ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սահմանադրության 62 հոդվածին համապատասխան`
Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը.
Սահմանադրության 59, 66, 73, 74, 78, 81, 83, 84, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը.
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Ազգային ժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան:
Հոդված 2. Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երևան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Ազգային Ժողովի նիստերի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:
(2-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-148)
Հոդված 3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին:
Հերթական նստաշրջաններն անցկացվում են երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերի միջոցով: Եռօրյա նիստերն անցկացվում են երկուշաբթի օրը` 14.30-ից մինչև ժամը 18.00 և երեքշաբթի, չորեքշաբթի օրերը` 10.00-ից մինչև ժամը 18.00: Յուրաքանչյուր մեկ և կես ժամը մեկ հայտարարվում է 30 րոպե տևողությամբ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
Տոների և հիշատակի օրերին, եթե օրենքով դրանք հայտարարված են ոչ աշխատանքային, Ազգային ժողովի հերթական նիստեր չեն գումարվում:
Հոդված 4. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ` Հանրապետության Նախագահի, վարչապետի, մշտական հանձնաժողովի կամ պատգամավորի առաջարկության հիման վրա:
Դռնփակ նիստերի բովանդակության մասին տեղեկությունների տարածումը, պաշտոնական հաղորդագրությունից բացի, հետապնդվում է օրենքով:
Օրենքի նախագծի քվեարկությունը դռնփակ նիստում արգելվում է:
(4-րդ հոդվածը լրաց. 27.05.97 ՀՕ-115)
Հոդված 5. Ազգային ժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա կողմից լիազորված ներկայացուցիչը, վարչապետը, կառավարության անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք, ինչի մասին նա տեղեկացնում է Ազգային ժողովին:
Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանցից, կարող են ներկա գտնվել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականները և օգնականները, մշտական հանձնաժողովների մասնագետները, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, նիստը սպասարկող տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և գլխադասային հանձնաժողովների կողմից հրավիրված անձինք:
Հանրապետության Նախագահի, նրա կողմից լիազորված ներկայացուցչի, վարչապետի, կառավարության անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:
Հոդված 6. Ազգային ժողովի աշխատանքը տարվում է հայերեն լեզվով: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապահովվում է ելույթի համաժամանակյա հայերեն թարգմանությունը:
Հոդված 7. Ազգային ժողովի մարմիններն են` Ազգային ժողովի նախագահը, պատգամավորը, մշտական և ժամանակավոր հանձնաժողովները:
Ազգային ժողովում գործում են խմբակցություններ և պատգամավորական խմբեր:
Ազգային ժողովի գործունեությունն իրականացվում է նստաշրջանների, նիստերի, մշտական և ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաև պատգամավորների միջոցով:
Հոդված 8. Ազգային ժողովի նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը: Արտահերթ ձայնի իրավունք ունեցող անձանց ելույթը չի սահմանափակվում:
Ազգային ժողովում քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, ինչպես նաև կառավարության անդամները` սույն կանոնակարգով սահմանված կարգով:
Հոդված 9. Պատվավոր հյուրերը Ազգային ժողովի նիստում ելույթով հանդես են գալիս Ազգային ժողովի նախագահի հրավերով:
ԳԼՈՒԽ 2
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 10. Սահմանադրության 66 հոդվածին համապատասխան`
պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով.
պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում.
պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:
Պատգամավորի ձերբակալության կամ խուզարկության դեպքում համապատասխան մարմինը պարտավոր է հիմքերի մասին անհապաղ տեղյակ պահել Ազգային ժողովի նախագահին:
Ազգային ժողովի պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում է պատգամավորական վկայական և դիվանագիտական անձնագիր:
Հոդված 11. Պատգամավորն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, որն իրականացնում է սույն կանոնակարգի 66-69 հոդվածներով սահմանված կարգով:
Հոդված 12. Հերթական եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 17.30-ից մինչև ժամը 18.00 պատգամավորներն ըստ հերթագրման հաջորդականության կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նախագահողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպե:
Պատգամավորը Սահմանադրության 80 հոդվածին համապատասխան իրավունք ունի հարցերով դիմել կառավարությանը:
Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա նիստում, ժամը 16.30-ից մինչև ժամը 18.00, վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Հարցերը տրվում են գրավոր կամ բանավոր: Յուրաքանչյուր գրավոր հարց պետք է վերաբերի մեկ նախարարի իրավասությանը վերապահված բնագավառին:
Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային Ժողովի աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է կառավարություն: Հարցը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վարչապետը, կամ նրա հանձնարարությամբ կառավարության համապատասխան անդամը պատասխանում է հարցին Ազգային Ժողովի նիստում` այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Ազգային Ժողովի աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանը ստանում է գրավոր:
Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային Ժողովի նիստում տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության` պատասխանը պատրաստ լինելուն պես:
Պատգամավորը նիստում երեք րոպեի ընթացքում խոսափողից կրկնում է կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, իսկ վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երեք րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այսուհետև իրավունք ունի երկու րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով:
Նախագահողը երկարաձգում է նիստը` կառավարությանն ուղղված գրավոր հարցերը սահմանված ժամկետում սպառելու նպատակով:
Յուրաքանչյուր պատգամավոր Ազգային Ժողովի նիստում մեկ ամսվա ընթացքում կարող է տալ մեկ բանավոր հարց:
Պատգամավորները բանավոր հարցերով կարող են դիմել կառավարությանը, եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվել:
Բանավոր հարցեր տալու համար նույն նիստում կատարվում է հերթագրում: Բանավոր հարցերը և դրանց պատասխանները տրվում են ըստ հերթագրման հաջորդականության: Պատգամավորը երկու րոպեի ընթացքում խոսափողից շարադրում է իր հարցը: Վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երկու րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի մեկ րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարցը տալու իրավունքից:
Սույն հոդվածով կանոնակարգված` Ազգային Ժողովի նիստերի տեսագրություններն ամբողջությամբ չորեքշաբթի օրը հեռարձակվում են հեռուստատեսությամբ: Ընդ որում, առաջին հերթին հեռարձակվում են պատգամավորների` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությունները: Բացառիկ դեպքերում, Ազգային Ժողովի նախագահի համաձայնությամբ, հեռարձակումը կարող է հետաձգվել մինչև երեք օր: Հեռարձակումը սկսվում է ժամը 21.00-ին:
Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը` ուղղակի գրավոր դիմել կառավարությանը և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:
(12-րդ հոդվածը լրաց. 27.05.97 ՀՕ-115, խմբ. 22.10.97 ՀՕ-154, փոփ., լրաց. 19.06.98 ՀՕ-232)
Հոդված 13. Պատգամավորը մշտական հանձնաժողովում կարող է աշխատել մշտական կամ ոչ մշտական հիմունքով:
Հոդված 14. Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորի աշխատավայրը Ազգային ժողովն է: Աշխատանքն սկսվում է ժամը 9.00-ին: Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորի աշխատանքը համարվում է չնորմավորված:
Հոդված 15. Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորը հանձնաժողովի աշխատանքներին և նիստերին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:
Հանձնաժողովի աշխատանքներից, նիստերից անհարգելի կամ առանց հանձնաժողովի նախագահի համաձայնության բացակայելու դեպքերում հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորը զրկվում է աշխատավարձի համապատասխան մասից:
Հոդված 16. Պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին:
Պատգամավորի լիազորությունները դադարում են պատգամավորի մեկ նստաշրջանի քվեարկությունների կեսից բացակայելն անհարգելի ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
Քվեարկություններին պատգամավորների մասնակցությունը հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը: Պատգամավորը կարող է աշխատակազմից տեղեկություն ստանալ քվեարկություններից իր բացակայությունների մասին: Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա վերջում պատգամավորներին տեղեկանք է տալիս քվեարկություններից պատգամավորների բացակայության մասին:
Քվեարկությունից բացակայությունը համարվում է հարգելի, եթե`
ա) ներկայացվել է անաշխատունակության թերթիկ կամ դրա պատճենը.
բ) պատգամավորը այդ մասին նախօրոք տեղյակ է պահել Ազգային ժողովի նախագահին և ստացել նրա համաձայնությունը.
գ) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նման որոշում է ընդունել.
դ) Ազգային ժողովը հակառակ որոշում չի ընդունել:
Հերթական նստաշրջանն սկսելուց հետո մեկ ամսվա ընթացքում Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը Ազգային ժողովին ներկայացնում է տեղեկանք այն պատգամավորների վերաբերյալ, որոնք անհարգելի բացակայել են նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից, ինչպես նաև` նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից պատգամավորների բացակայելն անհարգելի ճանաչելու մասին որոշման նախագծեր:
Պատգամավորն առնվազն յոթ օր առաջ տեղեկացվում է իր հարցի քննարկման մասին: Նշված հարցն օրակարգ է մտնում առանց քվեարկության: Նիստից պատգամավորի բացակայության դեպքում նրա հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ` երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է անկախ նրա ներկայությունից:
Յուրաքանչյուր պատգամավորի վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին, քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա կողմից լիազորված այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ տասը րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով:
(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.05.97 ՀՕ-115)
Հոդված 17. Պատգամավորի մահվան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 18. Պատգամավորը կարող է հրաժարական տալ: Հրաժարականի մասին դիմումը նա ներկայացնում է Ազգային ժողովի նախագահի անունով: Ազգային ժողովի նախագահը առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է պատգամավորի հրաժարականի մասին:
Եթե Ազգային ժողովում հրաժարականը հրապարակելուց 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսում, պատգամավորը կրկնում է հրաժարականի մասին իր դիմումը, ապա պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
Եթե պատգամավորն իր գրավոր համաձայնությամբ նշանակվում կամ ընտրվում է պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի պաշտոնում, ապա այդ մասին համապատասխան մարմինը երկօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և այդ մասին առաջիկա նիստում տեղեկացնում Ազգային ժողովին:
Հոդված 19. Պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրությունները հնգօրյա ժամկետում ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 20. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնության հարցը գլխավոր դատախազի ներկայացմամբ Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ հարցի ավարտից հետո կամ անմիջապես` նախագահողի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ: Հարցն անմիջապես քննարկելու մասին նախագահողի առաջարկությունը քվեարկվում է առանց քննարկման:
Պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովում իր հարցի քննարկմանը:
Քննարկումից հետո էլեկտրոնային համակարգի միջոցով գաղտնի քվեարկության է դրվում պատգամավորին կալանավորելուն, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Հոդված 21. Պատգամավորը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, ընդունելություն է կազմակերպում իր ընտրատարածքում, ուսումնասիրում և օրենսդրությանը համապատասխան ընթացք է տալիս ընտրողներից ստացված առաջարկություններին ու գանգատներին:
Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պատգամավորի պահանջով ընտրատարածքում ամիսն առնվազն մեկ օր կահավորված սենյակ հատկացնել պատգամավորին` քաղաքացիների ընդունելության համար:
Հոդված 22. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին: Պաշտոնատար անձը կամ մարմինը, ում հասցեագրված է հարցումը կամ առաջարկությունը, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում գրավոր պատասխանել պատգամավորին:
Պատգամավորն իրավունք ունի անմիջականորեն մասնակցել իր կողմից բարձրացված հարցերի քննարկմանը, որի մասին նա տեղեկացվում է ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ:
Պատգամավորը նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, զորամասերի և ռազմականացված ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից անհետաձգելի ընդունելության իրավունք ունի:
Պատգամավորը հանրապետության տարածքում կապ հաստատելու համար իրավունք ունի օգտվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող կապի միջոցներից:
Հոդված 23. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
Հոդված 24. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր և մասնագիտական անընդհատ ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում ընդունվում է աշխատանքի:
Հոդված 25. Ազգային ժողովի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու ժամանակ պատգամավորն ազատվում է հիմնական աշխատանքի տեղում ծառայողական և արտադրական պարտականություններից: Նշված ժամանակահատվածում պահպանվում է նրա միջին աշխատավարձը:
Հոդված 26. Պատգամավորները պատգամավորական գործունեության համար ստանում են ամսական փոխհատուցում, որն ազատված է հարկումից:
Պատգամավորների առողջապահական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում է կառավարության անդամների համար սահմանված կարգով:
(26-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-148)
Հոդված 27. Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու համար Երևան ժամանած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 28. Մշտական հիմունքներով Ազգային ժողովում աշխատող պատգամավորներին միաժամանակ տրվում է 36 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ, որից 12-ը` ձմռանը և 24-ը` ամռանը:
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը` խորհրդակցելով իր տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
ԳԼՈՒԽ 3
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ
Հոդված 29. Ազգային ժողովի ընտրության արդյունքով համամասնական ընտրակարգով ընտրված, կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորները կազմում են նույնանուն խմբակցություններ` անկախ պատգամավորների թվաքանակից:
Ազգային ժողովում այլ խմբակցություններ չեն կարող ստեղծվել:
Պատգամավորը համարվում է խմբակցության անդամ, եթե նա ընդգրկված է եղել համապատասխան կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակում:
Կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակում չընդգրկված պատգամավորը խմբակցության որոշմամբ կարող է անդամագրվել խմբակցությանը, եթե նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել է որպես համապատասխան կուսակցության անդամ:
Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում յուրաքանչյուր խմբակցությանը հատկացվում է առանձին հատված:
Խմբակցությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում խմբակցության ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունը:
(29-րդ հոդվածը խմբ. 27.05.97 ՀՕ-115)
Հոդված 30. Ազգային ժողովի հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ:
Խմբակցության անդամները հանձնաժողովներում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:
Հոդված 31. Առնվազն 10 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խումբ:
Յուրաքանչյուր պատգամավոր կարող է լինել միայն մեկ խմբակցության կամ խմբի անդամ:
Խումբը Ազգային ժողովի նախագահին հայտարարություն է ներկայացնում իր ստեղծման մասին` նշելով անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունը: Հայտարարությունը ստորագրվում է խմբի բոլոր անդամների կողմից, և նիստի նախագահողն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:
Խմբի անվանումը չի կարող համընկնել գործող, կասեցված կամ արգելված որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվան հետ:
Խմբի կազմի փոփոխության մասին անմիջապես գրավոր հայտնվում է Ազգային ժողովի նախագահին: Նա այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում:
Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ ինքնաբերաբար, եթե նրա անդամների թիվը նվազում է 10-ից և չի լրացվում փոփոխության մասին նիստում արված հայտարարությունից հետո երկշաբաթյա ժամկետում:
Խմբի համալրումը կատարվում է պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա` խմբի որոշմամբ:
(31-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.05.97 ՀՕ-115)
Հոդված 32. Ազգային ժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ խմբակցություններին և խմբերին ելույթի համար հատկացվում է կանոնակարգով սահմանված ժամանակ:
Խմբակցության և խմբի անունից ելույթ ունեցողների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է խմբակցության կամ խմբի ղեկավարը կամ քարտուղարը:
Խմբակցությունները և խմբերը ապահովվում են առանձին սենյակով` Ազգային ժողովի վարչական շենքում, կապի և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրով: Խմբակցություններից և խմբերից յուրաքանչյուրն ունի մեկ գործավար և մեկ մասնագետ, օգտվում է Ազգային ժողովի բոլոր ծառայություններից և սպասարկվում իրենց հատկացված մեկ մեքենայով:
(32-րդ հոդվածը լրաց. 18.06.98 ՀՕ-228)
Հոդված 33. Ազգային ժողովի նախագահը Ազգային ժողովի նիստում հրապարակում է խմբակցությունների և գործող խմբերի անվանումները, կազմը, ղեկավարների անուն-ազգանունները: Նշված տվյալները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:
ԳԼՈՒԽ 4
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 34. Սահմանադրության 73 հոդվածին համապատասխան`
Ազգային ժողովում ստեղծվում են վեց մշտական հանձնաժողով, իսկ անհրաժեշտության դեպքում` ժամանակավոր հանձնաժողովներ.
մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար.
ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ընտրվում է յուրաքանչյուր նստաշրջանի համար:
Հոդված 35. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները և նրանց օրենսդրական գործունեության հիմնական ոլորտներն են`
1) Արտաքին հարաբերությունների հանձնաժողով`
միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր.
2) Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողով`
գիտություն, կրթություն, մշակույթ, կրոն, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, հրատարակչական գործ, տեղեկատվություն, երիտասարդություն, սպորտ.
3) Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով`
պաշտպանություն, անվտանգություն և ներքին գործեր, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական ծառայություն, ոստիկանություն.
4) Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի հանձնաժողով`
սոցիալական ապահովություն, առողջապահություն, բնության պահպանություն, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային շինարարություն.
5) Պետական-իրավական հարցերի հանձնաժողով`
մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, սահմանադրական փոփոխություններ, պետական մարմիններ, հասարակական, քաղաքական կազմակերպություններ, պետական ծառայություն, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, փաստաբանական և նոտարական ծառայություն, քաղաքացիական, քրեական, վարչական և այլ օրենսդրություն, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, Ազգային ժողովի կանոնակարգ, ընտրական համակարգ.
6) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողով`
բյուջե, հարկեր, տուրքեր, վճարներ, դրամ և դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, կենտրոնական բանկ, այլ բանկեր և ֆինանսավարկային կազմակերպություններ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, տարածքային զարգացում, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառույցներ, ձեռնարկատիրական գործունեություն, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր:
Հոդված 36. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովների թվաքանակը մոտավորապես հավասար է ընտրված պատգամավորների 2/8-ին, իսկ մյուս հանձնաժողովներինը` 1/8-ին:
Խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորները հանձնաժողովներում ընդգրկվում են արձանագրային կարգով` խմբակցության ղեկավարի ներկայացմամբ և իրենց դիմումի համաձայն:
Հանձնաժողովների կազմը պետք է արտահայտի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:
Հանձնաժողովների վերջնականորեն ճշտված թվակազմը, խմբակցություններին և նրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող տեղերը հաստատվում են Ազգային ժողովի որոշմամբ` սույն հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան:
Խմբակցությունը յուրաքանչյուր մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովում ունի առնվազն մեկ տեղի իրավունք:
Հոդված 37. Ուրբաթ օրը հանձնաժողովների նիստերի հաստատուն օրն է: Նիստերը սկսվում են ժամը 13.00-ին:
Հանձնաժողովի որոշմամբ կամ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող են անցկացվել լրացուցիչ նիստեր:
Հոդված 38. Ազգային ժողովի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովում աշխատում է մշտական հիմունքով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալն իրականացնում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները և վերջինիս բացակայության դեպքում փոխարինում նրան:
Հոդված 39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին կամ մշտական հիմունքով աշխատող պատգամավորների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
Հոդված 40. Իր գործունեության կազմակերպման համար հանձնաժողովն իր որոշմամբ կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր, ընտրել դրանց նախագահներ կամ ղեկավարներ:
Ենթահանձնաժողովի նախագահը կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
Հոդված 41. Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովներից յուրաքանչյուրը ունի առնվազն մեկ գործավար և չորս մասնագետ, իսկ մնացած հանձնաժողովներից յուրաքանչյուրը` մեկ գործավար և երեք մասնագետ:
Հոդված 42. Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով:
Հոդված 43. Կառավարության անդամները և մարզպետներն իրավունք ունեն հանձնաժողովների նիստերում հանդես գալ հաղորդումներով:
Հոդված 44. Ազգային ժողովը, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս, սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը` Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:
Ժամանակավոր քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե տվյալ իրադարձության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Եթե իրադարձության վերաբերյալ քրեական գործը հարուցվում է հանձնաժողովի ստեղծումից հետո, ապա հանձնաժողովը լուծարվում է:
ԳԼՈՒԽ 5
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
Հոդված 45. Ազգային ժողովի նախագահը`
1) վարում է Ազգային ժողովի նիստերը.
2) տնօրինում է Ազգային ժողովի նյութական, ֆինանսական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը.
3) Ազգային Ժողով է ներկայացնում նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Երկու ամիսը մեկ անդրադառնում է նստաշրջանի օրակարգին և կարող է առաջարկություններ անել նրա առանձին հարցեր եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ.
4) հաստատում է Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակը, գործունեության կարգը, նշանակում և ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
5) նախնական քննարկման և եզրակացություն տալու համար մշտական հանձնաժողովներին է ուղարկում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը.
6) Ազգային ժողովի և նրա մարմինների աշխատանքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նիստերում.
7) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ` Սահմանադրության 70 հոդվածով սահմանված կարգով.
8) Սահմանադրության 62 հոդվածին համապատասխան ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները.
9) Ազգային ժողովին առաջարկություններ է ներկայացնում Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, սահմանադրական դատարանի անդամի և սահմանադրական դատարանի կազմից` սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.
10) Սահմանադրության 60 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.
11) ներկայացնում է Ազգային ժողովը և կազմում Ազգային ժողովի պատվիրակությունները.
12) իրականացնում է սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
(45-րդ հոդվածը խմբ. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 46. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը`
1) վարում է Ազգային ժողովի նիստերը.
2) համակարգում է հանձնաժողովների աշխատանքները.
3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին` նրա բացակայության ժամանակ.
4) կատարում է այլ հանձնարարականներ:
Հոդված 47. Ազգային ժողովի նախագահը Ազգային ժողովի ծախսերի նախահաշիվը ներկայացնում է կառավարությանը` պետական բյուջեի նախագծում այն ընդգրկելու համար: Ազգային ժողովի բյուջեն պետական բյուջեի բաղկացուցիչ մասն է:
Հոդված 48. Ազգային ժողովի նիստում նախագահողը`
1) կանոնակարգին համապատասխան վարում է նիստերը և հետևում կանոնակարգի պահպանմանը.
2) ելույթի համար ձայն է տալիս` ըստ հերթագրման հաջորդականության.
3) անցկացնում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները.
4) վերահսկում է նիստը սպասարկող աշխատակազմի աշխատանքը և սղագրությունների վարումը.
5) զգուշացնում է պատգամավորին կանոնակարգի դրույթները խախտելու մասին, կրկնակի խախտման կամ վիրավորական արտահայտություններ թույլ տալու դեպքերում պատգամավորին զրկում է խոսքից առանց նախազգուշացման.
6) կարող է ուղղել ելույթներում տեղ գտած փաստական սխալները, մատնանշել նիստի ընթացքում թույլ տրված կանոնակարգի խախտումները.
7) նիստը խանգարող հրավիրված անձանց հեռացնում է նիստերի դահլիճից.
8) իրականացնում է կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 6
ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 49. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ, իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է Ազգային ժողովի նախագահ և ետ է կանչում նրան պաշտոնից:
Հոդված 50. Ազգային ժողովը քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ, ընտրում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, ետ է կանչում նրանց զբաղեցրած պաշտոնից, նշանակում է Սահմանադրության 83 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված պաշտոններում, օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով դադարեցնում է սահմանադրական դատարանի` իր նշանակած անդամի լիազորությունները:
Հոդված 51. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, նշված անձանց խնդրանքով` նրանց հիվանդության դեպքում կամ այնպիսի հանգամանքների կապակցությամբ, որոնք անհնար են դարձնում նրանց վրա դրված պարտականությունների կատարումը:
Հոդված 52. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուն:
Եթե քվեարկվել են երկու թեկնածու և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, անցկացվում է նոր ընտրություն:
Հոդված 53. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալների երկու պաշտոնները միաժամանակ թափուր են, գաղտնի քվեարկության քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները: Քվեարկելիս յուրաքանչյուր պատգամավոր թողնում է ոչ ավելի, քան երկու թեկնածուի անուն-ազգանունը:
Եթե քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների կեսից ավելին ստացել են միաժամանակ երեք թեկնածու, ապա ընտրված են համարվում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները կամ մեկ թեկնածուն, եթե երեքից երկուսը հավաքել են հավասար ձայներ:
Վերջին դեպքում` երկու թեկնածուների, իսկ բոլոր երեքի ստացած ձայների հավասարության դեպքում` երեք թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
Եթե թեկնածուներից մեկն է հավաքել անհրաժեշտ ձայներ, ապա թափուր մնացած մեկ տեղի համար անցկացվում է նոր ընտրություն: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայներ, առավել ձայներ ստացած երեք թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:
Եթե նախագահի տեղակալի երկու տեղերի համար առաջադրվում է երկու թեկնածու, ապա նրանք քվեարկվում են առանձին քվեաթերթիկներով:
Հոդված 54. Ազգային ժողովը պաշտոններում նշանակումներ կատարելու մասին որոշումներն ընդունում է էլեկտրոնային համակարգի միջոցով` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 55. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուների առաջադրման իրավունք ունեն պատգամավորները:
Սահմանադրության 83 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:
Առաջադրված թեկնածուներն Ազգային ժողովի նիստում հանդես են գալիս գործունեության ծրագրով, որը ներկայացնելու համար տրվում է 20 րոպե:
Պատգամավորը կանոնակարգով նախատեսված կարգով իրավունք ունի հարցեր տալ թեկնածուին, ելույթ ունենալ և արտահայտել իր կարծիքը թեկնածուի և նրա ներկայացրած ծրագրի վերաբերյալ:
Հոդված 56. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների ետկանչի հարցի նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորները:
Ետկանչի հարցը կարող է հարուցվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կամ առանձին պատգամավորի կողմից` օրենսդրական նախաձեռնության կարգով: Ետկանչի հարցը նիստում քննարկելիս պաշտոնատար անձին ձայն է տրվում քննարկումների սկզբում և եզրափակիչ խոսքի համար:
Հոդված 57. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ կամ ենթահանձնաժողովի նախագահ ընտրում է հանձնաժողովը` իր որոշմամբ:
ԳԼՈՒԽ 7
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Հոդված 58. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երկրորդ հինգշաբթի օրը, ժամը 10.00-ին:
Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը Ազգային ժողովի նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:
Հոդված 59. Առաջին նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Առաջին նստաշրջանի բացման առթիվ հանդիսավոր խոսքի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հոդված 60. Հանդիսավոր խոսքից հետո նիստը նախագահողը ներկայացնում է ընտրված յուրաքանչյուր պատգամավորին` կարդալով պատգամավորի անուն-ազգանունը, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ընտրատարածքի համարը, իսկ համամասնական ընտրակարգով ընտրվածների` հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվանումը: Միաժամանակ ստուգվում է քվեարկության էլեկտրոնային համակարգը: Ներկայացնելուց հետո կատարվում է պատգամավորների գրանցում:
Հոդված 61. Նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը`
1) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
2) Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալների ընտրություններ.
3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.
4) մշտական հանձնաժողովների կազմավորում.
5) կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը և կառավարության վստահության հարցը:
Հոդված 62. Մինչև օրակարգային հարցերի քննարկումը Ազգային ժողովի որոշմամբ պատգամավորների թվից կազմավորվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են առաջին նստաշրջանի հարցերը սպառվելուց հետո:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կազմակերպում է Ազգային ժողովի նախագահի, նրա երկու տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, կազմում և ստորագրում է ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները, հրապարակում է դրանք Ազգային ժողովի նիստում:
Հոդված 63. Առաջին նստաշրջանի բացման օրվանից քսանօրյա ժամկետում կառավարությունն Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում:
Ծրագրի քննարկումն սկսվում է վստահության հարցը դնելուց քսանչորս ժամ հետո, եթե Ազգային ժողովի նախագահին տրվել է անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:
Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:
Հոդված 64. Մինչև առաջին նստաշրջանի առաջին չորս հարցերի սպառումը անցկացվում են ամենօրյա նիստեր:
Օրակարգի հինգերորդ հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել` նախագահողը: Նիստը սկսվում է կառավարության գործունեության ծրագիրը ստանալուց 48 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին նստաշրջանի բացումից 20 օր հետո:
Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու և կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մեկ ժամ:
Ծրագրի վերաբերյալ հարցերը վարչապետին տրվում են կանոնակարգով նախատեսված կարգով:
Հարց ու պատասխաններից հետո հարցի քննարկումն ընդհատվում է և այն շարունակվում է վարչապետի զեկուցումից 24 ժամ հետո, ինչի մասին հայտարարում է նախագահողը:
Հոդված 65. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ խոսքով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
ԳԼՈՒԽ 8
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 66. Պատգամավորն իր օրենսդրական նախաձեռնությունն իրականացնում է օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի առաջադրմամբ:
Ազգային ժողովի որոշումների նախագծերը կարող են առաջարկվել Սահմանադրության 57, 73, 74, 84, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով:
Նախագծերը ներկայացվում են դրանց անհրաժեշտության հիմնավորմամբ, նշելով այն կազմակերպություններն ու անձանց, որոնք մասնակցել են նախագծի նախապատրաստմանը:
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս պատգամավորը միաժամանակ ներկայացնում է գործող օրենքների և Ազգային ժողովի որոշումների մեջ դրանից բխող անհրաժեշտ փոփոխությունները: Այդ կապակցությամբ մինչև օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելը Ազգային Ժողովի աշխատակազմը նախաձեռնության հեղինակին, նրա պահանջով, ներկայացնում է անհրաժեշտ փոփոխությունների ցանկը:
Նախագծերն Ազգային Ժողովի նախագահին են ներկայացվում Ազգային Ժողովի աշխատակազմի միջոցով: Վերջինս հնգօրյա ժամկետում օրենսդրական նախաձեռնությանը կից Ազգային Ժողովի նախագահին ներկայացնում է տեղեկանք` սույն հոդվածի պահանջները բավարարող անհրաժեշտ փաստաթղթերի առկայության մասին:
Ազգային Ժողովի նախագահն օրենսդրական նախաձեռնությունը տեղեկանքի հետ սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:
Գլխադասային հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություն` սույն հոդվածի պահանջներին օրենսդրական նախաձեռնության համապատասխանության մասին:
(66-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 67. Կանոնակարգի 66 հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները ստանալուց հետո Ազգային Ժողովի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է հանձնաժողովներ` նշելով գլխադասայինը, իսկ օրենքների նախագծերը` նաև կառավարություն` վարչապետին:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովում իր նախաձեռնության քննարկմանը: Հանձնաժողովը նախաձեռնության քննարկման մասին տեղեկացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակին ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:
Գլխադասային հանձնաժողովը և կառավարությունը մեկամսյա ժամկետում եզրակացություն են տալիս ստացված նախագծերի վերաբերյալ:
Կառավարությունը եզրակացություն է տալիս օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին:
Եթե կանոնակարգի սույն հոդվածով նախատեսված ժամկետներում կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ օրենքի նախագիծը չի նվազեցնում պետական եկամուտները կամ ավելացնում ծախսերը:
Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկելու մասին հարցը:
Եթե օրենսդրական նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ, ապա կարող են նշանակվել մեկից ավելի գլխադասային հանձնաժողովներ:
Օրենսդրական նախաձեռնությունը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ոչ ուշ, քան նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց երկու ամիս հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ` Ազգային Ժողովի որոշմամբ:
(67-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-148, խմբ., լրաց. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 68. Սահմանադրության 75 հոդվածի չորրորդ մասի համաձայն կառավարության եզրակացությամբ պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Միաժամանակ, կառավարության ներկայացմամբ ընդունվում է համապատասխան փոփոխություն պետական բյուջեում:
Հոդված 69. Եթե օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկվում է Ազգային Ժողովի որոշման նախագիծ, և այդ նախաձեռնությունը ստորագրել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ապա այն, առանց քվեարկության և կանոնակարգի 67 հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանման, ընդգրկվում է հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի օրակարգում և քննարկվում է արտահերթ: Այս դեպքում հեղինակներից մեկը Ազգային ժողովի աշխատակազմին հանձնելով օրենսդրական նախաձեռնության նախագծի պատճենը ստանում է հատուկ ձևաթուղթ, որը ստորագրում են պատգամավորները:
Եթե ձևաթղթի ստացման օրից երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է աշխատակազմ, ապա Ազգային ժողովի նախագահը հերթական եռօրյա նիստերի օրակարգը քննարկելիս այդ մասին հաղորդում է Ազգային ժողովին, և հարցը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում առանց քվեարկության:
Եթե երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը աշխատակազմ չի հանձնվում, ապա նախաձեռնությունը համարվում է չկայացած, և ձևաթուղթը մարվում է:
Ազգային Ժողովի նախագահը, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված օրենսդրական նախաձեռնությունը ստանալուն պես, այն ուղարկում է հանձնաժողովներ:
(69-րդ հոդվածը խմբ. 22.10.97 ՀՕ-154)
ԳԼՈՒԽ 9
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 70. Սահմանադրության 75 հոդվածին համապատասխան`
կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով.
կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկում և քվեարկում է մեկամսյա ժամկետում.
կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված.
կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:
Եթե ներկայացված օրենքի նախագիծը նախատեսում է ընթացիկ տարվա պետական բյուջեով հաստատված եկամուտների կամ ծախսերի փոփոխություն, ապա կառավարությունը դրան զուգահեռ ներկայացնում է նաև օրենքի նախագիծ` պետական բյուջեում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու մասին:
Օրենքի նախագծի հետ կառավարությունը ներկայացնում է դրա տեքստն էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկում է Ազգային ժողովի աշխատակազմ:
(70-րդ հոդվածը խմբ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 71. Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի որոշումների նախագծեր ներկայացնում է Սահմանադրության 59, 78, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում:
Հոդված 72. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կառավարությունը Ազգային ժողով է ուղարկում Ազգային ժողովի նախագահի անունով: Ազգային ժողովի նախագահը երկու օրվա ընթացքում այն ուղարկում է հանձնաժողովներին` նշելով գլխադասայինը:
Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը նախագծի վերաբերյալ եզրակացությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մեկ ամսվա, իսկ անհետաձգելի համարվող նախագծի վերաբերյալ` երկու շաբաթվա ընթացքում:
Հոդված 73. Կառավարությունը Սահմանադրության 78 հոդվածով նախատեսված լիազորությունը ստանալու համար Ազգային ժողովի որոշման նախագծի հետ ներկայացնում է դրա անհրաժեշտության մասին հիմնավորումները, կառավարության ընդունվելիք որոշումների կարգավորման ոլորտները և սկզբունքները:
Հոդված 74. Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը սպառվելուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունը ընդգրկելու մասին հարցը:
(74-րդ հոդվածը լրաց. 22.10.97 ՀՕ-154)
ԳԼՈՒԽ 10
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 75. Սահմանադրության 111 և 112 հոդվածներին համապատասխան Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ Հանրապետության Նախագահին կարող է Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու կամ օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ անել:
Հանրապետության Նախագահը Ազգային ժողովից նախագիծը ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում կարող է այն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:
Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու կամ օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
Հոդված 76. Սահմանադրության 111 հոդվածին համապատասխան Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության համաձայնությամբ Հանրապետության Նախագահի ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվում է հանրաքվեի` Հանրապետության Նախագահի սահմանած ժամկետում:
Հոդված 77. Սահմանադրության 114 հոդվածին համապատասխան Սահմանադրության 1, 2 և 114 հոդվածների փոփոխման մասին առաջարկություններ չեն կարող ներկայացվել:
ԳԼՈՒԽ 11
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 78. Սահմանադրության 81 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովն իր որոշմամբ`
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
3) հայտարարում է պատերազմ:
Հոդված 79. Սահմանադրության 100 հոդվածի 2 կետին համապատասխան Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնում է, եթե սահմանադրական դատարանի որոշմամբ այն կամ նրանում ամրագրված պարտավորությունները չեն հակասում Սահմանադրությանը:
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:
Հոդված 80. Կանոնակարգի 78 հոդվածով նախատեսված հարցերը օրակարգ են մտնում Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների եզրակացության առկայությամբ:
ԳԼՈՒԽ 12
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 81. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:
Հոդված 82. Սահմանադրության 58 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի որոշմամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 83. Սահմանադրության 59 հոդվածին համապատասխան Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ լիազորությունների կատարման համար անհաղթահարելի խոչընդոտները բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:
Հոդված 84. Կանոնակարգի 81, 82, 83 հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալիս է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը:
ԳԼՈՒԽ 13
ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Հոդված 85. Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգը հաստատվում է նստաշրջանի առաջին նիստում և կարող է լրացվել նստաշրջանի ընթացքում:
Նստաշրջանի առաջին նիստում Ազգային ժողովի նախագահը Ազգային ժողովին է ներկայացնում օրակարգի նախագիծ` կազմված երեք մասից:
Առաջին մասում ընդգրկվում են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց օրակարգ ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:
Երկրորդ մասում ընդգրկվում են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց օրակարգ ընդգրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները տվել են բացասական եզրակացություն:
Երրորդ մասում ընդգրկվում են պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը`
1) Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները.
2) կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքների նախագծերը.
3) պատգամավորներին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնություն տալու մասին հարցերը.
4) պատգամավորների լիազորությունների դադարման հարցերը.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման հարցերը.
6) Սահմանադրության 83 հոդվածով և օրենքներով նախատեսված նշանակումների և լիազորությունների դադարման հարցերը.
7) Ազգային ժողովի մարմինների կազմավորման և ընտրության հարցերը.
8) Ազգային ժողովին հաշվետու մարմինների հաշվետվությունների լսում.
9) նախորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված անավարտ հարցերը:
Հոդված 86. Ազգային ժողովի նախագահը, ելնելով օրակարգի նախագծի քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:
Որոշում ընդունելու դեպքում` նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ որոշում չընդունելու դեպքում` նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:
Նախագծի երրորդ մասի հարցերը նստաշրջանի օրակարգ են մտնում առանց քննարկման և քվեարկության:
Հոդված 87. Եռօրյա նիստերը սկսվում են եռօրյա նիստերի օրակարգի հաստատմամբ և նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելով:
Եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը, որում կարող են ընդգրկվել միայն նստաշրջանի օրակարգում ընդգրկված և սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված հարցերը, ներկայացնում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով հանձնաժողովների որոշումները հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների և խմբերի գրավոր կարծիքները:
Ազգային ժողովի նախագահը, ելնելով օրակարգի նախագծի քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը:
Որոշում ընդունելու դեպքում մյուս առաջարկությունները, իսկ որոշում չընդունելու դեպքում բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:
Նախորդ եռօրյա նիստերի չքննարկված և չավարտված հարցերը, ինչպես նաև Սահմանադրությամբ և կանոնակարգով նախատեսված արտահերթ, Սահմանադրությամբ, Ազգային ժողովի որոշմամբ կամ կանոնակարգով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող, ինչպես նաև թափուր պաշտոններում ընտրությունների և նշանակումների հարցերը առանց քվեարկության ընդգրկվում են եռօրյա նիստերի օրակարգ:
(87-րդ հոդվածը փոփ. 07.10.97 ՀՕ-148)
Հոդված 88. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար տրվում է քսանական րոպե:
Եռօրյա նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար տրվում է տասական րոպե:
Հերթական նստաշրջանի օրակարգի քննարկման համար տրվում է մեկ ժամ, իսկ եռօրյա նիստերի օրակարգի քննարկման համար` երեսուն րոպե:
Ելույթների համար կատարվում է հերթագրում: Ելույթները տեղի են ունենում դահլիճում տեղադրված խոսափողերից: Օրակարգը քննարկելիս պատգամավորին ելույթի համար տրվում է երկու րոպե: Ելույթներն ավարտվում են սահմանված ժամկետում, եթե Ազգային ժողովը այլ որոշում չի ընդունում: Քննարկումը եզրափակվում է խմբակցությունների և խմբերի երկուական րոպե տևողությամբ ելույթներով, արտահերթ ձայնի իրավունք ունեցողների ելույթներով և Ազգային ժողովի նախագահի մինչև հինգ րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
ԳԼՈՒԽ 14
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 89. Ազգային ժողովի նիստը սկսվում է պատգամավորների գրանցումով, որն անցկացնում է նախագահողը: Գրանցումը համարվում է քվեարկություն: Գրանցումը կատարվում է մեկ անգամ:
Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Եթե քվորումի բացակայության պատճառով նիստը իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորումի լրանալը, բայց ոչ ավել, քան երեք ժամ: Քվորում չապահովվելու դեպքում նիստը համարվում է չկայացած:
Հոդված 90. Հերթական նստաշրջանը սկսվում է նստաշրջանի օրակարգի հաստատմամբ, իսկ մինչև այդ այլ հարցեր չեն քննարկվում:
Հոդված 91. Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նախագծերը պատգամավորներն ստանում են օրակարգի հաստատումից հետո` երկշաբաթյա ժամկետում:
Նախագծի նոր խմբագրությունը ներկայացվում է նրա քննարկումից առաջ:
(91-րդ հոդվածը փոփ. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 92. Տվյալ նիստի օրակարգի հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է նախագահողը:
Ազգային ժողովը օրենսդրական նախաձեռնությունը քննարկում է ոչ շուտ, քան նախագծի և նրանում կատարված փոփոխությունների բաժանումից 24 ժամ հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն նախագահողի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ:
(92-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-148)
Հոդված 93. Հարցի քննարկումը սկսվում է հիմնական զեկուցողի` օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի զեկուցումներով:
Կառավարությունը, եթե նա օրենսդրական նախաձեռնության հեղինակը չէ, ունի հարակից զեկուցման իրավունք:
Զեկուցողին հարցեր տալու համար կատարվում է հերթագրում: Հարցերը տրվում են դահլիճում տեղադրված խոսափողերից` ըստ հերթագրման հաջորդականության, նախագահողի հայտարարությամբ: Պատգամավորը պետք է հստակ և հակիրճ ձևակերպի իր հարցը: Հարցերի ընթացքում նախագահողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:
Մտքերի փոխանակությանը մասնակցելու համար կատարվում է հերթագրում: Ելույթների հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին:
Զեկուցողին ելույթի համար տրվում է 20 րոպե:
Ելույթների համար յուրաքանչյուր պատգամավորի տրվում է յոթ րոպե:
Պատգամավորները ելույթ են ունենում ամբիոնից` ըստ հերթագրման հաջորդականության, նախագահողի հայտարարությամբ:
Արտահերթ կամ լրացուցիչ ելույթի համար տրվում է 10 րոպե:
Ազգային ժողովի նախագահը անհրաժեշտության դեպքում ելույթի ժամանակը կարող է ավելացնել մինչև երեք րոպե:
Պատգամավորը զրկվում է հարց տալու կամ ելույթի իրավունքից, եթե նա չի հերթագրվել կամ ձայն ստանալու պահին դահլիճում չէ:
Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները կառավարության անդամները վարչապետի ներկայացմամբ ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք:
Զեկուցողի կամ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ լրացուցիչ ելույթի իրավունք կարող է տրվել կառավարության անդամներին կամ հարցի քննարկմանը հրավիրված անձանց:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել այլ կարգ: Այդ կարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ելույթի կամ հարց տալու տևողությունը: Նշված կարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:
(93-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-90, 07.10.97 ՀՕ-148)
Հոդված 94. Նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ արվում են մինչև հարցի զեկուցումը և քվեարկությունից առաջ:
Օրակարգային յուրաքանչյուր հարցի քննարկման կապակցությամբ պատգամավորը վարման կարգի մասին ձայն է ստանում ոչ ավելի, քան երկու անգամ: Վարման կարգի մասին առաջարկությունն արվում է մեկ րոպեի ընթացքում:
Եթե պատգամավորի առաջարկությունն առնչություն չունի նիստը վարելու կարգի հետ, նախագահողն անջատում է խոսափողը:
Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունները:
Նիստի ժամանակ արգելվում է երկխոսություններ ծավալելը, պատգամավորի կողմից հարցով մեկ այլ պատգամավորի դիմելը, կարգը խախտող գործողությունները, անձը վիրավորող արտահայտությունները:
Հոդված 95. Յուրաքանչյուր զեկուցողի պատգամավորը հարցեր տալիս է խոսափողից մեկ անգամ, երեք րոպեի ընթացքում:
Հոդված 96. Օրակարգի միևնույն հարցի վերաբերյալ պատգամավորին կամ արտահերթ ելույթի իրավունք ունեցողին տրվում է մեկից ոչ ավելի ելույթ: Ելույթի իրավունքի զիջում այլ անձի չի թույլատրվում:
Ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:
Հռետորը չպետք է շեղվի քննարկման առարկայից, հակառակ դեպքում նախագահողը այդ մասին զգուշացնում է նրան: Եթե հռետորը դա անտեսում է կամ խոսում է առանց թույլտվության, ապա նախագահողն անջատում է խոսափողը:
Հոդված 97. Եթե ելույթները քննարկվող հարցին չեն վերաբերում կամ անհամատեղելի են պատգամավորական վարքագծի հետ, ապա նախագահողն անջատում է խոսափողը:
Հոդված 98. Եթե Ազգային ժողովի նիստում անկարգություն է ստեղծվում և նախագահողը ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է կես ժամով ընդհատել նիստը:
Եթե նիստը վերսկսելուց հետո անկարգությունը չի դադարում, նախագահողը նիստը հայտարարում է փակված:
Հոդված 99. Ելույթներից հետո նախագահողը մինչև տասը րոպե տևողությամբ ելույթի համար ձայն է տալիս խմբակցությունների և խմբերի ներկայացուցիչներին:
Խմբակցությունների և խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի` փոքրաթիվ խմբակցությունները և խմբերը ելույթ են ունենում սկզբում:
Մտքերի փոխանակությունն ավարտվում է գլխադասային հանձնաժողովի, ապա հիմնական զեկուցողի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
Հիմնական զեկուցողի պահանջով եզրափակիչ խոսքը հետաձգվում է մեկ ժամով:
Հոդված 100. Հիմնական զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին:
Հիմնական զեկուցողը կարող է անել հետևյալ առաջարկություններից մեկը`
1) նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ընդունել առաջին ընթերցմամբ.
2) նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ընդունել երկրորդ ընթերցմամբ կամ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ.
3) նախագիծն ընդունել երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ.
4) նախագիծը հանել քննարկումից:
Հիմնական զեկուցողի խնդրանքով կամ պատգամավորների առաջարկով ընդունված Ազգային ժողովի որոշմամբ հիմնական զեկուցողին կարող է տրվել մինչև 15 օր ժամանակ` քվեարկության դրվող նախագիծը զեկուցողի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու համար:
(100-րդ հոդվածը խմբ. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 101. Եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, և հիմնական զեկուցողն արել է կանոնակարգի 100 հոդվածի երկրորդ մասի 1, 2, 3 կետերով նախատեսված առաջարկություններից որևէ մեկը, և այն չի ընդունվել, ապա վարչապետը կամ նրա կողմից լիազորված կառավարության անդամը քվեարկությունից անմիջապես հետո կարող է պահանջել մեկ ժամ տևողությամբ ընդմիջում` օրենքի նախագիծը չընդունելու առնչությամբ կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագիծը չընդունելու առնչությամբ դնում է կառավարության վստահության հարցը, ապա սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման չընդունվելու դեպքում, օրենքի նախագիծը համարվում է ամբողջությամբ ընդունված:
Հիմնական զեկուցողն իրավունք ունի նախագիծը քննարկումից հանելու մասին առաջարկությունն անել ցանկացած քվեարկությունից առաջ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության` չհանելով հարցը նստաշրջանի օրակարգից:
(101-րդ հոդվածը փոփ. 07.10.97 ՀՕ-148, խմբ. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 102. Հիմնական զեկուցողի առաջարկությունները չընդունվելու դեպքում քվեարկվում են հանձնաժողովների, կառավարության և պատգամավորների նախօրոք արված մյուս առաջարկությունները:
Այլ առաջարկությունների քվեարկման հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը:
Հոդված 103. Քննարկվող հարցի վերաբերյալ փոփոխությունների մասին առաջարկությունները նախօրոք գրավոր ներկայացվում են հարցը զեկուցող հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից չընդունված առաջարկությունները դրվում են քվեարկության զեկուցողների եզրակացությունը հրապարակելուց և առաջարկության հեղինակի կողմից իր տեսակետը երկու րոպեի ընթացքում հիմնավորելուց հետո:
Հոդված 104. Այն առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:
Հոդված 105. Նախագիծն ընդունվում և նրա մեջ փոփոխություններ են արվում նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Փոփոխության մասին երկու կամ ավելի իրարամերժ առաջարկությունները նախապես դրվում են մրցակցության, և, եթե առաջարկություններից ոչ մեկը չի հավաքում ընդունման համար բավարար ձայներ, ապա առավելագույն ձայներ ստացած առաջարկությունը նորից դրվում է քվեարկության:
Հոդված 106. Օրակարգ մտած հարցի որոշման նախագիծը չընդունելու մասին առաջարկությունը չի քննարկվում: Իրենց վերաբերմունքը պատգամավորներն արտահայտում են քննարկվող նախագիծը քվեարկելու միջոցով:
Հոդված 107. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը Ազգային ժողովը քննարկում է արտահերթ:
Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը Ազգային ժողովին է ներկայացնում Հանրապետության Նախագահի կողմից լիազորված ներկայացուցիչը:
Հանրապետության Նախագահի առարկությունները կամ առաջարկությունները քվեարկության են դրվում առաջին հերթին: Չընդունվելու դեպքում Սահմանադրության 72 հոդվածին համապատասխան Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում:
ԳԼՈՒԽ 15
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 108. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Սահմանադրությամբ և կանոնակարգով նախատեսված դեպքերի, երբ որոշումներն ընդունվում են քվեաթերթիկների կամ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող գաղտնի քվեարկությամբ:
Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ պատգամավորն ունի մեկ ձայնի իրավունք` կողմ, դեմ կամ ձեռնպահ: Պատգամավորն իրավունք չունի քվեարկել քվեարկության համար հատկացված ժամանակից դուրս:
Հոդված 109. Էլեկտրոնային համակարգի միջոցով գաղտնի քվեարկություն անցկացնելիս պատգամավորների քվեարկության մասին անվանական տվյալները էլեկտրոնային համակարգի հիշողության մեջ չեն մտցվում:
Բաց քվեարկություններն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով կամ, եթե այն չի գործում, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կողմից ձայները հաշվելու միջոցով: Պատգամավորներն իրավունք ունեն ստանալ բաց քվեարկության արդյունքները, որոնք կարող են հրապարակվել:
Հոդված 110. Քվեարկությունը սկսելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը:
Նախագահողը պետք է համոզվի, որ քվեարկության դրվող հարցերը պարզ են պատգամավորներին: Հակառակ դեպքում նա կարող է տալ լրացուցիչ պարզաբանումներ:
Հոդված 111. Հանձնաժողովի, խմբի կամ խմբակցության պահանջով օրակարգային հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:
Հոդված 112. Որևէ հարց քվեարկության դնելու վերաբերյալ նախագահողի որոշումը չի քննարկվում:
Նախագահողը մեկ ժամ առաջ հայտարարում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը:
Եթե նախագահողը հարցը դնում է քվեարկության, որի մասին հայտնում է զանգի միջոցով, ոչ ոք չի կարող միջամտել, քանի դեռ չեն հայտարարվել քվեարկության արդյունքները:
Հոդված 113. Պատգամավորը քվեարկում է անձամբ: Արգելվում է այլ պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը:
Այլ պատգամավորի փոխարեն գրանցման կամ քվեարկության դեպք հայտնաբերելիս, նախագահողը հրապարակում է կարգը խախտած պատգամավորի անուն-ազգանունը:
Դահլիճին հարակից սենյակները ռադիոֆիկացվում են:
Քվեարկությունից առաջ հնչում է տեղեկացնող ազդանշանը, սկսվում է քվեարկությունը:
Նախագահողը բարձրաձայն հայտարարում է քվեարկության արդյունքները:
Հոդված 114. Ստուգման նպատակով քվեարկության արդյունքները էկրանի վրա պահպանվում են, եթե այդ մասին, քվեարկությունից առաջ կամ անմիջապես հետո, պնդում է որևէ պատգամավոր: Եթե հայտնաբերված խախտումները ազդում են որոշման ընդունման վրա, ապա նախագահողի կամ Ազգային ժողովի որոշմամբ քվեարկությունը կրկնվում է:
Հոդված 115. Քվեարկության էլեկտրոնային համակարգը չգործելու, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից որոշված դեպքերում ձայների հաշվումը կատարվում է պատգամավորական վկայականները բարձրացնելու միջոցով: Ձայները հաշվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը:
Հոդված 116. Գաղտնի քվեարկություն անցկացնելու և դրա արդյունքները որոշելու համար Ազգային ժողովը կանոնակարգով սահմանված կարգով պատգամավորների թվից ընտրում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:
Հաշվիչ հանձնաժողովի մեջ չեն կարող ընդգրկվել այն պատգամավորները, որոնց թեկնածություններն առաջադրված են ընտրվող մարմինների կազմում:
Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:
Քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի վերահսկողությամբ, նրա կողմից սահմանված ձևով և քանակով:
Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պարունակում են քվեարկության համար անհրաժեշտ տեղեկություններ:
Քվեաթերթիկի մեջ մեկ թեկնածության առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» և «դեմ» բառերը:
Ազգային ժողովի կողմից ընտրվող մարմինների կազմի կամ պաշտոնատար անձանց ընտրությունների քվեաթերթիկներում ընդգրկվում են այն բոլոր թեկնածությունները, ովքեր ինքնաբացարկ չեն հայտնել: Քվեաթերթիկում նշվում է յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունը:
Առաջադրված թեկնածությունների ազգանունները ընտրական քվեաթերթիկում դասավորվում են այբբենական կարգով:
Թեկնածուների ցուցակը հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ազգային ժողովի նիստում նախագահողը:
Քվեարկության անցկացման ժամանակը և տեղը, ինչպես նաև քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և այդ մասին տեղյակ պահում պատգամավորներին:
Հաշվիչ հանձնաժողովը`
1) քվեարկությունը սկսելուց առաջ Ազգային ժողովի աշխատակազմից ստանում է պատգամավորների այբբենական կարգով կազմված ցուցակը.
2) կազմակերպում է գաղտնի քվեարկության քվեաթերթիկների պատրաստումը.
3) ստուգում է գաղտնի քվեարկության խցիկները.
4) կնքում է գաղտնի քվեարկության տուփերը և ապահովում քվեարկության գաղտնիությունը:
Հոդված 117. Փակ քվեարկության քվեաթերթիկները հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո: Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է մեկ քվեաթերթիկ:
Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` քվեաթերթիկում թողնելով այն թեկնածուի անուն-ազգանունը, որի օգտին նա քվեարկում է` ջնջելով այն թեկնածուների անուն-ազգանունները, որոնց դեմ նա քվեարկում է: Մեկ թեկնածուի դեպքում ջնջում է «դեմ» բառը, եթե քվեարկում է թեկնածուի օգտին, կամ «կողմ» բառը, եթե քվեարկում է թեկնածուին դեմ:
Քվեարկության ժամանակ բացակայող պատգամավորն իր քվեն ավելի ուշ տալու իրավունք չունի:
Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփերը և հաշվում ձայները:
Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, իսկ պաշտոնատար անձանց ընտրելիս` այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ, կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ «կողմ» և «դեմ» բառերը, կամ ավելացված են այլ ազգանուններ:
Քվեաթերթիկում ավելացված ազգանունները ձայները հաշվելիս հաշվի չեն առնվում:
Հոդված 118. Հաշվիչ հանձնաժողովը փակ քվեարկության արդյունքների մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:
Հաշվիչ հանձնաժողովը Ազգային ժողովին զեկուցում է քվեարկության արդյունքները:
Եթե ընտրությունների առաջին երկու փուլերում թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի կայացնում:
Անցկացված քվեարկության կարգի մեջ քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումներ հայտնաբերելու դեպքում քվեարկությունը կրկնվում է:
ԳԼՈՒԽ 16
ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Հոդված 119. Օրենքների նախագծերը քննարկվում և ընդունվում են առնվազն երկու ընթերցմամբ:
Ազգային Ժողովի որոշումները կարող են ընդունվել երկու ընթերցմամբ:
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ զեկուցողները ներկայացնում են հիմնական սկզբունքները, որոնց շուրջ էլ ծավալվում է քննարկումը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին օրենքներ կարող են քննարկվել և ընդունվել Ազգային ժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով: Նշված ընթացակարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային Ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:
(119-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-90, խմբ., փոփ. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 120. Միևնույն հարցին վերաբերող այլընտրական նախագծեր ներկայացվելու դեպքում Ազգային ժողովը քննարկում է դրանք, և որոշում է ընդունում դրանցից որևէ մեկը հիմք ընդունելու մասին:
Եթե մրցակցության են դրվել երկուսից ավելի նախագծեր և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:
Եթե մրցակցության են դրվել երկու նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից դրվում է քվեարկության:
Եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ ձայներ, ապա հիմք է ընդունվում առավել շատ ձայներ ստացած նախագիծը:
Որպես հիմք ընդունված նախագիծը համարվում է առաջին ընթերցմամբ ընդունված, եթե Ազգային Ժողովն այդ մասին ընդունում է որոշում:
(120-րդ հոդվածը լրաց. 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 121. Նախագծի վերաբերյալ առաջարկությունները գրավոր ներկայացվում են հիմնական զեկուցողին ոչ ուշ, քան նիստերից ազատ շաբաթվա չորեքշաբթի օրը ներառյալ, եթե Ազգային ժողովը այլ ժամկետ չի սահմանել:
Հոդված 122. Նախագծի երկրորդ ընթերցումը մտնում է եռօրյա նիստերի օրակարգ ոչ ուշ, քան առաջին ընթերցումից մեկ ամիս հետո: Ազգային ժողովն իր որոշմամբ կարող է երկարաձգել այդ ժամկետը:
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն ուղարկվում է Հանրապետության Նախագահին և կառավարություն:
Հոդված 123. Գլխադասային հանձնաժողովը և հիմնական զեկուցողը նախագիծը երկրորդ ընթերցման են ներկայացնում նոր խմբագրությամբ` դրան կցելով ժամանակին ներկայացված բոլոր առաջարկությունները` համապատասխան եզրակացություններով:
Երկրորդ ընթերցման ժամանակ հիմնական զեկուցողը հանդես է գալիս զեկուցումով, իսկ գլխադասային հանձնաժողովը` հարակից զեկուցումով` ներկայացնելով միայն փոփոխությունները:
Հիմնական զեկուցողը կարող է առաջարկել երկրորդ ընթերցման ներկայացրած նախագիծը իր համար ընդունելի ուղղումներով ընդունել ամբողջությամբ:
Եթե այդպիսի առաջարկ չի արվում կամ առաջարկը քվեարկությամբ մերժվում է, քննարկման և քվեարկության են դրվում կանոնակարգի 121 հոդվածով նախատեսված ժամկետում նախագծի վերաբերյալ արված բոլոր առաջարկությունները: Այս դեպքում սահմանված ժամկետում ներկայացված առաջարկությունների հեղինակներն ունեն մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթի իրավունք, որից հետո հիմնական զեկուցողն ունի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի իրավունք: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է հրաժարվել նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ամբողջությամբ ընդունելու մասին առաջարկից, որի դեպքում գործում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգը:
Եթե առաջին ընթերցումից հետո նախագծում ավելացվել են նոր հոդվածներ, ապա դրանք երկրորդ ընթերցման ժամանակ ընդունվում են երկու ընթերցմամբ:
(123-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-90, 22.10.97 ՀՕ-154)
Հոդված 124. Յուրաքանչյուր փոփոխություն քննարկվում և քվեարկվում է առանձին: Եթե առաջարկված է նախագծի նույն հոդվածում կատարել մի քանի փոփոխություն, ապա քննարկվում ու քվեարկվում են նրանք, որոնց ընդունումը կամ մերժումը թույլ կտա լուծել մյուս ուղղումների հարցը:
Երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխությունների մասին առաջարկությունները դրվում են քվեարկության մինչև նախագծի վերջնական քվեարկությունն ամբողջությամբ:
Եթե նախագծի հեղինակն ընդունում է գլխադասային հանձնաժողովի և պատգամավորների առաջարկությունները, ապա դրանք չեն քվեարկվում, եթե հակառակը չի պնդում պատգամավորներից որևէ մեկը:
Եթե հեղինակը համաձայն չէ փոփոխության վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությանը, ապա փոփոխության հիմնավորման համար նրան տրվում է երեք րոպե: Փոփոխության կապակցությամբ մտքերի փոխանակություն չի ծավալվում:
Յուրաքանչյուր առաջարկություն քվեարկության դնելուց առաջ նախագծի հեղինակը և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, երկուական րոպեի ընթացքում կարող են ներկայացնել առաջարկության վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:
Հոդված 125. Երկրորդ ընթերցումն ընդհատվում է, եթե դա պահանջում է հիմնական զեկուցողը կամ այդ մասին որոշում է ընդունում Ազգային ժողովը: Միաժամանակ որոշվում է նախագծի քննարկումը շարունակելու ժամկետը:
Երկրորդ ընթերցումը շարունակելու համար զեկուցողը, գլխադասային հանձնաժողովի հետ համատեղ, քննարկելով առաջարկված փոփոխությունները, փոփոխված տեքստը ներկայացնում է պատգամավորներին սահմանված ժամկետում:
Հոդված 126. Եթե փոփոխությունները քվեարկելուց հետո առաջարկություն չի եղել ընդհատել երկրորդ ընթերցումը կամ անցկացնել երրորդ ընթերցում, ապա օրենքի նախագիծն ամբողջությամբ դրվում է քվեարկության:
Հոդված 127. Նախագծի քննարկումը երրորդ ընթերցման է տեղափոխվում Ազգային ժողովի որոշմամբ:
Երրորդ ընթերցումը կատարվում է հաջորդ նիստում: Այդ ընթացքում նոր առաջարկություններ չեն ընդունվում: Ելույթ են ունենում միայն հիմնական զեկուցողը, գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, այն մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկով նախագիծը տեղափոխվել է երրորդ ընթերցման և որոնց կողմից նախապես եղել են առաջարկներ: Մյուս պատգամավորները կարող են ելույթ ունենալ միայն վարման կարգի վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 17
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 128. Սահմանադրության 76 հոդվածին համապատասխան Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով` մինչև բյուջեի հաստատումը:
Հոդված 129. Սահմանադրության 90 հոդվածին համապատասխան կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:
Հոդված 130. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբեր ամսվա առաջին եռօրյա նիստում:
Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում ուղարկում է պատգամավորներին և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ: Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի բովանդակությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանոթացվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մշտական անդամները:
Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց մասնակցում են նաև կառավարության անդամներ և ներկայացուցիչներ:
Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել միայն այդ հանձնաժողովների մշտական անդամները և կառավարության կողմից լիազորված անձինք:
Հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկումների անցկացման ժամանակացույցը կազմում է Ազգային ժողովի նախագահը` խորհրդակցելով վարչապետի և Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հետ:
(130-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 131. Նախնական քննարկումների ժամանակ բյուջեի նախագծում փոփոխություններ մտցնելու առաջարկությունները պատգամավորները և մշտական հանձնաժողովները ներկայացնում են կառավարություն: Կառավարությունը Ազգային ժողովի հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է փոփոխություններ մտցնել բյուջեի նախագծում:
Հոդված 132. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում` մինչև մեկ ժամ 30 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում արված փոփոխությունները:
Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը` դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովը.
3) Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ:
4) Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:
Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:
(132-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 133. Մտքերի փոխանակության համար կատարվում է հերթագրում: Ելույթների համար պատգամավորներին տրվում է 10 րոպե:
Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ նախարարներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:
Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հարցի քննարկման ընդմիջում առնվազն չորս օրով:
(133-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 134. Պատգամավորները հարցի քննարկումն ընդմիջելուց հետո 24 ժամվա ընթացքում իրենց առաջարկությունները, իսկ Ազգային ժողովի հանձնաժողովները իրենց առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացնում են Ազգային ժողովի աշխատակազմ, որն իր հերթին հանձնում է դրանք կառավարությանը:
Հոդված 135. Պետական բյուջեի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ կառավարությունն Ազգային ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և պատգամավորների մշտական հանձնաժողովների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կազմված ամփոփաթերթիկը` պատգամավորների թվին համապատասխան պատճեններով: Ազգային ժողովի աշխատակազմը ստացված փաստաթղթերը հնարավոր սեղմ ժամկետում հանձնում է պատգամավորներին:
(135-րդ հոդվածը լրաց. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 136. Քննարկումները վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով տեղեկանք է ներկայացնում կառավարության կողմից ընդունված կամ մերժված առաջարկությունների մասին:
Պատգամավորները զեկուցողին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:
Վարչապետի կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի եզրափակիչ ելույթից առաջ, սահմանված կարգով հայտ ներկայացնելու դեպքում, մինչև 10 րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն`
ա) Ազգային ժողովի խմբակցությունները և խմբերը.
բ) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները.
գ) Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները:
Ելույթներն ավարտվելուց հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է վարչապետին կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, որից հետո պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից ընդունված ուղղումներով դրվում է քվեարկության` ամբողջությամբ ընդունելու համար: Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում:
Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:
(136-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 137. Սահմանադրության 90 հոդվածին համապատասխան բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը Ազգային ժողովին բյուջեի նախագիծ է ներկայացնում 20 օրվա ընթացքում, որը քվեարկվում և հաստատվում է նույն հոդվածով նախատեսված կարգով` 30 օրվա ընթացքում:
(137-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 138. Մինչև Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա պետական բյուջեի հաստատումը Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
(138-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Գ Լ ՈՒ Խ 18
(գլուխը լրաց. 14.04.98 ՀՕ-213)
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 139. Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում և հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:
Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:
Հոդված 140. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է պատգամավորներին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովի վերահսկիչ պալատ: Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի բովանդակությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանոթացվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մշտական անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը:
Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստում, որոնց մասնակցում են նաև կառավարության անդամները և ներկայացուցիչները:
Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել միայն այդ հանձնաժողովների մշտական անդամները, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը, կառավարության կողմից լիազորված անձինք:
Հոդված 141. Նախնական քննարկումների ժամանակ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծում փոփոխություններ մտցնելու առաջարկությունները պատգամավորները և մշտական հանձնաժողովներն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով ներկայացնում են կառավարություն:
Կառավարությունն Ազգային ժողովի հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է փոփոխություններ մտցնել բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում: Կառավարությունը հաշվետվության քննարկումն սկսվելուց առնվազն 48 ժամ առաջ Ազգային ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերջնական տարբերակը, ինչպես նաև հիմնավորումներ` առաջարկությունների նկատմամբ անհամաձայնության վերաբերյալ:
Հոդված 142. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում մեկ ժամ 30 րոպեից ոչ ավելի ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքում նախագծում արված փոփոխությունները:
Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը.
2) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.
3) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը.
4) Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ.
5) Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:
Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:
Հոդված 143. Մտքերի փոխանակության համար կատարվում է հերթագրում:
Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ` նախարարներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:
Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նախագահողը քվեարկության է դնում հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Հոդված 144. Եթե պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քվեարկությամբ չի հաստատվում, ապա դրվում է կառավարության անվստահության հարցը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց հետո 24 ժամվա ընթացքում` միաժամանակ հարցը քննարկելու համար պահանջելով Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քննարկման է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում: Հարցը ներկայացնում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացրած պատգամավորների կողմից լիազորված պատգամավորը:
Կառավարությունը հրավիրում է և, սույն կանոնակարգի 147 հոդվածով սահմանված կարգով, մասնակցում իր նկատմամբ անվստահության հարցի քննարկմանը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
ԳԼՈՒԽ 19
(գլուխը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ
Հոդված 145. Հերթական նստաշրջանում կառավարության անվստահության հարց կարող է հարուցվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կամ առանձին պատգամավորի կողմից` օրենսդրական նախաձեռնության կարգով:
(145-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 146. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, ստորագրված պատգամավորների կողմից, ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին:
Պատգամավորները ստորագրում են քարտուղարությունից ստացված հատուկ ձևաթղթի վրա: Եթե ձևաթղթի ստացման օրից երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է աշխատակազմ, ապա Ազգային ժողովի նախագահը հերթական եռօրյա նիստերի օրակարգը քննարկելիս այդ մասին հաղորդում է Ազգային ժողովին, և հարցը եռօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում առանց քվեարկության և քննարկվում է արտահերթ:
Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը աշխատակազմ չհանձնելու դեպքում նախաձեռնությունը համարվում է չկայացած, և ձևաթուղթը մարվում է:
Կառավարությունը հրավիրվում է իր նկատմամբ անվստահության հարցի քննարկմանը:
(146-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 147. Անվստահության հարցը քննարկելիս կառավարության անդամները, մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները, ունեն արտահերթ ելույթի իրավունք, որոնց հաջորդականությունը և պահը որոշում է վարչապետը:
(147-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 148. Նույն հերթական նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր պատգամավոր կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի կարող է միանալ միայն մեկ անգամ:
(148-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԳԼՈՒԽ 20
(գլուխը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՆԻՍՏԸ
Հոդված 149. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Հանրապետության Նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ:
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության պահանջով արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Արտահերթ նստաշրջանը չի կարող տևել վեց օրից ավել:
Պատգամավորներն արտահերթ նստաշրջան անցկացնելու մասին իրենց նախաձեռնությունն իրականացնում են որոշման նախագիծը, պատգամավորների անհրաժեշտ քանակի ստորագրություններով, Ազգային ժողովի նախագահին հանձնելու միջոցով: Ազգային ժողովի նախագահը որոշման նախագծի նախաձեռնողների հետ հաջորդ օրն անցկացնում է խորհրդակցություն: Եթե նախաձեռնողները պնդում են արտահերթ նստաշրջանի իրենց առաջարկությունը, Ազգային ժողովի նախագահը որոշման նախագիծը նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին:
(149-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 150. Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` կառավարության կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Պատգամավորների նախաձեռնությունն արտահերթ նիստ գումարելու մասին կարող է իրականացվել նիստի ժամանակ, էլեկտրոնային համակարգով քվեարկություն անցկացնելու միջոցով:
Նախաձեռնությունը համարվում է կայացած, եթե արտահերթ նիստ անցկացնելու մասին որևէ պատգամավորի առաջարկությանը կողմ է քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
(150-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԳԼՈՒԽ 21
(գլուխը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 151. Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջոցով: Այդ նպատակով յուրաքանչյուր կիսամյակի սկզբում վերահսկիչ պալատը տեղեկանք է ներկայացնում պատգամավորներին` նախորդ կիսամյակում բյուջեի կատարման ընթացքի մասին:
Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40 օրվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Տարվա ընթացքում մեկ անգամ Ազգային ժողովն իր որոշմամբ կարող է լսել կառավարության հաղորդումը բյուջեի կատարման ընթացքի մասին:
(151-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 152. Պատգամավորներն օրենսդրական նախաձեռնության կարգով կարող են առաջարկել օրակարգ ընդգրկել կառավարության հաշվետվությունը` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման մասին:
(152-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 153. Կառավարության ընթացիկ գործունեությունը Ազգային ժողովը վերահսկում է յուրաքանչյուր եռօրյայի մեկ նիստում պատգամավորների հարցերին կառավարության պատասխանների և կառավարությանը` Սահմանադրությամբ և կանոնակարգով նախատեսված կարգով անվստահություն հայտնելու միջոցով:
(153-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 154. Պատգամավորները կարող են մասնակցել կառավարության դռնբաց նիստերին:
Կառավարությունը Ազգային ժողովի նախագահին և մշտական հանձնաժողովներին տեղյակ է պահում կառավարության նիստերի անցկացման օրվա և օրակարգի մասին:
Կառավարության նիստերի դահլիճում տեղեր են հատկացվում Ազգային ժողովի ներկայացուցիչների համար:
(154-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 155. Ազգային ժողովի հանձնաժողովի պահանջով կառավարության ներկայացուցիչները մասնակցում են հանձնաժողովի նիստերին և պարզաբանումներ տալիս քննարկվող հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կառավարությանը նախապես տեղյակ է պահում քննարկվող հարցի և քննարկման ժամկետի մասին:
(155-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 156. Հանձնաժողովները ներքին և արտաքին քաղաքականության կարևոր հարցերի և իրադարձությունների վերաբերյալ կարող են կազմակերպել խորհրդարանական լսումներ` հրավիրելով պետական պաշտոնյաների և մասնագետների:
Խորհրդարանական լսումների մասին նախօրոք հայտարարվում է:
(156-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 157. Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության 55 հոդվածի 13 կետով նախատեսված ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, հաջորդ օրը գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Հատուկ նիստում Ազգային ժողովի որոշմամբ կարող են քննարկվել ռազմական դրության հետ առնչվող հարցեր, որոնք օրակարգ են ընդգրկվում առանց կանոնակարգով նախատեսված ընթացակարգի պահպանման:
Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված միջոցառումների իրականացման դեպքում Ազգային ժողովը հարցը կարող է օրակարգ մտցնել և իր նիստերում քննարկել կանոնակարգով սահմանված կարգով:
(157-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 158. Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55 հոդվածի 13 և 14 կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը: Այդ կապակցությամբ պատգամավորների առնվազն մեկ երրորդի դիմումը սահմանադրական դատարանը քննարկում է արտահերթ և եզրակացություն է տալիս 24 ժամվա ընթացքում:
(158-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 159. Ազգային ժողովի նախագահը տարեկան մեկ անգամ Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Ազգային ժողովի կատարած աշխատանքների մասին հաղորդմամբ:
Ազգային ժողովը կարող է օրակարգ ընդգրկել Ազգային ժողովի հանձնաժողովների հաղորդումը` կատարած աշխատանքների մասին:
(159-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Գ լ ու խ 22
(գլուխը լրաց. 18.03.98 ՀՕ-208, փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 160. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում պետական բյուջեն հաստատվելուց հետո` երկամսյա ժամկետում:
(160-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 161. Ազգային ժողովի նախագահը կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ:
(161-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 162. Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում կառավարությունը և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
(162-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 163. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ:
(163-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 164. Ազգային ժողովի նախագահը կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովի վերահսկիչ պալատ:
(164-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 165. Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.
2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
(165-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԳԼՈՒԽ 23
(գլուխը փոփ. 18.03.98 ՀՕ-208, փոփ. 14.04.98 ՀՕ-213)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ
Հոդված 166. Ազգային ժողովի նիստերը սղագրվում են:
Սղագրությունները կարող են պաշտոնապես հրապարակվել, բացառությամբ դռնփակ նիստերի սղագրությունների:
Նիստերի սղագրումը ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:
Յուրաքանչյուր նիստից հետո տասը օրվա ընթացքում սղագրության տեքստը ուղարկվում է Ազգային ժողովի գրադարան, իսկ մեկ ամիս հետո` տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ:
Ազգային ժողովի պատգամավորն Ազգային ժողովի գրադարանում մեկ ամսվա ընթացքում կարող է ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:
(166-րդ հոդվածը փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 167. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում և պաշտոնական մամուլում:
(167-րդ հոդվածը փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 168. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են հանրապետական ռադիոյով, եթե Ազգային ժողովը այլ որոշում չի ընդունում: Ազգային ժողովի որոշմամբ առանձին նիստեր կարող են հեռարձակվել նաև հանրապետական հեռուստատեսությամբ:
Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ծառայությունը, որը պարբերաբար անցկացնում է ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ, հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, թողարկում է տեղեկատվական բնույթի նյութեր:
(168-րդ հոդվածը փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)
Գ Լ ՈՒ Խ 24
(գլուխը լրաց. 22.10.97 ՀՕ-154, փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 169. Ազգային Ժողովի կանոնակարգում փոփոխություններն ընդունվում են հոդված առ հոդված քվեարկությամբ:
(169-րդ հոդվածը փոփ. 18.03.98 ՀՕ-208, 14.04.98 ՀՕ-213)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|