Սույն օրենքն ուժը կկորցնի 28.04.23 թվականին` համաձայն 05.10.22 ՀՕ-368-Ն օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 հուլիսի 1998 թ.
ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները:
Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև զենքի փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության վրա:
Հոդված 1. |
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) զենք` իրենց կառուցվածքով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր և առարկաներ.
բ) հրազեն` վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին` նպատակաուղղված շարժում ստացած գնդակի միջոցով տարածության վրա գտնվող նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են` փողը, փակաղակը, թմբուկը, իրանը, փողի պահպանակը.
գ) սառը զենք` մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք.
դ) նետողական զենք` մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ` նետվող հարմարանք) միջոցով որոշակի հեռավորության վրա գտնվող կենդանի նշանակետը խոցելու հատուկ նախատեսված զենք.
ե) օդաճնշիչ զենք` սեղմված, հեղուկ կամ պինդ գազային նյութի էներգիայի հաշվին նպատակաուղղված շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով նշանակետը խոցելու համար նախատեսված զենք.
զ) գազային զենք` օգտագործման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերի կիրառմամբ կենդանի նշանակետը ժամանակավորապես շարքից հանելու համար նախատեսված զենք.
է) ազդանշանային զենք` իր կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված զենք.
ը) ռազմամթերք` նշանակետը խոցելու համար նախատեսված զինման առարկաներ, սարքեր և նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն.
թ) փամփուշտ` զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի օգնությամբ մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցներ, նետողական լիցք և նետվող հարմարանք.
ժ) զենքի և հրազենի հիմնական մասերի (այսուհետ` զենք) շրջանառություն` զենքի արտադրություն, առևտուր, վաճառք, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում և ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, փոխադրում, տեղափոխում, օգտագործում, վերցնում և ոչնչացում, ինչպես նաև ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ` համապատասխանաբար ներկրում և արտահանում).
ժա) զենքի արտադրություն` զենքի հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում.
ժբ) զենքով պարգևատրում` սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ:
Զենք չեն համարվում կառուցվածքով զենքին նմանվող, սակայն տնտեսական-կենցաղային, արտադրական և սպորտային նշանակություն ունեցող սերտիֆիկացված իրերը (այսուհետ` կառուցվածքով զենքին նմանվող իրեր):
(1-ին հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 2. |
ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, ինչպես նաև հիմնական չափանիշների և բնութագրող հատկանիշների, ստորաբաժանվում է`
ա) քաղաքացիական.
բ) ծառայողական.
գ) ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը (այսուհետ` մարտական) զենքի:
Հոդված 3. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔ |
Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):
Քաղաքացիական զենքը ստորաբաժանվում է.
1. Ինքնապաշտպանական զենքի`
ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-46-Ն)
գ) գազային զենք` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.
դ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:
2. Սպորտային զենքի`
ա) ակոսափող հրազեն.
բ) ողորկափող հրազեն.
գ) սառը շեղբավոր զենք.
դ) նետողական զենք.
ե) օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով:
3. Որսորդական զենքի`
ա) ակոսափող հրազեն.
բ) ողորկափող հրազեն, այդ թվում` 140 մմ-ից ոչ ավելի երկարության ակոսավոր մասով.
գ) համակցված հրազեն (ողորկափող և ակոսափող), այդ թվում` փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.
դ) օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.
ե) սառը շեղբավոր զենք:
4. Ազդանշանային զենքի:
(3-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-46-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-277-Ն)
Հոդված 4. |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ |
Ծառայողական զենքի շարքին է դասվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց և իրավաբանական անձանց աշխատողների օգտագործման համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել և օգտագործել այդ զենքը` ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված` քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:
Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ, համարվում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք:
Ծառայողական զենքի շարքին է դասվում ոչ ավելի, քան 300 ջոուլ փողային էներգիայով ողորկափող, կարճ ակոսափող, ինչպես նաև երկար ողորկափող հրազենը, որի փամփուշտներն իրենց տեսակով և չափերով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից, իսկ գնդակի և պարկուճի վրա թողած հետքով` քաղաքացիական զենքից, և որն իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից և ունի տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ): Ողորկափող և ակոսափող կարճ փողով հրազենի փամփուշտների գնդակները չեն կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:
Ծառայողական զենքի փամփուշտները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ստանդարտներին:
Հոդված 5. |
ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ |
Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում և պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաև հակակոռուպցիոն կոմիտեում:
Մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության, ինչպես նաև մարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները և դրանցից բխող՝ Կառավարության որոշումները:
(5-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-51-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն, լրաց., փոփ. 07.04.16 ՀՕ-40-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-83-Ն, 24.03.21 ՀՕ-153-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 6. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է`
1. Որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել`
ա) 500 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով, 800 մմ-ից պակաս երկարության (ընդհանուր), տասը փամփուշտից ավելի տարողունակության պահունակով (թմբուկով), ինչպես նաև այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից` առանց կրակ արձակելու ունակության կորստի.
բ) իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն.
գ) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.
դ) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.
ե) լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ և որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող և նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների.
զ) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ, ինչպես նաև կոտորակային գնդակներով փամփուշտներ` գազային ատրճանակների (այդ թվում` թմբուկավոր ռևոլվերի) համար.
է) զենք և այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների և կենսաբանական գործոնների օգտագործմամբ.
ը) առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր և այլ ներգործող նյութերով լիցքավորված, ինչպես նաև մեկ մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված գազային զենք.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.
ժ) ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի պահանջներին չհամապատասխանող (հաստատված ելակետային նորմերը գերազանցող) չափանիշներով և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված չափանիշները գերազանցող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ.
ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում:
2. Ակոսափող սպորտային հրազեն, 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով և 4,5 մմ տրամաչափը գերազանցող սպորտային օդաճնշիչ զենք, ինչպես նաև սպորտային սառը շեղբավոր և նետողական զենք պահելը կամ օգտագործելն սպորտային օբյեկտներից դուրս, բացառությամբ աղեղների և արբոլետների, որոնք գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման և ներարկումների համար:
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը, բացառությամբ որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների, որոնց օգտագործման և վաճառքի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Զենք առաքելը փոստով կամ ուղեբեռով (բագաժով) ուղարկելը:
5. Հավաքների կամ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների կողմից զենք կրելը:
6. Ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից երկարափող հրազեն և սառը զենք կրելը, բացառությամբ նշված զենքերի տեղափոխման կամ փոխադրման դեպքերի:
7. Միայն արտահանման նպատակով արտադրվող և ներմուծող երկրի ներկայացրած տեխնիկական պահանջներին համապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը և ձեռք բերելը:
(6-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն, 14.04.11 ՀՕ-87-Ն, 19.03.12 ՀՕ-46-Ն, 23.03.18 ՀՕ-277-Ն, խմբ. 31.05.19 ՀՕ-48-Ն)
Հոդված 7. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ |
Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաև ներկրվող և արտահանվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիական և ծառայողական զենքին և դրանց փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջները և փորձարկման մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Հոդված 8. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԸ |
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը համարվում է հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու:
Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում` կադաստրից: Կադաստրի մեջ չեն մտցվում շեղբավոր և նետողական զենքի, հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:
Կադաստրը վարում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են մտցվում քաղաքացիական և ծառայողական զենքի կամ դրանց փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստրի մեջ մտնելու կամ հանվելու:
Կադաստրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն)
Հոդված 9. |
ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՌևՏՐԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
Զենքի արտադրությունը, առևտուրը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի արտադրության և ձեռքբերման դեպքերի:
Զենքի արտադրության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, իսկ զենքի առևտրի լիցենզիան` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Զենքի ձեռքբերման թույլտվություն (բացառությամբ ակոսափող հրազենի, գազային ատրճանակների և թմբուկավոր ռևոլվերի) կարող են տալ նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն):
Լիցենզիա տալու օրվանից հաշված` զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների գործողության ժամկետը երեք տարի է, իսկ ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություններինը` վեց ամիս, բացառությամբ սույն օրենքի 13 հոդվածում նախատեսված դեպքերի:
Լիցենզիա կամ թույլտվություն ստանալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող կամ քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների և հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման թույլտվության գործողության ժամկետը` վեց ամսով: Նշված լիցենզիաների և թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ: Այն քննարկում են սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմինները` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում:
Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու մերժման հիմքերն են`
ա) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը.
բ) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
գ) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:
Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նշված մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է գանգատարկել դատական կարգով:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.02.07 ՀՕ-122-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն,19.03.12 ՀՕ-46-Ն, 27.10.17 ՀՕ-172-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 10. |
ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`
ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.
բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
գ) զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ` մատակարար իրավաբանական անձինք).
դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.
ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.
զ) ուսումնական հիմնարկները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
ը) օտարերկրյա քաղաքացիները:
Հոդված 11. |
ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց համար ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարտական, ինչպես նաև կադաստր մտցված ցանկացած այլ զենք:
Հոդված 12. |
ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն մատակարար իրավաբանական անձանցից ձեռք բերել քաղաքացիական և ծառայողական զենք` միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում զենքը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք պահելու և օգտագործելու թույլտվություն` երեք տարի ժամանակով: Թույլտվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված` զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության և պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, բնության և բնական պաշարների, դրամական միջոցների և արժեքների պատրաստման և պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման և պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հատկապես կարևոր այլ օբյեկտների պահպանության, ինչպես նաև հատկապես վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց արգելվում է սույն օրենքով չնախատեսված այլ նպատակներով մարտական զենք օգտագործելը:
Ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի և ձկան պաշարները, թույլատրվում է որպես ծառայողական զենք ձեռք բերել և օգտագործել ակոսափող որսորդական հրազեն:
Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք պահելու ու կրելու թույլտվություն: Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու` իրենց պիտանիությունը որոշող ստուգումներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` պայմանագրային հիմունքներով:
Հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
(12-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, 17.09.09 ՀՕ-170-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 13. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին (մինչև սույն հոդվածի վերջը` քաղաքացի)` սույն օրենքի 9 հոդվածի երկրորդ մասով նախատեսված` թույլտվություն տալու լիազորությամբ օժտված Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:
Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Թույլտվությունում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Թույլտվությունը մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել սույն օրենքի 9 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով:
Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, և քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց թույլտվության:
Սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում նշված ողորկ-երկարափող հրազենը քաղաքացին Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված թույլտվության հիման վրա իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել` առանց այն կրելու իրավունքի:
Սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին:
Ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության (համաձայն սույն օրենքի 5 հոդվածի) աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված իրավախախտումներ թույլ չտված քաղաքացին, որին սահմանված կարգով տրված է որսորդությամբ զբաղվելու իրավունք: Որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երեք միավոր որսորդական ակոսափող հրազեն և հինգ միավոր որսորդական ողորկ-երկարափող հրազեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուներ կազմելու օբյեկտ են:
Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին: Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու` որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում:
Քաղաքացու կողմից ձեռք բերված երկարափող հրազենը, ինչպես նաև որսորդական օդաճնշիչ զենքը ձեռքբերման օրվանից հաշված երկշաբաթյա ժամկետում ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:
Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչ զենքի, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ` այն պահելու և կրելու թույլտվություն` հինգ տարի ժամկետով: Ակոսափող հրազենը պահելու և կրելու թույլտվությունը նույն ժամկետով տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով: Թույլտվության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Ազդանշանային զենք ձեռք բերելու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները, ելնելով այն ձեռք բերելու նպատակից և անհրաժեշտությունից, սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ և սույն օրենքի 9 հոդվածի չորրորդ մասով նախատեսված այլ փաստաթղթեր:
Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր) և ազդանշանային զենք առաջին անգամ ձեռք բերող անձինք, բացի զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ունեցող անձանցից, պարտավոր են բնակության վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում անցնել ստուգում զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ծրագրով:
Սպորտային ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, որսորդությամբ զբաղվելու իրավունք վերապահող փաստաթուղթ ստանալիս պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով, ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ:
Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում`
ա) սույն օրենքով սահմանված տարիքի չհասած քաղաքացուն.
բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.
գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել.
դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.
ե) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-46-Ն)
զ) մշտական բնակության վայր չունեցողներին.
է) զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնողներին:
Զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բժշկական ստուգման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ հրացանները, ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ոչ ավելի, քան 6 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր) և դրանց փամփուշտները, որոնք մտած են կադաստր` որպես հրազեն և գազային զենք, ձեռք են բերվում առանց թույլտվության և գրանցման ենթակա չեն:
(13-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, 17.09.09 ՀՕ-170-Ն, 19.03.12 ՀՕ-46-Ն, 23.03.18 ՀՕ-277-Ն)
Հոդված 14. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ՆԵՐԿՐԵԼԸ և ԱՐՏԱՀԱՆԵԼԸ |
Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված թույլտվություններով` օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, այն դուրս տարվի հանրապետությունից:
Արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, 7,5 ջոուլ փողային էներգիայով և ներառյալ մինչև 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ զենքն օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք ունեն ձեռք բերել առանց թույլտվության:
Օտարերկրյա քաղաքացիները կարող են որսորդական կամ սպորտային զենք ներկրել միայն որսորդությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի հրավերի և նրա հետ կնքված որսորդության կոնտրակտի, ինչպես նաև սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը հանրապետության տարածքից պետք է դուրս տարվի կոնտրակտի կամ հրավերում նշված ժամկետում:
Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձևերի և մոդելների ներկրումը` անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման կամ սույն հոդվածի երրորդ մասում չնշված այլ նպատակներով, եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից հանրապետությունից զենք դուրս բերելու ժամկետները, ինչպես նաև այն ներկրելու և օգտագործելու կարգի խախտման դեպքերում զենքը վերցվում և բռնագրավվում է օրենքով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 15. |
ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ` ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Զենքի հետազոտմամբ, մշակմամբ, փորձարկմամբ, պատրաստությամբ, նորոգմամբ, զենքի և դրա փամփուշտների գեղարվեստական ձևավորմամբ, ինչպես նաև արտադրանքի գնդակադիմացկունության փորձարկմամբ զբաղվող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերել զենքի արտադրության լիցենզիայով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով նախատեսված զենքի տեսակներ, ձևեր և մոդելներ, իսկ զենքի առևտրով զբաղվող իրավաբանական անձինք` քաղաքացիական և ծառայողական զենք, սպորտային կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները` սպորտային և որսորդական զենք, որսորդական տնտեսություն վարող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` որսորդական զենք:
Օրենսդրության համաձայն` հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալ ծառայողական, իսկ անհրաժեշտության դեպքում` մարտական զենք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերում նշված սուբյեկտները զենքը ձեռք են բերում սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված թույլտվություններով: Ձեռք բերված զենքը ենթակա է գրանցման սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 16. |
ԶԵՆՔԻ և ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Զենքի և դրա փամփուշտների արտադրությունն իրականացնում են զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` ապահովելով արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը և արտադրանքի համապատասխան որակը:
Պատրաստված զենքի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա իր անհատական համարը, բացառությամբ մեխանիկական փոշեցրիչների, արցունքաբեր և գրգռիչ նյութերով լիցքավորված աերոզոլային ու այլ սարքերի և, ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման` հետագայում դրոշմելով կամ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի սահմանած կարգով դրա վրա համապատասխան նշում կատարելով:
Մարտական զենքը, բացառությամբ փորձնական նմուշների, պատրաստվում է միայն պետական ռազմականացված կազմակերպություններին մատակարարելու կամ օտարերկրյա պետություններ առաքելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Որսորդական ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը` որսորդական ողորկափող հրազեն պահելու և կրելու թույլտվության առկայության դեպքում:
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն)
Հոդված 17. |
ԶԵՆՔԻ և ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ և ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ |
Մարտական զենքի և դրա փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ, իսկ կառուցվածքով զենքի նմանվող իրերինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնությամբ` նշված զենքի և դրա փամփուշտների ու կառուցվածքով զենքի նմանվող իրերի սերտիֆիկացումից հետո:
Զենքի և դրա փամփուշտների ներկրումը կարող են իրականացնել մատակարար իրավաբանական անձինք, իսկ արտահանումը` զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Այլ անձանց կողմից զենքի ներկրումը և արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սպորտային, որսորդական, ինքնապաշտպանական, գազային և օդաճնշիչ զենքի եզակի օրինակների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ` սույն օրենքի պահանջներին համապատասխան:
Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի և փամփուշտների ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի և փամփուշտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(17-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-168-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 18. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՌևՏՈՒՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտուր իրականացնելու իրավունք ունեն նշված զենքի և ռազմամթերքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են`
ա) ունենալ հիմնադրման և գրանցման համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրությամբ կամ դրանց առևտրով զբաղվելու լիցենզիա.
բ) ունենալ վաճառվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների սերտիֆիկատ, ինչպես նաև նշված զենքը պահելու թույլտվություն` տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից.
գ) պահանջել գնորդից ներկայացնելու տվյալ զենքի տեսակի ձեռքբերման թույլտվություն, բացառությամբ այն զենքերի, որոնց ձեռքբերման համար թույլտվություն չի պահանջվում, ապահովել ձեռք բերվող և վաճառվող զենքի հաշվառումը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերի պահպանությունը տասը տարի ժամանակով.
դ) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքերի, դրանց փամփուշտների և դրանք ձեռք բերող անձանց մասին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ձևով և կարգով.
ե) գնորդի թույլտվությունում գրանցել վաճառվող գազային ատրճանակները (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենքը, իսկ որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացու վկայականում` շեղբավոր որսորդական սառը զենքը.
զ) ապահովել զենքի պատշաճ պահպանությունը և այն պահելու անվտանգությունը.
է) կենտրոնացված հաշվառում տանելու նպատակով` հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական և ծառայողական զենքից կրակված գնդակներն ու պարկուճները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
Վաճառքի ենթակա չեն սերտիֆիկատ, անհատական համար և դրոշմ չունեցող քաղաքացիական և ծառայողական զենքը, ինչպես նաև պետական ստանդարտին համապատասխանելու մասին համապատասխան նշան չունեցող փամփուշտները:
Արգելվում է`
ա) քաղաքացիական և ծառայողական զենք վաճառել զենք ձեռք բերելու թույլտվություն չունեցող իրավաբանական անձանց, իսկ դրանց փամփուշտները` զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական անձանց.
բ) քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միևնույն վաճառասրահում իրականացնել զենքի և այլ ապրանքների համատեղ վաճառք, բացառությամբ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների և զենքի պահեստամասերի:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր ձեռնարկությունները պարտավոր են նմանօրինակ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:
(18-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, 17.09.09 ՀՕ-170-Ն, 19.03.12 ՀՕ-46-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 19. |
ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ |
Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը վաճառել կամ փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքը և դրանց փամփուշտներն իրացնել դրանց առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:
Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն կարճափող հրազենը պահելու և կրելու նպատակով փոխանցել որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաև ժամանակավորապես հատկացնել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել` ձևակերպելով համապատասխան թույլտվություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
(19-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 20. |
զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը և ժառանգումը |
1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն`
ա) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-277-Ն)
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.
դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.
ե) ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:
2. Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:
3. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:
3.1. Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությամբ:
3.2. Որպես պարգև տրված զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգևատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու և նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
4. Զենքով պարգևատրելու կարգը և որպես պարգև տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:
5.1. Որպես պարգև տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:
6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:
7. Որպես պարգև տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգև տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:
8. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250 հոդվածով սահմանված կարգով:
(20-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-509-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն, խմբ. 17.09.09 ՀՕ-170-Ն, լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-46-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-277-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-466-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
Հոդված 21. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ |
Սույն օրենքի 10 հոդվածի 2-7-րդ կետերում նշված` զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել օրինական հիմքերով իրենց մոտ գտնվող քաղաքացիական և ծառայողական զենքը և դրանց փամփուշտները, քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
(21-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 22. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ և ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՊԱՀԵԼԸ |
Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտները պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում զենք պահելու կամ պահելու և կրելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց ու քաղաքացիներին` սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով ձեռք բերված քաղաքացիական և ծառայողական զենք թույլատրվում է պահել ոչ ավելի, քան հինգ օր:
Իրավաբանական անձանց և քաղաքացիներին արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական իրենց փոխանցված հրազենը պահելը կամ օգտագործելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի մոտակա Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Զենքը պահվում է այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա պահպանությունը, անվտանգությունը և բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը:
Զենքը պահելու պայմաններին վերաբերող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 23. |
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ |
Սույն օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ, սերտիֆիկատներ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար գանձվում է պետական տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
Հոդված 24. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվում է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի այլ անձանց:
Արգելվում է հրազեն գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է հրազեն գործադրողին, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի, ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք: Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու առողջությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել զենքի գործադրման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Սպորտային և որսորդական զենքի օգտագործման կանոնները սահմանվում են օրենսդրությամբ:
(24-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն)
Հոդված 25. |
ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ԿՐԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ՈՉՆՉԱՑՆԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ և ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ |
Զենք հաշվառելու, կրելու, տեղափոխելու և ոչնչացնելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Զենքի, այդ թվում` սույն օրենքով չնախատեսված զենքի հավաքածուներ կազմելով և դրանք ցուցադրելով հանրապետության տարածքում զբաղվելու իրավունք ունեն համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք և քաղաքացիները:
Զենքի, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող արտադրանքի հավաքածուներ կազմելու և դրանք ցուցադրելու կանոնները, արտադրության, առևտրի, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը, ինչպես նաև զենքի անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(25-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն)
Հոդված 26. |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ և զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը |
(վերնագիրը լրաց. 19.03.12 ՀՕ-46-Ն)
Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի լիցենզիաները, զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաև պահելու, կամ պահելու և կրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում, եթե`
ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամովին հրաժարվել է նշված լիցենզիաներից կամ թույլտվություններից, կամ լուծարվել է իրավաբանական անձը, կամ մահացել է զենքի սեփականատերը կամ օրինական հիմքերով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին.
բ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը բազմիցս (մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ) խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները.
գ) առաջացել են սույն օրենքով նախատեսված` լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ.
դ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով փոխվել են դրա ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը.
ե) անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար և շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տալու հիմքով.
զ) անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
է) պարգևատրումը կատարվել է սույն օրենքի 20 հոդվածով նախատեսված պարգևատրման պայմանների խախտումով:
Սույն հոդվածի «բ» կետում նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր և կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաև խախտումների վերացման ժամկետը:
(մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-46-Ն)
Լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում, այդպիսիք կրկին ստանալու խնդրանքով իրավաբանական անձինք կարող են դիմել լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու օրվանից հաշվված երեք տարին, իսկ ֆիզիկական անձինք` 5 տարին լրանալուց հետո:
Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված հիմքերով:
Մինչև լիցենզիաները կամ թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը և զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը զենքը վերցվում և պահպանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
(26-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ.19.03.12 ՀՕ-46-Ն)
Հոդված 27. |
ԶԵՆՔ և ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-46-Ն)
Հոդված 28. |
ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց` արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին տրամադրելով:
Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 29. |
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը:
Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
ա) անցկացնել զենքի զննություն` դրա արտադրության, առևտրի, պահման և ոչնչացման վայրերում.
բ) սահմանված կարգով անհատույց առգրավել և ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված և անօրինական հիմքերով դրանք տնօրինողների մոտ գտնվող զենքի.
գ) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով` իրավաբանական անձանցից և քաղաքացիներից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր և պատճեններ, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.
դ) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և պաշտոնատար անձանց տալ դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.
ե) ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(29-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-170-Ն, 23.03.18 ՀՕ-277-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-48-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|