ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 8-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված՝ «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-123-Ն |
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 1968 թվականի նոյեմբերի 8-ին «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: