ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» օգոստոս 2025 թվականի N 95-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել անոթային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «18»-ի թիվ 95-Ն հրամանի |
ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անոթային վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Անոթային վիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ առանց աշխատանքային փորձի պահանջներ ներկայացնելու։
3. Անոթային վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Անոթային վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության անոթային վիրաբույժ.
2) Հիվանդանոցային վիրաբուժական բաժանմունքի վարիչ կամ ծառայության ղեկավար.
3) Առողջության առաջնային պահպանման ծառայության անոթային վիրաբույժ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմինի ղեկավար (տնօրեն)։
3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. անոթային վիրաբույժը պետք է իմանա`
1) Մարմնի հիմնական հատվածների տեղագրական անատոմիան (գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայնի առաջային պատ և որովայնի խոռոչ, վերին և ստորին վերջույթներ).
2) Անոթային համակարգի անատոմիան.
3) Անոթային համակարգի անատոմիական անոմալիաները.
4) Անոթային հիվանդությունների նորմալ ֆիզիոլոգիայի և ախտաֆիզիոլոգիայի հիմնական հարցերը, ախտաբանական վիճակների առաջացման պատճառները.
5) Աթերոսկլերոզի առաջացման պատճառները և ռիսկի գործոնները, ախտաֆիզիոլոգիայի հիմնական հարցերը.
6) Ջրաէլեկտրոլիտային փոխանակության հիմունքները.
7) Թթվահիմնային հավասարակշռության հիմունքները, դրա խանգարման տեսակները և բուժման սկզբունքները.
8) Արնահոսության և վնասվածքի ախտաֆիզիոլոգիան, ռիսկի գործոնները.
9) Արնահոսության և շոկի կառավարման սկզբունքները.
10) Վերքային ախտաֆիզիոլոգիան.
11) Արյան մակարդիչ համակարգի ֆիզիոլոգիան և ախտաֆիզիոլոգիան.
12) Արյան և բաղադրամասերի փոխներարկման ցուցումները և հակացուցումները.
13) Անոթային վիրաբուժության համար ընդհանուր, ֆունկցիոնալ, գործիքային և այլ հատուկ հետազոտությունները.
14) Ասեպտիկայի և անտիսեպտիկայի հիմունքները.
15) Ցավազրկման եղանակները.
16) Անոթային հիվանդությունների դեղորայքային բուժման հիմունքները՝ ներառյալ հակաբիոտիկների կիրառումները, հորմոնաթերապիան և հակամակարդիչային թերապիան.
17) Ռենտգենաբանության և ճառագայթաբանության հիմունքները.
18) Անոթային հիվանդությունների կլինիկական ախտանշաբանությունը, ախտորոշումը, կանխարգելումը և բուժումը՝ երեխաների և մեծահասակների մոտ.
19) Վիրաբուժական կլինիկայում սահմանային հիվանդությունների կլինիկական ախտանշաբանությունը (ընդհանուր վիրաբուժություն, ուրոլոգիա, էնդոկրինոլոգիա, ռևմատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ինֆեկցիոն հիվանդություններ).
20) Վիրահատության ցուցումով հիվանդների (երեխաներ և մեծահասակներ) նախավիրահատական նախապատրաստում և հետվիրահատական վարումը.
21) Անոթային վիրաբուժության ցուցումով պացիենտներին պաթոլոգիային համապատասխան վիրահատական մարտավարության ընտրություն և վիրահատական միջամտության իրականացումը.
22) Անոթային վիրաբուժության ցուցումով պացիենտների համար դիետոթերապիայի հիմունքները՝ նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում.
23) Անոթային հիվանդություններով պացիենտների առողջարանային վերականգնման ցուցումները և հակացուցումները.
24) Բնակչության դիսպանսեր հսկողության կազմակերպման և վարման հիմունքները.
25) Քաղպաշտպանության և ռազմադաշտային վիրաբուժության կազմակերպման և համապատասխան գործունեության սկզբունքները.
26) Անոթային վիրաբուժության բաժանմունքի, ինտենսիվ թերապիայի պալատների և վիրասրահի հագեցվածությունը.
27) Վիրահատական միջամտության համար անհրաժեշտ գործիքակազմը.
28) Անոթային վիրաբուժական ծառայության տնտեսական հիմնահարցերը.
29) Սանիտարահամաճարակային ռեժիմի կանոնները.
30) Հակահրդեհային և տարհանման կանոնները։
6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. անոթային վիրաբույժը պետք է`
1) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությունը.
2) Տիրապետի առաջին և շտապ բուժօգնության տրամադրմանն անհետաձգելի և արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև բուժտարհանման միջոցառումներին.
3) Տիրապետի անոթային վիրաբուժական պրոֆիլի պացիենտների մասնագիտական փորձաքննություններին.
4) Կարողանա կազմակերպել և իրականացնել անոթային վիրաբուժական պրոֆիլի պացիենտների բժշկասոցիալական փորձաքննություն.
5) Առավել բարձր մասնագիտացված կենտրոններում ունենա էնդովասկուլյար վիրաբուժության և աորտայի հիվանդությունների շտկման իրավասություն՝ կախված որակավորումից և նեղ մասնագիտացումից:
6) Տիրապետի Հայաստանի Հանրապետությունում անոթային հիվանդությունների բուժօգնության կազմակերպման հիմունքներին, երեխաների և մեծահասակների շտապ ու անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպմանը:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Անոթային վիրաբույժը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ․
2) վեճերի լուծման հմտություններ,
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. անոթային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. անոթային վիրաբույժը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10․ Անոթային վիրաբույժը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են անոթային վիրաբույժի վրա։
8․ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՆ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել․
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
Բժշկական Միջամտություն |
Կոմպետենտության Աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
3. 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական:
