ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:
(1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 08.04.15 ՀՕ-21-Ն)
Հոդված 2. | Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(2-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-243-Ն)
Հոդված 3. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով.
2) տարրական կրթություն՝ պարտադիր կրթության առաջին մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանը.
3) հիմնական կրթություն` պարտադիր կրթության երկրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին և երկրորդ աստիճանները.
4) միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները.
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.
6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.
ա. այլընտրանքային կրթական ծրագիր` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,
բ. հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,
գ. փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը,
դ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր.
6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով.
6.2) կրեդիտային համակարգ՝ միջնակարգ կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ գնահատման, կրթական ծրագրերի յուրացման կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ.
7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն)` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).
8) հանրակրթական դպրոց` մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.
9) մասնագիտացված հանրակրթական դպրոց` ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.
10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական հիմնական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.
10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.
10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.
10.3) ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում.
10.4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է սովորող երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողին.
10.5) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.
10.6) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.
10.7) ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.
10.8) անհատական ուսուցման պլան` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).
10.9) ուսուցչի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող.
11) բազմահամակազմ դասարան` տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ.
12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.
13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.
14) ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.
14.1) ուսուցչի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացում ու կատարելագործում.
14.2) որակավորման տարակարգ` ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
15) դասագրքի փորձաքննություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթության պետական չափորոշիչներին դասագրքի համապատասխանության գնահատման գործընթաց:
(3-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-30-Ն, փոփ., լրաց. 06.10.11 ՀՕ-264-Ն, խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-243-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 4. | Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը |
1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:
2. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է:
2.1. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։
3. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:
4. Միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
5. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
6. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:
7. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:
8. Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:
Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
9. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
10. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
(4-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-30-Ն, 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 08.04.15 ՀՕ-21-Ն)
Հոդված 5. | Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները |
1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝
1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը.
2) մարդկային արժանապատվության պահպանմանը.
3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.
4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը և ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.
5) մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.
6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.
7) որպես ապագա քաղաքացու ձևավորմանը։
2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.
1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.
2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
3) հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը.
4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.
6) ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը.
7) անկախ կազմակերպական-իրավական ձևից` ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը.
8) հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
(5-րդ հոդվածը խմբ. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոդված 6. | Հանրակրթության պետական չափորոշիչը |
1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները.
2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների.
3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:
2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:
5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 7. | Հանրակրթական ծրագրերը |
1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները` ըստ մակարդակների:
2. Հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:
3. Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական, ինչպես նաև միջնակարգ կրթության հետևյալ ծրագրերը.
1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).
3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):
Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաև հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերը:
Նախադպրոցական ծրագրերն իրականացվում են ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):
Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է օրինակելի ուսումնական պլանը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:
5. Հանրակրթական պետական ծրագրի օրինակելի ուսումնական պլանը կազմված է պետական և դպրոցական հետևյալ բաղադրիչներից.
1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները.
2) դպրոցական բաղադրիչին հատկացված ժամաքանակը նախատեսված է հոսքային կամ առանձին առարկաների խորացված կրթական ծրագրերի իրականացման և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչը տնօրինում է ուսումնական հաստատությունը:
Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն օրինակելի ուսումնական պլանի հիման վրա հաստատում է իր ուսումնական պլանը:
6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:
6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։
Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից`
1) երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում և կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից).
2) ինը կարող են ստեղծվել նաև միջազգային պայմանագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։
Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է:
Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում:
7. Հանրակրթական հիմնական ծրագրերը կառուցվում են հաջորդականության և շարունակականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագրերը, ըստ կրթական աստիճանների, դասակարգվում են.
1) 1-ին աստիճանի` տարրական.
2) 2-րդ աստիճանի` հիմնական.
3) 3-րդ աստիճանի` միջնակարգ:
Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:
8. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.
1) 1-ին աստիճան՝ 4 տարի, 1-4-րդ դասարաններ.
2) 2-րդ աստիճան՝ 5 տարի, 5-9-րդ դասարաններ.
3) 3-րդ աստիճան՝ 3 տարի, 10-12-րդ դասարաններ:
9. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ:
10. Հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`
1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.
4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.
5) սովորողների սննդի կազմակերպումը.
6) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.
7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.
8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:
11. Հանրակրթական հիմնական ծրագրերից յուրաքանչյուրի (այդ թվում` նախադպրոցական) իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
Հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` լիցենզավորման գործընթացը կարգավորող օրենքով սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-240-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-30-Ն, խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-243-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. | Ուսումնական հաստատության տեսակները |
1. Ուսումնական հաստատությունը, ըստ դրանում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, դասվում է հետևյալ տեսակների.
1) հանրակրթական դպրոց.
2) մասնագիտացված հանրակրթական դպրոց.
3) հատուկ հանրակրթական դպրոց:
2. Մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն:
4. Այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
5. Ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է`
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).
3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ).
4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ).
5) վարժարան (5-12-րդ դասարաններ).
6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):
Հոդված 9. | Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը |
1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
2. Ուսումնական հաստատությունը կարող է գործել նաև կրթահամալիրի կազմում:
3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):
4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված պետական ավագ դպրոցների համար լիազոր մարմինը կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է:
5. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը։
6. Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը չպետք է հակասի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի դրույթներին:
7. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը:
8. Պետական ուսումնական հաստատությունները անվանակոչվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
(9-րդ հոդվածը փոփ. 13.04.11 ՀՕ-108-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 10. | Ուսումնական հաստատության կառավարումը |
1. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
3. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
4. Ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
5. Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
6. Ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:
(10-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 11. | Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություններն ու դրանց դադարեցման հիմքերը |
1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.
2) հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական կանոնները.
3) հավանություն է տալիս ուսումնական հաստատության զարգացման ծրագրին.
4) քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին.
5) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` ուսումնական հաստատության լրացուցիչ միջոցների հաշվին.
6) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը.
7) քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.
8) որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.
9) վերահսկում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարումը.
10) հիմնադրի սահմանած կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.
11) առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.
12) հաստատում է իր աշխատակարգը և հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝ ընտրում է խորհրդի նախագահ.
13) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`
1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.
2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.
3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։
3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`՝
1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,
2) անդամին լիազորած մարմնի հիմնավորված հետկանչի,
3) խորհրդի որոշմամբ՝ հիմնավորված առաջարկության,
4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,
5) դատական կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու,
6) ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,
6.1) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,
7) նրա մահվան դեպքերում։
4. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչև տվյալ մրցույթի ավարտը, բացառությամբ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամի՝ դպրոցում սովորող երեխա չունենալու, ինչպես նաև մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված ուսուցչի աշխատանքից ազատվելու դեպքերի:
(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 12. | Ուսումնական հաստատության տնօրենը և նրա իրավասությունները |
1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:
Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ Բացառություն կարող են կազմել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները։
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
3. Վերապատրաստումը և հավաստագրումը անցկացվում են հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) ուսուցումների կազմակերպում՝ դիմողի նախաձեռնությամբ.
3) քննություն՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով.
4) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։
4. Վերապատրաստման, քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ։
6. Վերապատրաստումների մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
7. Վերապատրաստման բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ձևավորելու և դրանք ամրապնդելու նպատակով։
8. Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։
9. Հավաստագրված անձանց ցանկը հրապարակվում է։
10. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։
11. Վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին։
12. Տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`
1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.
3) դպրոցի զարգացման իր ծրագիրը:
13. Մրցույթի ժամանակ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակում:
14. Մրցույթում հաղթած և սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց։
15. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր։
16. Ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
17. Ուսումնական հաստատության տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար) չի կարող առաջադրվել, ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝
1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.
2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
18. Պետական ուսումնական հաստատության տնօրենը՝
1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.
4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
5) իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(12-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 13. | Ուսումնական հաստատության կրթական ծրագրերը |
1. Ուսումնական հաստատությունը հանրակրթական ծրագիր(եր) կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն իր կանոնադրության: Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են իր կանոնադրությամբ:
2. Ուսումնական հաստատությունը հիմնադրի որոշմամբ հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել ցերեկային, երկարօրյա և (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:
Հոդված 14. | Ուսումնական պլանները |
1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է` համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:
2. Ուսումնական հաստատությունում իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան:
3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է օրինակելի ուսումնական պլանների հիման վրա: Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:
4. Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:
Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է և իրականացվում է ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 15. | Ուսումնական տարին |
1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
2. Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից:
3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:
4. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը։ Ուսումնական հաստատությունն այդ մասին որոշումը կայացնում է մինչև սեպտեմբերի 1-ը և առնվազն տասնօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է կրթության պետական կառավարման և տարածքային (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) կառավարման լիազորված մարմիններին:
5. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
6. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը` այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։
(15-րդ հոդվածը խմբ. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 16. | Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը |
1. Սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
1.1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝
1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
2) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:
2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
3. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ արգելվում է գիտելիքների ստուգումը:
4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:
5. Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
6. Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն:
7. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
8. Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով հետևյալ դեպքերում.
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
9. Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:
10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
11. Ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
(16-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-128-Ն, փոփ., խմբ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 17. | Ուսումնական գործընթացի կազմակերպումը |
1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:
2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:
Պետական ուսումնական հաստատության դասարանի կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշիչով:
Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:
4. Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
5. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5.1. Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:
Այն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում և ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատվում է կրթության պետական կառավարման և առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին։
6. Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքեր և ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ:
7. Ուսումնական հաստատությունը կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին (սովորող, ծնող, մանկավարժական աշխատողներ և այլն) տրամադրում է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 17.1. |
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները |
1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.
1) դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.
2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։
2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով։
4. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծնողը կարող է արդյունքները բողոքարկել հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։
5. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները՝
1) իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում.
2) կազմում են համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ.
3) մատուցում են կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ.
4) իրականացնում են խորհրդատվական փոխայցեր ուսումնական հաստատություններ.
5) կազմակերպում և անցկացնում են վերապատրաստումներ.
6) իրականացնում են օրենսդրությամբ և իրենց կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ։
6. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը`
1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական մոտեցումը.
2) մշակում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը.
3) համակարգում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքները.
4) մշակում է գիտամեթոդական և ուսումնամեթոդական նյութեր և ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժահոգեբանական մասնագետների համար.
5) կազմակերպում և իրականացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն.
6) ստեղծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա, իրականացնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ՝ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ.
7) իրականացնում է օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ։
7. Տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների օրինակելի կանոնադրությունները և ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
8. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները և տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
9. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։
10. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենները նշանակվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
11. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը տարեկան անցնում է համապատասխան վերապատրաստում՝ ըստ ուսումնական հաստատության և համապատասխան մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավարի կազմած ժամանակացույցի։
Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման ընթացակարգերով։
(17.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 17.2. |
Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը |
1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը։
2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։
3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայրում)։
(17.2-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 17.3. |
Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը |
1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։
2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ կետի պայմանների:
(17.3-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 18. | Սովորողների գնահատումը և ատեստավորումը |
1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
3. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 19. | Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում |
1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝
1) սովորողը.
2) սովորողի ծնողը.
3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
4) վարչական աշխատողները.
5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։
Հոդված 20. | Սովորողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
(20-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 21. | Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`
1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.
2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:
5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:
6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22. | Սովորողների առողջության պահպանումը |
1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 23. | Սովորողների խրախուսումը |
1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։
Հոդված 24. | Մանկավարժական աշխատողները |
1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
3. Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղվելու դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:
(24-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 25. | Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը |
1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:
4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
(25-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-3-Ն)
Հոդված 26. | Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը |
(վերնագիրը խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն)
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։
2. Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ։ Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։
3. Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։
4. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
5. Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
6. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։
7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
8. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։
9. Ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:
10. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
11. Ուսուցչի աշխատանքային բնութագիրը ներառում է ուսուցչի կենսագրական տվյալները, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ինչպես նաև ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատականը:
12. Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
13. Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը։
14. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
15. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը։
16. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
17. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որոնք ապահովում են դրա հրապարակումը։ Ուսումնական հաստատությունը որոշումը ստանալու օրը դրա մասին տեղեկացնում է տվյալ ուսուցչին։
18. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է հնգօրյա ժամկետում բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը բողոքների քննարկումից հետո ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ։ Բողոքարկումների ընթացակարգը սահմանվում է համապատասխան կարգով։
19. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:
20. Սույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը որոշումը ստանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում պաշտոնից ազատում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչին, եթե սույն հոդվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում ատեստավորման հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել։ Ուսուցչի թափուր տեղը համալրվում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
21. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը բողոքարկելու դեպքում ուսուցչի ազատումը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։
22. Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
23. Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:
24. Ատեստավորման ենթակա չէ`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
25. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
26. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:
27. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
28. Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։
29. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.
1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.
2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.
3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։
30. Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
31. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
32. Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում։
33. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:
34. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
35. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։
36. Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
37. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։
38. Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
39. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:
(26-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն)
Հոդված 27. | Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները |
1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6) օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.
5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:
3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։
Հոդված 28. | Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Սովորողի ծնողն իրավունք ունի`
1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.
2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.
2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.
3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
2. Սովորողի ծնողը պարտավոր է`
1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:
(28-րդ հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29. | Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.
2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը.
3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը.
4) հիմնադրում է ուսումնական հաստատություններ.
5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը.
7) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը.
9) հաստատում է հիմնական և միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը.
10) սահմանում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը.
11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.
12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը.
13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, տարածքային և հանրապետական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերը.
14) սահմանում է ատեստավորման միջոցով որակավորում ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգը.
15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
16) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.
17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները և չափանիշները.
18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը.
18.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը.
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(29-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 30. | Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները |
1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`
1) մշակում և հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հաստատում է հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրեր.
2) սահմանում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման ժամկետները.
3) տալիս է հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ.
4) օրենքով սահմանված կարգով համաձայնություն է տալիս այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատության ստեղծմանը.
5) համարվում է պետական ավագ դպրոցների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների պետական կառավարման լիազորված մարմինը.
6) սահմանում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը.
6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների ընտրված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով.
7) փորձագիտական եզրակացություն է տալիս պետական ուսումնական հաստատության տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.
8) հաստատում է երաշխավորված դասագրքերի ցանկը.
9) (կետն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-200-Ն)
10) սահմանում է պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները և տևողությունը.
11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը.
12) հաստատում է պետական ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.
13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը.
14) սահմանում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը.
15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը.
16) կազմակերպում է ամփոփիչ ատեստավորում և որոշում ուսումնական հաստատության շրջանավարտների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.
17) հաստատում է ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը.
18) սահմանում է բազմահամակազմ դասարան կազմավորելու, առանձին առարկաների դասաժամերին դասարանը խմբերի բաժանելու կարգերը.
19) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաև դրսեկության ձևով հանրակրթության կազմակերպման կարգերը.
20) ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը.
21) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը.
22) սահմանում է մանկավարժական աշխատողների և տնօրենի վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայնություն է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին.
23) իրականացնում է ուսումնական հաստատությունների գործունեության գնահատում, հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը.
24) մասնակցում է ուսումնական հաստատության արտաքին գնահատմանը.
25) հաստատում է սովորողների հանրապետական և դպրոցական առարկայական օլիմպիադաների, մրցույթների, ռազմամարզական խաղերի, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական մրցույթների կազմակերպման և անցկացման կարգերն ու կանոնադրությունները.
26) առաջարկում է մրցութային հիմունքներով ուսումնական հաստատությանը հատկացնել լրացուցիչ նպատակային ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից.
26.1) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` արխիվային հիմքերի առկայության դեպքում.
26.2) սահմանում է հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը.
26.3) սահմանում է միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը.
26.4) սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.
26.5) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.
26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների ու ծնողների էթիկայի նորմերը (վարքականոնը).
26.7) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.
26.8) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը.
26.9) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.
26.10) սահմանում է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգերը.
26.11) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.
26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.
26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը.
26.14) սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը.
26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ուսումնաօժանդակ գրականությունը և էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածության երաշխավորելու կարգը.
27) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
(30-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-128-Ն, լրաց., խմբ., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 31. | Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասությունները |
1. Մարզպետի (Երևան քաղաքում` քաղաքապետի) իրավասություններն են`
1) ապահովում է մարզի տարածքում (Երևան քաղաքում) պետական կրթական քաղաքականության իրականացումը.
2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.
3) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն.
4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների ընտրված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.
6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.
6.1) աջակցում է ուսուցչի ատեստավորման գործընթացին.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։
(31-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն)
Հոդված 32. | Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները |
1. Համայնքի ղեկավարի իրավասություններն են`
1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` օրենքով սահմանված կարգով.
2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 33. | Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը |
1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:
2. Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
(33-րդ հոդվածը խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 34. | Ուսումնական հաստատության գործունեության գնահատումը |
1. Ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և ծնողները։
3. Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:
4. Ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
5. Արտաքին գնահատումը կատարվում է ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:
6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները։
7. Ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:
8. Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները։
9. Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
10. Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով։
11. Արտաքին գնահատման արդյունքներով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:
(34-րդ հոդվածը խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 35. | Ուսումնական հաստատության ֆինանսավորումը |
1. Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
2. Ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում:
3.1. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ.
1) ձայնի և խոսքի.
2) լսողական.
3) տեսողական.
4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.
5) շարժողական։
3.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում հետևյալ նպատակներով.
1) իրականացնել հատուկ կամ լրացուցիչ կրթական ծրագրեր արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար.
2) իրականացնել ուսումնամեթոդական գիտափորձ և (կամ) այլընտրանքային ծրագիր.
3) կազմակերպել դպրոցականների միջազգային օլիմպիադաների նախապատրաստական հավաքներ և դասընթացներ.
4) ստեղծել ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուսումնական նյութեր (այդ թվում՝ էլեկտրոնային):
Ուսումնական հաստատությունը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առաջարկությամբ ստանալ լրացուցիչ ֆինանսավորում նաև այլ նպատակներով:
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է իր կրթական ծառայությունները կազմակերպել վճարովի հիմունքներով, այդ թվում՝ սովորողներից գանձել ուսման վարձավճար` համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության։
6. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային և լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանվում է հավելյալ աշխատավարձ՝ համաձայն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի, բայց ոչ պակաս, քան նախատեսված է ընթացիկ տարվա պետական բյուջեով:
(35-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 36. | Ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը |
1. Ուսումնական հաստատությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով ուսումնական հաստատությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
2. Պետական ուսումնական հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
3. Ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով։
Հոդված 37. | Հանրակրթության պետական երաշխիքները |
1. Պետությունը հանրակրթության համակարգի պետական ուսումնական հաստատությունների գործունեության կարիքների համար երաշխավորում է ամենամյա համապատասխան բյուջետային հատկացումներ:
2. Պետական կրթական չափորոշիչների սահմաններում հանրակրթություն ստանալու պետական երաշխիքի հիմքը պետական ֆինանսավորումն է՝ օրենքով սահմանված կարգով:
3. Պետությունը ուսումնական հաստատություններին, անկախ կազմակերպական-իրավական ձևից, երաշխավորում է գործունեության հավասար իրավական դաշտ` կանոնադրությամբ նախատեսված հանրակրթական գործունեության մասով:
4. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների համակարգ։
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 38. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ հոդվածի 8-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչև 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5 և բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց կրթությունը շարունակվում է` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:
2. Պետական ուսումնական հաստատությունների տեսակների համապատասխանեցումը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով` մինչև 2011-2012 ուսումնական տարին:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա՝ մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի և ժամանակացույցի։ Բացառություն է կազմում վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող այն տնօրենների հավաստագրումը, որոնց 61 և ավելի տարին լրանում է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նրանց հավաստագրումը իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով՝ թեստավորման միջոցով։ Համապատասխան հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են։
4. Սույն օրենքի 26-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2010 թվականի մարտի 1-ից:
5. Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
6. Սույն օրենքի 34-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ից:
7. Սույն օրենքի դրույթներին չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտերը մինչև 2010 թվականի օգոստոսի 20-ը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին:
8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետով սահմանված կրեդիտային համակարգը ներդրվում է միայն միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ):
(38-րդ հոդվածը լրաց. 12.05.11 ՀՕ-146-Ն, խմբ. 06.10.11 ՀՕ-264-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-363-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն)
Հոդված 39. | Եզրափակիչ դրույթ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 23 |