ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» հուլիս 2025 թվական N 79-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ, ԳՐԻՊԻ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Սուր շնչառական վարակների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-021-10 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 34-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
23.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «23»-ի N 79-Ն հրամանի |
ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ, ԳՐԻՊԻ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1․ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՆԱՀՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Սուր շնչառական վարակների (այսուհետ՝ ՍՇՎ), գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), բնակչության սոցիալական սպասարկման հաստատությունների համար։
2. Նորմատիվը սահմանում է ՍՇՎ-ի, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզությանը), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2․ ՍՇՎ-ՆԵՐԻ, ԳՐԻՊԻ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Բնակչության շրջանում ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերը հայտնաբերվում են ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն դեպքի ստանդարտ բնորոշումների:
4. Գրիպի կլինիկական չափանիշն է անձի մոտ սույն կետի ենթակետերով նախատեսված կլինիկական ձևերից առնվազն մեկի առկայությունը՝
1) գրիպանման հիվանդություն, որի ախտանշաններն են՝ հազի կամ կոկորդի ցավի կամ անհամաչափ շնչառության հանկարծակի ի հայտ գալը և հետևյալ չորս համակարգային ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. տենդ կամ բարձր ջերմություն.
բ. անհանգստություն.
գ. գլխացավ.
դ. մկանացավ.
2) ՍՇՎ, որի կլինիկական չափանիշն է՝ հիվանդությունը վարակով պայմանավորված լինելու մասին բժշկի եզրակացությունը և հետևյալ շնչառական ախտանշաններից առնվազն մեկի հանկարծակի ի հայտ գալը՝
ա. հազ.
բ. կոկորդի ցավ.
գ. հևոց.
դ. քթահոսություն:
5. Գրիպի լաբորատոր չափանիշն է սույն կետի ենթակետերով նախատեսված պայմաններից առնվազն մեկի առկայությունը՝ (հնարավորության դեպքում, իրականացվում է գրիպի նմուշի ենթատիպավորում)՝
1) գրիպի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից,
2) գրիպի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում,
3) գրիպի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստի միջոցով,
4) գրիպի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
6. Գրիպի համաճարակաբանական չափանիշն է մարդուց մարդ փոխանցումը:
7. Գրիպի դեպքի դասակարգում՝
1) կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ).
2) հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և առկա է համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և լաբորատոր չափանիշներին:
8. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կլինիկական չափանիշն է անձի մոտ սույն կետի ենթակետերով նախատեսված պայմաններից առնվազն մեկի առկայությունը՝
1) ջերմության բարձրացում և հազ,
2) հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երեքի սուր սկիզբ՝ տենդ, հազ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ, մկանացավ, կոկորդի ցավ, ռինիտ, հևոց, սրտխառնոց, լուծ, ախորժակի անկում:
9. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր չափանիշն է սույն կետի ենթակետերով նախատեսված պայմաններից առնվազն մեկի առկայությունը՝
1) կենսաբանական նյութի նմուշում վիրուսի նուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում ՊՇՌ-մեթոդով.
2) ՍԱՌՍ-ԿՈՎ-2 (SARS-CoV-2) հակածնի հայտնաբերում արագ ախտորոշիչ թեստով:
10. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական չափանիշն է՝ մարդուց մարդ փոխանցումը (հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ):
11. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքի դասակարգում՝
1) Կասկածելի դեպք՝
ա. կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող անձ,
բ. ծանր սուր շնչառական հիվանդությամբ (ԾՍՇՀ՝ անամնեզում տենդով կամ 38°C կամ բարձր ջերմությամբ, ՍՇՎ, հազ, ախտանշանների սկիզբը վերջին 10 օրերին, հոսպիտալացման ցուցումներ) անձ.
գ. ՍԱՌՍ-ԿՈՎ-2 (SARS-CoV-2) հակածնի հայտնաբերման արագ թեստի դրական արդյունքով անձ, ում մոտ բացակայում են կլինիկական և համաճարակաբանական չափանիշները։
2) Հավանական դեպք՝
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
բ․ նախկինում շնչառական դիսթրես-համախտանիշով և հավանական կամ հաստատված դեպքի հետ շփում ունեցած կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցած մեծահասակ պացիենտի անհայտ պատճառից մահվան ելք։
3) Հաստատված դեպք՝
ա. լաբորատոր ախտորոշիչ հետազոտության (նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով՝ (ՊՇՌ)) դրական արդյունքով անձ, անկախ կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշների առկայությունից.
բ. կլինիկական և համաճարակաբանական չափանիշին համապատասխանող և բժշկական կազմակերպության կողմից իրականացված ՍԱՌՍ-ԿՈՎ-2 (SARS-CoV-2) հակածնի հայտնաբերման արագ թեստի դրական արդյունքով անձ:
12. Բժշկական կազմակերպությունը ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի հաշվառումը, հաղորդումը և հաշվետվությունն իրականացնում է համաձայն հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջները սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
13. Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված ՍՇՎ-ով, գրիպով և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ)՝ համաձայն Նորմատիվի ձև 2-ի։
14. Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով, իրականացվում է ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկում:
15. Հայաստանի Հանրապետությունում ՍՇՎ-ների պոպուլյացիոն (ընդհանուր), ուժեղացված և դետքային համաճարակաբանական դիտարկում իրականացվում է հետևյալ կերպ`
1) պոպուլյացիոն (ընդհանուր) համաճարակաբանական դիտարկումն իրականացվում է ամբողջ տարի, Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների հիման վրա,
2) ուժեղացված համաճարակաբական դիտարկումն իրականացվում է գրիպի անսովոր և անսպասելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Իրականացվում է աշուն-գարուն ժամանակահատվածում՝ ՍՇՎ-ների սեզոնի տվյալ տարվա 40-րդ շաբաթից մինչ հաջորդ տարվա 20-րդ շաբաթը (այսուհետ՝ ՍՇՎ սեզոն),
3) դետքային համաճարակաբանական դիտարկումն իրականացվում է ամբողջ տարի՝ ներառում է դիտարկման համակարգում ընդգրկված բժշկական կազմակերպությունների միջոցով՝ Նորմատիվի Ձև 1-ով սահմանված ՍՇՎ-ների և ծանր սուր շնչառական վարակների (այսուհետ՝ ԾՍՇՎ) դեպքերի ստանդարտ բնորոշումների համաձայն հիվանդության դեպքերի դիտարկումը և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը:
16. ՍՇՎ-ների սեզոնի՝ 40-րդ շաբաթից սկսված օրական կտրվածքով իրականացվում է ՍՇՎ-ների բժշկական կազմակերպություն դիմելիության, հոսպիտալացումների, այդ թվում՝ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ հոսպիտալացումների, շտապ բժշկական օգնության կանչերի համաճարակաբանական դիտարկում, ուսումնական հաստատություններում սենքերի ջերմային ռեժիմի ցուցանիշների և ՍՇՎ-ներով պայմանավորված բացակայությունների դիտարկում և տեղեկատվությունը ներկայացվում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի։
17. Դետքային համաճարակաբանական դիտարկումը իրականացվում է՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած գործողությունների ստանդարտ ընթացակարգերի։
18. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով, իրականացվում է՝
1) ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, ինչպես նաև համաճարակային իրավիճակից ելնելով՝ օրական և շաբաթական,
2) համաճարակային իրավիճակի գնահատում` ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով,
3) հիվանդության կանխատեսում` ելնելով հիվանդության սեզոնայնությունից, ինչպես նաև հիվանդության այլ առանձնահատկություններից:
19. Գրիպի և ՍՇՎ-ների իրավիճակը համարվում է բարենպաստ, եթե վերլուծվող շաբաթվա ընթացքում հիվանդացության ցուցանիշները մնում են հաշվարկված համաճարակային շեմից ցածր։
20. Եթե վերլուծվող շաբաթվա ընթացքում ՍՇՎ-ների և գրիպի հիվանդացության աճի տեմպը (դինամիկան) նախորդ շաբաթվա համեմատ (տարիքային խմբերում և ընդհանուր բնակչության շրջանում) գերազանցում է 20%-ը, դա համարվում է տվյալ տարածքում համաճարակային իրավիճակի բարդացման լրացուցիչ ցուցանիշ։
ԳԼՈՒԽ 3. ՍՇՎ-ՆԵՐԻ, ԳՐԻՊԻ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ), ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
21. Գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունների արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով, իրականացվում է դեպքի և օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)։
22. Գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի և օջախի համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման մեթոդական ուղեցույցը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։
23. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ, վարակի կասկածով անձ, վարակակիր, կոնտակտավոր) կողմից:
24. ՍՇՎ-ների վերլուծության, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) արդյունքում Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իր ենթակայության պետական կազմակերպությունների կողմից, կարող են մշակվել և ներկայացվել առաջարկություններ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
25. Գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) օջախ է համարվում վարակի աղբյուրի գտնվելու վայրը (պացիենտի բնակարանը, աշխատավայրը, ուսումնական հաստատությունները), ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ տեղի է ունեցել պացիենտի հավանական վարակումը (բժշկական կազմակերպությունների, հանրային սննդի, ժամանցի և այլ կազմակերպություններ) և այն տարածքը, որի սահմաններում վարակը կարող է փոխանցվել:
26. ՍՇՎ-ներով, գրիպով և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտները անհրաժեշտության դեպքում հոսպիտալացվում են վարակիչ հիվանդությունների բժշկական կազմակերպություններում, այլ բժշկական կազմակերպությունների մեկուսացված հիվանդասենյակներում (անհատական մեկուսացման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում), կլինիկական ցուցումների դեպքում` վերակենդանացման բաժանմունքների մեկուսարաններում:
27. Բժշկական կազմակերպության ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված՝ կից մեթոդական ուղեցույց ունեցող ախտահանիչ միջոցներ՝ ձեռքերի և շրջակա միջավայրի ախտահանման համար, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ (այսուհետ՝ ԱՊՄ):
28. Վարակիչ գոտում ապահովվում են ախտահանիչ միջոցներ՝ ձեռքերի և շրջակա միջավայրի ախտահանման համար, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված ԱՊՄ-ների հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ-ները հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ-ները հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի լվացում կամ մշակում ախտահանիչ միջոցով: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի լվացում կամ մշակում ախտահանիչ միջոցով:
29. ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը բժշկական օգնության և սպասարկման ընթացքում կանխարգելելու նպատակով՝ ՍՇՎ-ով, գրիպով կամ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտը մեկուսացվում է մեկուսարանում կամ առանձին սենյակում՝ կիրառելով օդակաթիլային մեկուսացման ստանդարտ միջոցառումները, որը փակցվում է բաժանմունքի կամ հիվանդասենյակի մուտքի դռան վրա: Օդակաթիլային մեկուսացման ստանդարտ միջոցառումները սահմանվում են Նորմատիվի ձև 5-ով:
30. ՍՇՎ-ներով, գրիպով կամ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի մեկուսարանից դուրս գալուց հետո նրա հետ շփված պարագաները ենթարկվում են եզրափակիչ ախտահանման՝ համաձայն ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։ Արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն Նորմատիվի ձև 3-ի։
31. ՍՇՎ-ի, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշաններ ունեցող և հոսպիտալացված պացիենտների հետ անմիջական շփում (պացիենտի զննություն, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում) ունեցող բուժանձնակազմը կրում է բժշկական դիմակ, իսկ վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և շտապ բուժօգնության բաժանմունքներում աշխատող (հերթապահող) բուժանձնակազմը, որը կատարում է աերոզոլների առաջացմամբ միջամտություններ, կրում է շնչադիմակ (N95, FFP2), միանվագ օգտագործման ձեռնոց, խալաթ, բժշկական գլխարկ, ակնոց:
32. Բժշկական կազմակերպություններում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում է՝
1) ձեռքերի հիգիենա` համաձայն ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի,
2) բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում և մանրէազերծման գործընթաց` համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի,
3) թափոնների վարում՝ համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
33. ՍՇՎ-ներով, գրիպով և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների խնամակալները կրում են բժշկական դիմակ և խնամակալության ողջ ընթացքում չի թույլատրվում դուրս գալ բժշկական կազմակերպության տվյալ բաժանմունքից։
34. ՍՇՎ-ներով և գրիպով պացիենտների վարումը իրականացվում է համաձայն՝ Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 20-ի «Վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» N 69-Ն հրամանի պահանջների։
35. ՍՇՎ-ների սեզոնի ողջ ընթացքում բժշկական կազմակերպություններում՝
1) սահմանափակվում է այցելուների մուտքը բժշկական կազմակերպություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 365-Ն հրամանի,
2) բժշկական կազմակերպության մուտքի դռների, հիվանդասենյակի մոտ փակցվում է ցուցանակ իրականացվող միջոցառումների վերաբերյալ՝ համաձայն Նորմատիվի ձև 5-ի,
3) սահմանափակվում է պացիենտների տեղաշարժը բաժանմունքից դուրս,
4) անհրաժեշտության դեպքում՝ բժշկական կազմակերպություններում իրականացվում է բաժանմունքների վերապրոֆիլավորում` փուլ առ փուլ պացիենտների հոսպիտալացման համար, լրացուցիչ մահճակալների ծավալում՝ ՍՇՎ-ներով, հետգրիպային բարդություններով, ԾՍՇՎ պացիենտների հոսպիտալացումն իրականացնելու համար:
36. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում (այսուհետ՝ ԱԱՊԿ)՝
1) հնարավորության դեպքում առանձնացվում է բժշկի աշխատասենյակ` ՍՇՎ-ներին, գրիպին և կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) բնորոշ ախտանշաններով պացիենտների ընդունման և հաշվառման համար,
2) համապատասխան լիազոր մարմնի որոշմամբ շաբաթ և կիրակի օրերին սահմանվում է հերթապահություն,
3) բնակչության շրջանում բժշկական և հանրային առողջապահական գիտելիքների տարածման, առողջ ապրելակերպի քարոզչության իրազեկման աշխատանքների ուժեղացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գրիպի և ՍՇՎ-ների կանխարգելման և պացիենտների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին։
37. Բժշկական կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում և հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքներում՝
1) ՍՇՎ-ների սեզոնի ողջ ընթացքում ուժեղացվում է հսկողությունն ընդունվող ծննդաբերների, ծննդկանների նկատմամբ (ջերմաչափում, քիթ-ըմպանի զննություն և այլն)` ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով, որի վերաբերյալ կատարվում են գրանցումներ հիվանդության պատմագրում կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում,
2) ՍՇՎ-ներին, գրիպին և կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) բնորոշ ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս վերջինս հոսպիտալացվում է, ծննդատանը գտնվելիս պացիենտը տեղափոխվում է մեկուսարան, իսկ բժշկական կազմակերպությունում առկա մեկուսարանների զբաղվածության ժամանակ պացիենտները տեղակայվում են սանհանգույցով և լվացարանով ապահովված մեկտեղանի հիվանդասենյակներում,
3) եթե ձևավորվել է ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) օջախ կամ արձանագրվել է բռնկում, ապա իրականացվում է`
ա. ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշաններով պացիենտի և այդ ախտանշաններով պացիենտի հետ շփված ծննդաբերների, ծննդկանների և երեխաների նկատմամբ հսկողություն` (ջերմաչափում, քիթ-ըմպանի զննություն) ապահովելով մեկուսացման պայմաններ,
բ. շփման մեջ գտնված երեխաների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ջերմաչափում օրը 2 անգամ,
գ. նորածնի դուրս գրման ժամանակ նրա փոխանակման քարտում կատարվում է նշում ՍՇՎ-ով, գրիպով և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդների հետ շփման մեջ գտնվելու մասին, որպեսզի նրա նկատմամբ հսկողությունը շարունակվի բնակության վայրի ԱԱՊԿ-ում,
դ. երեխային կերակրելու ժամանակ ՍՇՎ-ով, գրիպով և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդ մայրը կրում է բժշկական դիմակ,
ե․ Շտապօգնության ավտոմեքենայով ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածով անձանց տեղափոխումից հետո իրականացվում է շտապօգնության ավտոմեքենայի ախտահանում:
ԳԼՈՒԽ 4. ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
38. ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով առողջարաններում, ուսումնական և բնակչության սոցիալական սպասարկման հաստատություններում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) Մեկուսարանի բացակայության դեպքում նախատեսվում է սենք, որտեղ մեկուսացվում են գրիպի, ՍՇՎ-ների և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքի բնորոշման կլինիկական չափանիշներին համապատասխանող անձինք, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները՝ այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան ԱԱՊԿ-ին, անչափահասի մեկուսացման դեպքում՝ նաև վերջինիս օրինական ներկայացուցչին։ Այդ տարածքները չեն օգտագործվում այլ նպատակների համար և չեն կարող լինել տարանցիկ,ուսումնական հաստատությունները սպասարկող բուժաշխատողի կողմից իրականացվում է ՍՇՎ-ներին բնորոշ ախտանշաններով սովորողների, սաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում, իսկ ՍՇՎ-ների հիվանդացության սեզոնային բարձրացման ընթացքում՝ Լիազոր մարմնի առաջարկությամբ սահմանվում է «համաճարակային ֆիլտր»՝ ուսումնական հաստատության բուժաշխատողի կողմից ՍՇՎ-ներին բնորոշ ախտանշաններով սովորողների և աշխատակիցների մուտքը բացառելու նպատակով,
2) յուրաքանչյուր օր առողջարաններում, ուսումնական, բնակչության պաշտպանության հաստատություններում մակերեսները, այդ թվում՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսները՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
3) սենյակների օդափոխում, խոնավ մաքրում,
4) առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկական և հիգիենիկ գիտելիքների տարածում:
39. Առողջարանների, ուսումնական և բնակչության պաշտպանության հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է ՍՇՎ-ների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանի վարումը՝ համաձայն Նորմատիվի Ձև 3-ի:
40. Առողջարանների, ուսումնական և բնակչության պաշտպանության հաստատությունում ապահովվում է ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
41. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ՍՇՎ-ով պայմանավորված սաների միաժամանակ 20% և ավել բացակայության դեպքում Լիազոր մարմինը կարող է հանդես գալ առաջարկությամբ՝ ուսումնական հաստատությունների գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։
42. Ուսումնական հաստատությունում աշխատողների, սովորողների, ուսանողների ընդհանուր թվի միաժամանակ 20% և ավել՝ ՍՇՎ, գրիպ կամ կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) բացակայության դեպքում հաստատությունը կարող է համապատասխան բնագավառի լիազոր մարմնին ներկայացնել առաջարկություն՝ նախադպրոցական հաստատությունների գործունեության դադարեցման, իսկ հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
43. Ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունն ուսումնական հաստատությունների կողմից «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ին է ներկայացվում` համաձայն Նորմատիվի Ձև 4-ի:
ԳԼՈՒԽ 5. ԳՐԻՊԻ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
44. Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Իմունականխարգելման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի, տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի և Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամաններով հաստատված կիրառման ուղեցույցների:
Ձև 1
Դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի ՍՇՎ-ների և ԾՍՇՎ-ների ստանդարտ բնորոշումներ
1. Սուր շնչառական վարակ (ՍՇՎ)՝ հետևյալ շնչառական ախտանշաններից առնվազն մեկի հանկարծակի ի հայտ գալը և հիվանդությունը վարակով պայմանավորված լինելու մասին բժշկի եզրակացությունը՝
1) հազ,
2) կոկորդի ցավ,
3) հևոց,
4) քթահոսություն:
2. Ծանր սուր շնչառական վարակ (ԾՍՇՎ)՝ սուր շնչառական վարակ է, որը բնորոշվում է հետևյալ ցուցանիշների առկայությամբ՝
1) վերհուշում (անամնեզ) առկա է ջերմություն,
2) ջերմաչափման արդյունքում առկա է 38.0 C° կամ բարձր ջերմություն,
3) հազ,
4) առաջացել է վերջին 10 օրվա ընթացքում, և պահանջում է հոսպիտալացում:
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում ՍՇՎ-ներով, ԾՍՇՎ-ներով և թոքաբորբերով հոսպիտալացված պացիենտների վերաբերյալ
N |
Անուն Ազգանուն |
Տարիք |
Հասցե |
Հիվանդության սկիզբ |
Հոսպիտալացման ամսաթիվ |
Ախտորոշում |
Թոքերի արհեստական շնչառական սարքին միացման ամսաթիվ |
Լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունք |
Ելք |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ձև 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների
Ամսաթիվ |
Ախտահանվել է (նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը /համարը) |
Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը |
Ախտա- հանման ժամը |
Խոնավ մաքրման ժամը |
Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը |
Ախտահանողի ստորա- գրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ձև 4
ՈՒսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ
................................................. (կազմակերպության անվանում)
ՈՒսումնական հաստա-տության անվանում |
ՈՒսումնական հաստա-տությունների ընդհանուր թիվը /համայնքում/ մարզում/ |
ՈՒսումնական հաստա-տություններում երեխաների ընդհանուր թիվը /համայնքում/ մարզում/ |
Տեղեկատվություն ուսումնական հաստատությունների գործունեության ամբողջական դադարեցման մասին |
Տեղեկատվություն ուսումնական հաստատությունների գործունեության ամբողջական դադարեցման մասին | |||
Փակված հաստա-տությունների թիվը |
Դրանցում երեխա-ների թիվը |
Հաստա-տությունների թիվը փակված խմբերով, դասարաններով |
Փակված խմբերի, դասարան-ների թիվը |
Բացակա երեխաների թիվը | |||
Ձև 5
ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2025 թվական:
