ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Օրենքի նպատակը
Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչև 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):
Հոդված 2.
Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը
1. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման համար, օտարվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(2-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-413-Ն)
Հոդված 3.
Անվտանգության պահանջների ապահովումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:
Հոդված 4.
Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքում հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ, տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին:
Հոդված 5.
Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2009 թ. նոյեմբերի 16
Երևան
ՀՕ-192-Ն