Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-182-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (22.05.2018-30.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1148
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքն ընդունվել է հաշվի առնելով բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոնների սահմանման անհրաժեշտությունը, նպատակ ունենալով բարձրացնել հիպոտեկային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը, ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը:

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքների, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի կնքման և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ, կրեդիտավորողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը:

 

Հոդված 2.

Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին օրենսդրությունը

 

1. Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Բնակարանային հիպոտեկային կրեդիտների տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման, գովազդի, կրեդիտավորողի և կրեդիտառուի միջև հաղորդակցման կարգի հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխների դրույթները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բնակարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված բնակարանը, ինչպես նաև անհատական բնակելի տունը.

2) բնակարանային հիպոտեկային կրեդիտ, հիպոտեկային կրեդիտ կամ կրեդիտ` կրեդիտավորողի տրամադրած վարկ, փոխառություն կամ այլ ֆինանսավորում, որը տրամադրվել է հետևյալ պայմաններով.

ա. կրեդիտի տրամադրման նպատակը բնակարան ձեռք բերելը, կառուցելը, վերակառուցելը, վերանորոգելը, բարեկարգելը կամ արդիականացնելն է, և

բ. կրեդիտի վերադարձելիությունն ապահովված է այդ բնակարանի հիպոտեկով կամ կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիպոտեկով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 270-րդ հոդվածին համապատասխան, կամ բնակարանի կառուցման համար նախատեսված հողամասի, անավարտ շինարարության և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերի ու սարքավորումների հիպոտեկով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան, կամ կրեդիտավորողից և կրեդիտառուից անկախ պատճառներով ձեռք բերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը գրավադրելու անհնարինության դեպքում՝ այլ գրավով` պայմանով, որ գրավադրումը բացառող պայմանների վերացման դեպքում կգրավադրվի ձեռք բերվող, կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող կամ արդիականացվող բնակարանը, և

գ. կրեդիտը տրամադրվել է որոշակի հատուցման դիմաց:

Սույն օրենքի իմաստով հիպոտեկային կրեդիտ են համարվում նաև սույն կետում նշված կրեդիտների վերաֆինանսավորման նպատակով կրեդիտառուներին տրամադրված վարկերը կամ փոխառությունները.

3) բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիր կամ կրեդիտավորման պայմանագիր` պայմանագիր, որով կրեդիտավորողը կրեդիտառուին տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել բնակարանային հիպոտեկային կրեդիտ.

4) կրեդիտի անվանական տոկոսադրույք` հաստատուն կամ լողացող տոկոսադրույք, որի հիման վրա կրեդիտավորողը հաշվարկում է կրեդիտառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարները.

5) հաստատուն տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքը, որը կրեդիտավորման պայմանագրի համաձայն`

ա. ենթակա չէ փոփոխության կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում, կամ

բ. կրեդիտավորման պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել)` սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասում նշված պայմաններով.

6) լողացող տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքը, որը կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում` կախված այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող և կրեդիտավորողից չկախված ցուցանիշների փոփոխություններից: Լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները կամ ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով.

7) կրեդիտառու` կրեդիտ ստացող ֆիզիկական անձ.

8) կրեդիտավորող` բանկ կամ վարկային կազմակերպություն.

9) կրեդիտի մարմանն ուղղված վճարներ` կրեդիտի գումարի մարմանն ուղղված վճարներ և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարներ.

10) տարեկան փաստացի տոկոսադրույք` ըստ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

11) կրեդիտավորման ընդհանուր ծախս՝ բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք կրեդիտառուն պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար.

12) օվերդրաֆտ՝ բանկի կողմից կրեդիտի տեսքով՝ սույն օրենքով նախատեսված նպատակներով բանկային, ավանդային կամ այլ հաշվի վրա տրամադրված գումար կամ այդպիսի գումարի տրամադրման խոստում, այդ թվում՝ վճարային քարտերով:

 

Հոդված 4.

Տեղեկատվական ամփոփագիրը

 

1. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի բնակարանային հիպոտեկային կրեդիտի համար ունենալ տեղեկատվական ամփոփագիր: Հիպոտեկային կրեդիտների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միասնական տեղեկատվական ամփոփագրում` պայմանով, որ միասնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տեսակի կրեդիտի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը:

2. Յուրաքանչյուր տեղեկատվական ամփոփագիր պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

1) կրեդիտի նպատակը.

2) կրեդիտի անվանական տոկոսադրույքի չափը, տեսակը (հաստատուն կամ լողացող, ընդ որում, այս տեսակները չեն կարող անվանվել այլ կերպ, քան նախատեսված է սույն օրենքով), իսկ եթե անվանական տոկոսադրույքը լողացող է, ապա այն փոփոխելու պայմաններն ու կարգը, ինչպես նաև տոկոսադրույքի փոփոխության վրա ազդող գործոնների բացատրությունը.

3) կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը.

4) նշում այն մասին, որ կրեդիտառուն վճարելու է ապահովագրության, գնահատման կամ այլ օժանդակ ծառայությունների համար կամ նոտարական ծառայությունների համար կամ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կատարելու է այլ վճարներ, եթե կրեդիտավորողին հայտնի է, որ կրեդիտառուն կատարելու է նման վճարներ.

5) նշում սույն մասի 4-րդ կետում նշված այն վճարների մասին, որոնք չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ.

6) եթե կրեդիտավորողը կրեդիտի տրամադրումը պայմանավորում է առանձին ապահովագրական ընկերությունների կամ գնահատողների ծառայություններից օգտվելով, ապա նշում այդ մասին, ինչպես նաև կրեդիտավորողի սահմանած ցանկերում ներառված ապահովագրական ընկերությունների կամ գնահատողների հետ կապվելու համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` անվանումներ, գտնվելու վայրեր, հեռախոսի համարներ.

7) կրեդիտի գումարի նվազագույն և առավելագույն չափերը.

8) կրեդիտավորման նվազագույն և առավելագույն ժամկետները.

9) կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամկետից շուտ կատարելու իրավունքի մասին նշում, ինչպես նաև սույն օրենքով թույլատրված դեպքերում այդ իրավունքն իրականացնելու արդյունքում կրեդիտառուի կողմից վճարվող տուժանքի չափը կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ հետևանքները.

10) նշում կրեդիտառուի պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին.

11) տեղեկատվություն կրեդիտի մարմանն ուղղված վճարների վերաբերյալ, մասնավորապես այդ վճարների պարբերականությունը, կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում պարբերական վճարների հաստատուն լինելը կամ ավելացումը կամ նվազումը, կրեդիտի մարմանն ուղղված վճարների ցանկը.

12) կրեդիտի գումարի և բնակարանի գնահատված շուկայական արժեքի առավելագույն հարաբերակցությունը.

13) եթե առանձին պայմանների առկայության դեպքում հնարավոր է ընդհանուր պայմաններից տարբերվող արտոնյալ պայմաններով կրեդիտ ստանալ, ապա նշում այդ պայմանների մասին.

14) նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները.

15) տեղեկատվություն այն մասին, որ հիպոտեկի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ այն դեպքի, երբ հիպոտեկի պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիպոտեկի օրինակելի պայմանագրի պայմաններին, և որ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիպոտեկի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման.

16) լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում պետք է նշվեն առավելագույն շեմեր, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել.

17) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` տեղեկատվական ամփոփագրում պարտադիր ներառման ենթակա այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրեդիտառուների շահերի պաշտպանության նպատակով: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու նաև տեղեկատվական ամփոփագրեր կազմելու ձևի, տեղեկատվական ամփոփագրերում ներառման ենթակա տեղեկատվությունների բովանդակության, ձևաչափերի նկատմամբ պահանջներ, պարտադիր կիրառման ենթակա տեքստեր, օրինակելի տարբերակներ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունից բացի, այլ տեղեկատվություն տեղեկատվական ամփոփագիրը չի պարունակում: Սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված տեղեկատվությունը կրեդիտառուին կարող է ներկայացվել ամփոփագրին կից հավելվածի տեսքով:

 

Հոդված 5.

Տեղեկատվական ամփոփագրի հրապարակումն ու տրամադրումը

 

1. Կրեդիտավորողը պարտավոր է տեղեկատվական ամփոփագրերը հրապարակել իր ինտերնետային կայքում, ինչպես նաև տեղադրել (այդ թվում՝ տեխնիկական սարքերի օգտագործմամբ) իր տարածքում` հաճախորդների համար տեսանելի վայրում:

2. Կրեդիտավորողը պարտավոր է տեղեկատվական ամփոփագիրն անվճար տրամադրել կրեդիտավորողի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի` վերջինիս պահանջով:

 

Հոդված 6.

Կրեդիտավորման պայմանագրի կնքումը

 

1. Կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագիր կնքելու գրավոր առաջարկը (օֆերտան) կրեդիտառուին առձեռն կամ փոստով հանձնելու և այդ առաջարկը կրեդիտառուի կողմից գրավոր ձևով ընդունելու (ակցեպտի) միջոցով: Կրեդիտավորման պայմանագիրը կարող է կնքվել մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, մասնավորապես կրեդիտավորողի ստորագրած պայմանագրի նախագիծը կրեդիտառուին հանձնելու և այդ նախագիծը կրեդիտառուի կողմից ստորագրվելու միջոցով: Կրեդիտավորողը պարտավոր է մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը՝ առնվազն յոթ օր առաջ, կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը և կրեդիտավորման պայմանագրի նախագիծը տրամադրել կրեդիտառուին: Կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուի ստորագրմանը ներկայացնելու միայն կրեդիտավորման պայմանագրի այն նախագիծը, որը սույն մասով սահմանված ժամկետում տրամադրվել է կրեդիտառուին: Եթե կրեդիտառուին տրամադրված կրեդիտավորման պայմանագրի նախագծում ոչ կրեդիտառուի նախաձեռնությամբ կատարվել է որևէ փոփոխություն, ապա կրեդիտավորման պայմանագրի փոփոխված տարբերակը ևս պետք է ներկայացվի կրեդիտառուին` այդ պայմանագիրը կնքելուց առնվազն յոթ օր առաջ:

2. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր, եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Սույն մասում նշված յոթնօրյա ժամկետի հաշվարկն սկսվում է կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուին հանձնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

3. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուն կարող է ընդունել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում: Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուն ընդունում է այն ստորագրելու և առձեռն, իսկ կրեդիտավորողի համաձայնության դեպքում` նաև փոստով կրեդիտավորողին վերադարձնելու միջոցով:

4. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը պետք է պարունակի սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված տեղեկությունները, ինչպես նաև նշում պարունակի այդ առաջարկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում ընդունելու՝ կրեդիտառուի իրավունքի մասին:

5. Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտառուն կրեդիտավորման պայմանագրի կնքման պահից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանա կրեդիտավորման պայմանագրի մեկ բնօրինակ: Կրեդիտավորման պայմանագրի մեկ բնօրինակն իրեն հանձնված չլինելու վերաբերյալ կրեդիտառուի հայտարարությունը համարվում է հավաստի, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

6. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի պահանջով վերջինիս տրամադրել կրեդիտավորման պայմանագրի՝ կրեդիտավորողի հաստատած պատճենը: Կրեդիտավորման պայմանագրի պատճենը տրամադրելու համար կրեդիտավորողն իրավունք ունի գանձելու միայն կրեդիտավորման պայմանագրի պատճենը պատրաստելու համար անհրաժեշտ վճարը:

 

Հոդված 7.

Կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանները

 

1. Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառի՝

1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը.

2) կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունները.

3) կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարների չափը, կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում այդ վճարների չափի փոփոխման հնարավորության կամ վերջինիս բացառման մասին նշում, ինչպես նաև նշում այն մասին, թե կրեդիտավորման պայմանագրի կողմերից որ մեկն է կրելու այդ վճարների չափի փոփոխման հետ կապված լրացուցիչ պարտականություններ.

4) կրեդիտի մարման ժամանակացույցը` սույն օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան.

5) կրեդիտի գումարը կրեդիտառուին տրամադրելու օրը.

6) հիպոտեկի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգը, այդ թվում`

ա. բռնագանձում տարածելը դատական կարգով կամ առանց դատարան դիմելու,

բ. գրավի առարկան իրացնելու եղանակը,

գ. գրավի առարկայի իրացման հետ կապված ծախսերի մոտավոր չափը` պայմանագրի կնքման պահի դրությամբ,

դ. տեղեկատվություն գրավի առարկայի իրացման արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների վերաբերյալ` պայմանագրի կնքման պահի դրությամբ.

7) կրեդիտի գումարը կամ դրա մի մասը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում գանձվող տույժի և (կամ) տուգանքի չափը: Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրում ամրագրել նաև այն առավելագույն չափը, որից ավելի տույժեր, տուգանքներ գանձվել չեն կարող: Կրեդիտավորողը պարտավոր է նաև կրեդիտավորման պայմանագրում սահմանել, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում կրեդիտառուից բացի, կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տույժից և (կամ) տուգանքից որևէ այլ վճար գանձվել չի կարող.

8) նշում այն մասին, որ կրեդիտառուն իրավունք ունի ապահովագրելու կրեդիտավորման պայմանագրի հետ կապված իր ռիսկերը` կրեդիտառուի համար ընդունելի ապահովագրողի միջոցով.

9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Ելնելով կրեդիտառուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների համար պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի տարբերակներ, այդ թվում` կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանների նկատմամբ պահանջներ, օրինակելի ձևեր:

 

Հոդված 8.

Կրեդիտառուին տրամադրվող տեղեկատվությունը

 

1. Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կրեդիտավորողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում` վաղօրոք կրեդիտառուին տեղեկացնել`

1) անվանական տոկոսադրույքների և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների չափի փոփոխության մասին, եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ դրանք առաջ են բերում կրեդիտառուի պարտավորությունների համապատասխան փոփոխություն կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում.

2) կողմերի՝ կրեդիտավորման պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների փոփոխության մասին, որոնք հետևանք են իրավական ակտերում կատարված փոփոխությունների և բխում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից.

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հանգամանքների մասին: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանվել կրեդիտավորման պայմանագրով չնախատեսված այնպիսի դրույթներ, որոնք վատթարացնում են կրեդիտառուի վիճակը:

2. Կրեդիտավորողը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր հերթական վճարումից (մարումից) 20 աշխատանքային օր առաջ կրեդիտառուին անվճար տրամադրել քաղվածք: Կրեդիտավորողը պարտավոր է նաև կրեդիտառուի պահանջով տարեկան առնվազն չորս անգամ կրեդիտառուին տրամադրել վերջինիս նշած ժամանակահատվածի համար անվճար քաղվածք: Կրեդիտառուին տրամադրվող քաղվածքներում պետք է առնվազն արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը`

1) կրեդիտի մնացորդը.

2) ժամանակահատվածը և դրանում ներառված օրերի քանակը, որոնց վերաբերյալ տրամադրվում է տեղեկատվությունը.

3) քաղվածքում նշված ժամանակահատվածում կրեդիտի կիրառված տոկոսադրույքը.

4) կրեդիտառուի կողմից քաղվածքի տրամադրման դրությամբ կատարված վճարումները (մարումները).

5) կրեդիտառուի կողմից հերթական վճարման (մարման) չափը և վճարման (մարման) ամսաթիվը.

6) տուժանք հաշվարկված լինելու դեպքում` հաշվարկված տուժանքները.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը կրեդիտավորողին տրամադրվում է փոստային կապի միջոցով, եթե կրեդիտառուի կողմից չի ներկայացվում տեղեկությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված եղանակներով կամ դրանցից մեկով ստանալու վերաբերյալ դիմում:

4. Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

5. Եթե սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը կրեդիտառուին պետք է հանձնվի կրեդիտավորողի տարածքում, ապա կրեդիտավորողը պարտավոր է առնվազն երեք տարի թղթային կամ էլեկտրոնային կրիչի վրա պահպանել կրեդիտառուի չպահանջած տեղեկատվությունը և (կամ) քաղվածքները:

6. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է շարադրվի պարզ գրական հայերենով (պարզ լեզվի կանոն): Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում: Սույն մասում նշված փաստաթղթերը կարող են շարադրվել միայն կրեդիտառուի նախընտրած լեզվով, եթե կրեդիտառուն նման պահանջ է ներկայացրել, և այդ պահանջն ընդունել է կրեդիտավորողը:

7. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին տրամադրվող տեղեկատվությունը չպետք է լինի շփոթեցնող, խրթին կամ մոլորեցնող:

8. Ելնելով կրեդիտառուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված տեղեկատվության համար պարտադիր կիրառման ենթակա ձևեր, տեքստեր կամ օրինակելի ձևեր և (կամ) այլ նվազագույն պահանջներ:

 

Հոդված 9.

Կրեդիտի մարումը և մարման ժամանակացույցը

 

1. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկի մեջ ներառվող կրեդիտի մարման ժամանակացույցը պետք է կազմվի, ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը կկնքվի սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված յոթնօրյա ժամկետի վերջին օրը, եթե պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ (նախնական ժամանակացույց):

2. Կրեդիտի մարման նախնական ժամանակացույցը պետք է պարունակի նշում այն մասին, որ նախնական ժամանակացույցը կարող է ճշգրտվել:

3. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է ավելի շուտ, քան սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված յոթնօրյա ժամկետի վերջին օրը, կրեդիտի մարման ժամանակացույցն անհրաժեշտության դեպքում ճշգրտում է կրեդիտավորողը (վերջնական ժամանակացույց):

4. Նախնական ժամանակացույցի ճշգրտման արդյունքում կարող են փոփոխվել կրեդիտի մարմանն ուղղված վճարների կատարման ժամկետները: Նախնական ժամանակացույցի ճշգրտման արդյունքում չեն կարող փոփոխվել կրեդիտի մարմանն ուղղված վճարների թիվը և հաճախականությունը:

 

Հոդված 10.

Կրեդիտավորման պայմանագրի փոփոխությունը

 

1. Կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի պայմանները: Արգելվում է կրեդիտավորման պայմանագրում նախատեսել դրույթ, որով կրեդիտառուն նախապես թույլատրում է կրեդիտավորողին հետագայում միակողմանիորեն փոփոխել կրեդիտավորման պայմանագրի պայմանները:

2. Կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուի համար սահմանելու կրեդիտավորման պայմանագրով նախատեսվածից ավելի ցածր տոկոսադրույք կամ պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ: Այդ մասին կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով ծանուցում է կրեդիտառուին: Կրեդիտավորողի առաջարկած ավելի ցածր տոկոսադրույքը կամ բարենպաստ պայմանները գործում են առանց կրեդիտավորման պայմանագիրը փոփոխելու, եթե կրեդիտառուն ծանուցումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում առաջարկված նոր պայմանների վերաբերյալ իր անհամաձայնության մասին կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով չի ծանուցել կրեդիտավորողին:

3. Կրեդիտի մասնակի վաղաժամկետ մարման արդյունքում սույն օրենքով նախատեսված ժամանակացույցի՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող փոփոխությունը չի համարվում կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագրի միակողմանի փոփոխում:

 

Հոդված 11.

Կրեդիտառուին նախազգուշացնելը

 

1. Կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված հիպոտեկային կրեդիտի հետ կապված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է պարունակի նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նախազգուշացումը պետք է լինի առնվազն գրավոր փաստաթղթում առկա այլ տեքստում կիրառվող տառատեսակի չափ:

 

Հոդված 12.

Տոկոսագումարների հաշվարկը

 

1. Կրեդիտավորման պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքը կիրառվում է կրեդիտի փաստացի մնացորդի նկատմամբ:

2. Տոկոսագումարները, որոնք կրեդիտառուն պարտավոր է վճարել կրեդիտի օգտագործման դիմաց, սկսում են հաշվարկվել կրեդիտի գումարը կրեդիտառուին տրամադրելու օրվանից, իսկ հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) միջոցով կրեդիտի տրամադրման դեպքում` կրեդիտառուի կողմից հաշվի միջոցները փաստացի օգտագործելու օրվանից:

3. Եթե կրեդիտավորողն իրականացնում է և΄ հաստատուն, և΄ լողացող տոկոսադրույքով կրեդիտավորում, ապա նա պարտավոր է առաջարկել կրեդիտառուին ինքնուրույն ընտրել տոկոսադրույքի տեսակը:

4. Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում`

1) կրեդիտի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ.

2) փոփոխված տոկոսադրույքը կիրառվում է կրեդիտի մնացորդի նկատմամբ.

3) փոփոխված տոկոսադրույքը կրեդիտի մնացորդի նկատմամբ կարող է կիրառվել ոչ շուտ, քան կրեդիտառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:

5. Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Անվանական տոկոսադրույքի բարձրացման առավելագույն շեմը չի կարող գերազանցել անվանական տոկոսադրույքի իջեցման առավելագույն շեմը:

6. Եթե կրեդիտավորման պայմանագրով կիրառվում է հաստատուն տոկոսադրույք, որը պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել), ապա կրեդիտավորողը պարտավոր է ապահովել ստորև նշված բոլոր պայմանները միաժամանակ`

1) տոկոսադրույքը չի կարող ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել) կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է հօգուտ կրեդիտառուի: Հօգուտ կրեդիտառուի տոկոսադրույքի ճշգրտումը կրեդիտավորողն իրավունք ունի իրականացնելու ցանկացած պահին և հաճախականությամբ` կրեդիտառուի համաձայնության առկայության դեպքում, և

2) տոկոսադրույքի ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) հիմքում կարող են դրվել միայն կրեդիտավորողի կամքից անկախ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի ցուցանիշները կամ դրանց ընտրության` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները բավարարող ցուցանիշները , և

3) տոկոսադրույքի ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման)` սույն մասի 2-րդ կետի պահանջները բավարարող ցուցանիշները և տոկոսադրույքի ճշգրտման պայմանները պետք է հստակ նշված լինեն կրեդիտավորման պայմանագրում: Ընդ որում, տոկոսադրույքի ճշգրտման ցուցանիշները և ճշգրտման պայմանները պետք է լինեն նույնը և΄ տոկոսադրույքի բարձրացման, և΄ նվազեցման համար, և

4) կրեդիտավորողը պարտավոր է ճշգրտել (բարձրացնել կամ նվազեցնել) տոկոսադրույքը, եթե փոփոխվել են տոկոսադրույքի ճշգրտման հիմքում դրված` կրեդիտավորման պայմանագրում նշված` սույն մասի 2-րդ կետի պահանջները բավարարող ցուցանիշները, և առկա են տոկոսադրույքի ճշգրտման` կրեդիտավորման պայմանագրում նշված պայմանները, և

5) կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավելի կրեդիտի տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ տոկոսադրույքի ճշգրտման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Ընդ որում, տոկոսադրույքի բարձրացման առավելագույն շեմը չի կարող գերազանցել տոկոսադրույքի նվազեցման առավելագույն շեմը:

 

Հոդված 13.

Վաղաժամկետ մարումը

 

1. Կրեդիտառուն իրավունք ունի վաղաժամկետ մարելու կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով: Կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում կրեդիտավորողը պարտավոր է`

1) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան՝ նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` կրեդիտավորման պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը, կրեդիտի տրամադրման և սպասարկման վճարները.

2) կրեդիտառուի ընտրությամբ`

ա. վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը` թողնելով կրեդիտի մարման ժամկետն անփոփոխ, կամ

բ. նվազեցնել վարկի մարման ժամկետը` ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:

2. Լողացող տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորողը չի կարող կրեդիտառուից գանձել որևէ տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքերի: Հաստատուն տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի գումարը կամ դրա մի մասը, վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորողը կարող է կրեդիտառուից գանձել տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել միայն սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերում:

3. Սույն հոդվածով նախատեսված տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ չեն կիրառվում, եթե՝

1) կրեդիտավորման պայմանագրով սահմանվել է, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այդ թվում՝ առաջին երեք տարիների, որևէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում.

2) կրեդիտառուն պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում է այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա կրեդիտի մայր գումարը: Սույն մասի կիրառման նպատակով պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը: Սույն կետում նշված դեպքում կրեդիտառուն իրավունք ունի կրեդիտավորողից պահանջելու, որ վերջինս վերահաշվարկի վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ հաշվարկված և ժամանակացույցի համաձայն վճարման ենթակա տոկոսների գումարները, և կրեդիտառուն այդ պայմանագրային տարվա մնացած ժամանակահատվածում տոկոսներ վճարի վերահաշվարկված չափով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն կետում նշված տոկոսների վերահաշվարկման կարգ:

4. Կրեդիտառուի կողմից`

1) հաստատուն տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարիների ընթացքում վաղաժամկետ մարելու դեպքում`

ա. կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուից պահանջելու վճարել վաղաժամկետ մարված կրեդիտի գումարի վերաներդրման հետ կապված վնասների փոխհատուցում,

բ. կրեդիտառուն իրավունք ունի կրեդիտավորողից պահանջելու համապատասխան չափով նվազեցնել ստացված կրեդիտի հետ կապված իր ապագա ծախսերը, եթե կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի վերաներդրման արդյունքում կրեդիտավորողն ստանում է լրացուցիչ եկամուտներ,

գ. սույն կետով նախատեսված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում կրեդիտավորողը կրեդիտառուին է ներկայացնում սույն կետի «ա» ենթակետով նախատեսված՝ կրեդիտավորողին վճարման ենթակա փոխհատուցման կամ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված՝ կրեդիտառուին վճարման լրացուցիչ եկամուտների հաշվարկի ու չափի մասին համաձայնագիր: Համաձայնագիրն ստորագրում են կրեդիտառուն և կրեդիտավորողը: Համաձայնագիրն ստորագրելուց հետո կրեդիտավորողը դրանում կատարված հաշվարկների, վճարման ենթակա փոխհատուցման կամ լրացուցիչ եկամուտների չափի համար պատասխանատվություն չի կրում.

2) ցանկացած տեսակի տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի դեպքում կրեդիտավորողն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված չափից ավելի վաղաժամկետ մարված գումարի համար կրեդիտառուից գանձելու միանվագ տուգանք` հետևյալ չափերով.

ա. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,

բ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,

գ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում.

3) սույն մասի 1-ին կետին համապատասխան՝ կրեդիտավորողին վճարվող վնասների փոխհատուցման չափը կամ կրեդիտառուի համար կրեդիտի հետ կապված ապագա ծախսերի նվազեցման չափը չի կարող`

ա. գերազանցել կրած վնասների կամ ստացված եկամուտների չափը,

բ. գերազանցել կրեդիտի` սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված չափից ավելի վաղաժամկետ մարված գումարի 3 տոկոսը, և

գ. հաշվարկվել ավելի, քան կրեդիտի գումարի վաղաժամկետ մարման օրվանից մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարվա լրանալն ընկած ժամանակահատվածի համար:

5. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է`

1) կրեդիտի վաղաժամկետ մարված գումարների վերաներդրման հետ կապված վնասի կամ եկամտի չափը որոշելու մեթոդաբանությունը.

2) ուղենիշային տոկոսադրույքը, որը հիմք է հանդիսանում սույն մասի 1-ին կետում նշված վնասների, եկամուտների և ծախսերի որոշման համար:

6. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրի կնքման առաջարկում հստակ նշել, թե արդյոք կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու համար գանձվելու է տույժ կամ այլ վճար, թե ոչ, և կրեդիտառուին առաջարկել ինքնուրույն ընտրել իր համար նախընտրելի տարբերակը: Եթե կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորման պայմանագրով պետք է սահմանվի տույժ կամ այլ վճար, ապա այդ պայմանագրով տրամադրվող կրեդիտի տոկոսադրույքը պետք է լինի ավելի ցածր այն տոկոսադրույքի համեմատ, որը կկիրառվեր, եթե վաղաժամկետ մարման համար տույժ կամ այլ վճար սահմանված չլիներ:

7. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի կողմից կրեդիտի մարմանն ուղղված` հերթական մարումից ավելի կատարված վճարումներն ուղղել կրեդիտի մնացորդի գումարի մարմանը, եթե կրեդիտառուի կողմից գրավոր այլ կարգադրություն (կամ վճարման հանձնարարական) չի ստացել:

Եթե կրեդիտառուի կողմից կրեդիտի մարմանն ուղղված` հերթական մարումից ավելի կատարված վճարումները կրեդիտի մայր գումարի մարմանն ուղղելու արդյունքում կրեդիտառուն կենթարկվի կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տույժի և (կամ) տուգանքի, ապա հերթական մարումից ավելի կատարված վճարումները կրեդիտավորողը կարող է ուղղել կրեդիտի գումարի մարմանը միայն կրեդիտառուի համաձայնությամբ:

8. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է կրեդիտի գումարի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորողի կողմից կրեդիտի մարման նոր ժամանակացույց կազմելու կարգը, ժամկետները և նոր ժամանակացույցը կրեդիտառուին տրամադրելու կարգը:

9. Հերթական մարումներից ավելի գումարների վճարման դեպքում կրեդիտավորողը կրեդիտառուին անվճար տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված քաղվածքը, ինչպես նաև կրեդիտառուի և կրեդիտավորողի հաստատած ճշգրտված կրեդիտի մարման ժամանակացույցի բնօրինակը:

 

Հոդված 14.

Օժանդակ ծառայությունները

 

1. Կրեդիտավորողը չի կարող իր կամ այլ անձանց կողմից մատուցվող օժանդակ ծառայություններից օգտվելը դարձնել կրեդիտավորման պայմանագիր կնքելու նախապայման, բացառությամբ ապահովագրության և (կամ) գույքի գնահատման ծառայությունների: Սույն օրենքի իմաստով օժանդակ չեն համարվում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նոտարների կողմից մատուցվող ծառայությունները:

2. Կրեդիտավորողը կարող է կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորել Կենտրոնական բանկի լիցենզավորած առանձին ապահովագրողների ծառայություններից օգտվելով` պայմանով, որ կրեդիտավորողի համար ընդունելի ապահովագրողների ցանկը ներառի ոչ պակաս, քան երեք ապահովագրողի, որոնցից առնվազն երկուսը պետք է կապված չլինեն կրեդիտավորողի հետ: Կրեդիտավորողը պարտավոր է հնարավորություն ընձեռել, որ կրեդիտառուն կրեդիտավորողին առաջարկի օգտվել կրեդիտառուի համար ընդունելի ապահովագրողի ծառայություններից:

3. Կրեդիտավորողը կարող է կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորել առանձին գնահատողների ծառայություններից օգտվելով` պայմանով, որ՝

1) կրեդիտավորողի համար ընդունելի գնահատողների ցանկը ներառի ոչ պակաս, քան չորս գնահատողի.

2) կրեդիտավորողի համար ընդունելի գնահատողների ցանկում կարող են ներառվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած՝ անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկում ընդգրկված անշարժ գույքի գնահատողներ.

3) կրեդիտավորողի համար ընդունելի առնվազն չորս գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ և (կամ) կրեդիտավորողի հետ և (կամ) կրեդիտավորողի ղեկավարների հետ.

4) կրեդիտավորողը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և բավարար քայլերը՝ պարզելու և բացահայտելու համար ընդունելի գնահատողների փոխկապակցվածությունը միմյանց, ինչպես նաև իր և իր ղեկավարների հետ: Փոխկապակցվածություն կամ շահագրգռվածություն բացահայտելու դեպքում բացառել համագործակցությունը տվյալ գնահատողի հետ.

5) կրեդիտավորողի և ընդունելի գնահատողի միջև կնքվող պայմանագրով պետք է սահմանվի դրույթ առ այն, որ գնահատողը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար քայլերը՝ պարզելու և բացահայտելու համար գնահատողի կամ նրա աշխատակիցների շահագրգռվածությունը և (կամ) ազդեցությունը գնահատման արդյունքների վրա.

6) կրեդիտավորողը չպետք է հաճախորդին ուղղորդի կամ ծառայության մատուցումը պայմանավորի ընդունելի գնահատողների ցանկից որևէ գնահատողի ծառայություններից օգտվելով:

4. Կրեդիտավորողը պարտավոր է առնվազն տարին մեկ վերանայել իր կողմից ընդունելի ապահովագրողների և գնահատողների ցանկը:

5. Կրեդիտավորողի հետ կապված անձինք են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ բանկի հետ կապված անձինք:

 

Հոդված 15.

Երաշխավորություն տված անձի պաշտպանությունը

 

1. Այն դեպքում, երբ կրեդիտառուի պարտավորությունների կատարման համար երաշխավորություն է տվել ֆիզիկական անձ, երաշխավորության պայմանագիրը պետք է առնվազն պարունակի կրեդիտավորման պայմանագրում առկա տեղեկությունները, կամ երաշխավորություն տված անձին պետք է տրամադրվի կրեդիտավորման պայմանագրի պատճենը:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կրեդիտավորման պայմանագրով երաշխավոր հանդիսացող ֆիզիկական անձանց՝ կրեդիտավորողի կողմից պարտադիր տրամադրման ենթակա տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, այդ տեղեկությունների ձևաչափերը, պարտադիր կիրառման ենթակա տեքստեր, օրինակելի տարբերակներ և (կամ) այդ տեղեկությունների տրամադրման կարգը և պայմանները:

3. Կրեդիտավորողը պարտավոր է մինչև երաշխավորության պայմանագրի կնքումը՝ դրանից առնվազն երեք օր առաջ, այդ պայմանագրի նախագիծը տրամադրել երաշխավորին: Կրեդիտավորողն իրավունք ունի երաշխավորի ստորագրմանը ներկայացնելու միայն երաշխավորության այն պայմանագրի նախագիծը, որը սույն մասով սահմանված ժամկետում տրամադրվել է երաշխավորին: Եթե երաշխավորին տրամադրված երաշխավորության պայմանագրի նախագծում ոչ երաշխավորի նախաձեռնությամբ կատարվել է որևէ փոփոխություն, ապա երաշխավորության պայմանագրի փոփոխված տարբերակը ևս պետք է ներկայացվի երաշխավորին` այդ պայմանագիրը կնքելուց առնվազն երեք օր առաջ:

 

Հոդված 16.

Կրեդիտառուների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը

 

1. Կրեդիտառուների՝ սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ արբիտրաժային կարգով, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

2. Եթե կրեդիտավորման պայմանագրի առնչությամբ կրեդիտավորողի և կրեդիտառուի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի համար բացահայտել կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն:

3. Կրեդիտառուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության նվազագույն պահանջներ և (կամ) օրինակելի ձև:

4. Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորելու արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

 

Հոդված 17.

Կրեդիտավորողի պատասխանատվությունը

 

1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կրեդիտավորողի նկատմամբ նշանակում է տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք՝ երեք հարյուր հազար դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 18.

Կրեդիտավորողի պատասխանատվությունը կրեդիտառուի առջև

 

1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է կրեդիտառուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, այդ թվում` եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտառուն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի բռնագանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) կրեդիտավորողը ձեռնարկել է կրեդիտառուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է կրեդիտառուի իրավունքի խախտումը, և

2) կրեդիտառուի իրավունքի խախտման հետևանքով կրեդիտառուն փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:

Սույն հոդվածով նախատեսված՝ կրեդիտառուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` կրեդիտառուի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

2. Եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտավորողն իր նախաձեռնությամբ կամ կրեդիտառուի պահանջով պարտավոր է կրեդիտավորման պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պահանջներին՝ խախտումը հայտնաբերելու կամ կրեդիտառուի պահանջը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխանեցնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է կրեդիտավորողը:

 

Հոդված 19.

Օրենքի պահանջներին չհամապատասխանող կրեդիտավորման պայմանագրի կնքման հետևանքները

 

1. Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և (կամ) 7-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով անվավեր չի համարվում:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ կետերի և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-7-րդ կետերի պահանջները չեն համարվում կրեդիտավորման պայմանագրի էական պայման, և այդ պահանջներով սահմանված տեղեկությունները կրեդիտավորման պայմանագրում չներառելու հետևանքով կրեդիտավորման պայմանագիրը չի կարող ճանաչվել չկնքված:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված հոդվածներով պահանջվող տեղեկությունները կրեդիտավորման պայմանագրում չներառելը համարվում է կրեդիտառուի իրավունքի խախտում և հիմք է հանդիսանում սույն օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներում նշված պատասխանատվության միջոցները կիրառելու համար:

 

Հոդված 20.

Վերահսկողությունը սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ

 

1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 21.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսից:

2. Սույն օրենքը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) երբ կա կողմերի փոխադարձ համաձայնությունը կրեդիտի պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքին, կամ

2) կրեդիտառուի պահանջով, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պայմաններից թեկուզև մեկը փոփոխվում է:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջ կրեդիտավորման պայմանագիրը պետք է համապատասխանեցվի սույն օրենքի պահանջներին:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրառման նպատակով կրեդիտավորման պայմանագրի պայմանի փոփոխություն չի համարվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրով կրեդիտավորողի իրավունքներն այլ կրեդիտավորողին զիջելը:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի հիման վրա տրամադրված կրեդիտի ապահովման միջոց հանդիսացող` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գույքը կարող է դառնալ հաջորդող գրավի առարկա` հաջորդող գրավի պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուի կողմից հաջորդող գրավառուին ներկայացնելու պահի դրությամբ գործող օրենսդրությանը համապատասխան:

6. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները տարածվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա՝ կրեդիտառուի համաձայնությամբ ավելի ցածր տոկոսադրույք կամ պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ սահմանելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ս. Սարգսյան

2017 թ. նոյեմբերի 13

Երևան
ՀՕ-182-Ն