Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-490-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ, 7-րդ և 8-րդ մասերով.

«1.1. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթով:

1.2. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:

1.3. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները հարցազրույցի ժամանակ մրցութային հանձնաժողով են ներկայացնում համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը:

1.4. Պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

1.5. Մինչև գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը և անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձի կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ գործադիր մարմնի տեղակալին մինչև վեց ամիս ժամկետով:

1.6. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ՝ սույն հոդվածի 1.5-րդ մասով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:

1.7. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել տվյալ պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:

1.8. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը, պահպանելով սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում որոշակի ժամկետով կատարում է նշանակում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի՝

ա) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.

բ) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.

գ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

դ) իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:».

«7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի  պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին համապատասխան:

8. Հանրակրթության ոլորտի պետական ուսումնական հաստատության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին համապատասխան:».

3) 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝

ա. «է» կետի «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով,

բ. «ժգ» կետի «օրենքի» բառը փոխարինել «օրենսդրության» բառով:

 

Հոդված 2.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-490-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան