ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «շրջակա միջավայրի պահպանման» բառերից հետո լրացնել «, պատմամշակութային հուշարձանների պահպանության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական սեփականություն համարվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գույքային պետական գրանցումը:»։
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պետական գրանցման օբյեկտի՝ հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 23 Երևան ՀՕ-39-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2023 թվական: