ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1149-Ն
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը, 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 5-րդ մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, 32-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 28-ի «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 670-Լ որոշմամբ ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է հայտարարի Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթ։
3. Սահմանել, որ օպերատորի առաջին ընտրությունն անցկացվում է սույն որոշման հավելվածի 87-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ որակի և արժեքի վրա հիմնված ընտրության գնահատման եղանակով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1149-Ն որոշման |
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են խաղային գործունեության կարգավորման օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած հայտարարելու հիմքերի հետ կապված հարաբերությունները։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որով սահմանվում է ընթացակարգի 87-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընտրության գնահատման եղանակը։
2. Ընթացակարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված իմաստը, իսկ օրենքով նախատեսված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվող նշանակությունը, եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից չի բխում դրա օգտագործման այլ իմաստ։
3. Ընթացակարգի իմաստով ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) որակավորման հարցում՝ օպերատորի ընտրության ընթացակարգով որակավորվելու նպատակով հայտատուին առաջարկվող որակավորման չափանիշներ և պայմաններ.
2) առաջարկի հարցում՝ օպերատորի հետ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ․
3) որակավորման հայտ՝ որակավորման հարցմամբ սահմանված որակավորման չափանիշներին, ինչպես նաև օրենքով, ընթացակարգով և որակավորման հարցմամբ սահմանված պահանջներին հայտատուի համապատասխանությունը հավաստելու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջություն․
4) հայտ` առաջարկի հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ, որը ներառում է ֆինանսական առաջարկ և տեխնիկական առաջարկ.
5) հանձնաժողով՝ օպերատորի ընտրության մրցույթի անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողով․
6) նշանակալից մասնակցություն՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն․
7) վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե․
8) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին:
4. Օպերատորի ընտրության ընթացակարգի սկզբունքներն են`
1) ընտրության և դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.
2) իրավաբանական անձի համար անկախ նրա՝ օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից օպերատորի ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովում։
5. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել որակավորման հարցման և առաջարկի հարցման համաձայն հայտատուների կողմից որպես գաղտնի նշված առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակներում հանձնաժողովի գործողությունների (անգործության) կամ որոշումների վիճարկման վերաբերյալ դատական գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձը իր դատական պաշտպանության նպատակով կարող է ներկայացնել իր տիրապետության տակ եղած տեղեկությունները կամ ապացույցները և միաժամանակ միջնորդել գործի քննությունը իրականացնել դռնփակ նիստում։
ԳԼՈՒԽ 2․ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
6. Օպերատորի ընտրության ընթացակարգին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք (կոնսորցիումի դեպքում՝ անդամներից ցանկացածը)՝
1) որոնք կամ որոնց գործադիր մարմնի անդամը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ կամ, որոնց նկատմամբ որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կամ օպերատորի ընտրության ողջ ընթացքում հարուցվել է սնանկության վարույթ կամ ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չմարված (չներված) պարտավորություններ.
2) որոնք կամ որոնց գործադիր մարմնի անդամը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ համապատասխանում են իրենց գրանցման վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված սնանկության (անվճարունակության) հատկանիշներին․
3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի անդամը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.
4) որոնց վերաբերյալ կամ որոնց գործադիր մարմնի անդամի, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ, փայատիրոջ կամ իրական շահառուի նկատմամբ որակավորման հայտը կամ հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում առկա է Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում կայացված օրինական ուժի մեջ մտած դատական կամ վարչական ակտ` խաղային գործունեության կամ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար, կամ այդպիսի ակտով սույն կետում նշված անձը զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
5) որոնք կամ որոնց գործադիր մարմնի անդամը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Հայաստանի Հանրապետության գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում․
6) որոնք կամ որոնց գործադիր մարմնի անդամը, նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն որակավորման հայտը կամ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ՝
ա. խախտել է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի մրցույթի ընտրության պայմանագրով (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք պայմանագրով) նախատեսված կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք ընթացակարգի) շրջանակում ստանձնած էական պարտավորություն։ Սույն պարբերության իմաստով էական պարտավորության խախտում է համարվում պարտավորության ցանկացած խախտում, որը հանգեցրել է պայմանագրով նախատեսված արդյունքներից էական շեղման,
բ. որպես հաղթող հայտատու հրաժարվել է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի մրցույթի ընտրության պայմանագիր (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք պայմանագիր) կնքելուց և չի վճարել հայտի ապահովումը,
գ. հայտերը բացելուց հետո հրաժարվել է խաղային ոլորտի կարգավորման օպերատորի մրցույթի հետագա մասնակցությունից և չի վճարել հայտի ապահովումը.
7) որոնք հանդիսանում են կամ որոնց գործադիր մարմնի անդամը, բաժնետերը, փայատերը կամ իրական շահառուն կամ փոխկապակցված անձը հանդիսանում է խաղային գործունեության կազմակերպիչ կամ խաղային արտադրանքներ արտադրող կամ խաղային գործունեության կազմակերպչի կամ խաղային արտադրանքներ արտադրողի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ փոխկապակցված անձ կամ գործադիր մարմնի անդամ։
7. Ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված արգելքների գործունեությունը տարածվում է մրցույթի անցկացման ողջ ժամանակահատվածի վրա մինչև պայմանագրի կնքելը, ուստի այդպիսի հանգամանքների մասին մրցույթի իրականացման ընթացքում ի հայտ գալու դեպքում հայտատուն պարտավոր է հայտնել հանձնաժողովին և դրա չհայտնելը համարվում է կեղծ կամ խեղաթյուրված տեղեկության հայտնում։ Պայմանագրի կնքումից հետո այդ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով։
8. Օպերատորի ընտրության ընթացակարգին միաժամանակ չեն կարող մասնակցել փոխկապակցված անձինք՝ բացառությամբ կոնսորցիումով մասնակցության դեպքերի։ Միաժամանակ կոնսորցիումի պայմանագրի կողմը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ:
9. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու նպատակով իրավաբանական անձը որակավորման հայտով հանձնաժողովին ներկայացնում է ընթացակարգով և որակավորման հարցմամբ սահմանված փաստաթղթերը։ Ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված արգելքների բացակայության մասին բավարար է հայտատուի կամ հայտատուի ներկայացուցչի կողմից տրված գրավոր հավաստիացումը այդ արգելքների բացակայության մասին, եթե որակավորման կամ առաջարկի հարցմամբ այլ բան նախատեսված չէ կամ հանձնաժողովը կոնկրետ հարցով պարզաբանում կամ լրացուցիչ փաստաթուղթ չի պահանջել։
10. Օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու նպատակով իրավաբանական անձի բաժնետիրոջ, փայատիրոջ կամ մասնակցի իրական շահառուի մասով պահանջների նկատմամբ հսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը։ Հսկողությունն իրականացվում է ինչպես օպերատորի գործունեության ընթացքում, այնպես էլ ընտրության ընթացքում՝ դրա հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների մասով։ Հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքով ձեռք բերված տեղեկությունների հիման վրա։
11. Վերահսկող մարմնի կողմից հսկողության արդյունքում ստացված տեղեկությունները փոխանցվում են հանձնաժողովին, որը հաշվի է առնում այդ տեղեկությունները իր որոշումները կայացնելիս։ Հանձնաժողովը այդ տեղեկությունների հիման վրա իրավունք ունի հայտատուից պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ պարզաբանում։
12. Նախքան որակավորման հարցում և հայտարարություն հրապարակելը օպերատորի ընտրության ընթացակարգին անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:
13. Հայտատուն (կոնսորցիումի դեպքում՝ կոնսորցիումի մասնակիցը) պատասխանատվություն է կրում իր կողմից օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում ներկայացված բոլոր փաստաթղթերի, տեղեկությունների և այլ տվյալների հավաստիության համար։ Օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում հանձնաժողովին կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն ներկայացնելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտատուն անհապաղ զրկվում է օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքից, իսկ հաղթող հայտատու ճանաչված լինելու դեպքում՝ մինչև պայմանագրի կնքումը, հայտատուն զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից (այդ թվում, եթե չի ներկայացրել պայմանագրի ապահովում) և հանձնաժողովի որոշմամբ հաղթող է հայտարարվում երկրորդ առավելագույն գնահատականը ստացած հայտը ներկայացրած հայտատուն։ Եթե օպերատորի ընտրության ընթացակարգի ընթացքում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն ներկայացրած լինելու փաստը հայտնի է դառնում պայմանագրի կնքումից հետո, ապա վերահսկող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ հիմքով օպերատոր սահմանելու մասին որոշումը ուժը կորցրած ճանաչելը հիմք է վերահսկող մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծման և հաղթող հայտատուի և նրա կողմից ստեղծված առևտրային իրավաբանական անձի նկատմամբ, որի հետ կնքվել է պայմանագիր, վնասների հատուցման պահանջ ներկայացնելու համար։
ԳԼՈՒԽ 3․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14. Որակավորման հայտարարությունը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ և հրապարակվում է վերահսկող և լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Հայտարարությունը հանձնաժողովի որոշմամբ կարող է հրապարակվել նաև բարձր հեղինակություն ունեցող միջազգային պարբերականներում կամ հարթակներում, ինչպես նաև ուղարկվել պոտենցիալ մասնակից հանդիսացող տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին։ Մինչև որակավորման հայտարարությունը հաստատելը և հրապարակելը, վերահսկող մարմինը կարող է իրականացնել խաղային ոլորտում գործունեություն ծավալող անձանց և այլ շահագրգիռ սուբյեկտների հետ նախնական հաղորդակցում, որը կարող է ներառել կարիքների վերհանում, մրցույթի նպատակների, ժամկետների քննարկում, օպերատորի գործունեության տեխնիկածրագրային և ֆինանսական հատվածների քննարկում, մրցույթին հավանական մասնակցության հետաքրքրության գնահատում և այլն։
15. Հայտարարության հետ մեկտեղ վերահսկող և լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակվում է նաև որակավորման հարցումը, որը պետք է բավարարի օրենքով և ընթացակարգով սահմանված պահանջները։ Հանձնաժողովը հայտարարության հետ կարող է հրապարակել նաև առաջարկի հարցումը։
16. Հանձնաժողովը սահմանում է որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը։ Որակավորման հայտերի ներկայացման ժամկետը չի կարող պակաս լինել որակավորման հարցման հրապարակման օրվանից հաշված 40 օրացուցային օրից։ Հանձնաժողովը կարող է սահմանել ավելի երկար ժամկետ, ինչպես նաև երկարաձգել արդեն իսկ սահմանված որակավորման հայտերի ներկայացման ժամկետը։
17. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) ներածություն.
2) հանձնաժողովի անվանումը և գտնվելու վայրը.
3) հայտարարության հրապարակման օրը, ամիսը, տարեթիվը,
4) հանձնաժողովի կողմից հաստատված՝ օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
5) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
6) որակավորման հայտեր ներկայացնելու ձևը, վայրը և ժամկետը.
7) որակավորման հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.
8) որակավորման հայտում փոփոխություններ կատարելու և դրա վերաբերյալ ծանուցելու կարգի մասին նշումը.
9) հանձնաժողովի որոշմամբ՝ այլ տեղեկություններ:
18. Որակավորման հայտերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է հայտարարությունը վերահսկող և լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից: Եթե այդ հրապարակման օրերը տարբեր կայքերում տարբեր են, ապա ժամկետը հաշվարկվում է վերջին հրապարակումից։
ԳԼՈՒԽ 4․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ
19. Որակավորման հարցումը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովը որակավորման հարցմամբ կարող է սահմանել ներկայացման ենթակա փաստաթղթերին առաջադրվող լրացուցիչ պահանջներ։
20. Որակավորման հարցումը ներառում է՝
1) ներածություն.
2) օպերատորի գործարար ծրագրի վերաբերյալ նվազագույն տեղեկություններ ներկայացնելու պահանջ, այդ թվում՝ ծրագրի իրագործման ընդհանրական նկարագրություն, ընդհանուր տեղեկություններ սպասվող ներդրումների, կապիտալ ծախսերի, տեխնիկական առաջադրանքի, ֆինանսավորման մասին և այլ անհրաժեշտ տեղեկություններ ծրագրի իրականացման վերաբերյալ.
3) հայտատուի՝ օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը հիմնավորող տեղեկություններ և փաստաթղթեր, հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները, համաձայնությունները և դրանց նկատմամբ պահանջները.
4) հայտատուի նշանակալից մասնակցություն ունեցող հիմնադիրների, բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների և իրական շահառուի՝ օրենքով նախատեսված համաձայնությունները և անձամբ ներկայացման ենթակա տեղեկությունները և փաստաթղթերը.
5) որակավորման հայտի ձևի (այդ թվում՝ դրա ներկայացման լեզվի) և բովանդակության նկատմամբ կիրառելի պահանջները, որակավորման հայտի ներկայացման կարգի և վայրի վերաբերյալ տվյալներ.
6) որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը.
7) հայտատուի կամ նրա մասնակցի (մասնակիցների) մասնագիտական փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները.
8) հայտատուի կամ նրա մասնակցի (մասնակիցների) տեխնիկական կարողությունների և փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները.
9) հայտատուի կամ նրա մասնակցի (մասնակիցների) ֆինանսական և տնտեսական կարողությունների նկատմամբ կիրառելի պահանջները.
10) հայտատուի կամ նրա մասնակցի (մասնակիցների) աշխատանքային ռեսուրսներին առաջադրվող պահանջները.
11) որակավորման հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
12) որակավորման հայտի գնահատման կարգը.
13) հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.
14) պոտենցիալ հայտատուների հետ մասնակցության համար միաժամանակ բաց քննարկումների վայրը կամ հեռավար իրականացման ձևաչափը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.
15) հանձնաժողովի որոշմամբ՝ այլ պահանջներ և տեղեկություններ։
21. Հանձնաժողովը որակավորման հարցման մեջ փոփոխություններ կարող է իրականացնել ոչ ուշ, քան որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից 5 օրացուցային օր առաջ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում վերահսկող մարմնի պաշտոնական կայքում: Որակավորման հարցման մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, որպես կանոն, չի փոփոխվում, եթե այլ բան սահմանված չէ հանձնաժողովի՝ որակավորման հարցման մեջ կատարված փոփոխությամբ։
ԳԼՈՒԽ 5․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
22. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտով հանձնաժողովին ներկայացնել ընթացակարգով և որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը։
23. Որակավորման հայտերը, ինչպես նաև դրանց փոփոխությունները և լրացումները ենթակա են գրանցման հանձնաժողովի քարտուղարի կողմից, իսկ դրանց գնահատումն իրականացվում է հանձնաժողովի կողմից որակավորման հայտերի գնահատման նիստում։
24. Որակավորման հայտերը և դրանց փոփոխությունները հանձնաժողովի քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդ մասին նույն պահին տրվում է տեղեկանք:
25. Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ արդեն հայտ ներկայացրած անձինք, իրավունք ունեն հանձնաժողովին ներկայացնելու պարզաբանման կարիք ունեցող իրենց հարցադրումները՝ ոչ ուշ, քան որակավորման հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից 20 օրացուցային օր առաջ։ Որակավորման հարցման մեջ փոփոխություններ իրականացնելու դեպքում հանձնաժողովը կարող է սահմանել պարզաբանման կարիք ունեցող հարցադրումների ներկայացման լրացուցիչ ժամկետ։
26. Հարցման և պարզաբանման բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է վերահսկող մարմնի պաշտոնական կայքում՝ հարցումը կատարած հայտատուին պարզաբանումը տրամադրելու կամ դրա հաջորդ աշխատանքային օրը, առանց նշելու հարցումը կատարած հայտատուի տվյալները, իսկ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության դեպքում պարզաբանումը տրվում է միայն հայտատուներին:
27. Հանձնաժողովը պարզաբանումները տրամադրում է դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
28. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը վերաբերում է որակավորման չափանիշներին հայտատուի համապատասխանության ստուգմանը, դուրս է մրցույթի բովանդակության շրջանակներից կամ հարցումը տրամադրվել է սահմանված ժամկետի ավարտից հետո։ Նման հարցում ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հայտատուին գրավոր տեղեկացնում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին:
29. Որակավորման հայտով հայտատուն ներկայացնում է՝
1) օպերատորի ընտրության ընթացակարգի մասնակցության վերաբերյալ գրավոր դիմում` նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (այլ երկրում գրանցված լինելու դեպքում՝ դրա համարժեքը), էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության հասցեն և հեռախոսահամարը, ներկայացուցչի կամ գործադիր մարմնի ղեկավարի անունը և անձնագրային տվյալները.
2) իրավաբանական անձի գրանցված և գործող լինելու փաստը հաստատող առավելագույնը մեկամսյա վաղեմության քաղվածք՝ տրված տվյալ իրավաբանական անձը գրանցած պետական մարմնի կողմից, որը հայտատուի՝ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում ներկայացվում է ապոստիլով վավերացված ձևով «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով.
3) դիմումը ստորագրող անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթ, որին ներկայացվող պահանջները սահմանվում են որակավորման հարցմամբ, և անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) օրենքով, ընթացակարգով և որակավորման հարցմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին համապատասխանությունը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր և հավաստումներ.
5) իր բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, իրական շահառուների և իր հետ փոխկապակցված անձանց ցանկը.
6) իր կողմից հաստատված հավաստում՝ որակավորման փուլը հաղթահարելու դեպքում առաջարկի հարցմամբ սահմանված հայտի ապահովում ներկայացնելու պարտավորություն ունենալու մասին.
7) իր կողմից հաստատված հավաստում՝ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները կատարելու պարտավորություն ունենալու մասին.
8) հայտարարություն` օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին.
9) գործարար ծրագիրը, որը պետք է համապատասխանի օրենքով, ընթացակարգով և որակավորման հարցմամբ սահմանված պահանջներին.
10) կոնսորցիումով օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում հանձնաժողովին ներկայացվում է նաև կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրի բնօրինակը կամ նոտարական կարգով վավերացված պատճենը.
11) ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված արգելքների բացակայության մասին հայտատուի կամ հայտատուի ներկայացուցչի կողմից տրված գրավոր հավաստիացումը այդ արգելքների բացակայության մասին.
12) որակավորման հարցմամբ սահմանված այլ տեղեկություններ և փաստաթղթեր։
30. Իրավաբանական անձանց կոնսորցիումով օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում կոնսորցիումի յուրաքանչյուր անդամ պետք է բավարարի ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված՝ մասնակցության իրավունքի չափանիշները։ Որակավորման հարցմամբ սահմանված որակավորման չափանիշները, որպես կանոն, կարող են բավարարել կոնսորցիումի բոլոր անդամների միասնական որակավորումները։ Որակավորման հարցմամբ կարող է սահմանվել, թե յուրաքանչյուր պահանջ կոնսորցիումը ինչպես պետք է բավարարի՝ յուրաքանչյուր անդամի կողմից հավասարապես պահանջը բավարարելով կամ բոլոր անդամների կողմից միասին բավարարելով կամ ամեն անդամի կողմից առանձին ձևով բավարարելով՝ սահմանելով տարբերակված պահանջներ առաջատար անդամի և այլ անդամների վերաբերյալ։ Կոնսորցիումի անդամներից մեկը պետք է հանդիսանա առաջատար անդամ։ Առաջատար անդամ է համարվում կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքում առնվազն 50 (հիսուն) տոկոս մասնակցություն ունեցող անդամը,իսկ այլ անդամները պետք է ունենան առնվազն 10 (տասը) տոկոս մասնակցություն։
31. Կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրով, ի թիվս այլնի, պետք է նախատեսված լինի օպերատորի ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու ճանաչվելու դեպքում պայմանագրի կնքման նպատակով ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կոնսորցիումի մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասնակցության չափը և բաժնեմասնակցության հիմնական պայմանները (հավաստվող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ), որը չի կարող փոխվել մինչև պայմանագրի ստորագրման պահը։
32. Կոնսորցիումի՝ հաղթող հայտատու ճանաչվելու դեպքում մինչև պայմանագրի ստորագրման պահը ընթացակարգի 31-րդ կետին հակասող փոփոխության իրականացման դեպքում հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվում երկրորդ առավելագույն գնահատականը ստացած հայտը ներկայացրած հայտատուն։
33. Որակավորման հայտը ներկայացվում է միայն առձեռն՝ որակավորման հարցմամբ սահմանված հասցե։
34. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտը ներկայացնել չորս օրինակից, որոնցից՝
1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (որակավորման հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պատճենները).
2) որակավորման ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.
3) երկու էլեկտրոնային օրինակ՝ ներկայացված որակավորման հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով։
35. Ընթացակարգի 29-րդ և 34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները դրվում են փակ ծրարի մեջ։ Ծրարը և որակավորման հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերը ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը:
36. Ընթացակարգի 35-րդ կետում նշված ծրարի վրա որակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) վերահսկող մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) հանձնաժողովի կողմից հաստատված՝ օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև որակավորման հայտերի բացման նիստը» բառերը.
4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները:
37. Ներկայացված որակավորման հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին։
38. Հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր որակավորման հայտը:
39. Որակավորման հայտի փոփոխման կամ լրացման մասին ծանուցումն ուղարկվում է ընթացակարգի 33-36-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը: Որակավորման հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր դիմում: Որակավորման հայտը հետ վերցնելու մասին դիմումի առկայության դեպքում տվյալ որակավորման հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է որակավորման հայտը ներկայացրած անձին։
40. Որակավորման հայտերը (այդ թվում՝ դրանց փոփոխությունները և լրացումները) պետք է ներկայացվեն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի վերջին օրը՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ն։ Որակավորման հայտերի ներկայացման ձևը և վայրը սահմանվում են որակավորման հարցմամբ։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված որակավորման հայտերը ենթակա չեն գնահատման։ Հանձնաժողովը մերժում է այդպիսի որակավորման հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
41. Որակավորման հայտը վավեր է մինչև օրենքին և ընթացակարգին համապատասխան պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից որակավորման հայտը հետ վերցնելը, որակավորման հայտի մերժումը կամ օպերատորի ընտրության մրցույթը չկայացած հայտարարվելը։
ԳԼՈՒԽ 6․ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԻՍՏԵՐԸ
42. Որակավորման հայտերը բացվում են որակավորման հարցմամբ նշված օրը, ժամին և վայրում` որակավորման հայտերի բացման նիստում:
43.Որակավորման հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) որակավորման հայտ ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը. կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում՝ կոնսորցիումի մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` որակավորման հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ` որակավորման հայտերը հետ վերցնելու, որակավորման հայտերի փոփոխությունների կամ լրացումների մասին:
44. Եթե հանձնաժողովի՝ որակավորման հայտերի բացման նիստի ընթացքում հայտատուի որակավորման հայտում արձանագրվում են ընթացակարգի 29-րդ, 30-րդ, 31-րդ, 34-րդ, 35-րդ կամ 36-րդ կետերով սահմանված պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ, որոնք հանձնաժողովի կարծիքով հնարավոր է շտկել, ապա հանձնաժողովն իրավասու է մինչև հինգ աշխատանքային օրով հետաձգել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Սույն կետով սահմանված լիազորությունը հանձնաժողովը կարող է կիրառել միայն մեկ անգամ: Եթե հանձնաժողովը գտնում է, որ սույն կետով սահմանված անհամապատասխանությունները հնարավոր չէ շտկել, ապա մերժում է հայտը։
45. Եթե ընթացակարգի 44-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն շտկում է արձանագրված անհամապատասխանությունները, ապա վերջինիս որակավորման հայտը գնահատվում է ընթացակարգով սահմանված կարգով, իսկ հակառակ դեպքում որակավորման հայտը մերժվում է։
46. Որակավորման հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն։ Նիստն արձանագրվում է հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
47. Որակավորման հայտերի բացման նիստ(եր)ի ավարտից հետո հանձնաժողովն անցնում է որակավորման հայտերի գնահատմանը։ Հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում է որակավորման հայտերի գնահատման նիստում՝ որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Բավարար են գնահատվում օրենքով, ընթացակարգով և որակավորման հարցմամբ նախատեսված չափանիշները և պահանջները բավարարող որակավորման հայտերը։ Հակառակ դեպքում որակավորման հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
48. Օպերատոր ընտրվելու հայտը մերժվում է նաև, եթե՝
1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում օրենքով նախատեսված՝ օպերատորին ներկայացվող հիմնական պահանջներին.
2) հայտատուն չի համապատասխանում ընթացակարգի 6-րդ կետով նախատեսված՝ մրցույթին մասնակցելու իրավունք ունենալու չափանիշներից որևէ մեկին․
3) ներկայացվել են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
4) հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով ծրագրին համապատասխան, հայտատուն չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը.
5) հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ հայտատուի հիմնադրի, բաժնետիրոջ, փայատիրոջ, մասնակցի, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կարող են վտանգել ոլորտի կարգավորումը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպումը կամ վերահսկող մարմնի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը։
Ընդ որում՝ սույն կետով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում մրցույթի ցանկացած փուլում հանձնաժողովի որոշմամբ հայտատուն անհապաղ զրկվում է օպերատորի ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքից, իսկ հաղթող հայտատու ճանաչված լինելու դեպքում՝ մինչև պայմանագրի կնքումը, հանձնաժողովը հայտատուին զրկում է պայմանագիր կնքելու իրավունքից և հանձնաժողովի որոշմամբ հաղթող է հայտարարվում երկրորդ առավելագույն գնահատականը ստացած հայտը ներկայացրած հայտատուն։
49. Նիստի արդյունքներով հանձնաժողովը որոշում է կայացնում որակավորված հայտատուների ցանկը հաստատելու կամ մրցույթը չկայացած համարվելու վերաբերյալ։
50. Օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցող հայտատուի որակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում կոնսորցիումի բոլոր մասնակիցների միասնական որակավորումները։
51. Որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշման կայացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը վերահսկող մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է որակավորված հայտատուների ցանկը։
52. Հանձնաժողովի նիստերի անցկացման ընթացակարգը, նիստին հայտատուների մասնակցության կարգը, նիստի արձանագրությունների վարման նկատմամբ պահանջները սահմանվում են հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
53. Որակավորման հայտերի գնահատման նիստ(եր)ը կարող է (են) անցկացվել նաև հեռավար՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ կամ գրավոր՝ փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային կամ էլեկտրոնային կապի միջոցներով փոխանակելու եղանակով:
54. Հանձնաժողովի որոշմամբ որակավորման հայտերի բացման կամ գնահատման նիստին կարող են հրավիրվել նաև համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունեցող մասնագետ(ներ), որոնք իրենց առաջադրված հարցերի վերաբերյալ պարտավոր են տալ անկախ և անկողմնակալ կարծիք, որը հանձնաժողովի անդամների համար ունի խորհրդատվական բնույթ։ Մասնագետ(ներ)ը նիստին կարող են մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։
55. Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է վերահսկող մարմնի պաշտոնական կայքում: Սույն կետի իմաստով շահերի բախում առկա է, եթե հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի գործողությունները հանգեցնում կամ նպաստում են կամ ողջամտորեն կարող են հանգեցնել կամ նպաստել նաև իր, իր ընտանիքի անդամի (ամուսին, ծնող, զավակ, քույր կամ եղբայր) կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը։
56. Ընթացակարգի 55-րդ կետի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը, նրա ընտանիքի անդամը (ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը) կամ ամուսնու ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը հանդիսանում է՝
1) տվյալ իրավաբանական անձի բաժնեմասնակցությամբ տրամադրվող ձայների առնվազն 10 (տասը) տոկոսը տնօրինող մասնակից.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի անդամ.
4) իրավաբանական անձի աշխատակից։
57. Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և պարտավոր է հանձնաժողովի նիստին ներկայացնել ինքնաբացարկ, եթե առկա է շահերի բախման իրավիճակ:
58. Նախքան առաջարկի հարցման փուլը հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ առաջարկի հարցման նախագծի առնչությամբ հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում): Աշխատանքային քննարկումները հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել նաև հեռավար՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Սույն մասով նախատեսված աշխատանքային քննարկումների ժամանակ հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր որակավորված հայտատուների միաժամանակյա մասնակցության հավասար հնարավորությունը, ինչպես նաև ապահովի այդպիսի քննարկումների արձանագրությունների վարումը՝ դրանք քննարկմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելով բոլոր որակավորված հայտատուներին:
59. Աշխատանքային քննարկումները հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը։ Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է ստորագրվի հանձնաժողովի` քննարկմանը ներկա բոլոր անդամների կողմից։ Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է այն կազմելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվի հայտատուներին։ Արձանագրությունն առնվազն պարունակում է՝
1) տեղեկություն` աշխատանքային քննարկման վայրի, օրվա և ժամի մասին.
2) աշխատանքային քննարկմանը ներկայացած հայտատուների անվանումները, յուրաքանչյուր հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը․
3) մանրամասն տեղեկատվություն` քննարկմանը բարձրացված յուրաքանչյուր հարցի և այդ առնչությամբ հանձնաժողովի կողմից տրված պարզաբանման, ինչպես նաև հանձնաժողովի նախաձեռնությամբ տրված պարզաբանումների մասին.
4) աշխատանքային քննարկմանը ներկա հանձնաժողովի անդամների և հրավիրված անձանց անունները, ազգանունները և կարգավիճակները:
60. Եթե հանձնաժողովի անդամը կամ հայտատուն աշխատանքային քննարկումների վերաբերյալ ցանկանում է արտահայտել արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրությանը ծանոթանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է աշխատանքային քննարկումների արձանագրությանը։
ԳԼՈՒԽ 7․ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՈՒՄԸ
61. Որակավորված հայտատուների ցանկը հրապարակելուց հետո եռամսյա ժամկետում հանձնաժողովը որոշում է կայացնում առաջարկի հարցումը որակավորված հայտատուներին ծանուցելու (որակավորման հայտարարության հետ առաջարկի հարցում հրապարակած լինելու դեպքում) կամ հրապարակելու մասին կամ առաջարկի հարցումը չծանուցելու կամ չհրապարակելու հիմքով մրցույթը չկայացած հայտարարելու մասին։
62. Հայտերի ներկայացման ժամկետը առնվազն վաթսուն օրացուցային օր է՝ հաշված առաջարկի հարցման ծանուցման պահից: Առաջարկի հարցմամբ կարող է սահմանվել վաթսուն օրացուցային օրից ավելի երկար ժամկետ, ինչպես նաև հանձնաժողովը կարող է երկարաձգել արդեն իսկ սահմանված հայտերի ներկայացման ժամկետը։
63. Առաջարկի հարցումը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է միայն որակավորված հայտատուներին՝ հանձնաժողովի կողմից առաջարկի հարցումը որակավորված հայտատուներին տրամադրելու մասին որոշման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում։
64. Առաջարկի հարցումը հաստատվում է հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը առաջարկի հարցմամբ կարող է սահմանել ներկայացման ենթակա փաստաթղթերին առաջադրվող լրացուցիչ պահանջներ։Առաջարկի հարցումը ներառում է՝
1) ներածություն․
2) օպերատորի գործարար ծրագրին ներկայացվող պահանջները՝ համաձայն օրենքի 34-րդ հոդվածի․
3) պայմանագրի հիմնական պայմանները կամ պայմանագրի նախագիծը․
4) հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները և դրանց նկատմամբ պահանջները.
5) տեխնիկական առաջարկին և ֆինանսական առաջարկին առաջադրվող պահանջները (ընդ որում, հանձնաժողովը կարող է մանրամասնել տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման չափանիշներից յուրաքանչյուր ենթաչափանիշի մեջ ներառվող տեղեկությունները).
6) հայտի ձևի (այդ թվում՝ դրա ներկայացման լեզվի), բովանդակության և դրա ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի պահանջները.
7) հայտերի ներկայացման վերջնաժամկետը.
8) հայտերի վավերության ժամկետը.
9) օպերատորի ընտրության ընթացակարգի ժամանակացույցը.
10) տեխնիկական առաջարկների բացման կարգը.
11) տեխնիկական առաջարկների գնահատման կարգը.
12) ֆինանսական առաջարկների բացման կարգը.
13) ֆինանսական առաջարկների գնահատման կարգը.
14) հաղթող հայտատուի որոշման կարգը.
15) հայտի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, այդ թվում՝ դրա չափը և ներկայացման կարգը.
16) որակավորված հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.
17) որակավորված բոլոր հայտատուների հետ քննարկման իրականացման վայրը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.
18) առաջարկի հարցման մեջ և հայտում փոփոխություններ կատարելու կարգը.
19) անհրաժեշտության դեպքում՝ այլ պահանջներ և տեղեկություններ։
65. Հանձնաժողովը առաջարկի հարցման մեջ փոփոխություններ կարող է իրականացնել ոչ ուշ, քան հայտերը ներկայացնելու վերջնաժամկետից 5 օրացուցային օր առաջ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում Վերահսկող մարմնի պաշտոնական կայքում:
66. Առաջարկի հարցման մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, որպես կանոն, չի փոփոխվում, եթե այլ բան սահմանված չէ հանձնաժողովի՝ առաջարկի հարցման մեջ կատարված փոփոխությամբ։
ԳԼՈՒԽ 8․ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԵՐԸ, ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
67. Հայտատուն պարտավոր է հայտով հանձնաժողովին ներկայացնել առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները։
68. Հայտերը, ինչպես նաև դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդ մասին նույն պահին տրվում է տեղեկանք:
69. Որակավորված հայտատուները իրավունք ունեն հանձնաժողովին ներկայացնելու պարզաբանման կարիք ունեցող իրենց հարցադրումները ոչ ուշ, քան հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից 20 օրացուցային օր առաջ։ Առաջարկի հարցման մեջ փոփոխություններ իրականացնելու դեպքում հանձնաժողովը կարող է սահմանել պարզաբանման կարիք ունեցող հարցադրումների ներկայացման լրացուցիչ ժամկետ։
70. Հարցման և պարզաբանման բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է վերահսկող մարմնի պաշտոնական կայքում՝ հարցումը կատարած հայտատուին պարզաբանումը տրամադրելու կամ դրա հաջորդ աշխատանքային օրը, առանց նշելու հարցումը կատարած հայտատուի տվյալները, իսկ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության դեպքում՝ տրվում են միայն հայտատուներին:
71. Հանձնաժողովը պարզաբանումները տրամադրում է դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
72. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը վերաբերում է առաջարկի հարցմամբ սահմանված տեխնիկական պահանջներին հայտատուի տեխնիկական առաջարկի համապատասխանությունը ստուգելուն, դուրս է մրցույթի բովանդակության շրջանակներից կամ հարցումը տրամադրվել է սահմանված ժամկետի ավարտից հետո։ Նման հարցում ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հայտատուին գրավոր տեղեկացնում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին:
73. Հայտատուն պարտավոր է հայտով ներկայացնել տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ։ Ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրը տեղադրվում է առանձին փակ ծրարում, որոնք իրենց հերթին հայտատուի կողմից ներկայացվում են առձեռն եղանակով մեկ փակ ծրարի մեջ տեղադրված։ Յուրաքանչյուր առաջարկ ներկայացվում է չորս օրինակից, որոնցից՝
1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (առաջարկի հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պատճենները).
2) ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.
3) երկու էլեկտրոնային օրինակ՝ ներկայացված առաջարկի հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով։
74. Ընթացակարգի 73-րդ կետում նշված յուրաքանչյուր ծրարը և առաջարկի հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերը ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը:
75. Ընթացակարգի 73-րդ կետում նշված ծրարների վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) վերահսկող մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) հանձնաժողովի կողմից հաստատված՝ օպերատորի ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները.
5) համապատասխանաբար «Տեխնիկական առաջարկ» կամ «Ֆինանսական առաջարկ» բառերը:
76. Ներկայացված հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին։
77. Հայտը վավեր է մինչև օրենքին և ընթացակարգին համապատասխան պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ օպերատորի ընտրության մրցույթը չկայացած հայտարարվելը։
78. Հայտատուն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր հայտը:
79. Հայտի փոփոխման կամ լրացման մասին ծանուցումն ուղարկվում է ընթացակարգի 73-75-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը, ինչպես նաև առաջարկը, որում կատարվում է փոփոխություն կամ լրացում: Հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է հայտը ներկայացրած անձին։
80. Հայտերը (այդ թվում՝ դրանց փոփոխությունները) պետք է ներկայացվեն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի վերջին օրը՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ն։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը ենթակա չեն գնահատման։ Հանձնաժողովը մերժում է այդպիսի հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
81. Տեխնիկական առաջարկը պետք է պարունակի առաջարկի հարցմամբ պահանջվող առաջարկը, տեղեկությունները, փաստաթղթերը, այդ թվում՝ ընթացակարգի 100-րդ կետով սահմանված՝ հայտի գնահատման հիմքում ընկած չափանիշների և ենթաչափանիշների վերաբերյալ տեղեկություններ: Տեխնիկական առաջարկը պետք է առնվազն ուղեկցվի՝
1) առաջարկի հարցմամբ նախատեսված ձևաչափով լրացված և հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից ստորագրված հայտի ներկայացման նամակով.
2) ցանկացած լրացուցիչ տեղեկատվությամբ, որը հայտատուն համարում է անհրաժեշտ, որպեսզի հանձնաժողովը գնահատի տեխնիկական առաջարկը` հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված չափանիշները.
3) հայտի ապահովմամբ՝ ներկայացված առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով և չափով.
4) առաջարկի հարցմամբ նախատեսված այլ փաստաթղթերով։
ԳԼՈՒԽ 9․ ԱՌԱՋԱՐԿԻ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿՇԻՌՆԵՐԸ
82. Հանձնաժողովի կողմից առաջարկի հարցմամբ նշված տեխնիկական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում, իսկ բոլոր որակավորված հայտատուների կողմից հայտերը մինչև սահմանված օրը ներկայացված լինելու և նրանց կողմից հանձնաժողովի որոշած կարգով տրված գրավոր համաձայնության առկայության դեպքում ավելի վաղ` հանձնաժողովի կողմից սահմանված օրը, ժամին և վայրում առաջին հերթին բացվում են տեխնիկական առաջարկները: Տեխնիկական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`
1) բացվող տեխնիկական առաջարկը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող տեխնիկական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ հայտերը հետ վերցնելու կամ տեխնիկական առաջարկների փոփոխությունների կամ լրացումների մասին:
83. Տեխնիկական առաջարկների բացման նիստն արձանագրվում է հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
84. Եթե հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի հայտում արձանագրվում են ընթացակարգի 67-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ կամ 81-րդ կետերով սահմանված պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ՝ բացառությամբ ֆինանսական առաջարկում առկա անհամապատասխանությունների, որոնք հանձնաժողովի կարծիքով հնարավոր է շտկել, ապա հանձնաժողովն իրավասու է մինչև հինգ աշխատանքային օրով հետաձգել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Սույն կետով սահմանված լիազորությունը հանձնաժողովը կարող է կիրառել միայն մեկ անգամ: Եթե հանձնաժողովը գտնում է, որ սույն կետով սահմանված անհամապատասխանությունները հնարավոր չէ շտկել, ապա մերժում է հայտը։
85. Եթե Ընթացակարգի 84-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն շտկում է արձանագրված անհամապատասխանությունները, ապա վերջինիս հայտը գնահատվում է Ընթացակարգով սահմանված կարգով, իսկ հակառակ դեպքում հայտը մերժվում է։
86. Հայտատուներին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց տրվող կշիռները սահմանված են ընթացակարգի 100-րդ կետում։
87. Օպերատորի ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`
1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն.
2) արժեքի վրա հիմնված ընտրություն կամ
3) առավելագույն` ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրություն:
88. Հայտատուների ներկայացրած տեխնիկական առաջարկը և ֆինանսական առաջարկը գնահատվում են առանձին։ Առաջին հերթին գնահատվում են հայտատուների տեխնիկական առաջարկները, այնուհետև՝ ֆինանսական առաջարկները։ Ֆինանսական առաջարկները չեն գնահատվում այն ժամանակ, երբ տեխնիկական առաջարկները չեն հաղթահարում ընթացակարգի 100-րդ կետով նախատեսված նվազագույն շեմը, իսկ գնահատումը ընթացակարգի 87-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված եղանակով իրականացվելու դեպքում տեխնիկական և ֆինանսական առաջարկները գնահատվում են միաժամանակ։
89. Տեխնիկական առաջարկները գնահատվում են ընթացակարգի 100-րդ կետին համապատասխան, որով սահմանված են հայտատուներին ներկայացվող տեխնիկական պահանջները, դրանց տրված կշիռները և նվազագույն շեմը, որը գերազանցելու դեպքում միայն տեխնիկական առաջարկը կարող է հաստատվել:
90. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում ընթացակարգի 100-րդ կետով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու և այդպիսի տեխնիկական առաջարկներից յուրաքանչյուրին՝ ընթացակարգի 100-րդ կետով նախատեսված կարգով տրված գնահատականի վերաբերյալ։ Հայտատուի տեխնիկական առաջարկին տրվող վերջնական գնահատականը որոշվում է հանձնաժողովի անդամների կողմից ընթացակարգի 100-րդ կետով նախատեսված կարգով տեխնիկական առաջարկին տրված գնահատականների միջին թվաբանականի հիման վրա։ Հանձնաժողովը մերժում է 100-րդ կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը՝ առանց ֆինանսական առաջարկը բացելու։
91. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու մասին։ Հանձնաժողովը մերժում է 100-րդ կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը առանց ֆինանսական առաջարկը բացելու։
92. Առավելագույն՝ ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության դեպքում ֆինանսական առաջարկին կշիռ չի տրվում, ֆինանսական առաջարկը հաստատվում է, եթե առավելագույն՝ ֆիքսված արժեքը չի գերազանցում, և հաղթող է ընտրվում տեխնիկական առաջարկի ամենաբարձր գնահատականը ստացած հայտատուն։ Հանձնաժողովը մերժում է 100-րդ կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը:
93. Տեխնիկական առաջարկների գնահատումից հետո առաջարկի հարցմամբ նշված ֆինանսական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում հանձնաժողովի կողմից բացվում են ֆինանսական առաջարկները: Ֆինանսական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`
1) հայտը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում՝ կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ ֆինանսական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող ֆինանսական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ ֆինանսական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ հայտերը հետ վերցնելու կամ ֆինանսական առաջարկների փոփոխությունների և լրացումների մասին:
94. Ֆինանսական առաջարկների բացման նիստն արձանագրվում է հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
95. Հանձնաժողովը ֆինանսական առաջարկները գնահատում է ընթացակարգի 102-րդ կետին համապատասխան:
96. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում հանձնաժողովը բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընթացակարգի 100-րդ կետով նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Ներկայացված ֆինանսական առաջարկներից յուրաքանչյուր չափանիշի (առաջարկի հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ ենթաչափանիշի) վերաբերյալ լավագույն առաջարկը ստանում է այդ չափանիշի (ենթաչափանիշի) համար սահմանված առավելագույն միավորը, իսկ նույն չափանիշի (ենթաչափանիշի) վերաբերյալ մյուս ֆինանսական առաջարկների համապատասխան չափանիշները (ենթաչափանիշները) գնահատվում են ըստ լավագույն առաջարկի նկատմամբ տոկոսային հարաբերության։ Հիմք ընդունելով տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների հանրագումարը՝ հանձնաժողովն ընդունում է որոշում օպերատորի ընտրության ընթացակարգում առավելագույն գնահատական ստացած հայտը ներկայացրած հայտատուին հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
97. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում հանձնաժողովը բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը՝ հանձնաժողովն ընդունում է որոշում օպերատորի ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
98. Առավելագույն՝ ֆիքսված արժեքի սահմաններում ոչ արժեքային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության դեպքում հաղթող հայտատուն որոշվում է ընթացակարգի 88-րդ և 92-րդ կետերին համապատասխան։
99. Այն դեպքում, երբ օպերատորի ընտրության ընթացակարգում երկու կամ ավելի տարբեր հայտերով ներկայացվել է նույն լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ երկու կամ ավելի հայտեր ստացել են նույն առավելագույն գնահատականը (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում), ապա հանձնաժողովը համապատասխան հայտերը ներկայացրած հայտատուներին ծանուցում է այդ մասին, և տվյալ հայտատուներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու նոր ֆինանսական առաջարկ, որը պետք է ներկայացվի հայտերի ներկայացման համար սահմանված կարգով։ Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականները (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում)՝ հանձնաժողովն ընդունում է որոշում օպերատորի ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
100. Օպերատորի ընտրության ընթացքում արժեքի և որակի վրա հիմնված ընտրության մեթոդը կիրառվելու դեպքում հայտատուների առաջարկների գնահատումը իրականացվում է հետևյալ կերպ․ ընդհանուր միավորներից 70-ը (70%)՝ տրվում է տեխնիկական առաջարկին, 30-ը (30%)՝ ֆինանսական առաջարկին։ Եթե տեխնիկական առաջարկի յուրաքանչյուր չափանիշի գծով ստացած միավորը ցածր է այդ չափանիշի առավելագույն միավորի 70 %-ից, ապա տեխնիկական առաջարկը մերժվում է։ Տեխնիկական առաջարկի գնահատումն իրականացվում է սույն կետով սահմանված աղյուսակ 1-ին համապատասխան:
Աղյուսակ 1
Գնահատման չափանիշ |
Որակի չափանիշի կշիռ (% և միավոր) |
Նվազագույն շեմ (% և միավոր) |
Ենթաչափանիշ |
Ենթաչափանիշի առավելագույն կշիռ, % |
Ենթաչափանիշի առավելագույն միավորը |
1․ Գործարար ծրագիր |
20 |
14 |
1․ Նախագծի նպատակների ներկայացում և դրանց հասնելու մեթոդաբանությունը։ |
15 |
3 |
2. Ընդհանուր ներդրումների ծավալը, որը, բացի ուղղակի կապիտալ և գործառնական ծախսերից, կարող է ներառել, ռազմավարական, ոչ նյութական ակտիվների կամ նախկինում կատարված ներդրումների գնահատված արժեքը, որոնք ակնհայտորեն կապված են նախագծի իրականացման հետ: Դրանք կարող են ներառել սեփական ծրագրային ապահովում (մտավոր սեփականություն), նախապես մշակված տեխնոլոգիական լուծումներ կամ այլ՝ անմիջականորեն կապված նախկին ներդրումներ: Բոլոր նման ներդրումները պետք է հստակ նկարագրվեն և կապվեն առաջարկի նպատակների հետ: |
15 |
3 | |||
3․ Գործողությունների ծրագիրը՝ ներառյալ ռիսկերի կառավարման պլանը, նախագծի ժամանակացույցի իրագործելիություն և իրատեսականություն։ |
15 |
3 | |||
4․ Նախագծի ողջ ընթացքում կառավարման համակարգի կառուցվածքը՝ ներառյալ որակի կառավարման համակարգը։ |
15 |
3 | |||
5․ Նախագծի անձնակազմի որակավորումներ և համապատասխան փորձ։ |
25 |
5 | |||
6․ Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների (R&D) բյուջեի և դրա շարունակական բարելավման տեսլական։ |
15 |
3 | |||
2․ Տեղեկատվական համակարգ (Software) |
35 |
24,5 |
1․ Խաղային պրոցեսում տեղի ունեցող բոլոր խաղային գործողություններին հասանելիություն, խաղային արտադրանքների վրա տեղի ունեցող իրադարձությունները գրանցելու, հաշվառելու, անվտանգ պահպանելու և վերլուծելու հնարավորություն։ |
15 |
5.25 |
2. Տվյալների փոխանցման ուղիների և անձնական տվյալների գաղտնագրում, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխանություն։ |
10 |
3.5 | |||
3․ Իրական ժամանակում մոնիթորինգ (ոչ ավելի, քան 3 վայրկյան մեկ գործարքի համար)։ |
15 |
5.25 | |||
4․ Խաղային գործունեության բացասական սոցիալական ազդեցության նվազեցման հնարավորություն։ Օրենքի շրջանակներում խաղերին մասնակցության սահմանափակումներ ունեցող անձանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվական համակարգերում նույնականացման արդյունքով քաղաքացու մասնակցությունը խաղին սահմանափակված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ապահովում։ Պատասխանատու և արդար խաղի կանոնների (այդ թվում՝ խաղադրույքների կամ մասնակցության վճարների, խաղացողի կողմից խաղերի վրա ծախսած ժամաքանակի և այլն) պահպանման վերաբերյալ տեղեկատվության ապահովում։ |
10 |
3.5 | |||
5․ Վերլուծությունների և ստատիկ և դինամիկ հաշվետվությունների գեներացման հնարավորություն և վերահսկող մարմնին հաշվետվություններին WEB- ինտերֆեյսի միջոցով հեռահար հասանելիության հնարավորության ապահովում։ |
10 |
3.5 | |||
6․ Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում՝ բոլոր շահառուների համար հասանելիության հնարավորությամբ, որը կապահովի նրանց միջև տեղեկատվության ընդունումը, փոխանակումը, թույլտվությունների ստացման, օպերացիոն վկայագրերի, խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների, խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգերի և այլնի նկատմամբ հասանելիություն։ |
10 |
3.5 | |||
7․ API (Application Programming Interface - Կիրառական ծրագրավորման միջերես) հարցումների կազմում՝ այլ տեղեկատվական համակարգերի և ծառայությունների հետ փոխգործելիության ապահովման նպատակով երրորդ կողմի (խաղային գործունեության կազմակերպիչներ, պետական մարմիններ և այլն) համակարգերի հետ ինտեգրման և զարգացման հնարավորություն (երրորդ կողմի տվյալների բազաներ, մուտքի վերահսկման համակարգեր, տեսահսկում և այլն)։ |
15 |
5.25 | |||
8․ Համակարգի ճկունություն և մասշտաբայնություն ապահովող ճարտարապետության ներկայացում՝ ապագա պահանջների փոփոխությունները հեշտությամբ իրացնելու համար։ |
10 |
3.5 | |||
9․ Հայերենի, ռուսերենի և անգլերենի ապահովում։ |
5 |
1.75 | |||
3․ Ֆիզիկական ենթակառուցվածք |
15 |
10,5 |
1․ Սերվերների տեսակներ (ՏՏ ենթակառուցվածքային լուծումներ ձեռնարկությունների համար)։ |
15 |
2.25 |
2․ Անվտանգության տեղեկատվական համակարգեր և սերտիֆիկացում (Security software/firmware and protocols)։ |
15 |
2.25 | |||
3․ Անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքի նկարագրություն, այդ թվում՝ - ակտիվ (արագ հասանելիության) տվյալների պահեստ (Hot Storage)․ - արխիվային (հազվադեպ հասանելիության) տվյալների պահեստ (Cold Storage)․ - հաշվողական հզորություններ / Մշակման ռեսուրսներ (Compute)․ - ցանցային ենթակառուցվածք (Networking) - տվյալների ֆիլտրացիայի հնարավորություն (Firewall Throughput)։ Ենթակառուցվածքը կարող է իրականացվել ֆիզիկական (տեղային՝ on-premises) բաղադրիչներով կամ համարժեք ամպային ծառայություններով (cloud- based services)՝ պայմանով, որ բավարարվեն կատարողականության, հասանելիության և անվտանգության բոլոր պահանջները: |
40 |
6 | |||
4․ Տվյալների կենտրոնի բնութագրեր (Տվյալների կենտրոնը պետք է ապահովի առնվազն «Tier 2» մակարդակի ենթակառուցվածքային հուսալիություն՝ համաձայն տվյալների կենտրոնների արդյունաբերական ստանդարտների)։ Եթե առաջարկվում են ամպային ծառայություններ (cloud-based services), հայտատուն պետք է ցույց տա, որ ընտրված մատակարարը գործում է միջազգայնորեն ընդունված անվտանգության և հասանելիության ստանդարտներին համապատասխան (օրինակ՝ ISO/IEC 27001 կամ համարժեք): |
15 |
2.25 | |||
5․ Մոնիթորինգի սարքերի մանրամասն նկարագրություն (անլար կայուն կապի և համակարգի անխափան աշխատանքի ապահովման համար նվազագույն տեխնիկական պահանջների ապահովմամբ)։ |
15 |
2.25 |
101. Հանձնաժողովը առաջարկի հարցմամբ կարող է սահմանել տեխնիկական չափանիշների մանրամասն նկարագրեր, ենթաչափանիշը իր հերթին առանձնացնել մի քանի մասի, սահմանել գնահատման մեթոդաբանություն։ Ընդ որում՝ հանձնաժողովը կարող է սահմանել, որ գնահատման մեթոդաբանության շրջանակներում արդեն իսկ պատրաստի ապրանքները, ծրագրերը, ծառայությունները, լուծումները ավելի նախընտրելի են և նույն չափանիշի և ենթաչափանիշի շրջանակներում գնահատվում են ավելի բարձր, քան այդ ապրանքները, ծրագրերը, ծառայությունները, լուծումները ստեղծելու վերաբերյալ առաջարկները։ Հանձնաժողովը կարող է տեխնիկական առաջարկի գնահատման փուլում իրականացնել ներկայացված պատրաստի ապրանքի, ծրագրերի, ծառայության, լուծման զննություն, փորձարկում, թեստավորում՝ իր կողմից որոշված մեթոդներով։
102.Ֆինանսական առաջարկը գնահատվում է սույն կետով սահմանված աղյուսակին համապատասխան: Հանձնաժողովը առաջարկի հարցմամբ կարող է սահմանել աղյուսակ 2-ում սահմանված գնահատման չափանիշի ենթաչափանիշներ՝ նախատեսելով նաև դրանց կշիռները։ Գնահատման չափանիշի ենթաչափանիշների կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի գնահատման չափանիշի կշռին։
Աղյուսակ 2
Գնահատման չափանիշ |
Չափանիշի կշիռ (%) և առավելագույն միավոր |
Գնահատման կողմնորոշիչ |
Աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գները (սակագները) |
30 |
Լավագույն առաջարկ է համարվում աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների ամենացածր գները (սակագները) ներառող առաջարկը։ |
103. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել հանձնաժողովի նիստերին՝ բացառությամբ դռնփակ նիստերի:
104.Հայտերի գնահատման նիստ(եր)ը կարող է (են) անցկացվել նաև հեռավար՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ կամ գրավոր՝ փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային կամ էլեկտրոնային կապի միջոցներով փոխանակելու եղանակով:
105. Հայտերի գնահատման նիստի անցկացման ընթացակարգը, նիստին հայտատուների մասնակցության կարգը, նիստի արձանագրությունների վարման նկատմամբ պահանջները սահմանվում են հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
106. Տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներով հանձնաժողովը նիստում որոշում է կայացնում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
107. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացմանը հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովը հաղթող հայտատուին գրավոր ծանուցում է մրցույթի արդյունքների հրապարակման օրվա, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային կազմակերպություն ստեղծելու և այն պետական գրանցման ներկայացնելու պարտականության մասին:
108. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը վերահսկող և լիազոր մարմինների կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է հաղթող հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում՝ կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր հայտի տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման ամփոփ արդյունքները։
ԳԼՈՒԽ 10. ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
109. Օպերատորի ընտրության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված անձը պարտավոր է մրցույթի արդյունքների հրապարակումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստեղծել առևտրային կազմակերպություն և այն ներկայացնել պետական գրանցման։
110. Վերահսկող մարմինը հաղթող հայտատուի կողմից ստեղծված առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
111. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո եռօրյա ժամկետում վերահսկող մարմինը օպերատորին է ներկայացնում իր կողմից ստորագրված պայմանագրի երկու օրինակ։
112. Օպերատորը պայմանագրի երկու ստորագրված օրինակները ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում ստորագրում է պայմանագրի երկու օրինակները, որոնցից մեկը հանձնում է վերահսկող մարմնին, իսկ մյուս օրինակը պահում է իր մոտ։ Եթե սույն կետով սահմանված ժամկետում օպերատորը չի ստորագրում պայմանագիրը, ապա համարվում է, որ օպերատորը հրաժարվում է պայմանագիրը կնքելուց, որի դեպքում պարտավոր է վճարել հայտի ապահովման գումարը։
113. Պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկություններն ու պայմանները՝
1) պայմանագրի կողմերը.
2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ռիսկերը և այդ ռիսկերի՝ վերահսկող մարմնի և օպերատորի միջև բաշխումը.
3) պայմանագրի առարկան (այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը) և օրենքի 32-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված պահանջներն ու պայմանները․
4) պայմանագրի համաձայն ներդրվող և շահագործվող և (կամ) սպասարկվող ենթակառուցվածքի նկարագրությունը՝ ներառյալ տեխնիկական և տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը և օգտագործման ժամկետ(ներ)ը.
5) ներդրվող ենթակառուցվածքի նկատմամբ կողմերի իրավունքների բաշխումը, ինչպես նաև դրանց փոխանցման կարգը.
6) օպերատորի կողմից կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման և փոփոխման կամ դրանց առնչվող պայմանները.
7) պայմանագրի գործողության ժամկետը և (կամ) դրա որոշման կարգը.
8) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը և օպերատորի կողմից դրա վճարման հիմքերը և կարգը.
9) պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.
10) պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ միակողմանի, հիմքերը, որոնք պետք է ներառեն առնվազն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ օպերատորի լիազորությունների դադարեցման դեպքերը, պայմանագրի դադարեցման ընթացակարգերը և հանգամանքները՝ ներառյալ առկայության դեպքում վարկատուի միջամտության իրավունքները և պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց փոխհատուցման հաշվարկի կարգը.
11) օպերատորի կողմից կատարվող ներդրումների նվազագույն ծավալը․
12) պայմանագրի կնքումից հետո օպերատորի հիմնադրի, բաժնետիրոջ, մասնակցի, փայատիրոջ, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի փոփոխությունների վերաբերյալ վերահսկող մարմնին տեղեկատվության տրամադրման և վերահսկող մարմնի համաձայնության ստացման կարգը։
114. Պայմանագիրը կնքվում է տասնհինգ տարի ժամկետով:
115. Օպերատորի ընտրության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված անձի կողմից ստեղծված և պետական գրանցում ստացած առևտրային իրավաբանական անձը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օպերատոր սահմանվելու օրվանից հետո վեցամսյա ժամկետում բավարարի օրենքով, ընթացակարգով և պայմանագրով օպերատորին ներկայացվող պահանջները և ամբողջությամբ կատարի Օպերատորի գործառույթները։
116. Պայմանագրի կնքումից հետո օպերատորը հիմնադրի, բաժնետիրոջ, մասնակցի, փայատիրոջ, իրական շահառուի կամ նրանց հետ փոխկապակցված անձի փոփոխությունների վերաբերյալ պարտավոր է տեղեկատվություն տրամադրել վերահսկող մարմնին։
ԳԼՈՒԽ 11․ ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
117. Առաջարկի հարցման փուլում հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է հայտի ապահովում:
118. Հաղթող հայտատուն առաջարկի հարցման հայտարարությամբ սահմանված չափով ներկայացնում է պայմանագրի ապահովում:
119. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը ներկայացվում են բանկային երաշխիքի ձևով: Հանձնաժողովը կարող է սահմանել չափանիշներ, որին համապատասխանող բանկի կողմից տրված երաշխիքը համարվում է ընդունելի։
120. Հայտի ապահովման չափը չի կարող պակաս լինել օպերատորի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ հայտատուի գործարար ծրագրում առաջիկա երեք տարիների համար նշված ծախսերի գնահատված արժեքի 2 (երկու) տոկոսից։
121. Հայտի ապահովումը ներկայացվում է հետևյալ կարգով․ հայտատուն առաջարկի փուլի հայտի հետ միաժամանակ հանձնաժողով է ներկայացնում բանկային երաշխիքի պայմանագիրը և բանկին պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ՝ երաշխիքի պայմանագրով սահմանված փաստաթղթերը։
122. Հանձնաժողովը մերժում է հայտի ապահովման ընդունումը, եթե այն ներկայացվել է հայտի ապահովմանը ներկայացվող՝ ընթացակարգով և առաջարկի հարցմամբ սահմանված պահանջների խախտմամբ։
123. Հայտի ապահովումը պետք է վավեր լինի առաջարկի հարցմամբ նախատեսված ժամանակահատվածում․ ընդ որում, հայտի ապահովումը նվազագույնը պետք է գործի հայտի գործողության ժամանակահատվածի և դրան հաջորդող 60 (վաթսուն) օրացուցային օրվա ընթացքում։
124. Հայտի ապահովման ընդունումը մերժվում է գրավոր, որի մասին հայտատուն ծանուցվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
125. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն չի կատարում օրենքի 31-րդ հոդվածի պահանջները կամ հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է օպերատորի ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:
126. Հայտի ապահովման վճարման հիմքի առկայության դեպքում հանձնաժողովը երաշխիք տված բանկին ներկայացնում է գրավոր պահանջ երաշխիքով դրամական գումար վճարելու մասին՝ կցելով երաշխիքի պայմանագիրը և պայմանագրում նշված փաստաթղթերը։ Պահանջում նշվում է, թե որն է հայտատուի կողմից պարտավորության խախտումը, որի համար տրված է երաշխիքը։ Երաշխիքի գումարը փոխանցվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին։
127. Պայմանագրի ապահովման չափը չի կարող պակաս լինել օպերատորի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ հայտատուի գործարար ծրագրում առաջիկա երեք տարիների համար նշված ծախսերի գնահատված արժեքի 5 (հինգ) տոկոսից։
128. Պայմանագրի ապահովումը պետք է վավեր լինի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում։
129. Պայմանագրի ապահովումը ներկայացվում է հետևյալ կարգով․ հաղթող հայտատուի որոշվելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հաղթող հայտատուն հանձնաժողով է ներկայացնում պայմանագրի ապահովում՝ հայտի ապահովման համար ընթացակարգով սահմանված կանոններով։
130. Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում վերահսկող մարմինը պայմանագրի ապահովման գումարի վճարման վերաբերյալ պահանջ է ներկայացնում երաշխիք տված բանկին։
131. Պայմանագրի ապահովման ընդունման մերժումը և պայմանագրի ապահովման հետ կապված մյուս հարցերը կարգավորվում են հայտի ապահովման վերաբերյալ ընթացակարգով սահմանված կանոններով։
ԳԼՈՒԽ 12․ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
132. Օպերատորի ընտրության մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
1) որակավորման հայտերից կամ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում որակավորման հարցման կամ առաջարկի հարցման պայմաններին, կամ չի ներկայացվել որակավորման հայտ կամ հայտ.
2) որակավորման փուլի ավարտից հետո սահմանված ժամկետում հանձնաժողովը որակավորված հայտատուներին չի ծանուցում առաջարկի հարցումը․
3) պայմանագիր չի կնքվել:
133. Մրցույթը չկայացած հայտարարելու հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը որոշում է կայացնում օպերատորի ընտրության մրցույթը չկայացած հայտարարելու մասին։
134. Օպերատորի ընտրության մրցույթը չկայացած հայտարարվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը վերահսկող և լիազոր մարմինների պաշտոնական կայքերում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակում է հայտարարություն, որում նշվում է օպերատորի ընտրության մրցույթը չկայացած հայտարարվելու հիմնավորումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2025 թվական:
