Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-165-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունը

 

1. Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:

2. Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝

1) առաջարկություններ ներկայացնելու պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.

2) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման և խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացնելու տարածքների, շենքերի, կառույցների, շինությունների և այլ օբյեկտների հետազոտություններ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստուգումներ.

3) մասնակցելու շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության (տեղաբաշխման), ինչպես նաև ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

4) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար մշակելու և առաջարկելու լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.

5) հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց և քաղաքացիներին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու և իրացումը դադարեցնելու մասին.

6) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.

7) սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա կապարակնքելու (կնքելու) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ.

8) հրդեհային անվտանգության պահանջների և կանոնների խախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառելու պատասխանատվության միջոցներ:

3. Հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր, ինչպես նաև հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման և շահագործման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի մշակումն իրականացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը:

4. Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները:

5. Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչները կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա՝ տեսչական մարմինը:

6. Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակում կայացվող որոշումները, ցուցումները, կարգադրությունները և այլ իրավական ակտերի պահանջները պարտադիր են պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

7. Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները և կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար՝ նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1. Տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և դրանց կատարումը

 

1. Հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված՝ սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող հետևյալ վարչական ակտերը (այսուհետ՝ սահմանափակող ակտ).

1) որոշում.

2) կարգադրագիր:

2. Սահմանափակող ակտը բովանդակում է՝

1) տեսչական մարմնի լրիվ անվանումը.

2) սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը.

3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) սահմանափակող ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

5) սահմանափակող ակտի ընդունման իրավական հիմքը.

6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.

7) սահմանափակող ակտի կատարման ժամկետը.

8) սահմանափակող ակտի գործողության ժամկետը.

9) սահմանափակող ակտն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).

10) սահմանափակող ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

11) տեսչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե սահմանափակող ակտն ստորագրվել է ձեռագիր:

3. Սահմանափակող ակտը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում, և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

5. Սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելիս տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

1) սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

2) սահմանափակող ակտի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից սահմանափակող ակտի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

8. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում սահմանափակող ակտի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-165-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան