ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 183 օրից ավելի:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին պաշտոնապես տրամադրած` տվյալ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր է համարվում սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառելու համար ֆիզիկական անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվան նախորդած 180 օրերի ընթացքում` իր մշտական բնակության երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում` մաքսային մարմին դիմելու օրը:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, ինչպես նաև սույն մասով նախատեսված արտոնության կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-94-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|