ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մերժումը» բառից հետո լրացնել «և նախնական համաձայնության գործողության դադարեցումը» բառերով․
2) 1-ին մասի «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով.
3) 1-ին մասի 3-րդ կետը «չմարված» բառից հետո լրացնել «կամ չվերացված» բառերով.
4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
5) 1-ին մասի 9-րդ կետի «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։»։
Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «ձեռքբերման նախնական համաձայնության գործողության» բառերը.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ներդրումային ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացվելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց (իսկ ներդրումային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վրա կամ վտանգել հաճախորդների շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի ներդրումային ընկերությունում իր ունեցած ներդրումները կամ ներդրումային ընկերության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել ներդրումային ընկերության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է ներդրումային ընկերության ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները կամ համապատասխան պահանջի իրավունքը չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։»․
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Ներդրումային ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին։ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3․ Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով նախատեսված հիմքը, ապա ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ներդրումային ընկերության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.
«1.2) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 5-րդ կետը «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերով, իսկ «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով։
Հոդված 4. Օրենքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.
«1.2) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 5-րդ կետը «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերով, իսկ նույն կետի «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով։
Հոդված 5. Օրենքի 179-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.
«1.2) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 5-րդ կետը «անցյալում» բառից առաջ լրացնել «կամ որի հետ փոխկապակցված անձն» բառերով, իսկ նույն կետի «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով։
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։ Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առաջացման դեպքում ներդրումային ընկերությունը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր են մեկ ամսվա ընթացքում համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով նախատեսված ժամկետում համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկն ընդունում է այդ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով լրացվող՝ Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ներդրումային ընկերության, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-269-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
