ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 2-րդ մասում «մշտական օգտագործման տրամադրված՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 225-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով» բառերը փոխարինել «պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերին՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների մասով» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց (մշտական) օգտագործողը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ մասերով.
«2.1. Կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերի հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:
2.2. Վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ շենքերի, շինությունների կամ կառույցների հողօգտագործման իրավունք ունեցող անձինք:
2.3. Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ստորգետնյա և վերգետնյա ինքնակամ շենքերի, շինությունների կամ կառույցների, այդ թվում՝ ինքնակամ զբաղեցրած հողամասերի մասով անշարժ գույքի հարկը վճարում են այդ հողամասերն ու շենքերը, շինությունները կամ կառույցներն օգտագործողները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ավտոտնակը (ավտոկայանատեղին, ավտոհանգրվանը)` տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը կամ տարածքը․».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նոր կառուցված և (կամ) փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն մասում նշված համապատասխան հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, հողամասի սեփականության և (կամ) հողօգտագործման իրավունք ունեցող հարկ վճարողների կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները:»:
Հոդված 4. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «մշտական օգտագործման» բառերը փոխարինել «անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-567-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: