավարության սահմանած կարգով: Սույն կետով սահմանված փաստաթղթերի հիմքերով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն կասեցնում է վկայականի գործողությունը բացառապես ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքի կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա․

3) ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա.

4) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երեք ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը․

5) ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին չմասնակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցություն ապահոված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության ամբողջությամբ կատարումը․

6) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.

7) որակավորված անձի կազմած՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում ոչ տեխնիկական բնույթի սխալներ կատարելը։ Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ է համարվում այն սխալը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի շեղման: Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն իր նախաձեռնությամբ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ այլ անձի դիմումի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը․

8) որակավորված անձի կազմած՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն կետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու, ինչպես նաև այլ նպատակով կազմված հատակագծերում Կառավարության սահմանած՝ հատակագծերի ձևերի, հատակագծերին ներկայացվող պահանջների և հատակագծերի ներկայացման կարգի խախտման պարագայում Կոմիտեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ներկայացրած բողոքի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.

9) սեփական դիմումի հիման վրա։

2․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերի հիմքերով վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չէ:

3․ Վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով կասեցնում է Կոմիտեն, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով կասեցնում է Կոմիտեն՝ Կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին Կոմիտեի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով նրա առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար և Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին:

5․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով։ Վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե նշված կետերով սահմանված խախտումների կատարման օրվանից անցել է երեք տարուց ավելի։

6․ Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն կամ նախքան կասեցումը կատարված և իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն ուղղելուն։

7. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`

1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը․

2) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը․

3) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը․

4) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով որակավորման ենթակա գործունեություն իրականացնելը․

5) մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով սահմանված դեպքերի․

6) որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը։

8. Վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով դադարեցնում է Կոմիտեն: Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով դադարեցնում է Կոմիտեն՝ Կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

9. Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով նրա առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար և Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը Կոմիտեի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում։

10. Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո։

11. Սույն հոդվածով սահմանված վկայականի գործողության կասեցումը, կասեցման հիմքերի վերացումը և վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման բնագավառում որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Կոմիտեի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման, և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով։

 

Հոդված 16.3. Ինքնակարգավորվող կազմակերպությունը

 

1. Սույն օրենքի իմաստով ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում այն մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպությունը, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, և որի հիմնադիր են հանդիսանում սույն օրենքի իմաստով որակավորված առնվազն երկու անձինք, որոնք ունեն առնվազն հինգ տարվա գործող որակավորման վկայական: Գեոդեզիստ և մարկշեյդեր, ինչպես նաև քարտեզագրող, չափագրող, հաշվառող և հողաշինարար որակավորված անձինք կարող են լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ: Որակավորված մասնագետը կարող է գործունեություն ծավալել առանց ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու միայն այն դեպքում, երբ Կոմիտեում սահմանված կարգով որևէ ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ:

2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի պետական գրանցման պահից: Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իր գործունեության բնույթի մասին:

3. Ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեում հաշվառվելու նպատակով Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնում է նախատեսված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքները և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալների փոփոխությունից հետո՝ եռօրյա ժամկետում, Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով հայտնում է Կոմիտեին:

4. Ներկայացված հնգամյա ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու պարագայում Կոմիտեն 20-օրյա ժամկետում հաստատում է այն և հաշվառում ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության հաստատած՝ հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի, Կոմիտեի և այլ պետական մարմինների սահմանած և ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հնգամյա ծրագիրը կամ դրա իրականացման ժամանակացույցը ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող է փոփոխվել՝ նախապես մեկ տարի առաջ Կոմիտեի հաստատմանը ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը և դրանց հիմնավորումը: Ներկայացված հնգամյա ծրագրի կամ դրա իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում Կոմիտեն 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով Կոմիտե է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում Կոմիտեն վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու և փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչև 15-օրյա ժամկետ: Կոմիտեի մատնանշած թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը երկրորդ անգամ ներկայացնելը հաշվառման մերժման, ինչպես նաև հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք է: Կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է Կոմիտեի ղեկավարի իրավական ակտով:

5. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝

1) եթե չի կատարում հաշվառման ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցի էական խախտումներով.

2) եթե չի ներկայացնում կամ չի կատարում սույն օրենքի 16.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերապատրաստման ուսումնական ծրագիրը.

3) եթե չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.

4) հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում:

6. Ինքնակարգավորվող կազմակերպությունն ապահովում է իր անդամների գործունեության թափանցիկությունը և արդյունավետության բարձրացումը, հավաքական շահերի պաշտպանությունը, մշակում է իր անդամների վարքագծի կանոնները, նպաստում է դրանց կիրառմանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործմանը:

7. Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն ու խնդիրներն են՝

1) իր անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

2) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտների կայացմանը և ընդլայնմանն աջակցելը.

3) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտներում մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրումը.

4) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտների միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը.

5) գեոդեզիստի և մարկշեյդերի, ինչպես նաև քարտեզագրողի, չափագրողի, հաշվառողի և հողաշինարարի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի և վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացումը.

6) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտներին վերաբերող մասնագիտական գրականության հավաքումը, մշակումը, կազմումը և հրատարակումը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով իր անդամների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը.

8) իր կողմից հաշվառման ներկայացված հնգամյա ծրագրի պատշաճ և ժամանակացույցին համապատասխան կատարման ապահովումը.

9) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտներում այլ գործառույթներ:

8. Ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այն ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, բացառությամբ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման և որակավորում պահանջող այլ տեսակի գործունեության:

9. Կոմիտեում կարող է հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություն: Հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունների շարքում թափուր տեղ առաջանալու պարագայում Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրվում է հայտարարություն, որը հիմք է ինքնակարգավորվող կազմակերպության համար սույն հոդվածով սահմանված կարգով ցանկացած ժամանակ հաշվառման նպատակով դիմելու Կոմիտե:

 

Հոդված 16.4. Ինքնակարգավորվող կազմակերպության գույքը

 

1. Անդամների (հիմնադիրների) կողմից ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը ինքնակարգավորվող կազմակերպության սեփականությունն է: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի սահմանած չափով և կարգով պարբերաբար կատարում են անդամության վճարներ։

2. Անդամը պարտավոր է վճարել անդամավճար: Անդամավճարի առավելագույն վճարը չի կարող սահմանվել ամսական 15000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի:

 

Հոդված 16.5. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստումը

 

1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Կոմիտեի հաստատմանն է ներկայացնում անդամների վերապատրաստման ուսումնական ծրագիրը: Հաջորդող տարվա վերապատրաստման ուսումնական ծրագիրը Կոմիտե է ներկայացվում մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը: Վերապատրաստման ուսումնական ծրագիրը 20-օրյա ժամկետում հաստատվելուց հետո ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով և ժամկետում հայտարարում է մասնագիտական մրցույթ, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի պարտավոր է կազմակերպել առնվազն մեկ վերապատրաստման ուսումնական ծրագիր:

2. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամները (բացառությամբ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ունեցող անդամների, որոնց նկատմամբ սույն մասով սահմանված պահանջները կիրառելի չեն) պարտավոր են անցնել ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում 32 ժամից պակաս լինել: Ինքնակարգավորվող կազմակերպության կազմակերպած դասընթացներին մասնակցելու վճարները վճարում են դասընթացներին մասնակցողները: Ինքնակարգավորվող կազմակերպության անդամներն իրավունք ունեն վերապատրաստման համար սահմանված ժամաքանակը լրացնելու նաև ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած ծրագրից դուրս՝ գեոդեզիայի, աշխարհագրության, երկրատարածական տվյալների ոլորտներում գիտաժողովների և դասախոսությունների մասնակցելու միջոցով, որոնց վերաբերյալ պարտավոր են ինքնակարգավորվող կազմակերպություն ներկայացնել մասնակցությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

 

Հոդված 16.6. Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն:

2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կոմիտե մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:

3. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է Կոմիտե ներկայացված հնգամյա ծրագրի, իր իրականացրած այլ ծրագրերի, ինչպես նաև վերապատրաստման ուսումնական ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն:»:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող որակավորման հանձնաժողովի անդամները շարունակում են մնալ որակավորման հանձնաժողովի անդամներ մինչև Կոմիտեի կողմից նոր անդամների ընտրությունը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 16.1-ին հոդվածի 7-րդ մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Կոմիտեի ղեկավարը, սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 16.1-ին հոդվածի 8-րդ մասին համապատասխան, հաստատում է որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները և առաջադրանքները, քննության ժամանակ առաջադրվող հարցերը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Կոմիտեի ղեկավարը հաստատում է ոլորտի ինքնակարգավորվող կազմակերպությունների՝ Կոմիտեում հաշվառման, հաշվառումից հանելու, հաշվառման համար ներկայացրած տվյալների փոփոխությունները Կոմիտե ներկայացնելու, ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից մասնագիտական մրցույթ հայտարարվելու կարգերը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառվելու նպատակով համապատասխան դիմումը և կից փաստաթղթերը Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնում է Կոմիտե:

7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են միայն քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականներ:

8. Սույն օրենքի իմաստով քարտեզագրական, հողաշինարարական չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ստանալու նպատակով որակավորված անձինք դիմում են ներկայացնում Կոմիտե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։

9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող այն անձինք, որոնք գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում ունեն մագիստրոսի կրթական աստիճան, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո իրավունք ունեն դիմելու Կոմիտե՝ սույն օրենքի իմաստով գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման համապատասխան վկայական ստանալու համար՝ ներկայացնելով դիմում, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում մագիստրոսի կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ:

10. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները և առաջադրանքները, քննության ժամանակ առաջադրվող հարցերը հաստատվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Կոմիտեն առնվազն երեք անգամ անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման քննություններ:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված, ինչպես նաև դրանից հետո անցկացված որակավորման քննությունների արդյունքներով կամ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրված և գործող գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունեցող անձինք համարվում են «Քաղաքաշինության մասին» օրենքի իմաստով հավաստագրված մասնագետներ, կարող են հանդիսանալ նույն օրենքի իմաստով պատասխանատու մասնագետ և հավաստագրման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագրման ենթակա չեն:

12. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ մասերից, 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերից, 8-11-րդ մասերից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 24

Երևան

ՀՕ-312-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: