Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.04.2017-01.01.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ.230
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 8-ին
 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կիրառման ոլորտը

 

1. Սույն օրենքով`

1) սահմանվում են արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի բովանդակության, մշակման կարգի, հրապարակման ու կիրառման նկատմամբ ընդհանուր պահանջներ, որոնք ուղղված են արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը.

2) կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում իրականացվող գործունեության հարաբերությունները.

3) սահմանվում են սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացին մասնակից կառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները:

2. Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո:

3. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների վրա:

4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

(1-ին հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն, 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) տեխնիկական կանոնակարգում` գործունեության տեսակների ամբողջություն, որով սահմանվում են արտադրանքի կամ արտադրանքի և դրա հետ կապված գործընթացների նկատմամբ հիմնական պահանջներ, այդ թվում` իրացման պայմաններ, ինչպես նաև շուկայահանման կանոններ և համապատասխանության գնահատման ընթացակարգեր.

2) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ.

3) սահմանված պահանջներ` տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման փաստաթղթերով և տեխնիկական մասնագրերով սահմանված պահանջներ.

4) այլ պահանջներ` ցանկացած պահանջներ (բացառությամբ տեխնիկական մասնագրերի), որոնք սահմանվում են արտադրանքի նկատմամբ, մասնավորապես` սպառողների կամ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված, ինչպես նաև ազդում են արտադրանքի շուկայահանումից հետո դրա հետագա ընթացքի վրա, ինչպիսիք են օգտագործման, կրկնակի օգտագործման կամ ոչնչացման պայմանները, եթե այդ պայմանները կարող են էապես ազդել արտադրանքի բաղադրության, բնույթի կամ վաճառքի վրա.

4.1) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական նորմեր` պարտադիր կատարման համար պահանջներ և ընթացակարգեր, որոնք սահմանվում են վնասակար օրգանիզմների, հիվանդությունների, հիվանդություններ փոխանցողների կամ հիվանդածին օրգանիզմների ներթափանցման, ամրապնդման կամ տարածման հետ կապված, այդ թվում` կենդանիների և (կամ) բույսերի կողմից, արտադրանքի, բեռների, նյութերի, տրանսպորտային միջոցների, հավելումների, այդ թվում` սննդամթերքի կամ կերերի հետ աղտոտիչ նյութերի, տոքսինների, վնասատուների, մոլախոտերի, հիվանդածին օրգանիզմների փոխանցման և տարածման հետ կապված առաջացող ռիսկերից պաշտպանելու նպատակով, ինչպես նաև պարտադիր կատարման և կիրառման համար պահանջներ և ընթացակարգեր վնասակար օրգանիզմների տարածման հետ կապված այլ վնասները կանխելու նպատակով.

5) տեխնիկական մասնագրեր (առանձնահատկություն)` փաստաթղթում առկա պայմաններ, որոնցով սահմանվում են արտադրանքի պահանջվող բնութագրերը (այդ թվում՝ որակի մակարդակը, կատարողականը, անվտանգությունը կամ չափերը, ներառյալ` արտադրանքի նկատմամբ կիրառվող պահանջները), ինչպես նաև պահանջները տերմինաբանության, փորձարկումների և փորձարկման մեթոդների, փաթեթավորման, մակնշման, պիտակավորման և համապատասխանության գնահատման ընթացակարգերի վերաբերյալ: Տեխնիկական մասնագրերում ընդգրկվում են նաև արտադրանքի արտադրության մեթոդները և գործընթացները.

6) արտադրանք` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում` կենդանական և բուսական ծագում ունեցող արտադրանք: Արտադրանք են համարվում նաև սպառման համար մատակարարվող էլեկտրական և ջերմային էներգիան, բնական և հեղուկ գազը, ջուրը, քաղաքաշինության բնագավառի շենքերը և շինությունները և դրանց հետ կապված գործընթացները.

 6.1) արտադրանքի նույնականացում` գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը որոշակի տեխնիկական կանոնակարգին (կանոնակարգերին), և սահմանվում է այդ արտադրանքի համապատասխանությունը այդ արտադրանքի տեխնիկական փաստաթղթերին.

6.2) արտադրանքի խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի (արտադրողի լիազոր ներկայացուցչի, դիստրիբյուտորի, ներմուծողի) կողմից արտադրության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.

6.3) արտադրանքի խմբաքանակի նույնականացում` ազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը տվյալ խմբաքանակին.

7) արտադրող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը նախագծում և (կամ) արտադրում է որևէ արտադրանք կամ ունի նախագծված և (կամ) արտադրված արտադրանք` սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով.

8) ներմուծող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում և իրականացնում է արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք շուկայահանման նպատակով.

9) արտադրողի լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն արտադրողի կողմից ստացել է իր անունից գործելու և սահմանված պարտավորությունների շրջանակներում խնդիրները լուծելու գրավոր թույլտվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

10) դիստրիբյուտոր` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն.

11) որակ` արտադրանքի բնութագրերի ամբողջություն, որը վերաբերում է դրա հատկությանը` բավարարելու իր նշանակությանը համապատասխանող` սահմանված կամ ենթադրվող պահանջները.

12) արտադրանքի շուկայահանում (շուկայում հասանելի դարձնելը)` գործողություն, որն ուղղված է շուկայում նոր արտադրանքի առկայության ապահովմանը, նաև պահպանմանը` տարածման, արտադրանքի վճարովի կամ անհատույց փոխանցման նպատակով.

12.1) արտադրանքի շրջանառության դուրսբերում (այդ թվում` իրացում)` ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրանքի տարածման նպատակով առաքում կամ ներմուծում (այդ թվում` արտադրանքը պահեստից բաց թողնելը կամ առանց պահեստավորման առաքելը) Հայաստանի Հանրապետության տարածքում.

13) համապատասխանության գնահատում` արտադրանքին, արտադրանքի հետ կապված գործընթացին, համակարգին, անձին կամ մարմին ներկայացվող սահմանված պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, սերտիֆիկացմամբ, տեխնիկական հսկողությամբ, գրանցմամբ և (կամ) օրենսդրությամբ սահմանված այլ ձևով.

13.1) պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում` համապատասխանության գնահատման ձև, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված իրավասու և (կամ) համապատասխանության գնահատման նշանակված մարմինները` գրանցման մասին վկայականի տրամադրման միջոցով.

14) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որը համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում` տրամաչափարկում, փորձարկում, սերտիֆիկացում և տեխնիկական հսկողություն.

15) համապատասխանության հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված փաստաթուղթ, որով արտադրողը (արտադրողի լիազոր ներկայացուցիչը, դիստրիբյուտորը) հավաստում (փաստում) է արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.

16) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է (փաստում է) արտադրանքի, անձանց և կառավարման համակարգերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի և (կամ) ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին.

17) համապատասխանության գնահատման ընթացակարգ` համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջություն, որոնք դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց.

18) երրորդ կողմ` տվյալ արտադրանքի շահագրգիռ կողմերից (արտադրող, վաճառող, արտադրանք սպառող) որպես անկախ ճանաչված կազմակերպություն կամ անձ, որն իրականացնում է համապատասխանության գնահատում.

19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերով և (կամ) միջազգային և (կամ) ազգային ստանդարտներով սահմանված պահանջների կատարման ապահովումը.

20) համապատասխանության գնահատման նշանակված մարմին (այսուհետ` նշանակված մարմին)` մարմին, որը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում.

21) համապատասխանության կանխավարկած` հավաստի համարվող ենթադրություն, որ արտադրանքը և (կամ) դրա հետ կապված գործընթացները համապատասխանում են կիրառվող տեխնիկական կանոնակարգերով և (կամ) փոխկապակցված և ներդաշնակեցված եվրոպական ստանդարտներով սահմանված պահանջներին, մինչև չի ապացուցվել հակառակը.

21.1) էտալոնային լաբորատորիա` էտալոնային մեթոդիկայի կիրառմամբ, չափումների որոշակի բնագավառում միջազգային մակարդակով հետևելի` մեծության հենակետային նշանակություն տրամադրող լաբորատորիա.

22) կանոնակարգվող ոլորտ` տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար հրապարակվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր շուկայահանման և (կամ) դրանց օգտագործման պայմանների մասին.

23) կանոնակարգող մարմին` պետական կառավարման մարմին, որն իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ մշակման կազմակերպման համար.

24) համակարգող մարմին` կանոնակարգող մարմին, որն իր իրավասության սահմաններում համակարգում է տեխնիկական կանոնակարգման բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

25) նշանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահում.

26) ռիսկ` որոշակի ժամանակահատվածի ընթացքում արտադրանքի բացասական ազդեցության հետևանքների ի հայտ գալու հնարավորություն և տարածման հնարավոր ծավալներ.

27) փոխկապակցված ստանդարտ` ազգային ստանդարտ, որի կատարումից բխում է կանոնակարգվող ոլորտի արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված հիմնական պահանջների կանխավարկածը.

28) ներդաշնակեցված եվրոպական ստանդարտ` Եվրահանձնաժողովի մանդատի ներքո մշակված և եվրոպական ստանդարտացման կազմակերպության կողմից ընդունված եվրոպական ստանդարտ, որի հերթական համարը և դիրեկտիվին հղումը հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում` սահմանելով պահանջ, որի կատարումը պարտադիր չէ.

29) հավասար բարենպաստության ռեժիմ` ռեժիմ, որը գործում է ներմուծված ապրանքների համար և ոչ պակաս բարենպաստ է, քան նմանատիպ հայրենական ապրանքի համար գործող ռեժիմը.

30) «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ»՝ արտադրանքը կամ արտադրանքը և արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացները.

31) պետական վերահսկողություն` վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանը և վերացմանը:

(2-րդ հոդվածը խմբ., փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն, խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 3.

Տեխնիկական կանոնակարգման նպատակները և սկզբունքները

 

1. Սույն օրենքը նպատակաուղղված է`

1) մարդու առողջության և անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը.

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին.

3) միջազգային առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը:

2. Հայաստանի Հանրապետությունում շուկայում հասանելի դարձած տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է:

3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

1) տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առևտուրն ավելի, քան անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հասնելու համար.

2) տեխնիկական կանոնակարգերը պետք է փոփոխվեն կամ ուժը կորցրած ճանաչվեն, եթե դրանց ընդունումը խթանող պատճառները կամ հանգամանքներն այլևս գոյություն չունեն, կամ եթե փոփոխված հանգամանքները թույլ են տալիս ձեռնարկել առևտուրն առավել քիչ սահմանափակող միջոցներ:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 4.

Տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

(4-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 5.

Միջազգային պայմանագրերը

 

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

 

Հոդված 6.

Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերի ընդհանուր սկզբունքները

 

1. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը մշակվում են առևտրում ավելորդ խոչընդոտներ չստեղծելու կամ դրանց ստեղծմանը չհանգեցնելու, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության, մարդու առողջության և անվտանգության պահպանության, շրջակա միջավայրի պահպանության, ազգային անվտանգության ապահովման սկզբունքով:

2. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում` համապատասխանության գնահատման ընթացակարգերը պետք է մշակվեն միջազգային տարածաշրջանային (միջպետական) և եվրոպական ստանդարտների հիման վրա (բացառությամբ, երբ դրանք անարդյունավետ կամ անհամապատասխան են` հաշվի առնելով պաշտպանվածության (պաշտպանության) ոչ բավարար մակարդակը կամ պետության հիմնական կլիմայական, աշխարհագրական պայմանները, տեխնիկական խնդիրներն ու պայմանները), սույն կետում նշված ստանդարտների բացակայության դեպքում` ազգային ստանդարտների հիման վրա:

3. Տեխնիկական կանոնակարգերը պետք է լինեն հստակ, ճշգրիտ և ունենան կառուցվածքային միասնականություն, իսկ պահանջները հնարավորության սահմաններում պետք է վերաբերեն ոչ թե արտադրանքի կառուցվածքին կամ նկարագրությանը, այլ բնութագրերին:

3.1. Շրջանառության մեջ գտնվող արտադրանքի համապատասխանության գնահատումը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ իրականացվում է մինչև տվյալ արտադրանքի շրջանառության դուրսբերումը:

4. Տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի նախագծերի վերաբերյալ ազգային կամ միջազգային բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները քննարկում է տեխնիկական կանոնակարգեր կամ համապատասխանության գնահատման ընթացակարգեր մշակող համապատասխան աշխատանքային խումբը:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

 

Հոդված 7.

Տեխնիկական կանոնակարգերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են արտադրանքի (գործընթացների) վերաբերյալ տեխնիկական պահանջները և, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը, պիտակավորմանը և սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմերին, արտադրանքի գրանցմանը ներկայացվող պահանջները:

2. Տեխնիկական կանոնակարգերի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են`

1) տեխնիկական կանոնակարգերը առևտրի վրա չպետք է թողնեն առավել սահմանափակող ազդեցություն, քան դա անհրաժեշտ է հետևյալ նպատակների իրականացման համար`

ա. ազգային անվտանգության ապահովում,

բ. մարդու կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանություն,

գ. նյութական արժեքների պահպանում,

դ. կենդանական և բուսական աշխարհի պահպանություն,

ե. շրջակա միջավայրի պահպանություն,

զ. բնական և էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործում, էներգախնայողության և էներգաարդյունավետության կիրառում,

է. արտադրանքի անվտանգությանը, որակին, բաղադրությանը, ծագմանը, նշանակությանը վերաբերող հարցերում սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների մասին նախազգուշացում.

2) տեխնիկական կանոնակարգերը պետք է`

ա. այն երկրներից ներմուծված արտադրանքի համար, որոնց հետ առկա են համապատասխան պայմանագրեր, ապահովեն ոչ պակաս բարենպաստության ռեժիմ, քան տրամադրվում է նմանատիպ հայրենական արտադրանքի համար,

բ. մշակվեն և կիրառվեն այնպես, որ չստեղծեն տեխնիկական խոչընդոտներ այն երկրների հետ առևտրում, որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր,

գ. մշակվեն գիտական տվյալների հիման վրա.

3) տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել հետևյալ տարրերը`

ա. կանոնակարգվող ոլորտի սահմանում` նկարագրվում է արտադրանքը կամ արտադրանքի խումբը, որին վերաբերում են համապատասխան տեխնիկական կանոնակարգը, ռիսկերի տեսակները, որոնք անհրաժեշտ է բացառել, անհրաժեշտության դեպքում նաև` արտադրանք կամ արտադրանքի խումբ, որի վրա չեն տարածվում տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները,

բ. կանոնակարգվող ոլորտի համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ արտադրանքի խմբեր` սահմանվում է արտադրանքը, որը ենթակա է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման,

գ. կանոնակարգվող ոլորտի արտադրանք կամ արտադրանքի խմբեր, որոնք ենթակա չեն համապատասխանության գնահատման` նշվում է այն արտադրանքը, որը ենթակա չէ տվյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման,

դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող հիմնական պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին դրանց շուկայահանման նպատակով: Հիմնական պահանջները տեխնիկական կանոնակարգերի հիմնական մասերից են: Այն դեպքում, երբ արտադրանքն արտադրվել է չփոխկապակցված ստանդարտների հիման վրա, այն ենթակա է համապատասխանության գնահատման երրորդ կողմի միջոցով,

ե. համապատասխանության գնահատման ընթացակարգեր` կանոնակարգվող ոլորտի արտադրանքի համար (նախատեսված լինելու դեպքում) նշվում են մեկ կամ մի քանի համապատասխանության գնահատման համահավասար ընթացակարգեր,

զ. համապատասխանության ազգային նշանի կիրառման կանոններ, որոնք սահմանվում են գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների համաձայն,

է. չափումների միասնականության ապահովմանը ներկայացվող պահանջներ` անհրաժեշտության դեպքում նշվում են կիրառվող չափանմուշները, չափման միջոցները, նյութերը, չափումներ իրականացնելու ձևերը` չափումների սխալանքի հետ միասին և այլն,

ը. կանոնակարգվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող պահանջներ, այդ թվում` հատուկ պահանջներ, որոնք սահմանված են կանոնակարգող մարմնի կողմից,

թ. սերտիֆիկացվող արտադրանքի պարբերական գնահատման հաճախականությունը կամ հաճախականության որոշման չափանիշներ, համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի գործողության ժամկետի կասեցման կամ դրանց ուժը կորցրած ճանաչելու մասին չափանիշներ,

ժ. շուկայի վերահսկողության մարմինների կողմից իրականացվող միջոցառումներ` սահմանված պահանջներին արտադրանքի մեկ կամ մի քանի տեսակի անհամապատասխանության հայտնաբերման և վտանգավոր լինելու դեպքում:

Տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել նաև այլ տարրեր:

4) սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանությունը.

ա. տեխնիկական կանոնակարգերը սահմանում են նաև կենսաբանական անվտանգությունն ապահովող (արտադրողի կողմից օգտագործված անվտանգության ապահովման եղանակներից անկախ) նվազագույն անհրաժեշտ սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, առանձին երկրներից և (կամ) վայրերից ծագած ապրանքների հանդեպ, այդ թվում` ներմուծման, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման և վերամշակման սահմանափակումներ,

բ. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերով կարող են նախատեսվել արտադրանքի, նրա մշակման մեթոդների և արտադրության, արտադրանքի փորձարկման ընթացակարգերի, վերահսկողության, համապատասխանության հավաստման հանդեպ պահանջներ, կարանտինային կանոններ, այդ թվում` կենդանիների և բույսերի փոխադրման հետ կապված պահանջներ, որոնք անհրաժեշտ են կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության ապահովման համար դրանց փոխադրման ժամանակ, ինչպես նաև նմուշների ընտրության մեթոդներ և ընթացակարգեր, հետազոտությունների և ռիսկի գնահատման մեթոդներ և տեխնիկական կանոնակարգերում ընդգրկված այլ պահանջներ,

գ. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերը մշակվում և կիրառվում են գիտական տվյալների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները, ուղեցույցները և միջազգային կազմակերպությունների այլ փաստաթղթեր սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի պահպանության անհրաժեշտ մակարդակը պահպանելու նպատակով, որը որոշվում է` հաշվի առնելով փաստացի գիտականորեն հիմնավորված ռիսկի աստիճանը: Ռիսկի աստիճանի գնահատման ժամանակ ուշադրություն է դարձվում միջազգային կազմակերպությունների միջազգային ստանդարտներին, ուղեցույցների դրույթներին, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, հիվանդությունների և վնասատուների տարածմանը, ինչպես նաև հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարում մատակարարների կողմից կիրառվող միջոցներին, բնապահպանական պայմաններին, հնարավոր վնասների հետ կապված տնտեսական հետևանքներին, վնասը կանխելու համար ծախսերի չափերին,

դ. այն դեպքում, երբ սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի անհետաձգելի կիրառումը հիմնավորված է և անհրաժեշտ է սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերի պահպանության նպատակներին հասնելու համար, իսկ համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ կամ չի կարող ձեռք բերվել անհրաժեշտ ժամկետներում, արտադրանքի որոշակի տեսակների համար տեխնիկական կանոնակարգերով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական նորմերը կարող են կիրառվել առկա տեղեկատվության հիման վրա, ներառյալ` համապատասխան միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների իշխանություններից համապատասխան միջոցների կիրառման մասին ստացված տեղեկատվությունը,

ե. սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումները պետք է կիրառվեն` հաշվի առնելով համապատասխան տնտեսական գործոնները` արտադրության ծավալի կամ իրացման կրճատումից հնարավոր վնասը որևէ վնասակարի կամ հիվանդության ներթափանցման, ամրապնդման կամ տարածման դեպքում, դրանց դեմ պայքարելու կամ դրանք վերացնելու ծախսերը, ռիսկերը սահմանափակելու այլընտրանքային միջոցների արդյունավետությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի, արտադրանքի արտադրության և շրջանառության վրա վնասատուների կամ հիվանդությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը.

5) արտադրանքի գրանցման ապահովումը:

2.1. Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կանոնակարգող մարմինների ցանկը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Համապատասխանության հայտարարագրում նախատեսվող տեխնիկական կանոնակարգը պետք է ներառի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգ և համապատասխանության հայտարարագրի պահպանման ժամկետ:

5. Ազգային ստանդարտների ցանկը, որոնք կամավոր կիրառման դեպքում արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության կանխավարկածի ապացույց են, հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմինը` համակարգող մարմնի հանձնարարությամբ:

(7-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն, լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 8.

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները տեխնիկական կանոնակարգման ոլորտում

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող պետական կանոնակարգող (այսուհետ` համակարգող մարմին) և այլ պետական կանոնակարգող մարմինների (այսուհետ` կանոնակարգող մարմին) գործունեությունը.

2) սահմանում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմին.

3) հաստատում է`

ա. այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք օրենքով չեն սահմանվում,

բ. (ենթակետն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-74-Ն)

4) կնքում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման և օտարերկրյա ու ազգային տեխնիկական կանոնակարգերի համարժեքության միջազգային պայմանագրերը.

5) սահմանում է համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.

5.1) սահմանում է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 9.

Համակարգող մարմնի լիազորությունները

 

1. Համակարգող մարմինն իր իրավասության սահմաններում`

1) ապահովում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) համակարգում է տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքները.

3) իր իրավասության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով մշակում և (կամ) կազմակերպում է տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

4) (կետն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-74-Ն)

5) վարում է գործող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանը.

6) սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի նախագծերը.

7) նշանակում է համապատասխանության գնահատման մարմինների և համապատասխանության պարբերական գնահատման արդյունքում, սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում, որոշում է ընդունում նշանակումը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ.

8) վարում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը.

9) իրականացնում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների վերաբերյալ ծանուցում.

10) հաստատում է համապատասխանության գնահատման նշանակման համար սահմանված փաստաթղթերի ձևերը, համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը.

11) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

12) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողություն.

12.1) սահմանում է համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.

12.2) հաստատում է՝

ա. փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու համար նախատեսված հայտի ձևը,

բ. էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձևը.

13) իրականացնում է այս ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 10.

Կանոնակարգող մարմինների լիազորությունները

 

1. Կանոնակարգող մարմինները`

1) իրենց իրավասության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով մշակում և (կամ) կազմակերպում են տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

2) ձևավորում են փորձագետների աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային խմբեր) տեխնիկական կանոնակարգերի մշակման և վերանայման համար.

3) տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ կամ վերանայմամբ զբաղվող աշխատանքային խմբերում ընդգրկելու համար ընտրում են իրենց ներկայացուցիչներին.

4) առաջարկներ են ներկայացնում համապատասխանության գնահատման մարմինների նշանակման համար.

5) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն:

(10-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 11.

Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդը

(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 12.

Տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբերը

 

1. Համակարգող և կանոնակարգող մարմինները, որոնց համապատասխան օրենսդրությամբ լիազորված է տեխնիկական կանոնակարգերի մշակումը և (կամ) դրանց մշակման կազմակերպումը, ստեղծում են աշխատանքային խմբեր:

2. Այն մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու աշխատանքային խմբերի աշխատանքներին և ունեն համապատասխան որակավորում, հրավիրվում են աշխատելու որպես փորձագետ` պայմանագրային հիմունքներով:

3. Կանոնակարգող համապատասխան մարմիններն իրենց կամ իրենց ենթակա կազմակերպությունների աշխատակազմի անդամներից մեկին նշանակում են աշխատանքային խմբի քարտուղար:

 

Հոդված 13.

Տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախապատրաստումը

(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 14.

Տեխնիկական կանոնակարգերում ազգային ստանդարտներին հղում կատարելը

 

1. Կանոնակարգող մարմինները տեխնիկական կանոնակարգերի մշակման համար որպես հիմք օգտագործում են միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտները և կարող են`

1) տեխնիկական կանոնակարգերում ամբողջովին կամ մասամբ ներառել միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտների տեքստերը.

2) տեխնիկական կանոնակարգերի տեքստում տալ ուղղակի հղումներ ազգային ստանդարտներին` հիմնավորելու, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանության հասնելու ուղին նշված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է.

3) տալ տեխնիկական կանոնակարգերի տեքստում ազգային ստանդարտների անուղղակի հղումներ` հիմնավորելու, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանության հասնելու ուղիներից մեկը փոխկապակցված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է:

2. Փոխկապակցված կամավոր կիրառման ստանդարտների պահանջներին համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության կանխավարկածի ապացույց է:

3. Տեխնիկական կանոնակարգերը ներառում են (անհրաժեշտության դեպքում) հղումներ ազգային, ինչպես նաև ազգային մակարդակում կիրառվող միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտներին, որոնք ապահովում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված հիմնական պահանջներին համապատասխանության կանխավարկածը:

 

Հոդված 15.

Տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

 

1. Տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման աշխատանքներից հետո համապատասխան կանոնակարգող մարմինն իր պաշտոնական կայքում կամ զանգվածային տեղեկատվության միջոցներով օրենքներով սահմանված կարգով հրապարակում է տեղեկատվություն` շահագրգիռ կողմերին հնարավորություն տալով կարծիք ներկայացնելու նախագծի վերաբերյալ, նշելով կարծիքի ներկայացման վերջնաժամկետն ու հասցեն:

 

Հոդված 16.

Տեխնիկական կանոնակարգի նախագծի ընդունումը կամ ընդունման մերժումը

 

1. Աշխատանքային խումբը տեխնիկական կանոնակարգի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնում է համապատասխան կանոնակարգող մարմին, որն իր հերթին այն համաձայնեցնում է շահագրգիռ այլ մարմինների հետ:

2. Կանոնակարգող մարմինը տեխնիկական կանոնակարգի համաձայնեցված նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` համապատասխան որոշում կայացնելու համար:

3. Կանոնակարգող մարմինների միջև էական տարաձայնությունների առկայության դեպքում ևս տեխնիկական կանոնակարգի նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն էլ, անհրաժեշտության դեպքում ընդունում է որոշում տվյալ տեխնիկական կանոնակարգի ընդունման կամ մերժման մասին:

(16-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 17.

Տեխնիկական կանոնակարգերի ուժի մեջ մտնելը

 

1. Տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից առնվազն 6 ամիս հետո, բացառությամբ անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի:

 

Հոդված 18.

Տեխնիկական կանոնակարգի ընդունման անհետաձգելի անհրաժեշտությունը

 

1. Պաշտպանության, առողջապահության, ազգային անվտանգության, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների պահպանության բնագավառներում հանգամանքների բերումով տեխնիկական կանոնակարգի անհապաղ մշակման կամ ընդունման պահանջի դեպքում համապատասխան ոլորտը կանոնակարգող մարմինը մշակում է տեխնիկական կանոնակարգի նախագիծ (այսուհետ` անհետաձգելի տեխնիկական կանոնակարգի նախագիծ), որը ներկայացնում է տեխնիկական կանոնակարգման ոլորտի համակարգող մարմնի քննարկմանը` սույն օրենքի դրույթներին համապատասխանելու մասով:

2. Տեխնիկական կանոնակարգի անհապաղ մշակման անհրաժեշտությունը հաստատելու դեպքում համակարգող մարմինը պատրաստում է համապատասխան եզրակացություն և անհետաձգելի տեխնիկական կանոնակարգի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված անհետաձգելի տեխնիկական կանոնակարգը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 19.

Ընդունված տեխնիկական կանոնակարգերի վերանայումը

 

(հոդվածն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 20.

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մարմնի նշանակումը

 

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում, իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները:

2. Համապատասխանության գնահատման մարմինը նշանակվում է համակարգող մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով և չափանիշներով:

3. Համապատասխանության գնահատման մարմինը նշանակման համար համակարգող մարմին է ներկայացնում հայտ, որին կցվում են համապատասխանության գնահատման գործունեության նկարագիրը, համապատասխանության գնահատման մեկ կամ մի քանի ընթացակարգերի անվանումները և մեկ կամ մի քանի արտադրանքի անվանումները, որոնց նկատմամբ համապատասխանության գնահատման մարմինը հայտարարում է իր տեխնիկական իրավասությունը, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի տված հավատարմագրման վկայագիրը:

4. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձևերը սահմանում է համակարգող մարմինը:

5. Նշանակված մարմինները գրանցվում են համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որը վարում է համակարգող մարմինը:

6. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը պետք է մատչելի լինի հասարակության համար էլեկտրոնային և (կամ) այլ տարբերակով և հրապարակվի համակարգող մարմնի պաշտոնական կայքում:

7. Վիճահարույց հարցերի ծագման դեպքում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի դիմելու համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով:

8. Օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգերին և պահանջներին չհամապատասխանելու դեպքում համակարգող մարմինը կարող է որոշում ընդունել նշանակումը կասեցնելու կամ չեղյալ համարելու վերաբերյալ, եթե հայտնաբերվել է, որ համապատասխանության գնահատման նշանակված մարմինները չեն հետևում սահմանված չափանիշներին կամ չեն իրականացնում իրենց պարտականությունները` համաձայն սույն օրենքի:

8.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

(20-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-41-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 21.

Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների պարտականությունները

 

1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմիններն իրականացնում են միայն այն ընթացակարգերը, որոնց համար նշանակվել են:

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անձնակազմը պետք է պահի առևտրային գաղտնիքը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

3. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իր գործունեության մասին կանոնավոր կերպով հաշվետվություն է ներկայացնում համակարգող մարմին` վերջինիս սահմանած ձևին համապատասխան:

4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պետք է`

1) ապահովի արտադրողների համար համապատասխանության գնահատման ընթացակարգերի և համապատասխանության ազգային նշանի ստացման հավասար իրավունքներ.

2) օպերատիվ կերպով ուսումնասիրի հետաքրքրված կողմի (հայտատուի) հարցումը, ինչպես նաև հայտարարի կամ հայտատուին տեղեկացնի փաստաթղթերի ամբողջականության և յուրաքանչյուր համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման ժամանակահատվածի մասին, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում լիարժեք ու մատչելի կերպով հայտատուին տեղեկացնի բոլոր հայտնաբերված թերությունների մասին.

3) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ավարտից հետո` 2-օրյա ժամկետում, հայտատուին հայտնի համապատասխանության գնահատման արդյունքների մասին` անհրաժեշտության դեպքում ուղղիչ գործողություններ ձեռնարկելու նպատակով.

4) հնարավորության սահմաններում հայտատուի խնդրանքով իրականացնի համապատասխանության գնահատման ընթացակարգերը (անգամ եթե հայտն ունի թերություններ) և տեղեկացնի, թե որ փուլում է գտնվում համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացումը՝ բացատրելով յուրաքանչյուր ուշացման պատճառը.

5) համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման նպատակով ապահովի արտադրվող կամ մատակարարվող արտադրանքի մասին տեղեկության գաղտնիությունը, այդ թվում` այլ երկրներից.

6) ապահովի միանման արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման համար գանձվող վճարների միևնույն մակարդակը հայրենական և օտարերկրյա արտադրողների (մատակարարների) համար` հաշվի առնելով տեղափոխման, կապի և այլ ծախսեր՝ պայմանավորված հայտատուի արտադրական տարածքի և համապատասխանության գնահատման մարմնի գտնվելու վայրով:

5. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները պետք է սահմանեն համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգ:

6. Բողոքների քննարկման ընթացակարգերը պետք է նախատեսեն ուղղիչ գործողություններ, որոնք կիրառվում են բողոքի հիմնավորվածությունն ապացուցելու դեպքում:

7. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պատասխանատվություն է կրում համապատասխանության գնահատման արդյունքների համար` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

 

Հոդված 22.

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչումը

 

1. Համապատասխանության գնահատման արդյունքները հավաստող փաստաթղթերը, որոնք տրվում են սույն օրենքի 20-րդ հոդվածում նշված պահանջների համաձայն նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, եթե դրանք ապահովում են անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին համապատասխանության նույն մակարդակը, որը նախատեսված է համապատասխանության գնահատման ազգային ընթացակարգերով, և չեն պահանջում ճանաչման հավելյալ ընթացակարգ, ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

2. Օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչվում են`

1) դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի առկայության դեպքում.

2) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

(22-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 23.

Համապատասխանության գնահատման գործընթացի բողոքարկումը

(վերնագիրը փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

1. Համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձը կարող է համապատասխանության գնահատման նշանակված մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկել՝ դիմելով համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողով:

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով կամ դատական կարգով:

3. Բողոք ներկայացնելու ծախսերն իրականացնում է դիմող կողմը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից հօգուտ հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում հայտատուի բոլոր ծախսերը փոխհատուցում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը:

4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է համակարգող մարմինը:

(23-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-234-Ն)

(հոդվածը 02.05.24 ՀՕ-223-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

 

Հոդված 24.

Համապատասխանության հայտարարագիրը

(վերնագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

1. Արտադրողը հայտարարագիր է լրացնում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանության մասին, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:

2. Եթե տեխնիկական կանոնակարգն առավել տեղեկատվություն չի նախատեսել, ապա համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկատվությունը՝

1) արտադրանքի տվյալներ (անվանում, մոդելի տեսակ կամ համար, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ՝ խմբաքանակ կամ սերիական համար, բաղադրիչ մասերի անվանումներ).

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը, ներառյալ` հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին.

3) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)՝ համաձայն տեխնիկական կանոնակարգի.

4) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն և ստորագրությունը.

5) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նշանակված մարմինների գրանցամատյանում արձանագրված նույնականացման կոդը:

3. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-234-Ն)

5. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 25.

Համապատասխանության ազգային նշանը

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության ազգային նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար:

3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության ազգային նշանը տրամադրելիս կցում է այդ մարմնի համար նախատեսված նույնականացման կոդը:

4. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը կարող է կիրառել միայն արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը:

5. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության ազգային նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար օգտագործվում է գովազդային նյութերում:

6. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի և գործընթացների համար արգելվում է համապատասխանության ազգային նշանի կիրառումը:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող` շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի նմուշը և կիրառման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

(25-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-234-Ն, փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 26.

Համապատասխանության գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը

 

1. Մաքսային մարմինները տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են համակարգող մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները համակարգող մարմին են ներկայացնում տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

Հոդված 27.

Տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունները

(վերնագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

1. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են շուկայահանել հայրենական կամ օտարերկրյա ծագման այնպիսի արտադրանք, որն անվտանգ է մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի համար, ապահովում է ազգային անվտանգության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, կանխում է անբարեխիղճ մրցակցությունը:

2. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապահովել համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջների կատարումը՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը շուկայահանելուց առաջ:

3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով:

4. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կամ, դրանց բացակայության դեպքում, արտադրանք շուկայահանող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է՝

1) սպառողներին ապահովել արտադրանքի հետ կապված ակնհայտ և թաքնված ռիսկերի գնահատման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ և միջոցներ ձեռնարկել նման ռիսկերը կանխելու ուղղությամբ.

2) արտադրանքը հանել շրջանառությունից, եթե այն չի բավարարում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները.

3) պահպանել համապատասխանության հայտարարագիրը և (կամ) համապատասխանության սերտիֆիկատը, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանությունը հավաստող այլ տեխնիկական փաստաթղթերը արտադրանքի շուկայահանման ողջ ընթացքում և այդ տեղեկատվությունը ներկայացնել շուկայի վերահսկողության մարմինների պահանջի դեպքում.

4) փոխհատուցել արտադրանքի և գործընթացի սպառողների վնասները, եթե ապացուցված է դրանց անհամապատասխանությունը համապատասխանության հայտարարագրում և (կամ) համապատասխանության սերտիֆիկատում նշված տեխնիկական կանոնակարգերին:

(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

ԳԼՈՒԽ 4

(գլուխը խմբ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 28.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 28.1.

Պետական վերահսկողության նպատակը

 

1. Պետական վերահսկողության նպատակն է տեխնիկական կանոնակարգման ենթակա շուկայահանված արտադրանքի անվտանգության ապահովումը խախտումների կանխարգելման, բացահայտման ու վերացման միջոցով։

 

Հոդված 28.2.

Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

 

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։

 

Հոդված 28.3.

Խախտումների վերացումը

 

Վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 29.

Ֆինանսավորումը

 

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված տարածաշրջանային և միջպետական տեխնիկական կանոնակարգերի և դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ դրանց մշակման կազմակերպումը, ինչպես նաև նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 30.

Անցումային դրույթներ

 

1. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-41-Ն)

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց 36 ամիս հետո «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ համապատասխանության գնահատում կատարող մարմինների համար բավարար պայման չեն համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար:

(30-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-41-Ն, 17.12.14 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 31.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. մարտի 5
Երևան
ՀՕ-19-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2024, ՀՕ-223-Ն 01.01.2025, ՀՕ-19-Ն
01.03.2017, ՀՕ-74-Ն 15.04.2017, ՀՕ-19-Ն
17.12.2014, ՀՕ-234-Ն 09.01.2015, ՀՕ-19-Ն
30.04.2013, ՀՕ-41-Ն 15.06.2013, ՀՕ-19-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան